Ժենյա Աբգարյանի բոլոր հրապարակումները

jenya abgaryan

Կրթությունը ոչ բոլորի համար

Թերևս գաղտնիք չէ, որ արտերկրյա կրթությունը տարբերվել և տարբերվում է հայաստանյան կրթական ոլորտի իրականությունից։ Հենց արտասահմանյան ֆիլմերում միշտ էլ նկատել ենք, որ դպրոցներում և համալսարաններում ուսուցումը բարձր մակարդակի է, և բավարար գիտելիքներ չունեցող ուսանողները շատ հաճախ են զրկվում ուսումը շարունակելու հնարավորությունից։ Որքան էլ փորձենք ինչ-որ օրենքներ հանել կամ ավելացնել, մեկ է, կրթական համակարգի փտած արմատներն ուղղակի պետք է արմատախիլ անել, սկզբից աճեցնել և նոր սկսել բարելավել այն։
Արդեն սկսվել է ուսումնական պրոցեսի երկրորդ կիսամյակի շրջանը։ Այս անգամ համալսարանի արդեն սիրած մասնաշենքի փոքրիկ ճամփան անցնելը դժվարացել է. ձյունն  ու սառցապատ տարածքը անգամ ձմեռ սիրող մարդկանց է տհաճ ու վտանգավոր։
Մոռանալով եղանակային անբարենպաստ պայմանների, նախորդ տարում ծագած անհարմարությունների մասին ՝ գնում եմ համալսարան։ Ծանոթ ու նոր դեմքեր, անկեղծ ու կեղծավոր ժպիտներ, մրցակցություն ու  ընկերություն։ Ուսումնական պրոցեսի հենց առաջին օրերին դասացուցակում օտար լեզուն է։ Նախ ՝ պետք է մեծ ցավով ու վրդովմունքով նշեմ այն փաստը, որ սովորելով լրագրություն բաժնում, կարող ենք ուսումնասիրել միայն մեկը։ Քանի որ դեռ մանկուց անտարբեր չէի անգլերենի հանդեպ և դպրոցում ստացել եմ լավ գիտելիքներ, առանց վարանելու անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն տարբերակներից ընտրեցի անգլերենը՝ մտածելով, որ կլրացնեմ գիտելիքներս ու առավելագույն մակարդակի կհասնեմ։ Սակայն, ինչպես ասում են ՝ «Առուն թռիր, նոր ուրախացիր»։ Բախտս բերել է՝ դասախոսը լավ մասնագետ է, բայց ինչ վերաբերում է խմբի՝ լեզվին տիրապետելու մակարդակին, նույնը, ցավոք, չեմ կարող փաստել։ Չունեմ հնարավորություն առարկայի ընտրությունը վերանայելու։ Դասերին, երբ մյուսները տարրական հիմունքներ են սովորում, որոնք հավասար են 5-6-րդ դասարաններում ուսուցանվող նյութին, տհաճությամբ եմ մասնակցում, իսկ երբ փորձում եմ համալսարանին վայել, բարձր մակարդակին վերաբերող նյութեր ուսումնասիրել, ուսանողները փնթփնթում են։
Սկզբում փորձում էի մյուսներին առարկայի հանդեպ սեր «քարոզել»։ Երբ պատրաստել էի շնորհանդես (presentation) և ներկայացնում էի լսարանին, այդպես էլ ոչ ոք չլսեց, չփորձեց հասկանալ, հարց տալ կամ որևէ մի բան։ Հակառակը՝ պատրաստ են ամբողջ դասապրոցեսը ջուրը նետել ստեղծված հարմար առիթի դեպքում։
Այսպիսով՝ երբեմնի սիրելի և սպասված առարկան դարձել է ուսումնական նոր շրջանի մղձավանջը, դե բացի իհարկե, դժվարանցանելի, սառցե ճանապարհից։ Սակայն, իհարկե, կգա գարունը և ձնհալ կսկսի, սակայն ինչ վերաբերում է դասերին, ամառը հազիվ թե կարողանա ինչ-որ բան փոխել։
Ըստ իս ՝ մեղավորն այս պատմության գործող անձանցից ոչ թե ոչ ոքն է, այլ այն մեկը, որ չէր երևում ամբողջ ընթացքում ՝ համակարգը։ Համալսարանն ասոցացվում է բարձրագույն կրթության հետ, և մի՞թե սա է այն բարեկեցիկ ապագայի բարձր որակավորում ստացած մասնագետների կրթությունը։ Ինչպե՞ս ստանալ այն երազած բարձրագույն կրթությունը, երբ չես յուրացրել հիմնական  և ավագ դպրոցներում դասավանդվածը, կամ գուցե դրանք չե՞ն էլ դասավանդվել…

