Էսթեր Ասատրյանի բոլոր հրապարակումները

Ester Asatryan

Փոքրիկ իշխանը

Կարծես ավանդույթ լինի, որ ամեն տարի կարդամ Փոքրիկ իշխանը, այս տարին էլ բացառություն չէր, մանավանդ, որ ունեինք հսկայական ազատ ժամանակ։ Իրականում շատերը, երբ իմացան, որ Իշխանն եմ կարդում, ծիծաղեցին՝ ասելով, որ մեծ աղջիկ եմ, բայց հեքիաթերն են ինձ մինչև հիմա հետաքրքիր։ Այդ խոսքերն ինձ ստիպեցին համոզվելու այն մտքի մեջ, որ «մեծերի աշխարհն», իրոք, լավը չէ։ Մարդիկ սովորել են, կամ ավելի ճիշտ՝ վարժվել են ուշադրություն դարձնել ձևին և ոչ թե բովանդակությանը՝ չհասկանալով, որ ամենակարևորն աչքին տեսանելի չէ։

Ասածս ինչ է. այդ մի քանի էջանոց հեքիաթի մեջ, որն ինձ համար երբեք հեքիաթ չի եղել, ամեն տարի առանձնացնում եմ մի նոր միտք, նոր գաղափար, չնայած՝ մտածում եմ, որ ոչ թե ես եմ միտքն առանձնացնում, այլ միտքն է առանձնանում հատուկ ինձ համար։

Այս տարի առանձնացավ հետևյալը. մենք պետք է մարդկանցից պահանջենք այն, ինչ գիտենք, որ նրանք կարող են անել մեզ համար։ Ես այս ամենին կավելացնեի ևս մի բան․այն, ինչ կարող են և կցանկանան անել։ Սա ինձ համար առանձնացավ ոչ թե մեկ ամսվա, մեկ տարվա, այլ ամբողջ կյանքի համար։ Ես հասկացա, որ չեմ կարող ինչ-որ մեկից պահանջել հավատարմություն, պատասխանատվություն կամ ուրիշ նման բաներ, որոնք գիտեմ՝ ինձ չեն տա կամ չեն ուզում տալ։ Բայց այս ամենից նաև սովորեցի լինել ամենապատասխանատուն և հավատարիմը, մանավանդ նրանց նկատմամբ, ում ընտելացրել եմ, սովորեցի ուշադրություն դարձնել մանրուքներին, պատասխանել փոքր եղբորս շարունակ կրկնվող ու հաճախ ինձ ձանձրացնող հարցերին։ Իշխանն ինձ սովորեցրեց նաև չափսոսալ ու առաջ գնալ, միշտ առաջ, բայց ոչ ուղիղ։ Եթե ուղիղ գնանք, երկար չենք գնա։

Իսկ վերջում ուզում եմ ասել. երանի՜, երանի՜ բոլորն ունենան Իշխանի նման հավատարիմ մեկին: Աշխարհին Իշխանի պարզությունն է պետք:

Կարծում եմ՝ դու էլ քո միտքը կառանձնացնես, մի օր գուցե կիսվես, իսկ ես, որ կգտնվեմ քո մոլորակի վրա, կնայեմ այն աստղին, որին նայում ես դու և կժպտամ, որ իմ մոլորակի վրա էլի մի տեղ վերապրեց իմ Իշխանը։

Ester Asatryan

Միասնականները մոտենում են

Միասնական քննություններն են մոտենում, իրենց հետ բերելով հիասթափությունների մի մեծ ու անբաժանելի շղթա։ Վախ: Վախ` չարդարացնելու բոլորի սպասելիքները, և այդ վախը ինձ ու կարծում եմ բոլորին խանգարում է կենտրոնանալ ամենակարևոր խնդրի վրա։ Այդ վախը ինձ ստիպում է դառնալ ռոբոտ, պատրաստվել քննություններին և ոչ թե ստանալ գիտելիք, դառնալ մեքենա, որն ուղղակի կկրկնի իրեն տրված նյութերի իննսունինը տոկոս անիմաստ հատվածը: Այն հատվածը, որը ես քննասենյակից դուրս գալուց անմիջապես հետո մոռանալու եմ (եթե իհարկե, արդեն չեմ մոռացել)։ Ես (և բոլորս այս շրջանում) պայքարում եմ, այո՛, պայքարում եմ սովորել տասներկու տարվա նյութը մեկ տարում, և ինձանից պահանջում են անել անհնարինը՝ ասելով, որ մենք «կենսագրություն ենք կերտում»։ Կենսագրությո՞ւն. կենսագրություն` հսկայական հիասթափությունների, սթրեսների հաշվին։ Իհարկե, այս շրջանում բոլորն են պայքարում ինչ֊որ բանի համար, բայց շատերի պայքարն ինձ համար պարզապես ինքնահաստատման ձև է, ցույց տալ որևէ մեկին կամ մի քանիսին, որ գիտեն ավելին, քան դիմացինը։ Պայքարում են նույնիսկ ուսուցիչներս, որն  ինձ համար պայքար չէ։ Նրանք ինձ ու իրենց բոլոր դիմորդներին տեսնում են պոտենցիալ 20-ներ ու դրա հետ մեկտեղ մտածում ոչ թե մեր (իմ), այլ այն մասին, որ իրենց աշակերտը ստանա բարձր միավոր («Դե, մեր անունն է, վերջիվերջո, երեխեք ջան»)։ Պարզ է, հիասթափություն եղել է նաև իրենցից (մասամբ), բայց ամենամեծ ձեռբերումներից էր Իմ Ավոյանը, որն ինձ բացի անգիրներ տալուց սովորեցրեց այն ամենը, ինչ պետք է ՄԱՐԴ լինելու համար։

Կստեմ, եթե ասեմ, որ չեմ տխրի բարձր միավոր չստանալուց, բայց բոլորս կստանանք այնքան, որքան սովորել և աշխատել ենք: Էնպես որ, աշխատենք մեզ համար, մեր հանգստության ու մեր խղճի առաջ հանգիստ լինելու համար, որ խաղաղ մտնենք քննասենյակ։

Իսկ վերջում մի քանի խորհուրդ, որոնք ձեզ հետ կիսում եմ սեփական փորձիցս: Առաջինը. պահեք ձեր կողքին էն մարդկանց, ովքեր հավատում են ձեզ, որովհետև ես, զգալով այդ հավատը, անում եմ այնպիսի բաներ, որոնց մասին չէի էլ պատկերացնի, որ կարող եմ։

Հաշվի չառնեք երբեք, թե ինչ կասեն ու կմտածեն ուրիշները, որովհետև իրենք չեն անցկացրել էն անքուն գիշերները, իրենք չեն անցել էն լարվածության միջով, ինչ դուք։ Չթողնեք նույնիսկ ձեր ծնողներին, որ իրենց չիրականացած երազանքները տեսնելով ձեր մեջ, ձեզ դարձնեն իրենց կամակատարը։ Արեք այն, ինչ ցանկանում եք, նույնիսկ եթե դա կլինի բուհում չսովորելը. կոտրեք կարծրատիպերը, ցույց տվեք, որ նախասիրություններն ու երազանքներն ավելի բարձր են, քան անվանի համալսարաններում սովորելը։

Հ.Գ. Մնացած զգացողություններով կկիսվեմ, երբ ավարտվի ինձ այսքան հիասթափություն ու սթրես պատճառող, բայց միաժամանակ հաճելի ու բացահայտումներով լի շրջանը: