Հայկ Կոստանդյանի բոլոր հրապարակումները

hayk kostandyan

Պահի ազդեցությամբ

Նստած կարդում էի Ռուբեն Զարյանի հուշերը քսաներորդ դարի գրական գործիչների վերաբերյալ: Կարդում էի գրողների փոխհարաբերությունների, միմյանց ստեղծագործություններին գնահատական տալու մասին: Որոշեցի այդ մասին գրել, ուզում էի անցնել հետազոտությունների և ինձ զգում էի ինչպես Շերլոկ Հոլմսը՝ հերթական գործը բացահայտելիս, երբ հայրս դուռը բացեց հետևյալ խոսքերով.

-Բալես, մի հատ խանութ գնա:

Շքամուտքից դուրս եկա բակ, որտեղ սովորականի նման երեխաները խաղում էին: Նրանցից մի քանիսը պահմտոցի էին խաղում: Ուշադրությունս գրավեց գազարագույն շապիկով ու սև շորտով մի տղա, որն իր թաքնված տեղից կամաց մոտենում էր «փակելու» վայրին, որպեսզի ազատի իրեն, բայց փակողը նկատեց նրան ու «թքեց»: Տղան սկսեց կռվել ընկերների հետ՝ ասելով.

-«Թավը չի», ուշադիր ինձ էիք նայում, ու տեղս իմացավ:

Երբ վերադառնում էի խանութից, տեսա, որ արդեն տղան է հաշվում, իսկ նրա ընկերներից երկուսը կամաց մոտենում են նրան: Տղայի՝ հաշվարկը վերջացնելուց հետո այդ երկուսը միանգամից «թքեցին» իրենց: Ես մտածեցի, որ տղան կսկսի նորից կռվել, բայց ոչ, նա սկսեց փնտրել մյուս թաքնված ընկերներին:

Նայում էի նրանց և հիշում իմ ու ընկերներիս խաղը: Մենք պահմտոցի էինք խաղում ուշ ժամի, որ ավելի հետաքրքիր լինի: Սև շոր էինք հագնում, երբեմն էլ վերնաշապիկներով փոխվում էինք, որպեսզի փակողը շփոթվի ու սխալ անուն արտասանի: Շատ անգամ բակի մեծահասակներն էլ էին միանում, ու խաղն ավելի հետաքրքիր էր ստացվում: Մտորումների մեջ խորացած՝ չնկատեցի, թե ինչպես տուն մտա:

Այդ փոքրիկ միջադեպը երևի հետաքրքիր մի հոդված խլեց, բայց հիշեցրեց իմ մանկությունից մի ուրախ շրջան:

hayk kostandyan

«Սաղ լավ ա էղնելու…»

Ընկերներիցս երկուսի հետ նույն համալսարանում ենք սովորում: Չնայած այն բանին, որ տարբեր բաժիններ ենք ընտրել՝ միշտ օգնում ենք իրար: Ամեն քննությունից առաջ նրանց ասում եմ.

-Սաղ լավ ա էղնելու, չմտածեք…

Լսում են ինձ, բայց շարունակում են անհանգստանալ:

Քննությունից մեկ օր առաջ ընկերոջս հետ հեռախոսով էինք խոսում.

-Ախպեր, ո՞նց եմ քննությունս տալու, բան չեմ սովորել:

-Շատ մի մտածի, սաղ լավ ա էղնելու, մինչև քնելդ մի երկու բան կարդա:

-Կարդըմ եմ՝ բան չեմ կարըմ հիշեմ։ Բանակից առաջ ոնց որ գուբկա էղնեի՝ ինչ կարդըմ էի, սաղ քաշըմ էի ուղեղիս մեջ:

-Էսա ֆեյսբուքով վիդեո կուղարկեմ հիշողությունը լավացնելու համար:

-Ուղարկի, նայեմ տենամ՝ կօգնի՞:

-Դե, էսա ուղարկեմ, դու նայի ու էդքան մի մտածի, սաղ լավ ա էղնելու…

Հաջորդ օրը քննությունից հետո հանդիպեցինք, ու առանց բարևելու միանգամից հարցրեցի.

-Հը՞, ի՞նչ ստացար:

-Չորս ա դրել:

-Բա որ ասում էի՝ սաղ լավ ա էղնելու:

Ու ընկերս, համաձայն իր բնավորության, սկսեց.

-Բանակից առաջ իմ նման սովորող չկար, կարաս՝ տղերքին հարցնես:

-Հա, գիտեմ, ասել ես մի հազար անգամ (ամենաքիչը): Ասում եմ՝ տենց էլ չսովորեցիր էլի ինձ լսելը:

-Այսի՞նքն:

-Սաղ լավ ա էղնելու…