Մեր հանդիսատեսը ուրիշ է

Լուսանկարը՝ Սաթինե Սաքանյանի

Լուսանկարը՝ Սաթինե Սաքանյանի


Ես ապրում եմ Վանաձորում, քաղաք, որն ունի արվեստը և գեղեցիկը գնահատող բնակիչներ: Արդեն մի քանի տարի է, ինչ ես պարում եմ բեմում: Եվ այս մի քանի տարվա ընթացքում հասկացել եմ, որ վանաձորցիները շատ լավ հանդիսատես են: Եվ հիմա դրանում էլ ավելի քան վստահ եմ:
Մի քանի օր առաջ Վանաձորում տոն էր: Քաղաքի տարբեր մասերում համերգներ, ցուցահանդեսներ և այլ նմանատիպ միջոցառումներ էին կազմակերպվել: Երեկոյան քաղաքի բնակչության մեծ մասը հավաքվել էր Հայքի հրապարակում: Չնայած անընդհատ տեղացող անձրևին՝ ժողովուրդը չէր լքում հրապարակը: Քաղաքապետարանի ծածկի տակ մարդիկ սպասում էին «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգին: Ես նունպես այդ երեկո այնտեղ էի, ավտոմեքենայի պատուհաններից հետևում էի անցուդարձին: Հենց անձրևը սկսեց փոքր-ինչ դանդաղ տեղալ, ծածկի տակ կանգնած մարդիկ կամաց սկսեցին հավաքվել բեմի առջև: Անձրևը դադարեց, և բեմ բարձրացա ես իմ ընկերների հետ: Մի փոքրիկ թատերականացված բեմադրությունից հետո հնչեց երաժշտություն, և կուլիսներից դուրս եկան անսամբլի պարողները: Ես ուշադիր հետևում էի բեմի առջև հավաքված ժողովրդին: Ցրտաշունչ վանաձորյան քամին չէր դադարում փչել, բայց հանդիսատեսը շարունակում էր սառած ձեռքերով ծափահարել սիրելի արտիստներին: Բեմի վրա կանգնած ես զգում էի հանդիսատեսի ջերմությունը, զգում էի, որ ցուրտը ուղղակի ոչինչ է նրանց համար: Ելույթ ունեցող արտիստները նույնպես զգում էին դա և ամեն կերպ փորձում էին հաղթահարել եղանակի պատճառով առաջացած խնդիրները, նրանք անում էին ամեն ինչ իրենց հավատարիմ հանդիսատեսի համար: Վանաձորյան հանդիսատեսը ինձ համար ամենաջերմ հանդիսատեսն է, հանդիսատես, որի համար արժե պարել, կատարելագործվել՝ հանդիսատեսին արժանի լինելու համար: