Հռիփսիմե Եղիազարյանի բոլոր հրապարակումները
Երկու ընկերներս
Ես ունեմ երկու փոքր արջուկներ, որոնք նվեր եմ ստացել, երբ դեռ շատ փոքր էի: Առաջին արջուկս նվեր եմ ստացել երկրորդ դասարանում: Ռուսաց լեզվի ավարտական միջոցառման ժամանակ մեզ բոլորիս նվիրեցին փոքրիկ արջուկներ: Դրանից հետո երկար ժամանակ մոռացել էի նրա մասին և անուշադրության էի մատնել, բայց մի անգամ պատահաբար գտա: Հետո որոշեցի նրան անուն դնել: Ցանկանում էի դնել այն անունը, որը առաջինը «մտքիս կգար», և անվանեցի Ջերեմի: Երկրորդ արջուկս գրեթե նույն տարիքում եմ ստացել: Երբ փոքր էինք, մեզ փոքրիկ ծանրոցներով բերում և նվերներ էին բաժանում: Մենք ամեն անգամ մեծ անհամբերությամբ էինք սպասում մեր ծանրոցներին և մեր նոր նվերներին: Մի այդպիսի ծանրոցի միջից էլ ես գտա մյուս արջուկիս: Նրա համար ևս անուն որոշեցի: Քանի որ մի քանի իսպաներեն բառ գիտեի, որոշեցի դրանցից մեկով էլ կոչել: Կոչեցի Ֆելիզ, որը թարգմանաբար նշանակում է` ուրախ, երջանիկ: Ուզում էի, որ միշտ իրեն նայելիս ժպտայի, չնայած նրան, որ նրա դեմքին ընդհանրապես ժպիտ չկա: Երբ փոքր էինք, հաճախ էինք տանը կազմակերպում տիկնիկային ներկայացումներ: Իրար էինք միացնում աթոռներ, վրան գցում ծածկոցներ և, ահա, ներկայացումը սկսված էր: Իմ արջուկները ևս անմասն չէին մնում այս փոքրիկ ներկայացումներին` հաճախ նաև դառնալով դրանց գլխավոր դերակատարները: Մենք տարբեր պատմություններ էինք հորինում և դրանք ցուցադրում նրանց միջոցով: Հաճախ էինք հայտնվում ծիծաղելի դրության մեջ, երբ մեր դերակատարներին պատահաբար գցում էինք: Սակայն, առանց ժամանակ կորցնելու, աթոռների տակով վերցնում էինք` փորձելով չերևալ մեր հանդիսատեսին: Այսպիսով, ձեռք բերեցի իմ երկու ընկերներին, որոնք ոչ միայն ինձ կուրախացնեն, այլև կհիշեցնեն այն հիշարժան օրերի մասին, որոնք տեղի են ունեցել իմ կյանքում:
Մանու-Մանուելան
Մանուելան կամ Մանուն, ինչպես մենք բոլորս դիմում ենք նրան, այն երկու երեխաներից մեկն է, որոնց շատ եմ սիրում: Նա մեր հարևանի թոռնուհին է: Մանուն 3 տարեկան է ու բավականին խելացի է իր տարիքի համեմատ: Մանուելան հաճախում է մանկապարտեզ, փոքրերի խմբում է, բայց շատ է ուզում տեղափոխվել մեծերի խումբ: Միշտ ասում է. «Հեսա մի քիչ էլ մեծանամ ու կգնամ մեծերի խումբ»: Մեկ-մեկ այնպիսի բաներ է սկսում ասել, որ չես կարողանում չզարմանալ ու հրճվանքով չնայել նրան: Մի անգամ ասացի. «Ման, էս ինչ սիրուն ցիլո ես դրել», ինքն էլ ասաց. «Ցիլո չի, գլխարկ ա»: Շատ փոքր երեխաների նման սիրում է դիտել «Մաշան և արջը»
մուլտֆիլմը: Հենց գալիս է մեր տուն, միանգամից ասում է` դիրՄասան: Իսկ վերջերս էլ որոշել էինք մեր մուտքի դիմացի պատին նկարել` գեղեցկացնելու նպատակով:
Մեր խմբին միացավ նաև Մանուն: Որոշեց, որ լուսին է նկարելու: Իսկ երբ վերջացրեց, անընդհատ ասում էր. «Գնամ մամային կանցեմ, թող գա տենա` ինց սիրուն եմ նկարել», ինձ էլ անընդհատ ասում էր. «Իմը սիրունա, ցէ՞, իրանցը սիրուն ցի»: Մի անգամ էլ ուզում էր գնալ ձմերուկի համով ծամոն գնելու, ու երբ տեսավ, որ ոչ ոքից չի կարող գումար վերցնել, գնաց ու ընկերուհուն ասաց. «Նանե, արի գնանք ձմերուկի համով ծամոն առնենք»,- ու ճանապարհ ընկավ:
Երբ հարցրեցի` ինչո՞վ ես գնելու (նկատի ունենալով գումար չունենալը), Մանուն հանգիստ պատասխանեց. «Ձմերուկով» ու ինքնամոռաց շարունակեց ճանապարհը:
Ահա այսպիսին է իմ սիրելի Մանու-Մանուելան:
Մեծերի նման փոքրերը
Ինչքան հետաքրքիր է, չէ՞, որ մարդիկ ինչքան էլ յուրահատուկ լինեն, փորձում են ինչ-որ բանով նմանվել դիմացինին, նմանակել նրա արածները կամ ասածները: Օրինակ, փոքր երեխաները փորձում են ասել բաներ, որ լսել են մեծերից: Մեր թաղամասում հաճախ մի մարդ է գալիս և կաթ է վաճառում` անընդհատ բացականչելով «Մա~լա~կո~, մա~լա~կո~»: Իսկ դրանից հետո հաճախ լսում եմ, թե ինչպես երեխաները դրսում խաղալիս, կրկնելով նրա խոսքերը, կանչում են. «Մա~լա~կո~,մա~լա~կո~»: Կամ հաճախ ենք հանդիպում այնպիսի փոքր երեխաների, որոնք հարդարվում են իրենց մայրիկների շպարման պարագաներով կամ հագնում են նրանց բարձրակրունկ կոշիկները`ցանկանալով ցույց տալ, թե իրենք մեծ են: Յուրաքանչյուր երեխայի համար իդեալ է հանդիսանում իր ծնողը, և ամեն մեկը ցանկանում է մեծանալով նմանվել նրան: Մի անգամ քեռուս որդուն հարցրեցի, թե ինչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս, նա պատասխանեց. «Պապա»: Ես մտածեցի` քեռիս ամեն ինչ պիտի անի, որ կատարյալ հայրիկ լինի, քանի որ որդին ցանկանում է իրեն նմանվել:
Նոր աչքերով
Ինչքան արագ են, չէ, ժամանակները փոխվում: Դրա հետ միաժամանակ փոխվում է նաև մեր` աշխարհը ընկալելու ունակությունը: Մի ժամանակ ես աշխարհին լրիվ ուրիշ աչքերով էի նայում: Հիմա շատ եմ փոխվել: Չգիտեմ, մեծանալուց է, թե ոչ, բայց հիմա ես լրիվ ուրիշ աչքերով եմ նայում աշխարհին: Առաջ ես կարող էի կիլոմետրերով ճանապարհ գնալ ու այդ ամբողջ ճանապարհից հիշել միայն ճանապարհը և ճանապարհի ընդհատվող գծերը: Բայց հիմա, երբ ճանապարհ եմ գնում, այնքան նոր բաներ եմ նկատում: Ամեն անգամ նույն ճանապարհով գնալիս մի նոր բան եմ ինձ համար բացահայտում, և ինքս ինձ ուրախանում եմ. «Վաաայ, անցած անգամ էս ծառի վրա թռչնի բույն չկար»: Այնքան հաճելի է, երբ հնարավոր է լինում ամեն մի փոքր բանով ուրախանալ, արդեն սովորական դարձածի մեջ նորը փնտրել, նորը տեսնել: Օրինակ, այսքան տարի ծնողներիս հետ ապրում եմ, թվում է` ամեն ինչ պետք է իմանամ նրանց մասին, բայց ես ամեն անգամ մի նոր բան եմ բացահայտում նրանց մեջ, որի մասին չգիտեի: Արդեն գիտեմ, թե ինչպես կարող եմ բարձրացնել մայրիկիս տրամադրությունը: Կյանքից բավականություն ստանալու համար պետք չէ նոր զգեստներ գնել, կամ հսկայական գումարներ ծախսել (չնայած դրանք էլ իրենց տեղն ունեն), պարզապես պետք է կյանքին նոր աչքերով նայել: