Մեր կրտսեր բարեկամը

Լուսանկարը՝ Ռուզաննա Ստեփանյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Ստեփանյանի

Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամների օր: Նրանք մեզնից մեկն են, ապրում և գործում են մեզ նման:

Արդեն ավանդույթի պես մի բան է դարձել ամեն տարի՝ դեկտեմբերի 3-ին, այցելել հաշմանդամ մի տղայի՝ 11-ամյա Վիլյամին, ով դարձել է հարազատ մեկը: Այս տարին ևս բացառություն չէր:
Նախապատրաստական աշխատանքները սկսեցինք ավելի վաղ, քան նախորդ տարիներին: Որոշեցինք գնել տորթ, խաղալիքներ և այնպիսի բաներ, որոնք նրան կուրախացնեն: Նախորդ տարի, երբ այցելեցինք Վիլյամին, նա ինձ ասաց, որ շատ է սիրում ավտոմեքենաներ: Քանի որ նախորդ տարի չէինք գնել տեղյակ չլինելու պատճառով, այս տարի ուղղեցինք մեր սխալը:
Երբ արդեն Վիլյամենց տան մուտքի դիմաց էինք, բոլորս անչափ հուզված էինք:
Երբ մտանք նրանց տուն, նույն ջերմ մթնոլորտն էր տիրում, ինչ եղել էր նախորդ տարիներին:
Նա շատ ուրախացավ, երբ տեսավ մեզ:

Լուսանկարը՝ Ռուզաննա Ստեփանյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Ստեփանյանի

Արդեն որոշ ժամանակ էր անցել, երբ ես սկսեցի նրան հարցուփորձ անել.
-Վիլյամ, ո՞ր դպրոցում ես սովորում:
-Ես սովորում եմ Կապանի գիշերօթիկ դպրոցում:
-Իսկ ո՞րն է սիրածդ առարկան:
-Դպրոցում իմ սիրած առարկան ֆիզկուլտուրան է:
-Իսկ արդեն որոշե՞լ ես, թե ինչ պետք է դառնաս:
-Այո, ես ուզում եմ դառնալ ոստիկան:
-Իսկ շա՞տ ընկերներ ունես:
-Այո, ունեմ շատ ընկերներ, բայց չունեմ ընկերուհի:

Վիլյամը և իր մայրիկը շատ հյուրընկալ և հյուրասեր են. նրանք իսկույն կտրեցին տորթը, որն էլ միասին կերանք:
Նկատեցինք, որ Վիլյամն ու Նարեկը շատ լավ լեզու էին գտել իրար հետ՝ զրուցում էին, կատակներ անում, ծիծաղում:
Մեր դասընկերուհին՝ Սյունեն, ով հաճախում է պարի խմբակ, սկսեց պարել և ապահովել էլ ավելի ուրախ տրամադրություն:

Լուսանկարը՝ Ռուզաննա Ստեփանյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Ստեփանյանի

Երբ այնտեղից հետ վերադարձանք, բոլորս զգացինք, թե որքան ուրախ ու հանգիստ ենք զգում մեզ՝ իմանալով, որ կարողացանք ժպիտ և ուրախություն պարգևել մեզնից փոքր մի տղայի: Սակայն այդ մեկ օրը չէ, որ տարվա մեջ պիտի հիշենք և այցելենք նրան: Մենք միշտ պետք է լինենք նրա կողքին: Եթե կարող ես ժպիտ և ուրախություն պարգևել մարդուն՝ ուղղակի նրա հետ զրուցելով, ինչո՞ւ չանես դա: Ինչո՞ւ սպասել հենց այդ մեկ օրվան…