jenya abgaryan

Լավագույն տարիներ

Բոլորդ էլ երևի լսած կլինեք այն հայտնի արտահայտությունը, թե ամենալավն ու հիշարժանն ուսանողական տարիներն են։ Դե, ինչպես արդեն կռահում եք, ես էլ, իհարկե, բացառություն չեմ։ Դեռ մի քանի ամիս է, ինչ ներթափանցել եմ կյանքի այս նոր էջ և չեմ դրժի այն փաստը, որ ավելի լավ է ուսանող լինել, քան աշակերտ, սակայն չեմ էլ ժխտի, որ պատասխանատվությունը շատ ավելի մեծ է։
Նախ սկսենք նրանից, որ եթե դպրոցական տարիքում դու ապրում ես քաղաքում կամ որևէ մարզում և համադասարանցիներդ տեղաբնիկ են, դու ինչ-որ չափով ճանաչում ես իրենց, ապա համալսարանում պատկերն այլ է։ Այստեղ քեզ շրջապատողները եկել են տարբեր տեղերից, ունեն զանազան տեսանկյուններ տարբեր հարցերի մասին, ուրիշ մտածողություն ու հետաքրքրություններ։ Եվ ահա, դու՝ բացարձակապես անտեղյակ, ընդհանրապես չես ճանաչում դիմացինիդ, չգիտես՝ ով է և անգամ չգիտես՝ ինչ է անունը։ Ինչ-որ տեսանկյունից այս հանգամանքը վախեցնող է, մանավանդ՝ ինքնամփոփ և փոփոխություններին դժվարորեն հարմարվող մարդկանց համար։
Ի տարբերություն մյուսների, ինձ դեռ ամռանը բախտ էր վիճակվել ծանոթանալու այն անձանց հետ, որոնք պետք է դառնային «լավագույն տարիներիս» մի մասը (ամեն դեպքում, մարդկանց մեծամասնությունն այդպես է կարծում)։ Առաջին տպավորությունս այդքան էլ դրական չէր։ Չեմ թաքցնի, որ սիրում եմ ամեն ինչին քննադատորեն վերաբերվել և յուրաքանչյուր երևույթի մեջ տեսնել բացասականը։ «Բոլորս աղջիկ ենք, սա վատ է»,- մտածեցի ես, քանի որ այդքան աղջիկ մեկ լսարանում՝ հաստատ լավ չի վերջանալու։
Առաջին տպավորությունիցս արդեն անցել է մի քանի ամիս։ Ճիշտ է, աղջիկներից ոմանք դեռ չեն հարմարվել տնից հեռու գտնվելուն և ժամանակավորապես ինքնուրույն կենսակերպ վարելուն, բայց մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի իրենք էլ քաղաքային եռուզեռի և ուսանողական այս բաղձալի տարիների մի մասնիկը լինեն։ Հենց այս վաղանցիկ ամիսների ընթացքում է, որ դասերից զատ ձեռք եմ բերել ուսանողական ընկերներ: Ամենքս էլ տարբեր անհատականություններ ենք, խոսում և մտածում ենք տարբեր, անգամ ոճային տարբերություններ կան: Այս հանգամանքը, եթե ուրիշներին կխանգարեր և տարաձայնությունների առիթ կհանդիսանար, մեր պարագայում լրիվ հակառակն է: Ասածիս ապացույցը հետևյալ օրինակն է. մեր ընկերական նեղ շրջանում մի աղջիկ կա, որ Շիրակից է ու տեղի բարբառով է խոսում: Թեև մեզ համար բարբառը խորթ է և ականջին անսովոր, սակայն, ընդունելով իրեն, ընդունում ենք և իր բարբառն ու անգամ մենք նույնպես հաճախ շատ բառեր բարբառով ենք ասում, ինչն իրեն ուրախություն ու հարազատության զգացում է պատճառում:
Ըստ իս՝ այսպիսի մանրուքներն են, որ ընկերներին ավելի մոտ են դարձնում և վստահ եմ, որ միասին ենք կերտելու մեր պայծառ ու միշտ հիշվող լավագույն տարիները։