Էսթեր Ասատրյանի բոլոր հրապարակումները

#Հաղթելու է մեր սերը

-Պատերազմ է…

Լսվում էր ամենուր դեռ մի քանի օր առաջ: Այդ լուրն ամբողջապես փոխեց կյանքս, ստիպեց վախենալ ու սեփական մաշկիս վրա զգալ դրա անդառնալի հետևանքները: Հասկանալ, որ աշխարհում կա մի կյանք, որն իմ կյանքից ավելի թանկ ու կարևոր է:

Իմ կյանքում արդեն, ցավոք սրտի, երկու անգամ տեսել էի պատերազմ, բայց երրորդն ամենադաժանն էր: Չէ, ամենադաժանն Է, որովհետև դեռ չի վերջացել:

Ժամանակակից աշխարհն արեց ամեն բան ավելի զարգացած լինելու համար, բայց զուրկ մնաց մի բանից` խղճից…Պատերազմներ, որոնք ծնվեցին անձնական շահերից, խլեցին երիտասարդ կյանքեր, սպանեցին հավատը շատերի ներսում, խեղեցին ճակատագրեր: Պատերազմները թողեցին, որ իրենց սպասողների աչքերը մնան երկինք հառած, ուր այնքան սերեր բարձրացան…

Երանի լիներ մեկը, ով աշխարհի երեսից կջնջներ պատերազմ բառը, կվերացներ սահմաններն, ու կապրեինք խաղաղ: Իհարկե, հպարտություն է հաղթանակը, գրավված դիրքերն ու սահմանները, բայց ո՞ւմ են պետք դրանք, եթե չկան կյանքեր, որոնք այնքա՜ն կարևոր էին…

Կլինի հաղթանակ, բայց դա չի փարատի զոհված զինվորի մորը, նորից սիրով չի լցնի սիրած աղջկա սիրտը. կմնան հետմահու մեդալներ ու մի փոքրիկ անկյուն տան մեջ նրան հիշեցնող: Նրանց երգեր ու բանաստեղծություններ կձոնենք, փառք կտանք, բայց էլ երբեք ետ չենք բերի:

Թող ավարտվեն պատերազմները, թող հավատը չմարի մարդկանց ներսում, թող ետ գան տղաները, չպակասեն տղերքը…

Պատերազմները փոխում են մեր կյանքը, մեզ տանում են լրիվ ուրիշ աշխարհ, ուր չկա քուն, չկա հանգիստ, բայց կա շատ սեր, այո, պատերազմի դաշտում շատ սեր կա. սեր, որը ստիպում է 18 տարեկան երիտասարդին նետվել կռվի դաշտ` մտքում հիշելով մոր տաք գիրկը, սիրած աղջկա համբույրը, բարի խոստումը, որ ինչ էլ լինի` կսպասի: Կսպասի, որ սիրեն իրար տիեզերքում եղած բոլոր ուժերից ավելի ուժեղ ու լուսավոր սիրով: Ու վերջապես, նրանք պատրաստ են զոհվել, որ աշխարհում նորից սեր լինի…

Հ.Գ. Բայց ինչ էլ լինի, մենք #Հաղթելու ենք

Հաղթելու ենք պատերազմին, հեռավորությանն ու ժամանակին ու, հա, սիրելու ենք իրար ամեն ինչից շատ ու ամեն ինչից վեր: Հիշելու ենք, թե ինչպես մեր սերը պատերազմ անցավ ու ավելի ուժեղ դարձավ:

Երանի ոչ մի սեր զոհ չգնա պատերազմին, ու հաղթեն բոլորը, ինչպես ՄԵՆՔ:

Հիշի´ր ետ գալուդ խոստումը, որ ավելի ուժեղ լինես…

Ester Asatryan

Փոքրիկ իշխանը

Կարծես ավանդույթ լինի, որ ամեն տարի կարդամ Փոքրիկ իշխանը, այս տարին էլ բացառություն չէր, մանավանդ, որ ունեինք հսկայական ազատ ժամանակ։ Իրականում շատերը, երբ իմացան, որ Իշխանն եմ կարդում, ծիծաղեցին՝ ասելով, որ մեծ աղջիկ եմ, բայց հեքիաթերն են ինձ մինչև հիմա հետաքրքիր։ Այդ խոսքերն ինձ ստիպեցին համոզվելու այն մտքի մեջ, որ «մեծերի աշխարհն», իրոք, լավը չէ։ Մարդիկ սովորել են, կամ ավելի ճիշտ՝ վարժվել են ուշադրություն դարձնել ձևին և ոչ թե բովանդակությանը՝ չհասկանալով, որ ամենակարևորն աչքին տեսանելի չէ։

Ասածս ինչ է. այդ մի քանի էջանոց հեքիաթի մեջ, որն ինձ համար երբեք հեքիաթ չի եղել, ամեն տարի առանձնացնում եմ մի նոր միտք, նոր գաղափար, չնայած՝ մտածում եմ, որ ոչ թե ես եմ միտքն առանձնացնում, այլ միտքն է առանձնանում հատուկ ինձ համար։

Այս տարի առանձնացավ հետևյալը. մենք պետք է մարդկանցից պահանջենք այն, ինչ գիտենք, որ նրանք կարող են անել մեզ համար։ Ես այս ամենին կավելացնեի ևս մի բան․այն, ինչ կարող են և կցանկանան անել։ Սա ինձ համար առանձնացավ ոչ թե մեկ ամսվա, մեկ տարվա, այլ ամբողջ կյանքի համար։ Ես հասկացա, որ չեմ կարող ինչ-որ մեկից պահանջել հավատարմություն, պատասխանատվություն կամ ուրիշ նման բաներ, որոնք գիտեմ՝ ինձ չեն տա կամ չեն ուզում տալ։ Բայց այս ամենից նաև սովորեցի լինել ամենապատասխանատուն և հավատարիմը, մանավանդ նրանց նկատմամբ, ում ընտելացրել եմ, սովորեցի ուշադրություն դարձնել մանրուքներին, պատասխանել փոքր եղբորս շարունակ կրկնվող ու հաճախ ինձ ձանձրացնող հարցերին։ Իշխանն ինձ սովորեցրեց նաև չափսոսալ ու առաջ գնալ, միշտ առաջ, բայց ոչ ուղիղ։ Եթե ուղիղ գնանք, երկար չենք գնա։

Իսկ վերջում ուզում եմ ասել. երանի՜, երանի՜ բոլորն ունենան Իշխանի նման հավատարիմ մեկին: Աշխարհին Իշխանի պարզությունն է պետք:

Կարծում եմ՝ դու էլ քո միտքը կառանձնացնես, մի օր գուցե կիսվես, իսկ ես, որ կգտնվեմ քո մոլորակի վրա, կնայեմ այն աստղին, որին նայում ես դու և կժպտամ, որ իմ մոլորակի վրա էլի մի տեղ վերապրեց իմ Իշխանը։

Ester Asatryan

Միասնականները մոտենում են

Միասնական քննություններն են մոտենում, իրենց հետ բերելով հիասթափությունների մի մեծ ու անբաժանելի շղթա։ Վախ: Վախ` չարդարացնելու բոլորի սպասելիքները, և այդ վախը ինձ ու կարծում եմ բոլորին խանգարում է կենտրոնանալ ամենակարևոր խնդրի վրա։ Այդ վախը ինձ ստիպում է դառնալ ռոբոտ, պատրաստվել քննություններին և ոչ թե ստանալ գիտելիք, դառնալ մեքենա, որն ուղղակի կկրկնի իրեն տրված նյութերի իննսունինը տոկոս անիմաստ հատվածը: Այն հատվածը, որը ես քննասենյակից դուրս գալուց անմիջապես հետո մոռանալու եմ (եթե իհարկե, արդեն չեմ մոռացել)։ Ես (և բոլորս այս շրջանում) պայքարում եմ, այո՛, պայքարում եմ սովորել տասներկու տարվա նյութը մեկ տարում, և ինձանից պահանջում են անել անհնարինը՝ ասելով, որ մենք «կենսագրություն ենք կերտում»։ Կենսագրությո՞ւն. կենսագրություն` հսկայական հիասթափությունների, սթրեսների հաշվին։ Իհարկե, այս շրջանում բոլորն են պայքարում ինչ֊որ բանի համար, բայց շատերի պայքարն ինձ համար պարզապես ինքնահաստատման ձև է, ցույց տալ որևէ մեկին կամ մի քանիսին, որ գիտեն ավելին, քան դիմացինը։ Պայքարում են նույնիսկ ուսուցիչներս, որն  ինձ համար պայքար չէ։ Նրանք ինձ ու իրենց բոլոր դիմորդներին տեսնում են պոտենցիալ 20-ներ ու դրա հետ մեկտեղ մտածում ոչ թե մեր (իմ), այլ այն մասին, որ իրենց աշակերտը ստանա բարձր միավոր («Դե, մեր անունն է, վերջիվերջո, երեխեք ջան»)։ Պարզ է, հիասթափություն եղել է նաև իրենցից (մասամբ), բայց ամենամեծ ձեռբերումներից էր Իմ Ավոյանը, որն ինձ բացի անգիրներ տալուց սովորեցրեց այն ամենը, ինչ պետք է ՄԱՐԴ լինելու համար։

Կստեմ, եթե ասեմ, որ չեմ տխրի բարձր միավոր չստանալուց, բայց բոլորս կստանանք այնքան, որքան սովորել և աշխատել ենք: Էնպես որ, աշխատենք մեզ համար, մեր հանգստության ու մեր խղճի առաջ հանգիստ լինելու համար, որ խաղաղ մտնենք քննասենյակ։

Իսկ վերջում մի քանի խորհուրդ, որոնք ձեզ հետ կիսում եմ սեփական փորձիցս: Առաջինը. պահեք ձեր կողքին էն մարդկանց, ովքեր հավատում են ձեզ, որովհետև ես, զգալով այդ հավատը, անում եմ այնպիսի բաներ, որոնց մասին չէի էլ պատկերացնի, որ կարող եմ։

Հաշվի չառնեք երբեք, թե ինչ կասեն ու կմտածեն ուրիշները, որովհետև իրենք չեն անցկացրել էն անքուն գիշերները, իրենք չեն անցել էն լարվածության միջով, ինչ դուք։ Չթողնեք նույնիսկ ձեր ծնողներին, որ իրենց չիրականացած երազանքները տեսնելով ձեր մեջ, ձեզ դարձնեն իրենց կամակատարը։ Արեք այն, ինչ ցանկանում եք, նույնիսկ եթե դա կլինի բուհում չսովորելը. կոտրեք կարծրատիպերը, ցույց տվեք, որ նախասիրություններն ու երազանքներն ավելի բարձր են, քան անվանի համալսարաններում սովորելը։

Հ.Գ. Մնացած զգացողություններով կկիսվեմ, երբ ավարտվի ինձ այսքան հիասթափություն ու սթրես պատճառող, բայց միաժամանակ հաճելի ու բացահայտումներով լի շրջանը: