Ռուզաննա Ստեփանյանի բոլոր հրապարակումները

Քաղաքացու օրը

Սիրիր ծերերին

Հոկտեմբերի 1-ը նշվում է որպես տարեցների օր։ Մեզ համար ավանդույթ է դարձել ցանկացած տոնի այցելել օրվա կարևոր դեմքերին, և այս մեկն էլ բացառություն չէր։

Մեր դասարանը հայտնի է որպես ակտիվ դասարան՝ նախաձեռնող, ստեղծող, օգնող։ Դասղեկի հետ միասին որոշեցինք այցելել ծերանոց, որը գտնվում է Կապան քաղաքի գյուղերից մեկում՝ Արծվանիկում, իսկ ծերանոցն էլ կոչվում է «Արծվաբուն»։ Մինչ ծերանոց հասնելը բոլորս անհամբեր էինք, բայց աշխույժ տրամադրություն ունեինք։ Եվ երբ հասանք «Արծվաբուն», տեսանք մեզ սպասող 12 հոգու։ Մի տեսակ տխրություն պատեց մեզ, երբ տեսանք նրանց՝ բարի, գեղեցիկ, մեկը մյուսից ջերմ ժպիտով։ Նրանք մեզ շատ լավ ընդունեցին, ձեռք սեղմեցինք, և մտանք ներս։ Նրանք զբաղեցրին իրենց համար արդեն հարազատ դարձած տեղերը, որոնում էին մեր հայացքները, որ ժպտում էին նրանց արցունքների միջից։

Նախօրոք որոշել էինք նրանց նվեր տանել գուլպաներ, պահածոներ և մուրաբաներ ու մի համեղ տորթ, որից նրանք շատ ուրախացան։ Նաև որոշել էինք մի փոքրիկ համերգային մաս պատրաստել։ Ճիշտ է, բոլորս հուզված էինք, հենց դրա պատճառով մենք ներկայացրինք ընդամենը երկու երգ… Բայց ինչևէ, մենք ցույց չէինք տալիս, որ տխուր ենք, որ հուզված ենք, որովհետև մենք նրանց ժպիտն էինք տեսնում։ Ուրախության մթնոլորտը բարձրացնելու նպատակով մենք երաժշտություն միացրինք և պարեցինք արծվաբունցիների հետ։

Ծերանոցն ունի նշանաբան․ «Սիրի՛ր ծերերին, որ ծերություն ունենաս»։ Այնտեղ աշխատում է հիանալի հոգատար անձնակազմ, որոնք ջերմությամբ ապահովում են տարեցներին։ Ծերանոցում կա հատուկ անկյուն, որտեղ նշված են նրանց ծննդյան օրերը, այցելություններից նկարներ։

Երազում եմ, որ աշխարհում չլինեն ծերանոցներ, ոչ ոք իր ծնողին, տատին կամ պապին չտեսնի ծերանոցում հենց իր իսկ մեղքով։ Աշխարհում չկա վատ ծնող, կա վատ երեխա․ սա իսկապես ճիշտ են ասել։ Նրանցից յուրաքանչյուրն էլ ունի իր պատմությունը, որի մասին պատմում են կարոտալի աչքերն ու փնտրող հայացքը։ Նրանցից յուրաքանչյուրն էլ ունի իր հարազատի կարիքը, ով կխնամի իրեն հենց ծերության օրով, հոգ կտանի իր մասին, կգրկի, ամուր ձեռքը կբռնի ու անսահման ջերմություն կտա…

Արծվաբունցիներին խոստացանք կրկին այցելել։ Պապիկներից մեկն ասաց, որ մեզ նման դեռ ոչ ոք չէր եղել, ինչն էլ ավելի ոգևորեց մեզ։

Մի բարկացեք ձեր ծնողի, տատ ու պապի վրա, խնամեք նրանց։ Հաճախ զանգահարեք ձեր տատիկին ու պապիկին, եթե ձեզնից հեռու են ապրում, խոսեք նրանց հետ, իսկ եթե մոտ են ապրում, հաճախ թեյ խմեք, զրուցեք, խորհուրդ ու պատմություններ լսեք։ Նրանք ձեզ վատ բան չեն ասի…

ruzanna stepanyan

Երկու տարի առաջ այս օրը

Երկու տարի առաջ այս օրը շաբաթ օր էր, և մենք դպրոցում էինք: Երբ աշակերտներից մեկն ասաց, թե պատերազմ է, բանի տեղ չդրեցինք՝ մտածելով, որ կատակ է անում, բայց երբ ֆեյսբուքում կարդացինք, ուղղակի քարացել էինք: Արցունքոտվեցին աչքերս, ձեռքս տարա հեռախոսիս ու զանգեցի Ղարաբաղում գտնվող հարազատիս՝ Զինվոր էր: Օրերն անցնում էին, մենք հույսով լի սպասում էինք լավ լուրի: Բայց վատ լուրերը մութ ամպի պես ծածկում էին քաղաքը: Լավ լուրը կամավորականների Արցախ գնալն էր: Ահել, ջահել. բոլորը համախմբվել էին: Լուր եղավ, որ հերոսաբար զոհվել է Աբաջյանը, և մեկը մյուսի հետևից… Մենք հույս ունեինք, որ կգտնվի Ադամը, որ Նորոն չի տանկում մահացողը։ Բայց հույսներս զոհվածների տան ճրագի պես մարեցին…

Եղբորս հետ հենց առաջին օրվանից չէի խոսել ու շատ անհանգիստ էի: Երբ նրա համարին զանգ գնաց, շատ էի զարմացել, բայց խոսեց նրա ընկերը, ասելով՝ քնած է, արթնանա կզանգի: Բայց էլ չզանգեց… Ինչ ահավոր է, չէ՞, զանգ ստանալ ընկերուհուցդ և իմանալ, որ հարազատդ էլ չկա… Մահացել է…
Ապրիլը ինձնից տարավ քեզ ու էլ հետ չի բերի: Ապրիլը տարավ այն տղաներին, որոնք դեռ շատ անելիք ունեին, որոնք պետք է ապրեին։

Ասում են, թե ուժեղ լինել է պետք, դիմանալ է պետք, բայց ոչ ոք չի ասում, թե մարդու սիրտը ցավում է, արցունքներն ակամայից թափվում են, հոգին քարանում է։
Քառօրյայի հերոսների ծնողները նույնպես հերոս են: Նրանք իրենց որդու կարոտով են զարթնում ու քնում, որդու զանգին սպասելով այդպես էլ հանգիստ չեն առնում։
Չէ, ես եսասեր չեմ, բայց էլի ու էլի քեզ տեսնել ու ձայնդ լսել եմ ուզում, իմ հերոս եղբայր, էլի կատակներդ լսել եմ ուզում։ Կարոտում եմ և այդ կարոտի դեմ ավելին, քան անզոր եմ։ Բոլորս ենք անզոր… Հաճախ եմ գալիս Եռաբլուր, նստում, զրուցում հետդ, զգում ներկայությունդ, Մոշս, բայց միայն բարի ժպիտդ է ինձ պատասխան տալիս, ասելով՝ ես միշտ քեզ հետ եմ, դու մի տխրի…
Ուղղակի ուզում եմ, որ կյանքում ոչ մի ապրիլ էլ չապրենք ազգովի: Հա, ի՞նչ կլինի: Յուրաքանչյուրս մեր ապրիլն ունենանք ու քաղցր ապրիլ…

ruzanna stepanyan

Պատմության թանգարանում

Դպրոցներում գարնանային արձակուրդ է՝ ուսանողների նախանձի առիթը: Դե, բախտը մեզ էլ ժպտաց: Ես շատ պլաններ ունեի այս արձակուրդների հետ կապված, որոնք պետք է իրականացնեի Երևանում:

Երեկոյան մտածեցի, թե ում հետ գնամ Հայաստանի պատմության թանգարան: Հետաքրքիր էր հենց այն փաստը, որ բոլոր կապանցիները գտնվում են Երևանում: Զանգեցի մանկությանս ընկերուհուն՝ Գոհարին, և չնայած այն փաստին, որ նա սովորում է տնտեսագիտական հոսքում՝ համաձայնեց հետս գալ պատմության թանգարան: Որոշեցինք հանդիպել ժամը 12-ին Հյուսիսային պողոտայում:

Մեր հանդիպումը տեղի ունեցավ: Եվ հենց առաջին վայրկյանից մեզ անսովոր թվաց այն փաստը, որ մենք հանդիպում ենք ոչ թե դպրոցում` Շահումյան փողոցում, կամ էլ «շատրվաններում», այլ Երևանում:

Թանգարանում մենք պետք է շրջեինք բոլոր հարկերով՝ 3-րդից 1-ին հարկ իջնելով: Երրորդ հարկում Հին, Միջին և Նոր քարի դարից պահպանված իրերն էին, մարդկանց առաջին աշխատանքային գործիքները, պաշտամունքի առարկաները, կախազարդերը և այլ իրեր: Երկրորդ հարկում համահայկական թագավորություններից պահպանված իրերն են, արձանագրությունները: Մեզ ամենից շատ հետաքրքիր թվաց այն, որ կային իրեր, որոնք ներկված էին շատ վառ գույներով և մինչ այժմ անգամ չէին խամրել: Դե, իսկ ազգային տարազներն էլ հագնելուց հաստատ չէինք հրաժարվի: Ամենացավոտը, բայց տպավորիչը, առաջին հարկն էր` խմբակներից մինչև առաջին հանրապետություն: Կարծես մեկուկես ժամով տեղափոխված լինեինք պատմության գիրկը: Գոհարն ասաց, որ հենց այս թանգարան այցելելով կարելի է ոգեշնչվել և սովորել հումանիտար հոսքում: Թանգարանի դռնից ներս մտնելով կտրվում ես 2018 թվականից և մինչև վերջին նմուշը ուղղակի կլանել ես ուզում:

Մեր կրտսեր բարեկամը

Լուսանկարը՝ Ռուզաննա Ստեփանյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Ստեփանյանի

Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամների օր: Նրանք մեզնից մեկն են, ապրում և գործում են մեզ նման:

Արդեն ավանդույթի պես մի բան է դարձել ամեն տարի՝ դեկտեմբերի 3-ին, այցելել հաշմանդամ մի տղայի՝ 11-ամյա Վիլյամին, ով դարձել է հարազատ մեկը: Այս տարին ևս բացառություն չէր:
Նախապատրաստական աշխատանքները սկսեցինք ավելի վաղ, քան նախորդ տարիներին: Որոշեցինք գնել տորթ, խաղալիքներ և այնպիսի բաներ, որոնք նրան կուրախացնեն: Նախորդ տարի, երբ այցելեցինք Վիլյամին, նա ինձ ասաց, որ շատ է սիրում ավտոմեքենաներ: Քանի որ նախորդ տարի չէինք գնել տեղյակ չլինելու պատճառով, այս տարի ուղղեցինք մեր սխալը:
Երբ արդեն Վիլյամենց տան մուտքի դիմաց էինք, բոլորս անչափ հուզված էինք:
Երբ մտանք նրանց տուն, նույն ջերմ մթնոլորտն էր տիրում, ինչ եղել էր նախորդ տարիներին:
Նա շատ ուրախացավ, երբ տեսավ մեզ:

Լուսանկարը՝ Ռուզաննա Ստեփանյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Ստեփանյանի

Արդեն որոշ ժամանակ էր անցել, երբ ես սկսեցի նրան հարցուփորձ անել.
-Վիլյամ, ո՞ր դպրոցում ես սովորում:
-Ես սովորում եմ Կապանի գիշերօթիկ դպրոցում:
-Իսկ ո՞րն է սիրածդ առարկան:
-Դպրոցում իմ սիրած առարկան ֆիզկուլտուրան է:
-Իսկ արդեն որոշե՞լ ես, թե ինչ պետք է դառնաս:
-Այո, ես ուզում եմ դառնալ ոստիկան:
-Իսկ շա՞տ ընկերներ ունես:
-Այո, ունեմ շատ ընկերներ, բայց չունեմ ընկերուհի:

Վիլյամը և իր մայրիկը շատ հյուրընկալ և հյուրասեր են. նրանք իսկույն կտրեցին տորթը, որն էլ միասին կերանք:
Նկատեցինք, որ Վիլյամն ու Նարեկը շատ լավ լեզու էին գտել իրար հետ՝ զրուցում էին, կատակներ անում, ծիծաղում:
Մեր դասընկերուհին՝ Սյունեն, ով հաճախում է պարի խմբակ, սկսեց պարել և ապահովել էլ ավելի ուրախ տրամադրություն:

Լուսանկարը՝ Ռուզաննա Ստեփանյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Ստեփանյանի

Երբ այնտեղից հետ վերադարձանք, բոլորս զգացինք, թե որքան ուրախ ու հանգիստ ենք զգում մեզ՝ իմանալով, որ կարողացանք ժպիտ և ուրախություն պարգևել մեզնից փոքր մի տղայի: Սակայն այդ մեկ օրը չէ, որ տարվա մեջ պիտի հիշենք և այցելենք նրան: Մենք միշտ պետք է լինենք նրա կողքին: Եթե կարող ես ժպիտ և ուրախություն պարգևել մարդուն՝ ուղղակի նրա հետ զրուցելով, ինչո՞ւ չանես դա: Ինչո՞ւ սպասել հենց այդ մեկ օրվան…

ruzanna stepanyan

Կողմնորոշվել է պետք

Նախքան սեպտեմբերի մեկը իմ մտքում մեկ հարց էր՝ արդյո՞ք իմ նոր դասարանը կլինի լավը: Իմ ողջ տագնապներն ու մտավախությունները հօդս ցնդեցին՝ դասարանս լավն է:

Ամեն օր, երբ դասերս վերջացնում եմ, մտածում եմ՝ գիրք կարդալ, զբաղվել համակարգչով, թե հեռուստացույց դիտել: Եվ վերջում որոշում եմ, որ ավելի լավ է քնեմ՝ առավոտյան վաղ արթնանալ է պետք:
Առավոտյան, երբ հնչում է զարթուցիչս, մտածում եմ՝ վե՞ր կենամ, թե՞ 10 րոպե ավել քնեմ:
Երբ արթնանում եմ, պատրաստվում եմ, և արդեն տանից դուրս գալու ժամանակն է լինում, մտածում եմ, որ հաստատ ընկերներիս երկար չեմ սպասեցնի: Դա միակ բանն է, որ գրեթե հաստատ գիտեմ:
Սակայն ողջ օրվա ընթացքում իմ մտքում արդեն կես տարի է, ինչ մեկ հարց է պտտվում՝ լրագրո՞ղ պետք է դառնամ, թե՞ էքսկուրսավար: Երկուսի համար էլ անսպառ էներգիա և ճարտար լեզու է պետք, որը ես վստահ եմ՝ ունեմ: Ամենամտերիմ ընկերուհիս՝ Միմին, արդեն հոգնել է իմ հավերժական փնտրտուքներից: Երեկ, երբ դպրոցից տուն էինք գնում, և ես անվերջ խոսում էի, նա մի պահ կանգ առավ ու ինձ ասաց, որ երբ դպրոցն ավարտենք և արդեն ընդունվենք համալսարան, նա ինձ կնվիրի մի մեծ տուփ, իսկ ներսում կդնի թղթեր, որոնց վրա գրված կլինեն այն մասնագիտությունները, որոնք ես երբևիցե մտածել եմ ընտրել: Չգիտեմ, երևի շուտով կկողմնորոշվեմ իմ մտքերի խառնաշփոթի մեջ և այլևս ինձ, ընկերներիս և տանեցիներիս չեմ տանջի այդ հարցով՝ լրագրո՞ղ պետք է դառնամ, թե՞ էքսկուրսավար:

 

ruzanna stepanyan

Մի օր կհանդիպենք

Ես երևի միակը չեմ այն պատանիներից, որոնք բազում մասնագիտություններ են ընտրել ապագայի համար՝ ուսուցչից մինչև վարսահարդար, բժշկից մինչև խոհարար։

Այս տարի ես ավարտել եմ 9-րդ դասարանը։ Ուսումս շարունակելու եմ Կապանի համար 2 ավագ դպրոցի հումանիտար հոսքում։  Մենք՝ ապագա հումանիտարներս, արդեն ծանոթ ենք միմյանց հետ։ Երբ սկսեցինք ծանոթանալ, խոսեցինք այն մասին, թե ով ինչ է ցանկանում դառնալ՝ իրավաբան, ուսուցիչ, լեզվաբան: Երբ հերթը հասավ ինձ, և ես ինձնից գոհ ասացի, որ ցանկանում եմ դառնալ լրագրող, աղջիկներից մեկն ասաց.
-Չե՞ս վախենում, որ գլուխդ «ուտեն»։
-Հը՞։ Չէ։ Ինչի՞ց վախենամ։
-Դե, եսիմ, Ռուզիկ։ Լրագրողների կյանքը բարդ ա, անընդհատ քաշքշուկների մեջ են լինում։ Համ էլ չե՞ս տեսել, թե Շամշյանը քանի անգամ ա հիվանդանոց ընկել։
-Չէ։ Չեմ վախենում։
Աղջիկները որոշեցին ինձ տալ «դուխով» մականունը։
Ես ապագա լրագրող եմ։ Հաստատ եմ որոշել։ Ես չեմ վախենում ոչնչից։ Գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև ես լիովին պատրաստ եմ ամեն օրս անցկացնել մի նոր արկած ստեղծելով։ Եվ վերջապես, լրագրող դառնալով՝ ես չեմ սպասի շաբաթվա վերջին, իսկ ցանկացած այլ մասնագետ դառնալու դեպքում այդպես կլինի:
Մի օր կհանդիպենք ես ու դու. ես՝ հեռուստացույցի էկրանին, դու՝ մյուս կողմում: Խոստանում եմ:

Եվրոպայի օրը Կապանում

Մայիսի 19-ին Կապանի Գ.Նժդեհի անվան հրապարակում տեղի ունեցավ Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունը: Այս տարի առաջին անգամ ես պետք է մասնակցեի այդ միջոցառմանը որպես 17.am-ի թղթակից: Երբ գնացի և տեսա բազում մարդկանց, հասկացա, որ պետք է շատ անկաշկանդ լինել:Անցյալ տարի էլ Կապանում նշվում էր «Եվրոպայի օրը», սակայն ես այն ժամանակ ուղղակի հանդիսատես էի, և շատ հարցեր ինձ համար պարզ չէին: Ուստի արդեն իբրև լրագրող ես առաջինը մոտեցա Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսին, ով պատմեց օրվա խորհրդի մասին:

-Մենք շարունակում ենք մեր Եվրոպայի օրվան նվիրված մեր տոնակատարությունը Կապանում: Մինչ այս այցելել ենք Գյումրի, Վանաձոր և այլ քաղաքներ: Եվ այսօր այստեղ ենք տոնելու ընդհանուր արժեքները, ինչպիսիք են՝ խաղաղությունը, համերաշխությունը: Սրանք արժեքներ են, որոնք համընդհանուր են Հայաստանի, ինչպես նաև Եվրամիության անդամ այլ երկրների համար: Արդեն երկրորդ անգամ է, որ Եվրոպայի օրը տոնում ենք Կապանում: Շատ ուրախ եմ, որ կրկին վերադարձել եմ ձեր քաղաք: Այս տարի միջոցառումները նախաձեռնված են «Եվրոպան Հայաստանի համար» կարգախոսով: Եվրամիությունը աջակցում է Հայաստանի Հանրապետությանը՝ համաչափ տարածքային զարգացման հարցում: Պաշտոնական համագործակցության շրջանակում, Եվրամիության կողմից վերջին տարիների ընթացքում Հայաստանին փոխանցվել է ավելի քանի 500մլն եվրո: Եվրոպայի օրը տոնվում է ամբողջ Եվրոպայում, նաև՝ Հայաստանում: Ցանկանում եմ բոլորիդ լավ օր:

Պարոն Ցուրիսի ողջույնի խոսքից հետո մենք մոտեցանք հրապարակում տեղակայված տարբեր եվրոպական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների տաղավարներին:

Առաջին տաղավարում ես մոտեցա Armenian Progressive Youth կազմակերպության միջազգային ծրագրերի համակարգող Ադրինե Աղաբեկյանին:

-Բարև Ձեզ,ես 17.am-ի պատանի թղթակից եմ, կարո՞ղ եմ Ձեզ մի քանի հարց տալ: Կներկայացնե՞ք Ձեր կազմակերպությունը:

-Մենք ներկայացնում ենք APY կազմակերպությունը: Զբաղվում ենք հիմնականում երիտասարդների հետ, ունենք մի շարք գործող ծրագրեր՝ մարզերում և Երևանում: Ունենք նաև միջազգային ծրագրեր, այսինքն`ամբողջ Եվրոպայի տարածքով մեկ: Լինում է նաև Եվրոպայից դուրս, օրինակ՝ 2 անգամ ունեցել ենք ծրագիր Մարոկկոյում:
Խոսեմ մեր մի քանի խոշոր ծրագրերի մասին: Մեր ամենամեծ ծրագիրը ներառում է մոտ 40 երիտասարդների: 6 ամիսը մեկ անգամ մենք հավաքագրում ենք կամավորների: Ունենք 4 խումբ՝ տեղական միջոցառումների կազմակերպման, բնապահպանական, PR և մեդիա խմբեր: Երիտասարդները դիմելիս նշում են, թե որ խումբ են ցանկանում գալ և խմբերի շրջանակներում սկսում են իրենց աշխատանքները:

Մեր մյուս մեծ ծրագիրը ներառում է 16-25 տարեկան երիտասարդների: Ծրագիրն աշխատելու է երիտասարդներին ավելի զարգացնել, սովորեցնելու է, թե ինչպես ավելի մրցունակ դառնալ աշխատաշուկայում, ինչպես հարցազրույցներին ներկայանալ, ինչպես գրել ռեզյումե, ինչպես մոտիվացիոն նամակ գրել և այլն:

-Իսկ ի՞նչ է տվել երիտասարդներին այդ ծրագրերին մասնակցելը:

-Մեր կամավորներն ունենում են այնպիսի փորձ, որ երբ դիմում են աշխատանքի՝ շատ արագ ընդունվում են: Նրանք գնում են Եվրոպա և միջմշակութային հաղորդակցությունը նրանց համար դառնում է սովորական բան: Նրանք սովորում են ինչպես հաղորդակցվել, ինչպես օտար միջավայրում իրենց ճիշտ ներկայացնել: Բարձրանում է նրանց կազմակերպակչան աշխատանքների որակը: Օրինակ, նրանք կազմակերպում են կոնֆերանսներ, որոնք էլ ապահովում են նրանց ընդհանուր զարգացվածությունը:

Մոտեցա մյուս տաղավարին, որտեղ զրուցեցի Եվրաակումբի անդամներ Նունե Զախարյանի և Ռուզաննա Վարդանյանի հետ.

-Մենք ներկայացնում ենք Եվրաակումբը մարզերում: Մեր նպատակն է՝ երիտասարդներին տեղեկացնել Եվրամիության անդամ պետությունների, նրանց հարաբերությունների մասին Հայաստանի հետ և տեղեկացնել, թե ինչ ծրագեր են իրագործվում:DSC08378

-Ի՞նչ ծրագրեր են իրականացվում: Որտե՞ղ և ի՞նչ են անում այդ ծրագրերը:

-Ծրագրերը հիմնականում լինում են մարզերում: Ներկայացնում ենք, թե ինչ է Եվրամիությունը և ինչ կարող է այն տալ մեր հասարակությանը: Բոլոր մարզերում կազմակերպում ենք այդպիսի միջոցառումներ, որպեսզի մարդիկ ավելի լավ տեղեկանան, թե ինչ է Եվրամիությունը և ինչ կարող է ներկայացնել, ինչ ծրագրեր կան:

Հաջորդ տաղավարը, որի մոտ հավաքվել էին բազում մարդիկ, Թումոյինն էր: Թումոյի շրջանավարտ, 3D մոդելավորող Մհեր Ազնաուրյանը ներկայացնում էր իրենց աշխատանքը:

-Մենք Թումոյից ենք: Ստեղծում ենք մի ծրագիր՝ խաղ հեռախոսների ու պլանշետների համար և ինտերնետ կոմիքս, որը Հայաստանում առաջինն է: Գլխավոր հերոսի անունը Սևան է, ով պայքարում է անարդարության դեմ: Տարբեր խնդիրներ լուծելով, նա բարելավում է այն աշխարհը, որտեղ ինքն է բնակվում, այդ աշխարհի անունն է Նետո: Խաղը կոչվում է «Նետոյի առասպելը»: Խաղը թողարկվելու է հունիսին, կոմիքսը՝ սեպտեմբերին:Նկատեցի, որ մի քանի տաղավար ներքև փակցված է մի պաստառ, որի վրա գրված է. «Վիկտորինա»: Ես և մեր ֆոտոլրագրողը՝ Գոհար Խաչատրյանը, մի պահ մոռացանք, որ լրագրող ենք և մասնակցեցինք այդ վիկտորինային: Հարցերը շատ պարզ էին և տրամաբանական:

Նկատելով, որ կապանցիները ոգևորված մասնակցում են ծրագրին, ուսումնասիրում տաղավարները, որոշեցի մոտենալ և մի քանի հարց տալ միջոցառման այցելուներից մեկին՝ Աննա Թևանյանին.

-Ի՞նչ եք հասկանում Եվրոպա ասելով:

-Եվրոպա ասելով հասկանում եմ երկրների ամբողջություն, որտեղ մարդիկ ավելի շատ են ձգտում լինել: Այնտեղ զարգացած է ամեն ինչ, քան Հայաստանում կամ այլ երկրներում: Ուստի մարդիկ նախընտրում են գնալ Եվրոպա, ստանալ բարձրակարգ կրթություն, հաղորդակցվել եվրոպական արժեքներին:

Իսկ երեկոյան տեղի ունեցավ տոնական համերգ, որի ժամանակ երգեցին Մաշա Մնջոյանը և Հայկ Պետրոսյանը: Չնայած տեղում էր հորդառատ անձրև, կապանցի երիտասարդները մեծ աշխուժությամբ մասնակցում էին համերգին:

Այսօր անցկացրեցինք հիանալիր օր: Օր, որը երբեք չի ջնջվի մեր հիշողությունից: Չէ՞ որ առաջին անգամ մենք իբրև լրագրող լուսաբանում էինք այսպիսի մեծ և կարևոր իրադարձություն: Շնորհակալություն 17-ին, որ հնարավորություն է տալիս բացահայտել ինքներս մեզ:

Լուսանկարները՝ Գոհար Խաչատրյանի

ruzanna stepanyan

Քննություններից առաջ

Ավարտին է մոտենում ևս մեկ ուսումնական տարի։ Նախորդ տարիներին անհամբեր սպասում էի , թե երբ է գալու այդ բաղձալի օրը։ Սակայն այս տարի պատկերը հակառակն է։ Երևի այն պատճառով , որ ավարտում եմ 9-րդ դասարանը , ունեմ քննություններ, դասարանը կգնա տարբեր հոսքեր, և մեծ մասի հետ այլևս նույն դասարանից չենք լինի։

Ամենից շատ ինձ անհանգստացնում են տարեվերջյան քննությունները։ Քննությունների կարգը փոխվել է` հիմնականում բոլորը բանավոր է։ Դասարանցիներով հաճախ նստում և զրուցում ենք.

-Խոխենք, հունցընք տալո՞ւ քննությունները։

-Իի, վեջեդս տիրա՞ծ։ Էնքան պենի մեջավ ըք անց կացած, քննությունը հինչա՞, որ տաք վեչ։

Հարց ու պատասխանից երևի հասկացաք, որ ես ապրում եմ Կապանում…

Մինչև քննությունների ավարտը վախը սրտներումս է լինելու`առաջին անգամ պետք է բանավոր քննություն տանք։ Վստահ եմ, որ բոլորս բարձր միավորներ կստանանք, կփոխադրվենք 10-րդ դասարան և հանգիստ շունչ կքաշենք, բայց մինչ այդ որոշեցի հարցնել ընկերներիս և իմանալ, թե նրանք ինչպես են պատրաստվում քննություններին և ինչ մասնագիտություն են ընտրել.
-Պատրաստվու՞մ եք տարեվերջյան քննություններին:
-Այո,պատրաստվում եմ,- պատասխանում է դասընկերուհիս՝ Սվետլաննա Մարկոսյանը:
-Արդյո՞ք վախ ունես:
-Հա, մի քիչ, որովհետև ժամանակը սուղ է:
-Անհանգստացնո՞ւմ է այն փաստը, որ քննությունները դարձել են բանավոր:
-Այո, քանի որ նախկինում երբեք չեմ ունեցել բանավոր քննություն:
-Արդեն ընտրե՞լ ես ապագա մասնագիտությունդ:
-Այո: Միջազգային հարաբերություններ՝ հանրային կառավարում:
-Որտե՞ղ ես պատկերացնում քո ապագան: Կկարողանա՞ս արդյոք գտնել համապատասխան աշխատանք:
-Ապագաս պատկերացնում եմ արտերկրում, քանի որ այնտեղ ավելի մեծ հետաքրքրությամբ կաշխատեմ:
Լավ իմանալով, որ համադասարանցիս՝ Ալիսա Գրիգորյանը, հաճախում է կարատեի, որոշեցի նրա հետ նույնպես խոսել մասնագիտական կողմնորոշման մասին.
-Ալիսա, ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ:
-Ազատ ժամանակ զբաղվում եմ սպորտով՝ կարատեով:
-Ի՞նչ նախասիրություններ ունես:
-Հաճախում եմ կարատեի պարապմունքների, լսում եմ երաժշտություն:
-Ի՞նչ ես ցանկանում դառնալ ապագայում:
-Սպորտսմեն:
-Հայաստանո՞ւմ ես տեսնում քո ապագան:
-Ոչ: Վստահ եմ, որ մեծ հաջողությունների կհասնեմ արտասահմանում:

Շուտով քննությունները կսկսեն, հետո՝ կբաժանվենք տարբեր հոսքերի, կգնանք այլ դասարաններ ու դպրոցներ, և ժամանակը ցույց կտա, թե ով, որտեղ և ինչպես շարունակեց իր կյանքը, հասա՞վ արդյոք իր երազանքին: