jenya abgaryan

Գունավոր շենքերով քաղաք

-Դեռ չե՞նք հասնում։ Հոգնել եմ, ու դեռ այսքան էլ պետք է անցնենք տուն վերադառնալու համար․․․

Հենց այսպիսի տրամադրությամբ էլ ամռանը մուտք գործեցի Արցախի Հանրապետություն։ Մոտ 5 ժամ տևած ճանապարհն անցնելուց հետո հայտնվում ես մի բլրի վրա, որը Շուշիից դարպասներ է բացում դեպի գունավոր շենքերով քաղաք։ Այո՛, Ստեփանակերտն իմ մտքում տպավորվել և մնում է հենց այդպես՝ գունեղ։ Թեև առաջին անգամ էի այցելում, սակայն այնքան հարազատ էր, կարծես ամբողջ մանկությունս այնտեղ անցած լիներ։

Այցս տևել է մոտ մեկ շաբաթ, բայց այդ մեկ շաբաթն էլ է շատ քաղաքին սիրահարվելու համար։

Սկզբում ծրագրել էի, որ ուղղակի կանեմ անելիքս ու արագ հետ կգամ, որովհետև դեռ ճանապարհին կարոտում էի Երևանը, իսկ արդեն այնտեղ գտնվելու երկրորդ օրն սկսեցի մտածել բնակարան ձեռք բերելու մասին։
Թե ինչու սիրեցի Ստեփանակերտը, դժվարանում եմ բացատրել։

Նախ, լինելով տարբեր տեսակի շենքերով հիացող և լուսանկարող մեկը, չէի կարող չգնահատել տեղի ճարտարապետական ոճը։ Որքան էլ որ շատ են և առանձնանում են գունավոր շենքերը, առանձնահատուկ է  Ազգային ժողովի շենքը, որն իր յուրօրինակ գմբեթի շնորհիվ բոլորին ՝ բացի տեղացիներից, թվում է, թե եկեղեցի է։

Շենքերից նարնջագույն չորսհարկանին է ամենից շատը տպավորվել, որովհետև կանգնել էի ուղիղ մայթեզրին ու փոքր ինչ խափանում էի փողոցի երթևեկությունը, որ գոնե մի նկար ունենամ շենքի ֆոնին: Իսկ վարորդները, կարծելով թե անցնում եմ փողոցը, ինձ զիջում էին ճանապարհը։ Այդպես ամոթից դրդված ստիպված եղա մի քանի անգամ անցնել փողոցը։ Իրավիճակը մի փոքր խորթ է, բայց քաղաքի բնակչությունն իրոք գիտի հյուրընկալության բոլոր գաղտնիքները, և սա բազմիցս են ապացուցել։ Եթե հյուր գնալիս մեզ մոտ առաջինը սուրճ են հյուրասիրում, ապա Արցախում հաճախ զարմանում էին, երբ մենք սուրճ էինք առաջարկում իրենց։ Այնտեղ բոլորը թեյի սիրահարներ են և սրճարաններում էլ գլխավոր մենյուի հետ անպայման մոտեցնում են նաև թեյերի մենյուն։ Դե, էլ չեմ խոսում թեյերի բազմազանության և համի մասին։

Բացի ճարտարապետությունից, թեյասիրությունից և հազարավոր այլ հատկանիշներից, Ստեփանակերտն իդեալական է հանգստություն սիրող և աղմուկից փախնող մարդկանց համար, քանի որ չկա քաղաքային ակտիվ եռուզեռ, և իրեն հատուկ ներդաշնակ լռություն է տիրում, իսկ փողոցներում էլ եվրոպական երկրներին հատուկ կատարյալ մաքրություն է։

Ցանկությունս այնքան մեծ է ընթերցողիս ամեն մանրուքի մասին պատմելու, որ մոռացա ամենակարևորը․ ես բացահայտեցի աշխարհահռչակ «Ղարաբաղ» կարպետի գաղտնիքը։ Հասկացա, որ երբ գորգագործներն այդքան տարատեսակ գույներ են օգտագործում, դրանք պարզապես գույներ չեն, այլ հենց իրենց հոգու երփներանգության արտացոլանքը։

Կարծում եմ՝ նկատեցիք, որ հիշողություններս ներկա ժամանակով եմ պատմում ձեզ, քանի որ ես այսպիսի վառ տպավորություններով եմ եկել հարազատ դարձած Արցախ աշխարհից, Ստեփանակերտն այսպիսինն եմ թողել մոտ 317 կմ այն կողմ և երբ օրերից մի օր այցելեմ կրկին, հենց այսպես՝ մտապատկերներիցս էլ ավելի վառ ու շատ ջերմ է նա ինձ գրկաբաց ընդունելու։