Հռիփսիմե Եղիազարյանի բոլոր հրապարակումները

hripsegh

Կցանկանայի՞ք վերադառնալ մանկություն

Մանկությունը այն ժամանակաշրջանն է, երբ դու ամենաանմեղ ու ամենագեղեցիկ տարիքում ես գտնվում: Աշխարհը քեզ համար լրիվ նոր է, և ամեն օրը քեզ համար մի նոր բացահայտում է, երբ առաջին անգամ շոկոլադ կամ պաղպաղակ ես փորձում, կամ առաջին անգամ ինչ-որ մեկի հետ ընկերանում ես: Երբ ստիպված չես դպրոց գնալ, ինչ-որ բան սովորել կամ աշխատել: Երբ քեզ համար ամենավատ բանը կարող է լինել այն, որ մայրիկը քեզ կանչում է տուն: Դրա համար էլ միշտ ցանկություն է լինում թեկուզ մեկ օրով վերադառնալ մանկություն:

Ինչ-որ մեկը կցանկանա գնալ իր սիրելի պաղպաղակն ուտելու համար, ինչ-որ մեկը՝ դրսում վազվզելու և խաղեր խաղալու, ինչ-որ մեկը` կորցրած տատիկին գրկելու ու նրանից գրպաններում պահված կոնֆետը ստանալու համար, ինչ-որ մեկը որևէ կոնկրետ պահ վերապրելու կամ պարզապես մանուկ լինելու համար…

Դրա համար ես որոշել էի իմ մտերիմ մարդկանցից հարցնել, արդյոք նրանք կցանկանային վերադառնալ մանկություն և ինչի՞ համար կցանկանային վերադառնալ, ի՞նչն են ամենաշատը կարոտում:

Սիրով ձեզ եմ ներկայացնում մեծահասակ-մանուկների մտքերից:

***

Իհարկե կցանկանայի: Կյանքի ամենակարևոր, ամենաուրախ, ամենաանհոգ տարիները հենց մանկության տարիներն են:

Ինձ համար ամենավառ հիշողությունը շոկոլադներն են, որ «տոննաներով» էի ուտում, որ էն, ինչ ուզել եմ, ունեցել եմ ու ինձ երջանիկ եմ զգացել նույնիսկ ամենափոքր բանը ստանալով:

Արդեն իսկ բնավորության գիծ դարձած ամենասիրելի հիշողություններիցս մեկն էլ այն է, որ գիշերը, անպայման, կիսաբաց աչքերով վազում էի պապայի գրկում քնելու: (Մարիամ, գրված` 07.12.2016 թ., 12:17)

***

Այո, իհարկե: Մանկությունը ամենապարզ տարիներն են յուրաքանչյուրիս համար, երբ կարող ես ուրախանալ ընդամենը տիկնիկ ստանալով (չնայած՝ հիմա էլ շատ բան չի փոխվել):

Շատ կցանկանայի նաև այն պատճառով, որ ավելի շատ լուսանկարներ և «վիդեոներ» ունենայի, քան հիմա ունեմ: Ավելի հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես եմ մեծացել, փոխվել:

Բայցի դրանից՝ մանկության տարիներին խելոք երեխա էի` «բորշ» էի ուտում:

Ամենասիրված հիշողություններիցս մեկը տեղի է ունեցել, երբ քրոջս և քեռուս աղջկա հետ խաղում էինք: Խաղի ընթացքում ես և քեռուս աղջիկը չգիտեմ՝ ինչի համար սկսեցինք կռվել, իսկ քույրս` Տաթևը, առանց իմանալու կռվի պատճառը, եկավ և ապտակեց Անիին:

Նաև սիրում եմ այն հիշողությունը, որ Ձմեռ պապիկը ինձ և Անիին «աման-չաման» էր նվիրել, Անիինը քիչ էր, ու նա գալիս էր ու ինձանից պարտքով թավա էր տանում:

Այսքանը իմ սիրելի մանկությունից: (Ռիմա, գրված` 07.12.2016 թ., 12:23)

***

Այո, կցանկանայի: Շատերը չեն հիշում իրենց մանկությունը և ինչ-որ բաներ մտաբերում են միայն մեծերի պատմելով: Ես նույնպես շատ աղոտ եմ հիշում մանկությունս և կցանկանայի վերադառնալ, քանի որ դրանք իմ ամենաուրախ, ամենաանհոգ և հետաքրքիր տարիներն են եղել: Հիմա ոմանք նաև նկարներով կարող են տեսնել իրենց, բայց ես շատ քիչ նկարներ ունեմ, դրա համար էլ կցանկանայի վերադառնալ, իմանալ ինչպիսին եմ եղել, ինչպես եմ արել առաջին քայլերս և այլ բաներ: Ես իմ երեխաների համար անպայման «օրագիր» կպատրաստեմ, որ նրանք հնարավորինս շատ հիշողություններ ունենան իրենց մանկությունից: Այնտեղ կլինեն իրենց բոլոր նկարները և իրենց հետ կապված ամենահետաքրքիր պահերի մասին հիշողությունները: (Լուսինե, գրված` 16.12.2016 թ., 11:40)

***

Միանշանակ, ցանկությունս ահռելի է: Դրանք ամենալավ ու անհոգ տարիներն էին:

Կուզեի վերադառնալ մեր` աթոռների և ծածկոցների ամբողջությունից կազմված «քոլիկների» և այն զգացողությունների համար, թե ինչպես էինք մեծ եռանդով մտնում դրանց մեջ…

Կամ մեր հորինած խաղերի համար, օրինակ` «տնօրեն-տնօրեն»-ը, Աշը տնօրենն էր, ես՝ իր քարտուղարուհին, իսկ Հռիփը` Շվեյցարիայի բանկի աշխատողն էր, ումից միշտ զանգում ու փող էինք ուզում: Տանը մի անլար հեռախոս ունեինք, որի անունը «ճուտ» էր, և երբ գործի մեջ պետք էր լինում զանգեր կատարել, «ճուտ» հեռախոսն էինք օգտագործում:

Շատ բաներ կան իմ անուշ մանկության էջերում: Դրանք միշտ ինձ հետ են… (Անի, գրված` 23.12.2016 թ., 21:12)

***

Կցանկանայի… Կցանկանայի որոշ դրվագներ նորից ապրել: Իմ մանկությունը շատ հետաքրքիր խաղերով (կարևորը՝ ոչ համակարգչային) ու երջանիկ պահերով է անցել:

Շատ կարոտում եմ մեր խաղերը` «հալամուլա», «պախկվոցի», երբ գնում էինք մեր բարեկամների բակ, որը մեր տանը շատ մոտ էր ու մինչև ուշ երեկո մնում էինք այնտեղ: Կարոտում եմ նաև այն պահերը, երբ մեր ծնողները մեզ ստիպելով, երբեմն նաև «սպառնալով» էին տուն տանում:

Ես և քեռուս տղան նույն դասարանում ենք սովորել և մեկ բակում ենք մեծացել: Փոքր ժամանակ իրար հետ շատ էինք կռվում և այդ կռիվները իրենց շարունակությունն էին ունենում նաև դպրոցում: Մեր կռիվները հաճախ պատճառ էին դառնում նաև այն բանի, որ մեր ծնողների միջև նույնպես վեճեր էին առաջանում:

Ես իմ խաղընկերների հետ հաճախ էի բարձրանում մեր տան հետևում գտնվող բարձր տարածքը, որը մենք կոչում էինք «դիք»: Մենք այն տարածքների էինք բաժանում ու մեծահարուստներ էինք խաղում, իրար հյուր էինք գնում:

Աաաա… Հիշեցի նաև իմ և Մարիամի սրճարանը: Մենք մենյու էինք կազմել ու մեր պատրաստած բլիթները, թեյը և սուրճն էինք առաջարկում:

Ամեն օրը տարբերվող ու հետաքրքիր էր: Առավոտները շատ շուտ էինք արթնանում, որ իրար տուն հյուր գնայինք: Չնայած ինչ հյուր` մենք արդեն տան անդամներ էինք դարձել, և վաղ առավոտից մինչև ուշ երեկո իրար հետ էինք:

Նաև հիշեցի այն, որ ուզում էինք մեր տան ու Մերիենց տան միջև եղած պատը քանդել, որ էլ առանձին տեղերում չքնեինք:

Ես իսկապես շատ լավ մանկություն եմ ունեցել: (Անահիտ, գրված` 04.02.2018 թ., 15:19)

Գյուղական առօրյա

Ձմռան երեկո

Պարզկա ձմեռ Հրազդանում

hripsegh

Երազանքիցս մի փոքր ուշացած

Գիտե՞ք, հիմա աշխատանք եմ փնտրում: Աշխատանք եմ փնտրում այնպես, ինչպես ցանկացած մարդ, ով ավարտում է համալսարանը և ցանկանում է բարեկեցիկ կյանքով ապրել, բայց արդյունքում մնում է «աշխատանք փնտրողի» կարգավիճակում: Բայց գիտե՞ք ինչ մտահոգություն ունեմ և դրանով էլ ուզում եմ առաջնորդվել աշխատանք ընտրելու հարցում: Հիմա կասեմ, թե որն է մտահոգությանս առարկան:

Ընտրել աշխատանք, որը կկատարեմ տհաճությա՞մբ և բարձր աշխատավարձ կունենա՞մ, թե՞ աշխատանք, ուր ամեն օր գնալը ինձ համար ոչ թե տանջանք կլինի, այլ հաճույք կստանամ իմ կատարած աշխատանքից: Ամեն առավոտ քնից կարթնանամ մեծ ուրախությա՞մբ, անգամ եթե ձմեռ լինի և կշտապեմ աշխատանքի՞, թե՞ անգամ ամռանը ցանկություն չեմ ունենա դուրս գալ անկողնուցս:

Ես որոշել եմ, որ ուզում եմ ունենալ իմ երազանքների աշխատանքը, անգամ եթե քիչ վարձատրվեմ: Գիտե՞ք ինչու: Որովհետև մենք մի կյանք ենք ապրում, և ինչու՞ տանջվելով անել այն աշխատանքը, որը չես սիրում, իսկ հետո ասել. «Էս կյանք չի», և նման այլ բաներ: Բացի այդ, եթե մի բան չսիրելով ես անում, երբեք մեծ հաջողությունների չես հասնի, քանի որ դրան չես տրամադրի ողջ ժամանակդ և ամեն առիթ կօգտագործես դրանից փախչելու համար:

Ճիշտ է, այսօր Հայաստանի աշխատաշուկան այդքան էլ չի փայլում իր առաջարկած աշխատանքով, կամ կարելի է ասել, որ ընդհանրապես չի փայլում, բայց ամեն դեպքում ես ինչ-որ նախնական աշխատանք եմ ուզում գտնել արդեն «շուրջ 6 ամիս»: 6 ամիս, հասկանո՞ւմ եք, թե դա ինչ երկար ժամանակ է: Ես իմ երազանքը կարող էի իրագործած լինել դեռ 6 ամիս առաջ, բայց ինձ արդեն 6 ամիս ուշացնում են իմ երազանքից: Ես հիմա լուսանկարչական ապարատ գնած կլինեի, գուցե իմ փոքրիկ լուսանկարչական գործը կունենայի, կամ գուցե ֆոտոլրագրությամբ կզբաղվեի: Բայց ոչ, ես նստած եմ տանը և սպասում եմ իմ ժամանակին, թե երբ վերջապես աշխատանք կունենամ:

Եվ խնդիրն ընդհանրապես քո ավարտած ֆակուլտետի մեջ չէ, և թե ինչպես ես սովորել, ու ինչ գույնի է դիպլոմդ: Որովեհտև աշխատանք չկա նույնիսկ միջազգային հարաբերությունների, իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտների համար, որոնք կարմիր դիպլոմով են ավարտել իրենց ուսումը:

Հայրիկս ասում է. «Եթե ծանոթ չունենաս՝ գործ չես գտնի, էս երկրում ոչ մի մեծ բանի չես հասնի»: Իմ ու հայրիկիս կռվի հավերժական թեման: Ես ասում եմ, որ եթե ուզում ես ինչ-որ բանի հասնել, նշանակություն չի ունենա, թե որ երկրում ես ապրում, կարևորը շատ աշխատելն է ու նպատակից հետ չկանգնելը: Ես հայրիկիս ասել եմ, որ նրան ապացուցելու եմ, որ հնարավոր է մեծ հաջողությունների հասնել: Եվ մենք պայմանավորվել ենք, որ 10 տարի անց ես նրան ցույց կտամ, թե ինչքան բանի եմ հասել իմ արդար աշխատանքի ու իմ թափած ջանքերի շնորհիվ:

Հասկանո՞ւմ եք, քանի որ մենք Հայաստանում ենք ապրում, ես չէի կարող ասել 5 տարի հետո, որովհետև երկրի ընձեռած հնարավորությունները հնարավոր է թույլ չտան: Բայց ես վստահ եմ, որ ես շատ բանի հասած կլինեմ, և հնարավոր է, որ ձեզ աշխատանք առաջարկողներից մեկն էլ հենց ես լինեմ:

Բայց ամեն դեպքում, խորհուրդ կտայի աշխատանք ընտրել ոչ միայն աշխատավարձի համար, այլև որպես անհատ ինքնահաստատվելու և այս աշխարհում ձեր մասին հիշողություն թողնելու համար: Իսկ ինձ մաղթեք, որ շատ չուշանամ երազանքիցս:

Ամեն օր նույն ճանապարհին

Երբ ես նորից երեխա դառնամ

 

Դուք ասում եք.
-Երեխաները մեզ հոգնեցնում են:
Դուք պարզաբանում եք.
-Պետք է իջնել մինչև նրանց մակարդակը:
Իջնել, խոնարհվել, կռանալ, սեղմվել:
Սխալվում եք:
Դրանից չէ, որ մենք հոգնում ենք: Այլ նրանից, որ պետք է բարձրանանք մինչև նրանց զգացմունքները:
Բարձրանանք, կանգնենք մեր ոտքերի ծայրերին, ձգվենք:
Որպեսզի չվիրավորենք…

Յանուշ Կորչակ
«Երբ ես նորից երեխա դառնամ»:

hripsegh

Կյանքը հատակում

Նախ սկսեմ այնտեղից, որ վերջերս մեծ հետաքրքրություն ներկայացնող ֆիլմ եմ դիտել և կցանկանայի կիսվել իմ տպավորություններով: Երևի թե մինչ այժմ դիտած բոլոր դոկումենտալ ֆիլմերից ամենալավը: Մի ֆիլմ, որի մեջ կար ամեն ինչ: Գուցե ավելին, քան ամենահայտնի սցենարիստների և ռեժիսորների` միլիոնավոր ու միլիարդավոր դոլարներ արժեցող ֆիլմերում: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա և 2004 թվականին արժանացել է Օսկարի` լավագույն դոկումենտալ ֆիլմ անվանակարգում: Զանա Բրիսկին` լուսանկարչուհի և ռեժիսոր, մեկնել էր Հնդկաստան՝ վավերագրել «Կարմիր լապտերների» փողոցների կյանքը, որտեղ տիրում էր անօրինականությունն ու քաոսը, զրուցել այդ փողոցներում ծնված և ապրող երեխաների հետ, այդ կյանքը ներկայացրել նրանց աչքերով: Ծրագրի հիմնական նպատակը այնտեղ ապրող երեխաներին այդ վիճակից լուսանկարչության միջոցով դուրս բերելն ու նրանց մտածելակերպը փոխելն էր, որպեսզի նրանք չկրկնեին իրենց ծնողների սխալները:

Գիտեք. ֆիլմը դիտելիս հերոսներից ամեն մեկի հետ ցավ ես ապրում` տեսնելով, թե նրանք իրենց մանկությունն ինչպիսի միջավայրում են անցկացնում, և թե ինչպիսի կյանք է նրանց սպասվում: Ախր, նրանցից յուրաքանչյուրն այնքան տաղանդավոր է, այնքան լավ ապագա կարող էր ունենալ… Ախ, միայն թե սխալ տեղում և սխալ միջավայրում ծնված չլինեին, ախ, եթե նրանք, այդ կեղտոտ միջավայրի պայծառ լուսարձակող մարգարիտները, ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում ծնվեին, ինչ բարձունքների կարող էին հասնել: Նրանց լուսանկարներն այնքան հետաքրքիր են և աչքի ընկնող, որ շատ լուսանկարիչներ նման արդյունքի կարող են հասնել միայն երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում: Գուցե դա նրանից է, որ երեխաներն ավելի պարզ են մտածում ու շատ չեն ընկնում մանրուքների հետևից: Նրանց համար կարևորը պահը որսալն է, իսկ մնացած բաներն արդեն կարծես ինքնըստինքյան ստացվում են (սա կարող է օրինակ ծառայել նրանց համար, ովքեր ցանկանում են լուսանկարչությամբ զբաղվել): Առաջին անգամն էր, որ նրանք տեսնում էին լուսանկարչական ապարատներ և մեծ ոգևորությամբ փորձում էին լուսանկարել ամեն հետաքրքիրը և շատ մարդկանց համար անհետաքրիր թվացողը: Իսկ նախաձեռնության հեղինակ Զանա Բրիսկին մեծ համբերատարությամբ բացատրում էր նրանց ամեն ինչ: Ու գիտեք, այդ պահին իմ մեջ արթնացան իմ առաջին լուսանկարչական դասի հիշողությունները, որից արդեն անցել է 4 տարի: Երբ ես նույնիսկ չգիտեի, թե ինչպես ճիշտ բռնել ֆոտոապարատը, թե ինչպես էին բացատրում լուսանկարչության ոսկե կանոնը, ինչպես գտնել լույսը և շատ ուրիշ բաներ, այն դեպքում, երբ ես երկնքից ու ամպերից բացի ոչինչ չէի նկարել: Չգիտեմ, երևի «Մանանայի» ծրագիրն ու առաքելությունն էլ ոչ այնքան պարզապես իրենց ամենօրյա աշխատանք-պարտականությունը կատարելու մեջ է, որքան լուսանկարչության և լրագրության միջոցով երեխաներին, իսկ հետո երեխաների միջոցով հասարակությունը փոխելու, նրանց ապագան ավելի լավը դարձնելու և, այն երեխաներին օգնելու մեջ է, որոնք իրոք դրա կարիքն ունեն:

Հ.Գ. Անպայման դիտեք և սովորեք Born into Brothels ֆիլմից, որը ինձ համար դեռևս լավագույնն է իր ժանրում:

Լուսանկարչությունը դռներ է բացում…

Երբ առաջին անգամ օգտագործեցի հեռախոսիս ֆոտոխցիկը, մտքովս անգամ չանցավ, որ ես կցանկանամ լուսանկարչությամբ զբաղվել և դրա միջոցով փոխել մարդկանց կամ ինձ շրջապատող հասարակությունը: Ես այն ժամանակ ամեն ինչից գոհ էի (թող տպավորություն չստեղծվի, թե հիմա դժգոհ եմ), ինձ ամեն ինչ սովորական էր թվում, և ես ինչ-բան փոխելու կարիքը չէի զգում: Եվ անգամ չէի էլ մտածի, որ մի օր կարժանանամ մրցանակի այն լուսանկարների համար, որոնք իմ մի մասն են կազմում: Եվ այդ գնահատանքը կլինի ոչ թե իմ հարազատի, ընկերոջ կամ որևէ մեկի կողմից, ով ինձ ճանաչում է, այլ մի մարդու` ով զբաղվում է լուսանկարչությամբ, հասել է մեծ հաջողությունների և ով ինձ պես ապրում է լուսանկարչությամբ:

Այդ մարդը ինձ համար դարձավ Նազիկ Արմենակյանը: Նա առանց ինձ ճանաչելու, իմանալու` իմ ով լինելը, բազմաթիվ թղթակիցների լուսանկարներից ընտրել էր հենց իմ լուսանկարները: Չգիտեմ, դա մի ուրիշ զգացողություն է` գնահատված լինել մասնագետի կողմից: Նամանավանդ այն դեպքում, երբ ինչ-որ մեկը նայում է քո լուսանկարները և ասում. «Հա, լավ, էս իբր խի՞ ես նկարել, ինչիդ ա, մեկ ա՝ էս երկրում առանց փողի բանի չես կարա հասնես», իսկ մեկ ուրիշը կարող է նայել բազմաթիվ լուսանկարներ և առանձնացնել հենց քոնը:

Ցուցահանդեսում ևս ներկայացված էին իմ լուսանկարներից, որը նույնպես գնահատական և պարգևատրում էր ինձ համար այս անգամ արդեն իմ սիրելի «Մանանայի» կողմից, երբ մյուսների լուսանկարների հետ միասին բազմաթիվ հյուրերի դատին հանձնվեցին նաև իմ լուսանկարները:

Բացի դրանից կցանկանայի առանձնացնել հատկապես մի հետաքրքիր երևույթ: Ես շատ եմ սիրում թեյի բաժակներ և նոթատետրեր ու արդեն բավականին մեծ տեսականի ունեմ: Եվ շատ հաճելի էր ստանալ նվեր այն երկու բաները, որոնք ես այդքան շատ եմ սիրում: Հիմա դրանք իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում իմ մեծ տեսականու շարքում:

Երբ սկսվեց մրցանակաբաշխության արարողությունը, ամեն մեկն իր խոսքն ասաց, և հերթը ժյուրիի անդամ Նազիկ Արմենակյանինն էր: Նա ևս ասաց իր խոսքը և հասավ այն պահը, երբ պատրաստվում էր ասել, թե ով է իր նախընտրած թղթակիցը.

-Բոլորն էլ լավ էին, բայց ինձ համար առանձնացրեցի մի աղջկա:

«Կարող ա՝ ես եմ, ասեց աղջիկ, չէ հա, դժվար թե, էնքան լավ աղջիկ նկարողներ կան, չէ, ես չեմ»,- ինքս ինձ հետ ակտիվորեն վիճում էի ես:

-Ինձ հատկապես դուր եկավ մարդկանց լուսանկարելու նրա մոտեցումը:

«Կարող ա ամեն դեպքում ես լինեմ, է չէ, ինչ եմ մեծ-մեծ բաներ մտածում, հաստատ ես չեմ»,- ինքս ինձ շարունակում էի հանգիստ չտալ:

-Հռիփսիմե Եղիազարյան,- վերջապես Նազիկ Արմենակյանը հնչեցրեց իր նախընտրած թղթակցի անուն-ազգանունը:

«Ե՞ս, ե՞ս, հաստա՞տ ես եմ, կարող ա՞ սխալ լսեցի, չէ, ես էի, հիմա ինչ անեմ, ոնց գնամ, բա որ չիմանամ՝ բեմի որ կողմից բարձրանամ (հենց սկզբից վատ տեսողությանս պատճառով անհագստանում էի, որ եթե անհրաժեշտություն լինի բեմ բարձրանալ, որ կողմից եմ բարձրանալու և այդպես էլ չէի գտել աստիճանները), իսկ եթե ինչ-որ բան էն չանեմ»,- իրար հերթ չտալով մեկը մյուսի հետևից մտքեր էին գալիս և գնում, երբ ոտքերս արդեն ինձ առաջ էին տանում:

Ճանապարհի կեսն անցնելով, չգիտեմ ինչու, նոր մտքեր եկան և շփոթեցրեցին ինձ. «Կարող ա պետք ա չբարձրանամ բեմ», ու մի պահ կանգնել էի, սակայն երբ հասկացա, որ ինձ են սպասում, արագ շարունակեցի ճանապարհս և նույնիսկ տեսա այն աստիճանները, որոնք ինձ այդքան անհանգստություն էին պատճառել: Դրանք այն երեք-չորս աստիճաններն էին, որոնք ինձ տանելու էին իմ առաջին մրցանակի հետևից (առաջին մրցանակը միշտ էլ ամենաթանկն ու հիշարժանն է լինում) և առաջինները այն բազմաթիվ աստիճաններից, որոնք ինձ պետք է տանեին իմ երազանքի հետևից: Ես արդեն բեմի վրա էի. Նազիկ Արմենակյանը կարդաց ինձ ուղղված իր խոսքերը. «Լուսանկարչությունը դռներ է բացում», շնորհավորեց և ինձ հանձնեց իր հեղինակած «Վերապրածներ» գիրքը: Ես իջա բեմից և միայն այն ժամանակ կարողացա հանգիստ շունչ քաշել, երբ արդեն նստած էի աթոռիս` ընկերուհուս կողքին (ում շնորհիվ իրականություն էր դառնում իմ երազանքը), և այս անգամ մտքերս պատերազմի մեջ չէին, միայն մտածեցի. «Ինչ լավ ա, ամեն ինչ հաջող անցավ»: Ականջներումս Նազիկ Արմենակյանի խոսքերն էին. «Լուսանկարչությունը դռներ է բացում»… Եվ իրոք, այն ինձ համար բացեց իմ առաջին հաջողության դուռը և գուցե էլի շատ դռներ կբացի, բայց ես միայն իմ մասին չէ, որ մտածում էի: Ես ցանկանում եմ, որպեսզի լուսանկարչության միջոցով ես այդ դռները բացեմ նաև մյուսների համար` նրանց օգնելով:

Երբ հասա տուն, տատիկս ուրախ-ուրախ շնորհավորեց ու ասաց. «Արաքսիին ասել եմ, որ մրցանակ ես ստացել: Հեսա սաղ գյուղը ռեկլամ կանի»: Ահա այպիսին էր «իմ Օսկարի պատմությունը»: