mariam yavrumyan

Երկրորդ կիրակին ներառյալ

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:

Նախ, ուզում եմ ասել, որ Սուսաննա Հարությունյանի պատմվածքների այս ժողովածուն դարձել էր սեղանիս գիրքը: Բարեբախտաբար այն գցել էի պայուսակիս մեջ և մոռանում էի հանել, և հենց դրա պատճառով էլ անընդհատ վերընթերցում էի:

Շատ եմ հավանել հեղինակի գրելաոճը, որը ցույց է տալիս հայերենի ամբողջ հարստությունը: Այն մե՛կ բարբառային է, մե՛կ գրական ու հարուստ պատկերավորման միջոցներով:

Ստեղծագործություններից հատկապես հավանել եմ «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքը: Այնտեղ ներկայացվում էր Արգոյի կերպարը, որպես ամենաանմեղ մարդ: Արգոն չէր ծխում, չէր խմում, կնամոլ չէր, գող չէր, ոչ ոքի վնաս չէր տալիս: Ապրուստ էր վաստակում սրա-նրա տանը մանր-մունր գործեր անելով: Բայց միառժամանակ անհետանում էր, ու ոչ ոք չգիտեր՝ ուր: Հետո պարզվում է՝ գյուղում մի հսկա, շքեղ ու սքանչելի տուն ունի, բայց չի վաճառում ու անընդհատ գնում է էնտեղ: Ու երբ հարցնում են, թե ինչու ասում է.

-Բայց ո՞նց կլինի… ո՞նց կարելի ա ապրել առանց վերադարձի հույսի… Անհնար ա առանց վերադարձի հույսի, անհնար ա առանց վերադարձի: Լավ է էստեղ տուն չունենամ, բայց վերադառնալու տեղ ունենամ, թե չէ՝ ո՞նց կլնի:

Այսինքն ներկայացնում է միայնակ մարդու կերպարը, ով գիտի, որ կյանքում իր վերադարձին սպասող չի ունեցել ու չունի: Այս է պատճառը, որ ինքն իր համար ապրելու հույս է ստեղծում: Այսպիսով՝ ներկայացնելով մենակ մարդու հույսերն ու զգացմուքները, հեղինակը ցանկացել է ասել, որ գերադասելի է ապրել խղճուկ պայմաններում, քան գիտակցել, որ էլ վերադառնալու տեղ չունես, որ քեզ ոչ ոք չի սպասում:

Ինչ խոսք, հավանում եմ, բայց ոչ այնքան հզոր է ներկայացվում հուզական մասը: Հաստատ նման գեղեցիկ մտքով կարելի էր ավելի  շատերին հուզել:

Իսկ ընդհանուր ոճը  հավանեցի, չնայած նրան, որ ժամանակակից հայ հեղինակներին այնքան էլ չեմ հավանում: