7 տարեկան էի: Հայրս աշխատում էր Տավուշի մարզի Բերդավան գյուղում, այլ կերպ ասած` Ղլաչում (Սև ջուր): Ես հաճախ էի այնտեղ լինում: Երեկոյան միշտ հորս գործընկերների հետ հավաքվում էինք ինչ-որ մեկի տանը: Այդ հավաքույթների ժամանակ նրանք միշտ ինձ խնդրում էին երգել: Դե, ես էլ բնականաբար չէի մերժում: Կանգնում էի աթոռի վրա և սկսում երգել.
-Պու, պու, պիդու,- երգում էի այն ժամանակ իմ ամենասիրելի երգերից մեկը՝ Մերիլին Մոնրոյի «I wanna be loved by you»:
Վերջում ես լսում էի ծափեր և մի պահ պատկերացնում ինձ բեմի վրա Մերիլին Մոնրոյի հայտնի սպիտակ շրջազգեստով: Անցան տարիներ, հայրս այլևս այնտեղ չի աշխատում: Ես գնում էի երգի դասերի, սակայն չէի երգում այն, ինչը իրոք հարազատ էր իմ հոգուն: Այդպես դադարեցի գնալ դասընթացների և սկսեցի երգել միայն իմ, հարազատներիս և ընկերներիս համար: Բոլորը ասում էին, որ ես երգերը վերածում եմ ջազի, որ ինչ-որ ջազային հնչյուններ եմ ներմուծում գրեթե բոլոր երգերի մեջ: Եվ ես հասկանում էի, որ նրանք ճիշտ են, բայց չէի բացառում այն փաստը, որ հենց այդ ոճի երգեցողությունն է նրանց գրավում իմ ձայնի մեջ: Այդպես երգում էի, պատկերացում չունենալով ջազի մասին: Բայց հետո մի օր ես դիտեցի «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարներից մեկը հենց Մերիլին Մոնրոն էր, իմ սիրելի սպիտակ շրջազգեստով երգչուհին: Ֆիլմը բացեց իմ առջև ջազը, իր գեղեցիկ, անկանոն բնույթի հնչյուններով: Այդ օրվանից ես դարձա Բիլլի Հոլիդեյի, Ֆրենկ Սինատրայի երգերի սիրահարը: Հետո իմ կյանք մտավ ջազային պարը: Վանաձորի երիտասարդական փորձարարական ակումբը ներկայացնում էր «Սերը ջազ ակումբում» պարային ներկայացումը, որտեղ պարում էի նաև ես: Ամիսներ շարունակ ես լսում էի միայն ջազ, ժամերով պարում էի միայն ջազային ոճով պարեր: Ես ամբողջովին ընկղմվելի էի ջազի մեջ: Ջազը դարձել էր կյանքի մի մասնիկ, առանց որի հնարավոր էր խելագարվել: Բեմադրությունը ավարտվեց, և ես շատ էի կարոտում մեր փորձերը:
Եվ վերջերս իմացա, որ ջազը երկար սպասված հյուրի պես նորից հյուր կգա իմ կյանք, և ես նորից հնարավորություն կունենամ ժամերով պարել իմ նման ջազի սիրահարների հետ: Ջազը իմ մեջ է, իսկ ես նրա, մենք ուղղակի անբաժանելի ենք:







Վանաձորի Ծովակալ Իսակովի թիվ 23 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նորընտիր նախագահի երդման արարողությունը: Ես որպես նախկին ԱԽ նախագահ, նույնպես պետք է ներկա լինեի: Սա ուղղակի հրաշալի առիթ էր սիրելի ուսուցիչների հետ տեսնվելու համար: Մտնելով դպրոց, մի պահ ընկա հիշողությունների գիրկը: Ուսուցիչներս ինձ տեսնելիս շատ ուրախացան, և ես նույնպես: Բոլորը հարցուփորձ էին անում, թե ինչպես է նոր դպրոցում, արդյո՞ք նոր դասընկերներս նախկին դասընկերներիս նման լավն են: Նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին զրուցելուց հետո գնացի իմ հին դասարան: Այնտեղ ահագին բան փոխվել էր՝ նոր նստարաններ, պաստառներ: Հնչեց ծանոթ և հարազատ դասամիջոցի զանգը, միջանցքը լցվեց ինձ ծանոթ աշակերտներով, ովքեր ժամանակին իմ ընտրությունների ժամանակ իմ կողքին էին և ամեն կերպ աջակցում էին ինձ: Նրանք հավաքվեցին շուրջս, գրկեցին, սկսեցին տարբեր հարցեր տալ: Ես նրանց շատ էի կարոտել, և ըստ էության նրանք ինձ նույնպես:

Վանաձորի Թավրիզյանի անվան պետական քոլեջ էր ժամանել ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» հասարակական-քաղաքական նախաձեռնության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: Հանդիպմանը ներկա էր ուսուցչական կազմը և ուսանողական խորհուրդը: Քննարկման ընթացքում պարոն Մարուքյանին տրվեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերվում էին թե մեր երկրում կատարվող իրադարձություններին, թե՛ քոլեջին: Քանի որ ինձ շատ էր հուզում քոլեջի ջեռուցման խնդիրը, ես որոշեցի բարձրաձայնել այն: Պարոն Մարուքյանի պատրաստակամությունը` մեզ ամեն կերպ աջակցել, ոգևորեց թե՛ ուսուցիչներին, թե՛ մեզ՝ ուսանողներիս: Երկար զրուցելու ընթացքում մենք սկսեցին քննարկել մեր երկրի խնդիրները: Օրինակ՝ արտագաղթ, գործազրկություն, երիտասարդների զբաղվածության սահմանափակում: Քննարկումից հետո ես մոտեցա նրան մի քանի հարց տալու նպատակով: Առաջին հարցը, որը ուղղեցի նրան, այն էր, թե ինքը լինելով վանաձորցի, ինչ է կարծում, որ խնդիրն է Վանաձորում շուտափույթ լուծում պահանջում:


Վերջապես, երկար հանգստից հետո, որն արդեն ձանձրացնում էր, ես գտա ամառային դպրոց…
Արդեն դասից ուշացել էինք, և անգամ 17-րդ դպրոցի տեղը չգիտեինք, սակայն դա մեզ չխանգարեց, մի քանի զանգից և հարցուփորձից հետո մենք հայտնվեցինք ճիշտ տեղում: Բախտս բերեց…
Արդեն երեք օր է, ինչ ես մասնակցում եմ վեբ-ծրագրավորման դասընթացին: Այս ընթացքում ես ստացել եմ բազում նոր գիտելիքներ և հմտություններ: Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը շատ մեծ աշխատանք է կատարում, մենք 3 օրվա ընթացքում արդեն կարողանում ենք կայք ստեղծել, տեքստեր տեղադրել և դրանց հետ տարբեր ձևափոխություններ կատարել: Ես գտա ինձ հետաքրքիր և օգտակար տեխնոլոգիական գիտելիքներով լի ամառային դպրոցը, ծանոթացա նոր մարդկանց հետ: Բազում նոր տպավորությունները և հին ու նոր ընկերներիս հետ ժամանցը ամբողջովին լցրեցին իմ ազատ ժամանակը: Ձանձրույթը և պասիվ հանգիստը ինձ համար չեն, ես դրանում ևս մեկ անգամ համոզվեցի: