Աննա Մխիթարյանի բոլոր հրապարակումները

Anna mkhitaryan

Լինել ուսանող

Երկար ժամանակ է, ինչ դժվարանում եմ ընկալել այն հանգամանքը, որ ես ուսանող եմ:

Բարև, ես Աննան եմ, 1-ին կուրսի ուսանողուհի…

Սա, իհարկե, ոչինչ չի կարող նշանակել շատերի համար, բայց ինձ համար մի հաստափոր գրքի պատմություն է: Ես առաջին օրվանից թերահավատորեն եմ մոտեցել այս նախադասությանը: Հաճախ եմ ինքս ինձ հետ խոսում ու փորձում հասկանալ, թե ի՞նչ է նշանակում լինել ուսանող: Լինել ուսանող նշանակում է` մի ամբողջ կիսամյակ ինքդ քեզ համոզել, որ էլ դպրոցական չես, որ էլ դպրոց չես գնալու, ու էն փաստը, որ դպրոցը ավարտել ես, որ ուսանող ես…

Լինել ուսանող նշանակում է` հասկանալ, որ գիշերը գոյություն ունի կյանք՝ լեկցիա կարդալու, մեկ օրում քննության պատրաստվելու և թղթերը գրկելով մի լավ լացելու համար: Հասկանալ, որ գիշերը ընդհանրապես քնելու համար չէ:

Լինել ուսանող նշանակում է` հեռախոսի մեջ ունենալ լեկցիայի լիքը նկարներ, բայց միևնույն է, դրանք քեզ երբեք պետք չեն  գալու:

Լինել մերօրյա ուսանող նշանակում է` ավելի շուտ սովորել «զումի» գաղտնիքները, քան մասնագիտական լեկցիաներ կարդալ: Կամ արթնանալ դասից 5 րոպե առաջ,  ներկա ստանալ ու մի ժամ էլ քնել:

Լինել ուսանող նշանակում է` կա՛մ պարապել, կա՛մ մտքում միշտ «Հայր մերը» ասել:  Կամ պատասխանել այն հարցին, որը պարապելու ժամանակ ասել ես. «Ա, լավ դե, միևնույն է, սա ինձ չի ընկնելու»:

Լինել ուսանող նշանակում է` բարձր կուրսեցիների հետ բարեկամներ լինել, որ ամեն հարց առաջինը իրենց տաս, դասախոսների մասին մի լավ հարցուփորձ անես ու կարծիք կազմած գնաս առաջին դասին:

Լինել մերօրյա ուսանող նշանակում է` իմանալ, որ հեռախոսի էկրանը կիսվում է, բայց  այնուամենայնիվ, իմ նմանները չեն կարողանալու կարդալ, որովհետև տեսողությունը վաղուց լքել է:

Դե ինչ, ողջույններս բոլոր նրանց, ովքեր դեռ չեն հավատում ուսանող լինելուն, ովքեր ամեն պահ կարոտում են դպրոցը, ովքեր երազում են մտնել համալսարանի  շենք, ովքեր իրականում մարդկանց հետ շփման կարիք ունեն:

Anna mkhitaryan

Հոգնել եմ

-Մամ, դպրոց եմ ուզում։

-Մամ, կարո՞ղ եմ 5 րոպեով դուրս գալ տանից։

Բարև, ինձ թվում է շատերիս մոտ է նման իրավիճակ: Տարեսկզբից ամեն րոպե երազում էի հանգստի, տանը մնալու ու մի լավ քնելու մասին: Իսկ հիմա տան պատերի ներսում խելագարության աստիճան վատ է: Կարանտինը, մի ամիս տանը մնալը, մեկուսանալը շատ բան փոխեց իմ կյանքում: Ես սկսեցի գնահատել այնպիսի բաներ, որոնց ուշադրություն անգամ չէի էլ դարձնում: Կարոտել եմ ամեն ինչին, ամեն ինչի տեղը զգացվում է իմ կյանքում, հա՛, խանութի աշխատողին, առավոտյան մեքենայի շարժիչը դռդռացնող ու ինձ քնել չթողնող մարդկանց էլ եմ կարոտել: Բա դասընկերներս… թերևս ամենատխուր կողմն է: Մեր անիմաստ վեճերը, կռիվները, դասամիջոցին շնչակտուր դաս կրկնելու կամ գուցե սովորելու գործընթացն անգամ կարոտել եմ: Հավատում եմ՝ բոլորս էլ ուրիշ կերպ էինք պատկերացնում մեր դպրոցական վերջին տարին, ուզում էի ավելի շատ տեսնել ընկերներիս, ուսուցիչներիս, բոլոր բոլորին, իսկ հիմա․․․

Պաղ, միապաղաղ, ամբողջ օրը համակարգչի դիմաց, հոգնած ու նման շատ-շատ բառեր։  Բայց մի բան կարևոր է ու գնահատելի՝ բոլորը պարտաճանաչ հետևում են խստացված ռեժիմին, սկսում են գնահատել իրենց ներկայությունը երկրի վրա, գնահատում են միմյանց սերը: Ու միայն այս օրերին մենք՝ դպրոցից, դասերից, շուտ արթնանալուց ու պարապմունքներից փախչող մարդիկս, ամենաշատն ենք կարոտել այդ օրերին: Հասկանում եմ, որ այն ժամանակվա բողոքներս անիմաստ էին, դա էր կյանքը՝ եռացող կյանքը: Իսկ հիմա․․․

Անգամ ուսուցիչներիս ներկայությունն եմ կարոտել, այսպես՝ հեռավար կրթությամբ, իրենց հանձնարարության փոստը հավանելը, կատարելը, ուղարկելը ավելի է մեծացնում նրանց տեսնելու ցանկությունս:

Ախր մենք երազում էինք վերջին զանգի փորձերի մասին, իսկ հիմա գլխավոր հարցը ոչ թե սցենարն է, այլ արդյոք կունենա՞նք վերջին զանգ, թե՞ ոչ:

Որ բողոքներս իրար հետևից շարեմ, ավելի կհոգնեմ… Մնացեք տանը, լվացվեք, չփռշտաք, որ մենք ոչ մի բան չկարոտենք, ու մտածենք դպրոցին հրաժեշտ տալու մասին, ոչ թե կորոնայի։

Anna mkhitaryan

Օգոստոսյան պայծառ օրերից

Ողջույն, ժպտալ սիրող իմ ընկերներ, իսկ դուք այսօր ժպտացե՞լ եք։

Մի բան պատմեմ, դուք էլ ժպտացեք։ Ես մասնակցեցի գրքի մրցույթի ու շահեցի Արթուր Սարգսյանի «Ժպիտոմանիա»-ն։

Այնքան դրական էներգիա է փոխանցվել, որ ուզում եմ անպայման կարդաք։ Եվ իրոք, ամեն մի գործի համար, եթե այն արվում է լայն քայլերով, պետք է մղիչ ուժ՝ սեր, բաժանում, կարոտ։ Հաճախ տխրության մոնոլոգի մեջ դու կարողանում ես գտնել այն, ինչից հաճախ հեռու ես, գտնել այն, ինչից հաճախ հեռու են պատկերացումներդ։ Եվ իրոք, սա մեր կյանքն է, սա կյանքի թեորեմներով լցված մի գիրք էր, որը ուղղակի ամեն բառի հետ մտածելու առիթ տվեց։ Հենց ամենասկզբից մտածում էի, որ սա ուղղակի ժպիտի ու ժպտալու տիեզերական զգացումների մասին է, բայց ոչ․․․ Հենց գրքի «բանաձևը» սա էր. «Ծամոն+Ժպիտ=Ժպիտոմանիա»։

«Մեզ դեռ մանկուց սովորեցրել են հաշվել մեկից մինչև ինը կամ հետհաշվարկ, որի դեպքում հերթականությունը չի խախտվում։ Այս գրքում ես խախտեցի դա էլ։ Ես հիմա ամենավերջում ուզում եմ բացատրել արածիս ողջ իմաստը։ Նախապես ասեմ՝ դեռ դպրոցական հասակից չեմ փայլել մաթեմատիկական գիտելիքներով, բայց կյանքում հասկացել եմ, որ հաճախ ենք բախվում մաթեմատիկայի հետ»։ Եվ իրականում ես էլ մաթեմատիկայից չեմ փայլում, բայց բազում անգամներ զգացել եմ, թե ինչ է նշանակում բաժանում, ինչ է նշանակում միացում, կամ թե ինչ է նշանակում թեորեմներ ապացուցել, մի տարբերությամբ, որ սրանք կյանքի թեորեմներ են։ Սա մի գեղեցիկ պատմություն էր, որ ստիպեց ժպտալ, հուզվել, սիրել, հասկանալ։ Եվ իրոք, մենք սիրում ենք անգամ անշունչ պատկերների, այն ամենին, ինչ մեզ «սեր» է թվում։

«Բարև, իմ նկարի աղջիկ, որքան շատ եմ քեզ սիրում, օրեցօր այդ սերս ավելի է աճում: Սիրել թղթի վրա պատկերված մի աներևույթ էակի, որի ո՛չ շնչառությունն ես զգում, ո՛չ ձայնն ես լսում, միայն տեսնում ես ժպիտը. դա տարօրինակություն է թվում, բայց եթե մի հնար լիներ նկարից քեզ դուրս հանելու, դա կլիներ ֆանտաստիկա, իսկական հրաշք, բայց դա անհնարինի սահմաններում գտնվող երևույթի է նման: Գիտե՞ս՝ քեզ նայելով ես ժպտում եմ, անզոր եմ քեզ նայել ու չժպտալ, Գոռը փայլուն է քեզ պատկերել: Սեր դեպի նկարիդ աղջիկը. ահա թե ինչ էի զգում: Ամեն պահի, երբ կամենաս, քեզ հետ է, ամեն պահի լսում է քեզ, նա չի հոգնում, ուզո՞ւմ ես՝ նրա հետ խոսիր ժամերով, մեկ է, նա կլսի քեզ, նա քոնն է այնքան, որքան քո սեփակա՛ն ձեռքերը»։

Սա մի կոչ էր կարծես, որ ստիպեց հավատալ ու հասկանալ, որ չպետք է ապրել ստանդարտ, և ինչպես հեղինակն է ասում. «Մի մտածիր ստանդարտ, եթե ստանդարտների մեջ մնաս, ապա կբախվես կյանքի միապաղաղությանը»։ Եվ իրոք, ես վստահ եմ, որ մենք բոլորս էլ մեր կյանքում զգացել ենք կամ կզգանք միապաղաղություն, կուզենք նոր երանգներ մտցնել ու շարժվել առաջ։ Չեմ ուզում խորանալ ու բացել փակագծեր, ուզում եմ դու էլ կարդաս ու զգաս ժպիտոմանիայի ուժը։ Եղել են, չէ՞ պահեր, որ ժպտացել ենք, բայց հոգեպես շատ տխուր ենք եղել, ու ինչպես հեղինակն է ասում՝ պետք է հիշենք, որ կյանքի ֆոտոխցիկները ֆիքսում են մեր աչքերում առկա ժպիտները, որքան հաճախ ժպտանք, այնքան կյանքը մեզ կվարձատրի երջանկությամբ։

Մենք դեռ խաղում ենք

Լուսանկարը` Աննա Մխիթարյանի

Լուսանկարը` Աննա Մխիթարյանի

Վերջին շրջանում զարմանալի խոսակցությունների եմ ականատես եղել։ Ցանկությունս մեծ էր կարծիքս արտահայտելու և իրականում իրավիճակին ճիշտ կողմից նայելու համար։

-Սերունդը փոխվել է, սաղ օրը էդ հեռախոսներով կխաղան, ի՞նչ գիտեն` պահմտոցին ի՞նչ է, յոթ քարն ի՞նչ է, գործնագործն ի՞նչ է…

-Էլ դու սուս, երկու հատ կնոպկա կսղմեն, գիտեն ըդիկ է խաղը։ Խաղը մեր վախտով էր, որ ոտներս արնոտ տուն կերթայինք, գընգնեինք, գելնեինք, կլացեինք: Հըմի` ի՞նչ։ Կլացեն, թե բա` խաղիս կյանքերը պրծավ կամ զարյադկես նստավ։

Իրականում սրտիս վրա ծանր էր նստել, ուզում էի կիսվել։

Լուսանկարը` Աննա Մխիթարյանի

Լուսանկարը` Աննա Մխիթարյանի

Իրականում ես վերջին շրջանում ծանրաբեռնվածությանս պատճառով շատ եմ հոգնում ու քնկոտ եմ դարձել։ Այնքան եմ քնում, որ անգամ մայրս չի կարողանում ճիշտ ժամանակին արթնացնել։ Բայց հակառակ դրան, ես արթնանում եմ բարձր աղմուկից, գնդակի դմփդմփոցից, կամ էլ` «Աննա՜» գոռալուց։ Մի անգամ արթնացա այն մտադրությամբ, որ պետք է մի լավ նախատեմ այդ աղմուկի հերոսներին։ Ու այդ րոպեին ականջումս այդ խոսակցությունն էր։ Իրականում սերունդը փոխվել է, բայց իմ գյուղում չտեսա այդ փոփոխությունը։ Ճիշտ է, ասում են երկրում իրավիճակ է փոխվել, բայց մեզ մոտ ամեն բան նույնն է։ Այնքան հաճելի էր, երբ հակառակ այդ խոսակցությունների, փողոցով մեկ վազող ու խաղացող երեխաներ տեսա, լսեցի այդ աղմուկը։ Ամենացավոտ բանը մնաց այն, որ արդեն մեծ եմ։ Մեծացող տեսակս փոքր է մնացել։ Որքան էլ պարապմունքները շատ լինեն, ժամանակ կգտնվի մի կես ժամ դրսում խաղալու համար։ Ու հատկապես զարմացա այն ժամանակ, երբ խնդրեցի գեղեցիկ կանգնեն selfie անելու համար, բայց նրանք ասացին, թե խանգարում եմ իրենց խաղը։

Լուսանկարը` Աննա Մխիթարյանի

Լուսանկարը` Աննա Մխիթարյանի

Սիրելիներս, մեր սերունդը դեռ խաղում է ձեր սիրելի ու հին խաղերը։ Ճիշտ է, երբեմն֊երբեմն խանգարում են համացանցն ու համակարգիչը, բայց միևնույն է, մինչև երեկոյան ուշ ժամ ես լսում եմ այդ գոռոցն ու աղմուկը։ Աշոցքում այնքան շատ են երեխաները, այնքան դրական էներգիա են հաղորդում շրջապատին, որ Աշոցքից հեռանալը անհնար է, թեկուզ մի քանի րոպեով։

Լուսանկարը` Աննա Մխիթարյանի

Լուսանկարը` Աննա Մխիթարյանի

Դե ինչ, փոքր ինչ մեծացել եմ, չեմ կարող դեսուդեն վազվզել (դա գյուղի բացասական կողմն է, բարքեր, որոնց զոհն ենք մենք), բայց դե, դեռ մանուկ եմ ու խաղացել եմ ու կխաղամ…

-Ա՜խ, այս սերունդը, չեն թողնի մարդ հանգիստ հանգստանա…

Anna mkhitaryan

Երեք անմոռանալի օր

Շուտով կլրանա մեկ տարին, որ մասնակցեցի բանավեճի հանրապետական փուլին: Կցանկանամ վերհիշել այդ օրերը: Մինչև այդ պահը, եթե մարզերից կամ Երևանից որևէ մեկին հարցնեին Աշոցքի տեղը, միայն կլսեին հետևյալ նախադասությունը` որտե՞ղ է դա։ Իսկ հիմա բոլորը Շիրակի մարզ ասելիս միայն չեն պատկերացնում Գյումրին, այլ նաև Աշոցքը, Ամասիան, Ցողամարգը, Մայիսյանը։ Ուղղակի հպարտորեն կնշեմ, որ վերը նշված գյուղերի հավաքական թիմով մասնակցեցինք «Երիտասարդները ներգրավված են հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում անցկացվող բանավեճի մրցաշարի հանրապետական փուլին։ Մեզ նվիրվեց երեք անմոռանալի օր։ Օրեր, որոնք կմնան մեր հիշողության մեջ: Այդ օրերին, որպես սկսնակներ, ձեռք բերեցինք նոր գիտելիքներ, նոր հմտություններ, բայց ամենակարևորը՝ վստահություն։ Վստահություն` խոսքի մեջ, վստահություն՝ սեփական կարծիքը առաջ քաշելու ու հիմավորելու մեջ։ Բայց բացի այս ամենից` ձեռք բերեցինք լավ ընկերներ Հայաստանի տարբեր ծայրերից, այնպիսի բնակավայրերից ընկերներ ունեցանք, որոնց մասին միայն լսել էինք, կամ էլ անգամ չէինք լսել։

Բանավեճը ինձ շատ բան սովորեցրեց, կարողացա անգամ ինքս ինձ հակառակվել, այսպես ասած` սկսեցի քառակուսուց դուրս մտածել: Սովորեցի հարցին նայել բոլոր կողմերից:

Հաճախ հարց էր ուղղվում մեզ.

-Որտեղի՞ց եք, երեխեք:

-Ամասիայից,- լսվում էր թիմակիցներիս ձայնը:

-Աշոցքից,- հպարտորեն ու ձայնիս տոնը բարձրացնելով` հեգնական տոնով պատասխանում էի ես:

Հաճելի էր, երբ պատմում էի գյուղիս մասին, հաճախ էլ` ծիծաղելի, երբ բարբառս չէին հասկանում: Եվ այդ երեք օրվա ընթացքում տիրող ողջ ջերմությունը իմ սրտում է… Անմոռանալի երեք օր, երիտասարդների համար անմոռանալի օրեր կերտելը կարծես հատուկ է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կազմակերպչական թիմին:

Բանավեճը պարզապես խաղ չէ, որը պետք է խաղալ հաղթանակի համար, բանավեճը պետք է զգալ ու խաղալ ինքնաարտահայտվելու և մի շարք հմտություններ ձեռք բերելու համար:

Anna mkhitaryan

Աշոցքը դահուկներով

Հունվարի 26-ին և 27-ին Աշոցքս մարդաշատ էր: Հայաստանի հյուսիսային, ցրտաշունչ բնակավայրում էին հավաքվել Հայաստանի մարզերից և Երևանից եկած մեծեր և փոքրեր: Այնքան հաճելի զգացողություն էր, երբ զգացի, որ գյուղս ճանաչեցին ոչ միայն -35° ջերմաստիճանով, այլ դահուկորդներով:

Աշոցքը տարիներ շարունակ սպորտի պատմության մեջ ոսկե տառերով է գրում մարզիկների անուններ, ովքեր մեծ հաջողություն ու անուն են բերում ոչ միայն իրենց հայրենիքին, այլ նաև ծննդավայրին: Միքայելյանների ընտանիքը ջանք ու եռանդ ներդրեց, պայքարեց ու հասավ ցանկալի արդյունքի: Պատրաստեց ու շարունակում է պատրաստել նոր դահուկորդներ, ովքեր օտար ափերում դահուկային սպորտի առաջավորներից են: Միքայելյանների ընտանիքի երկու զավակները՝ Սերգեյը և Միքայելը, Հայաստանը ներկայացրել են օլիմպիական խաղերում, իսկ վերջերս Միքայելը Ֆինլանդիայի Լահթի քաղաքում տեղի ունեցող դահուկավազքի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության 30 կմ դասական ոճի մրցատարածությունում 21 պետությունների 70 ուժեղագույն մարզիկների հետ պայքարում զբաղեցրեց 37-րդ հորիզոնականը: Պողոսյան Թադևոսը, որը նույնպես այս սպորտաձևում հզորներից է, բազմաթիվ մեդալներ է նվաճել: Նա հունվարի սկզբին կայացած Հայաստանի դահուկավազքի առաջնությունից անմիջապես հետո Լիբանանում մասնակցեց տարվա առաջին միջազգային մեկնարկին: Ուրախալի է, որ հայ մարզիկը հաջող հանդես եկավ` դառնալով զարգացող պետությունների գավաթի խաղարկության ազատ ոճի մրցատարածությունների (10 կմ, 5 կմ) կրկնակի հաղթող: Հպարտությամբ կնշեմ, որ մենք համագյուղացիներ ենք: Ինչևէ, եթե շարունակեմ ներկայացնել, կմոռանամ գլխավոր նյութի մասին:

Աշոցքը դարձավ ձմեռային կենտրոն: Հիմա արդեն զբոսաշրջիկները, կամ ինչու չէ, Հայաստանի բնակիչները Ծաղկաձորից բացի կայցելեն նաև Աշոցք: Կվայելեն ձմեռային օրերը: Հունվարի 27-ին անցկացվեց դահուկավազքի սիրողական մրցաշար, որին մասնակցեցին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, համայնքապետը, մարզիկներ Հայաստանի տարբեր շրջաններից: Իր խոսքում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին փաստեց, որ կենտրոնը հիմնադրվել է «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում, որը զբաղվում է վերջերս խոշորացված 52 համայնքների հզորացմամբ:

Կենտրոնի ստեղծման նպատակն է` աջակցել Աշոցք համայնքին զարգացնել դահուկավազքը, խթանել ձմեռային զբոսաշրջությունը հայաստանցիների և հյուրերի շրջանում, ինչպես նաև ներգրավել դահուկորդների՝ մասնակցելու վերապատրաստումների և մրցույթների: Սիրողական մրցաշարին մասնակցում էին անգամ մանուկները, առավել աչքի էր ընկնում 3-ամյա Արտակը, որն իր փոքրիկ մարմնում մե՜ծ ջերմություն տեղավորելով՝ բոլոր լրագրողներին հավաքել էր շուրջը: Հարցազրույցի ժամանակ հետևում էի նրա քայլերին, նրա փոխարեն խոսում էր հայրիկը, որը նախկինում նույնպես դահուկորդ էր եղել, իսկ Արտակը խոսափողը իրեն ձգելով փորձում էր խոսել, ինքնուրույն պատմել: Այդ օրը Աշոցք էին այցելել երգչուհի Սոֆի Մխեյանը, սպորտային մակնաբան Կարեն Գիլոյանը:

Anna mkhitaryan

Մեր առաջին տոնավաճառը

Ուսումնական տարին սկսելուն պես առարկայական ցանկում հաստատվեց «Ձեռնարկատիրություն» առարկան: Բոլորի շրջանում մեծ ոգևորություն մտցրեց,  սկսեցին մեծ սիրով սովորել և ուսումնասիրել ձեռնարկատիրական արժեքները: Հենց սեպտեմբերից հիմնեցինք աշակերտական գործարար ընկերություն՝ ԱԳԸ: Դեռ ամենասկզբից կատարեցինք ընտրություններ: Նախ ընտրեցինք «Ագը» նախագահ, քվեարկության արդյունքում նախագահ դարձավ Լարիսա Գալստյանը: Մարքեթինգի գծով նախագահ ընտրվեցի ես՝ Աննա Մխիթարյանս, ֆինանսների նախարար՝ Իրա Քոչարյանը, արտադրության գծով նախարար՝ Վահե Հմայակյանը, կադրերի գծով նախարար՝ Մարիամ Կարապետյանը: Աշակերտական գործարար ընկերության կազմը ձևավորելուց հետո միանգամից անցանք մի քանի քայլերի կատարմանը՝ շուկայի հետազոտություն, պարտականությունների պարզեցում, վերջնական թիմի ձևավորում: Նպատակը մեկն էր` թողարկել այնպիսի արտադրանք, որ բոլորին հաճելի լինի: Դե ինչպես միշտ, ամեն բան կատարյալ ստացվեց: Ընդամենը 3 շաբաթում արդեն ունեինք հիմնական արտադրանքը և այլ աքսեսուարներ: Եվ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Աշոցքի միջնակարգ դպրոցում առավոտից եռուզեռ էր: Բոլորս պատրաստվում էինք տոնավաճառի, վերջապես կստանայինք այլոց կարծիքները:

-Աննա՛, բեր շուտ էրա, տիա` էկան մարդիկ:
-Էրեխեք, ո՞վ մանր ունի…
-Մեկդ հետս եկեք` էրթանք համայնքապետարան, տեսնինք` ով գուկա…
-Երեխե՛ք, մեկդ մոտեցեք, ընդեղ մարդ կա…
Ու այսպես շարունակ կարող եմ թվարկել, թե ինչ հասցրեցի լսել այս օրվա ընթացքում: Առաջինը տոնավաճառի հարթակին մոտեցավ մեր տնօրենը: Շատ մեծ ոգևորությամբ ընդունեց մեր աշխատանքերը: Տնօրենից հետո ողջ ուսումնական կոլեկտիվը մոտեցավ, և սկսվեց իրական տոնական տոնավաճառը, գեղեցիկի, նուրբ աշխատանքի վերաբերյալ խոսակցությունները հասան մինչև գյուղամեջ: Այցելեց նաև գյուղապետը և այլ աշխատակիցներ:

Ամեն ինչ այնքան ջերմ մթնոլորտում ընթացավ, որ մոռացել էինք ժամանակի գոյության մասին: Շնորհակալ եմ մեր շատ սիրելի ընկեր Դանիելյանին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս հաջողության մեջ: Սպասենք հաջորդ  տոնի անակնկալներին:

Anna mkhitaryan

Աշոցքս

Ամեն օրս, մանկությանս ամեն վայրկյանը անցկացրել եմ հայրենի գյուղումս: Աշոցքը քչերին է հայտնի, բայց հայտնի է յուրովի: Հայտնի է, որ այստեղ միշտ ցուրտ է, ձմեռ: Բայց ոտք դնես Աշոցք, դժվար թե կարողանաս դիմանալ և չայցելել գյուղի գեղատեսիլ վայրերը: Գյուղի ամենագեղեցիկ վայրը Թթու ջուրն է. հանքային ջուր 2000 մետր բարձրության վրա՝ շրջապատված ալպիական կանաչ մարգագետիններով, մաքուր, թթվածնահագ օդով և ամենակապույտ երկնքով: Ես կասեի՝ իսկական բնության հրաշք:

Եկեք խոսենք հրաշագործ հանքային ջրերից, մասնավորապես այս մեկից, որը գտնվում է ծննդավայր Աշոցքումս: Այս ջուրը արդեն մեծ հռչակ և ճանաչում է վայելում տեղի բնակչության կողմից: Տեղացիները վաղուց են բացահայտել այս ջրի հրաշք ազդեցությունը սեփական օրգանիզմի վրա և ունեցած փորձով կիսվում են բոլորի հետ: Ջրի ազդեցությունը կհետաքրքրի այն մարդկանց, ովքեր ունեն խնդիրներ կապված աղեստամոքսային համակարգի հետ, անոթային խնդիրներ (վարիկոզ, արյան վատ շրջանառություն), թույլ իմունիտետ, նշիկաբորբ: Ջուրը պարունակում է բազմաթիվ միներալներ, հարուստ է երկաթով: Խորհուրդ ենք տալիս այցելել և հենց տեղում վայելել այս հրաշագործ հանքային ջուրը, կազմակերպել արևային լոգանքներ և վայելել հրաշք բնությունը և, իհարկե, համեղ ու օգտակար, բնական, տեղում պատրաստված գյուղական սնունդը:

Աշոցքցիները շատ հյուրընկալ են, բոլորի դռները բաց են հյուրերի դիմաց: Բայց միայն սա չէ, որ զարդարում է Աշոցքս, նաև առանձնանում է Սոճու անտառը: Չկա երևի տարվա մի եղանակ, մի ամիս, ամսվա մի օր, որ գնաս անտառ և չտեսնես ինչ-որ մեկին: Շատերի մոտ սոճին ասոցացվում է Ամանորի հետ, և շատերը սոճին անվանում են եղևնի կամ տոնածառ: Սոճին բազմամյա ծառ է և ողջ տարին մնում է կանաչ, հիմնականում աճում է բարձրադիր վայրերում: Սոճու այս անտառը գտնվում է ծովի մակերևույթից 1800-ից 2000 մետր բարձրության վրա: Սոճին հաճախ անվանում են կանաչ դեղատուփ, քանի որ այն դեղաբույս է և կարող է օգնության հասնել մի շարք առողջական խնդիրների ժամանակ: Օրինակ՝ փշատերևները պարունակում են մեծ քանակությամբ վիտամին c և հանդիսանում են հզոր հակաբորբոքային միջոց մրսածության ժամանակ: Սա է գաղտնիքը, որ գյուղի բնակիչները առողջ են, և տարիքային սահմանը հասնում է 90-ի:

Բայց կնշեմ մի ցավալի փաստ. գյուղի մոտակայքում կա մի կամուրջ՝ Կրասարի կամուրջը, որը գտնվում է ոչ բարվոք վիճակում: Շիրակի մարզի հյուսիսարևմտյան մասում, Ախուրյանի վտակներից մեկի` Արփաչայի հովտում է գտնվում Կրասար գյուղը, որը նախկինում, ըստ Ղևոնդ Ալիշանի, կոչվել է «Քէօր-պուլագ»: Կրասարում է ծնվել աշուղական արվեստի լավագույն ներկայացուցիչներից գուսան Շահենը: Այսօր Կրասարի կամուրջը հարևան Սեպասար գյուղի հետ կապող միակ ճանապարհն է: Խորհրդային տարիներին կամրջի ամրությունը հաշվի չառնելով՝ որոշել էին նրա վրայով մեծ տրամաչափի խողովակով ջրագիծ անցկացնել: Ջրագիծը շահագործվել է մինչև 1970-ական թվականները: Հետագայում կամրջի վրայով անցնող ջրագծի խողովակաշարը պատճառ է դարձել կամրջի արևմտյան կողմի պատերի փլուզմանը: Ցավոք, Կրասարի կամուրջն այժմ վթարային վիճակում է: Ըստ Ալիշանի՝ ուշագրավ է կամրջի վրա պահպանված հայերեն, ռուսերեն և թուրքերեն լեզուներով արձանագրությունը. «Շնորհօքն ամենազօրին աստուծոյ շինեցավ կամուրջս յինքնակալութեան Աղեքսանդր երկրորդի օգոստափառ կայսր ռուսաց, արդեամբ և ծախիւք Ստեփաննոսի Անանիկեանց, ի հիշատակ հոգւոյ փրկութեան իւրոյ կենակցին Գայանեայ, եղբօրն Կարապետի եւ կենակցին Հռիփսիմեայ եւ ծնողաց նոցին: Եւս առաւել վերակացուին շինութեանս Գրիգորի Ռափայէլեանց»: Բայց կամրջի հետ կապված խնդիրները չեն խանգարում այցելել և զմայլվել բնության այս հրաշքով: Սիրում եմ իմ գյուղը, իր բոլոր առեղծվածային վայրերով:

Anna Mkhitaryan

Ուսուցիչս

Հարցազրույց Աշոցքի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Սիլվարդ Սարգսյանի հետ:

Սիլվարդ Սարգսյանը ծնվել է 1955թ.-ին Աշոցք գյուղում: Առաջին մասնագիտությամբ կենսաբանության մասնագետ է, նաև ծավալել է լրագրողական աշխատանք՝ Խորհրդային Միության տարիներին: Ներկայումս գյուղի դպրոցի ամենագիտակ ուսուցիչներից է: Եվ ինչպես ինքն է նշում՝ յուրաքանչյուր օր նոր լրագրողական նյութ է դպրոցում։

-Մի փոքր պատմեք Ձեր մասին:

-Ես ներկայումս կենսաբանության ուսուցչուհի եմ Աշոցքի միջնակարգ դպրոցում, սակայն մինչ այդ աշխատել եմ լրագրող, և շատ եմ սիրել այդ աշխատանքը: Շրջանային թերթերի վերանալուց հետո աշխատել եմ դպրոցում, և համադրելով լրագրողի և ուսուցչի աշխատանքը՝ հասա այն արդյունքին, որ կարողացա որպես լրագրող էլ լավ դրսևորվել:

-Ի՞նչ մասնագիտություն կընտրեիք, եթե ոչ մանկավարժ:

-Եթե ոչ մանկավարժ, կմնայի լրագրող: Ցավում եմ, որ չկարողացա շարունակել լրագրողի մասնագիտությամբ աշխատանքս, ես ԽՍՀՄ Ժուռնալիստների միության անդամ էի և մեծ հաջողություններ կունենայի։

-Եթե ներկայումս հնարավորություն ընձեռվեր, կթողնեի՞ք ուսուցչի մասնագիտությունը և աշխատեիք լրագրող:

-Ոչ, որովհետև ես ներկայումս համատեղել եմ լրագրողի և մանկավարժի աշխատանքը, և իմ յուրաքանչյուր օրը վերածել եմ լրագրողական և ուսումնական արկածային օրվա: Եվ յուրաքանչյուր երեխայի հետ շփումը լրացնում է լրագրողական օրերիս պակասը:

-Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը:

-Իմ կյանքի կարգախոսն է` լինել ազնիվ: Երբեք չեմ հանդուրժել սուտն ու կեղծիքը: Այնտեղ, որտեղ ես եղել եմ, միշտ առաջ եմ տարել ճշմարտությունը:

-Ըստ Ձեզ՝ ո՞ր հատկանիշն է ամենակարևորը ուսուցչի մասնագիտության մեջ։

-Մանկավարժը պետք է անչափ բարի լինի և ներողամիտ, և քանի որ մանկավարժը գործ ունի տարբեր ընտանիքների, տարբեր բնավորության տեր երեխաների հետ, ապա նրանց հետ պետք է լինել հավասարը հավասարի նման: Եվ որ ամենակարևորն է՝ պետք է վարվի աշակերտի հետ այնպես, ինչպես իր սեփական երեխայի հետ:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք Նոր Հայաստանի նոր կառավարությունից:

-Նոր Հայաստանի նոր կառավարությունից շատ մեծ ակնկալիքներ ունեմ: Որքան շատ եմ հետևում իրադարձություններին, այնքան մեծ բավականություն եմ ստանում: Նրանք էլ են կարևորում ճիշտը և ոչնչացնում են սուտն ու կեղծիքը: Մեծ հույսեր ունեմ և Նիկոլ Փաշինյանին, որպես քաղաքական գործիչ, խիզախություն եմ ցանկանում նոր մարտահրավերներին դիմակայելու և հաջողությունների հասնելու համար: Եվ այն ուղին, որով Նիկոլ Փաշինյանը տանում է այս նոր կառավարությունը, պսակված է մեծ հաջողություններով: Եկել է երազանքների իրականացման պահը, և մենք բոլորս՝ մեծ, թե փոքր, մեր գործառույթով պետք է գնանք Նոր Հայաստան:

-Պատկերացրեք՝ Ձեզ է վստահվել երկրի ղեկավարությունը, առաջինը ո՞ր ոլորտին կուղղեիք Ձեր հայացքը։

-Իհարկե, բազմաթիվ փոփոխություններ կան դեռ անելու, բայց առաջին ոլորտը կլիներ անվտանգությունը: Եթե անվտանգությունը հասնի իր գագաթնակետին, ապա հավատացնում եմ բոլորին, որ մեր պետությունը այլ հիմքերի վրա կլինի: Եթե պետությունը ամուր լինի սահմանից, ամուր կլինի նաև հիմքերից: Երբ կարողանայի ապահովել անվտանգությունը, կլուծվեին նաև մյուս հարցերը:

-Իսկ որպես մանկավարժ՝ ի՞նչը կփոխեիք կրթական համակարգում:

-Դեմ եմ կտրուկ փոփոխություններին, կցանկանայի հետագայում տեսնել այնպիսի կրթական համակարգ, որ երեխաները մանկուց մեծանային նոր մտածելակերպով: Նոր մտածելակերպը մեր պետությանը կհասցներ կրթական բարձր մակարդակի: Եվ դասապրոցեսը զուտ առարկայական դաս չլիներ, դուրս գայինք սահմանված դասապրոցեսի շրջանակից:

-Իսկ ո՞րն է Ձեր ուղերձը նոր սերնդին:

-Իմ ուղերձն է` հայրենքը պահել իր սահմանների մեջ, իր լեզվի մեջ, իր ավանդույթների մեջ: Ձգտենք ավելացնել նորը և կարևորը մեր պատմության նոր էջերին։

Շուտով Ուսուցչի  տոնն է: Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին իրենց մասնագիտական տոնի առթիվ:

Anna mkhitaryan

Ընտրություններ

Սեպտեմբերի սկզբից անհամբերությամբ սպասում էինք դպրոցի աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններին: Երևի թե թեկնածուներից շատ էի սպասում ընտրության օրվան: Տարեցտարի փոփոխվում է, նորամուծություն է մտցվում ընտրական գործընթացում: Այս տարի էլ ավելի հետաքրքիր ստացվեց:

Այս տարի ԱԽ նախագահի պաշտոնում առաջադրվել էին երկու թեկնածու՝ ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտներ Մինասյան Զոհրաբը և Կարապետյան Մարիամը: Սպասում էինք քարոզարշավի օրվան, և գրեթե ողջ ծրագրի ներկայացման փուլում լռություն էր դահլիճում: Բոլորը սպասում էին նախընտրական ծրագրի իրենց ցանկալի և սիրելի կետերին: Ես ինքս նորարարություն էի փնտրում, ուզում էի էլ ավելի հետաքրքիր ծրագիր լսել և սպասել դրա իրագործմանը: Ես, որպես արդեն փորձառու նախկին ԱԽ նախագահ, խորհուրդներ էի տալիս և ինքս վերապրում այդ անմոռանալի օրերը: Վերջապես հայտարարվեց ընտրության օրը: Ամբողջ դպրոցը հարցեր էր նախապատրաստել մեր թեկնածուներին, իսկ նրանք մեծ սիրով շրջում և պատասխանում, լուծումներ էին նշում երեխաների հղած հարցերին:

Ընտրությունից մեկ օր առաջ լռության օր էր, ոչ մի քարոզարշավ: Եվ հավատացեք, բոլորս վստահ էինք արդարության վրա, բոլորս սպասում էինք արդար արդյունքների: Սեպտեմբերի 27-ին արդեն ընտրություններն էին, և ես ընտրական հանձնաժողովի մեջ էի համադպրոցական աշակերտական կազմի հետ: Այնքան լուրջ և պատասխանատու աշխատանք էր տարվում, համակ ուշադրությամբ բոլորը հետևում էին մեր աշխատանքին։ Գրեթե ավարտվել էին ընտրությունները, անգամ դիտորդ ունեինք, ամեն ինչ արձանագրված, հաշվարկված և պատրաստ էր, բոլորս անհամբերությամբ սպասում էինք արդյունքներին: Կարող եմ ասել՝ ուժերի հավասարակշիռ վիճակ էր: Այդ պահին ես հիշեցի այն ապրումները, որոնք ունեցել էի ես: Հավատացեք, այնքան էլ հեշտ չէ սպասելը։ Ներքին ապրումները, վախը, վստահությունը, զիջողականությունը, ամեն բան խառնվում է, և ինքդ էլ չես հասկանում, թե ինչպես ավարտվեցին ընտրությունները, և դու հաղթեցիր: Ձայների հաշվարկման ընթացքում այնքան մեծ լարվածություն, ոգևորվածություն կար, որ թվերի հերթականությունն անգամ խառնվում է մտքումդ: Եվ ահա, վերջ, ավարտվել էին ընտրությունները, և հայտնի էր հաղթողի անունը, բոլորը սպասում էին թեկնածուներին: Եվ նրանց ներկայությամբ միայն հայտարարեցինք: Հուզմունք, զարմանք, ուրախություն ամեն բան խառնվեց իրար: Ընտրվեց Մարիամը` դպրոցի առաջատար և խելացի աշակերտուհիներից մեկը: Այնքան ուրախություն կար, մանավանդ, երբ տեսանք, թե ինչպես մյուս թեկնածուն Մարիամին շնորհավորեց և հաջող աշխատանք մաղթեց: Զգացինք, որ ոչ մի տարաձայնություն չկա, և այնքան դրական բան էր կուտակվել դպրոցում, դասարանում, դպրոցի պարիսպներից ներս, որ չհասկացանք, թե ինչպես ավարտվեց այս օրն էլ: Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում բոլորին, սպասում ենք պլանների իրագործմանը:
Ավարտվեց ևս մի դպրոցական հետաքրքիր և իրադարձություններով լի օր։ Այսպիսի օրերը շատ կլինեն, քանի դեռ մեր դպրոցը բարձր կազմակերպչական մակարդակի վրա է: Սիրով սպասում եմ բոլոր ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների իրականացմանը: