Հռիփսիմե Եղիազարյանի բոլոր հրապարակումները

Բազմաթիվ կյանքեր կյանքիս մի գաղտնի անկյունում

Գիտեք, երբ երթուղայինով եմ երթևեկում, հասցնում եմ տեսնել մարդանց հույզերը, ինքս ինձ երևակայելով, պատմություններ հորինել նրանց մասին, հիանալ նրանցով, իսկ հետո` նրանց լուռ հրաժեշտ տալով հեռանալ: Չգիտեմ, այդ ամբողջ գործընթացը կարծես ամենօրյա հաճելի սովորություն դարձած լինի ինձ համար: Դա այնպիսի մեծ ուրախություն է իմ ամենօրյա, սովորական դարձած, անհետաքրքիր օրվա մեջ: Երևի թե իմ օրվա ընթացքում դա ամենահաճելի բաներից է, որ պատահում է ինձ հետ: Չնայած նրան, որ դեպի տուն ճանապարհը շատ երկար է, երբ սկսում եմ ուսումնասիրել մարդկանց, ճանապարհը կարճ է թվում  (ախր, մարդիկ այնքան հետաքրքիր են), և ժամանակը սկսում է չբավականեցնել:

Երբեմն ես կարողանում եմ հավերժացնել որևէ մեկին լուսանկարի մեջ, իսկ երբեմն ափսոսանքով ճանապարհում կամ հրաժեշտ եմ տալիս այն մարդկանց, ում անհատականությունը չի հասցնում որսալ ֆոտոխցիկս: Բայց գիտեք, ես դա գաղտնի եմ անում: Պարզապես մեր հասարակության մեջ քչերն են, որ թույլ կտան իրենց լուսանկարել, չնայած, եթե ուզում եք իմանալ, նման կերպ լուսանկարներն ավելի բնական են լինում, քանի որ մարդիկ ջանք չեն գործադրում գեղեցիկ լինելու կամ ինչ որ հույզ արտահայտելու համար: Նրանք պարզապես լինում են այնպիսին, ինչպիսին կան: Գիտեք, հաճախ այնպիսի մեծ ցանկություն է առաջանում՝ ճանաչել այն մարդկանց, ովքեր ինձ հետաքրքրում են (ձգում են իրենց հայացքով, գեղեցիկ դիմագծերով, նուրբ ձեռքերով, շարժուձևով), իմանալ թե ինչ պատմություն է թաքնված նրանց տխուր ժպիտի, ուրախ աչքերի, մտածկոտ հայացքի հետևում: Չէ որ նրանցից յուրաքանչյուրը մի յուրովի աշխարհ է: Ճիշտ է, մի օր, ինչ-որ պահի մենք բոլորս դառնում ենք միմյանց կյանքի մի մասը, հիշում ենք իրար կամ մոռանում, իսկ հետո հեռանում ենք, սակայն ամեն մեկը իր յուրատեսակ կյանքն ունի, և հնարավոր է, օրերից մի օր մենք կրկին հանդիպենք իրար, գուցե` ոչ, բայց իմ հերոսները անգամ անվերադարձ հրաժեշտից հետո միշտ մնալու են ինձ հետ: Չէ որ իմ կյանքի ինչ-որ պահի նրանք հանդիպել են ինձ, եղել իմ կյանքի մի մասը, ինձ ինչ-որ բան են հիշեցրել կամ սովորեցրել, նոր մտքեր են տվել ինձ կամ ուղղություն ցույց տվել, կամ պարզապես գեղեցկացրել են այն: Ամեն երթուղայինում մի առանձին կյանք է, մի ուրիշ աշխարհ, որտեղ քո  կյանքն է` շրջապատված բազմաթիվ ուրիշ կյանքերով:

Բավականությունս ավելի մեծ է լինում, երբ տեսնում եմ, որ այն, ինչով ես ապրում եմ, ինչով շնչում եմ՝ կարող է ներշնչանքի աղբյուր դառնալ մյուսների համար: Մի այդպիսի աշխատանք է այս փոքրիկ ստեղծագործությունը:

Ինչ-որ մեկը հաղթանակած, մեկը հենց նոր խոստովանություն լսած, մեկը համբույր կորզած, մեկ ուրիշը՝ վշտով, մյուսը՝ կորստով, մեկ ուրիշն էլ՝ դժգոհ, մյուսն էլ՝ զարմանքը չզսպելով, մեկը՝ մտածմունքով, մեկի աչքերը ցրտից լցված, կամ ուղղակի այդպես է թվում, իսկ իրականում դա խեղդված արցունք է: Մեկը՝ ուշացած. բոլորի մեջ մի ընդհանուր տխրություն կա, կիսատ, չլրացված մի բան: Մեկը՝ չսպասված բառերի ապտակի ազդեցության տակ: Մեկի խնդրանքն անպատասխան մնաց, իսկ մյուսի սպասումը ցնդեց, մեկի հոգում պատերազմներ են, մյուսի հոգում դատական նիստ է՝ առանց հայցվորի և առանց դատապաշտպանի: Մեկի սիրտն առանց բաճկոնի և անանձրևանոց թափառաշրջիկ է, մյուսինը նավահանգիստ է` հյուսիսից եկած զբոսաշրջիկի համար: Մեկի մեջ հիշողություններ, մյուսի աչքերին հոգնածություն է իջած, մեկն էլ հենց նոր քնեց` գլուխը սառը ապակուն հենած: Մի տեսակ հայկականություն կա այս ամենի մեջ, անսրտաբավ երգ ու մորմոք, որ հոսում է մեզերից մինչև կնճիռներ և կնճիռներից մինչև նրբազգաց ծնկներ…

Ձմեռ, Հրազդան, ակնթարթներ

Պատառիկներ մի խաղաղ երեկոյից

Մեր գյուղում գիշերային երկինքն ուրիշ է… Այնտեղ աստղերը մի տեսակ ուրիշ են. ավելի մոտ են, ավելի հարազատ, ավելի փայլուն: Նրանց ավելի հեշտ է նկատելը և ավելի հաճելի նրանցով հիանալը: ՉԷ որ քեզ ոչինչ հետ չի պահում, չկան այն անիմաստ զբաղմունքները, որոնք կազմում են մեր թվացյալ զբաղվածությունը: Շուրջբոլորը բնություն է և հետաքրքիր մարդիկ` էլ ավելի հետաքրքիր պատմություններով:

Մի երեկո, երբ բոլորս նստած զրուցում էինք, տատիկս խնդրեց, որ իրեն սովորեցնեմ հեռախոսով նկարել: Սովորեցրեցի, իսկ հետո մի քանի փորձ: Ամեն ինչ հաջող ստացվեց: Հետո ցանկացավ նկարել պապիկիս: Նկարելուց հետո տատիկս ինձ հարցնում է.

-Հիմա ի՞նչ, Շուրան մնաց մե՞ջը:

-Հա բա ոնց, տատ,- պատասխանեցի ես` ոգևորված տատիկիս բավականությունից:

-Հա, լավ, ի՞նձ ինչիա կընկարիս,- իր կիսագոհ դժգոհությամբ վրա բերեց պապիկս:

Իսկ տատիկս պապիկիս երկար սպասել չտվեց` պատասխանելով.

-Էնա, որ տունը չըլնես, կդնեմ կնայեմ մինչև կգաս:

Պապիկս ու տատիկս իրենց ուրույն աշխարհն ունեն իրենց հումորով ու կեսլուրջ-կեսկատակ կռիվներով: Գիտե՞ք, երեկոյան զրույցներից մեկում ինչ ասաց տատս: Պապիկս ասում էր, որ իրենք շատ են սիրում իրար և պետք է իրար հետ էլ մահանան: Իսկ տատիկս գիտե՞ք ինչ պատասխանեց: Ասում է.

-Այ մարդ, դու ինձնից 10 տարի մեծ ես, դու գնա` ես հետո կգամ:

Մեծահասակներն էլ մեծանալով դառնում են ավելի անկեղծ, ավելի մաքուր, ավելի պարզ, ինչպես մանուկ ժամանակ: Թվում է, թե կորցրած մանկությունն այնքան էլ կորած չէ: Վերջիվերջո բոլորն էլ գտնում են այն` այդ անդարձ կորցրած մանկությունը:

Հավանաբար դա է պատճառը, որ ամենաշատը մեծահասակների և մանուկների պատմություններն են, որ սիրում եմ լսել: Մնում է միայն ընկղմվել այս անծայրածիր աշխարհում, դառնալ դրա ուրույն մասնիկը…

Իմ ու իմ «հերոսների» աշխարհը

Ամեն դեպքում, ինչ մասնագիտություն էլ ընտրես կյանքում, այն ինչ-որ չափով փոխում է էությունդ, ներաշխարհդ: Ամենամեծ ազդեցությունը, սակայն, կարող է ունենալ միայն արվեստը: Առաջին հայացքից անգամ` արվեստագետները տարբերվում են իրենց արտաքին տեսքով: Չնայած ուշ, բայց ոչ այնքան ուշացած, ես էլ հասկացա, որ արվեստն ինձ ավելի հոգեհարազատ է: Ես միանգամից սիրեցի լուսանկարել ու ոչ պարզապես, այլ մինչև ականջներիս ծայրը սիրահարվեցի այս մասնագիտությանը: Սակայն չէի ցանկանա, որ այն դառնար ինձ համար աշխատանք, երբ ամբողջ օրը զբաղվում ես դրանով, և դրա մասին գիտեն բոլորը: Կցանկանայի, որ այն ինձ համար լիներ մի գաղտնի անկյուն, մի լքված կառույց, որի մասին միայն ես կիմանայի: Կցանկանայի, որ այն ինձ համար լիներ մի այնպիսի զբաղմունք, որի համար ես ամեն կերպ կփորձեի ամենազբաղված օրվանից անգամ ժամանակ առանձնացնել, այլ ոչ թե ամեն առիթ փորձեի գտնել դրանից փախչելու: Գուցե սիրեցի այս մասնագիտությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս զգացմունքներդ ինչ-որ գերբնական ձևով արտահայտել մյուսների միջոցով: Կամ սիրեցի, որովհետև միշտ վախենում եմ ինչ-որ բան, ինչ-որ մեկին մոռանալուց: Հաստատ չգիտեմ` ինչու, բայց սիրեցի: 

Ասում են, եթե ինչ-որ բան իրոք շատ ես սիրում, դժվար է բացատրել, թե հատկապես ինչու ես սիրում: Հավանաբար սրանով է պայմանավորված, թե ինչու չեմ կարող բացատրել, թե ինչու եմ այդքան տարված լուսանկարչությամբ: Պարտադիր կերպով ինքս եմ ընտրում «հերոսներիս»: Նրանք պետք է առանձնանան, տարբերվեն բոլորից (ոչ միայն արտաքնապես, այլև ներաշխարհով), միևնույն ժամանակ, իրենց մեջ ամբողջացնելով բոլորին: Ամենամեծ բանը, որ լուսանկարը մարդուն կարող է տալ` հիշողությունն է, կյանքի անցողիկ միլիվայրկյանը: Սակայն այն ավելին է: Այն հույզ է, զգացմունք է, իր հետևում զգուշորեն թաքցնող մի ամբողջ կյանքի պատմություն է: Նայելով նկարում պատկերված անձին` կարող ես նրա աչքերում տեսնել ավելին, քան կարելի է պատկերացնել. ուրախություն, վիշտ, ցավ, սեր, տխրություն, հուսահատություն, օգնության տենչ, հիասթափություն… Իրական կյանքի իրական արտահայտումը լուսանկարի միջոցով հնարավոր է, երբ այն, ինչ ուզում ես լուսանկարել, լուսանկարում ես առանց նախապես զգուշացնելու: Երբ «հերոսդ» ապրում է իր առօրյայով, իր զգացմունքներով, իսկ դու պարզապես որսում ես այդ պահն ու հեռանում, անհետանում ես նրա կյանքից, և նա անգամ չի էլ իմանում քո մասին, չնայած, դու ամեն օր շարունակում ես հիանալ նրանով` չիմանալով անգամ նրա անունը:

Չգիտեմ, դա լրիվ ուրիշ աշխարհ է: Դա իմ աշխարհն է: Իմ ու իմ «հերոսների» աշխարհը…

Սեպտեմբերի 1–ի հակառակ երեսը

Բոլորի համար աշնան առաջին ամսվա առաջին օրը նշանավորվում է կամ առաջին անգամ դպրոց գնալով, կամ համալսարան` դեպի նոր կյանք մուտքով:

Լուսանկարը` Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը` Հռիփսիմե Եղիազարյանի

Բայց շատերը շարունակում են կրկնել իրենց` արդեն ծիսակարգ դարձած առօրյան, ինչպես և մեզանից շատերն էին անում ամառային արձակուրդների ժամանակ: 

Լուսանկարը` Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը` Հռիփսիմե Եղիազարյանի

Ֆոտոշարքով կուզենայի ցույց տալ սեպտեմբերի 1-ի հակառակ երեսը` այն երեսը, որը հաճախ անուշադրության է մատնվում: Երբ առաջին անգամ լսեք սեպտեմբերմեկյան ֆոտոշարքի մասին, երբեք չեք մտածի, չէ՞, երթուղայինի սպասող տատիկի, կրպակի հարևանությամբ ամեն օրվա նման նարդի խաղացող պապիկների, իր ապրանքը հարմար վայրում տեղավորած վաճառողի առևտուրը, խափանված մեքենան ջանասիրաբար «ուշքի բերող» վարորդի, կամ էլ իր առօրյա գործերով տարված կնոջ, ով` հավանաբար չափազանց զբաղված լինելով միայն բավարարվեց իրար հետ կռվող երեխաներին խոհանոցային խառնաշփոթի միջից բարձր ձայնով սաստելով…

Լուսանկարը` Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը` Հռիփսիմե Եղիազարյանի

Ամառը ապրելու համար է…

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Երկու բան կա աշխարհում ինձ համար, որ ես կարողանամ զգալ` ապրում եմ` ջուր և քամի, այսինքն` չգիտեմ դա անվանել քամի, թե պարզապես օդ: Ինձ համար այդ երկու տարրերը կարծես իմ մի մասնիկը լինեն, որոնք ցանկացած պահի կարող են ինձ հանգստացնել, կարող են ինձ սթափեցնել և միևնույն ժամանակ, անասելի ուրախություն պատճառել… Պատկերացրեք` քայլում եք մի մեծ դաշտով ու ամբողջ ուժով փորձում եք ներս քաշել շրջապատի մաքուր օդը` կրկին ու կրկին կարծես չհագենալով, կարծես վախենալով, որ, եթե մի վայրկյան հանկարծ փորձեք դադար առնել հանգստի համար, ձեր ուրախությունը կպակասի: Եվ, հանկարծ, ձեր ընկերուհիներից մեկը առաջակում է չկորցնել պահը, օգտվել առիթից, որ դաշտում ոչ ոք չկա և գլխապատառ վազել` ձևացնելով, թե շուն է ընկել ձեր հետևից: Վազել այնպես, որ քամին, ինքն էլ չդիմանալով ձեր արագությանը, իր սառնությամբ կտրի ձեր դեմքը: Բայց ոչ, չի կարելի կանգ առնել. մոռացա՞ք շան մասին: Վազում ենք ամբողջ ուժով, շնչակտուր և հևալով, բայց ոչ, դա մեզ տհաճություն չի պատճառում. բոլորի դեմքին լայն ժպիտն է միայն երևում, և ոչ ոք չի կարողանում խոսել: Հիշում եք երևակայական շանը: Հանկարծ նա դառնում է իրականություն, հիմա արդեն իրոք պետք է վախենալ, բայց դուք վախը փոխարինում եք ծիծաղով, մեկ էլ հանկարծ կարողանում եք ազատվել ձեզ հետևող շնից… Այ, հիմա կարելի է մի լավ շունչ քաշել և ծիծաղել ձեր` իրար հետևող հիմարությունների վրա… Հուսամ, ինձ հաջողվեց ստիպել, որ գոնե մի պահ ձեզ մի քիչ պատկերացնեք մեր «Խելագար հնգյակի» (խոստանում եմ մեկ-մեկ ձեզ տանել մեր մանկություն, ինչու ոչ, նաև մեր օրերը և առավել մանրամասն պատմել մեր այս «ավազակախմբի» մասին) փոխարեն… Գիտեք, ինչ-որ բան հենց այնպես չեն սիրում: Ես ամառը սիրում եմ, այն էլ` շատ-շատ, որովհետև դրանից ավելի սիրում եմ մեր «խելագար հնգյակին»:                                                                                                                                               …Ամառը խենթությունների համար է, ամառը ապրելու համար է…

Երջանկությունը

Հաճախ են, չէ՞, մեծ մտածողները խորհել այն հարցի մասին, թե ինչ է երջանկությունը…

Իմ կարծիքը նոր-նոր ձևավորվեց կամ գուցե ամբողջացավ, գտավ իր` «փազլի» պակասող մի հատիկը, երբ Արագածի փեշերին հանդիպեցի մի խումբ եզդիների, որոնք իրենց ամառային ամիսներն էին անցկացնում այնտեղ: Նրանք ոչ իրենց հագուկապով, ոչ էլ իրենց կացարաններով նման չէին մեծահարուստների: Բայց նրանք երևի աշխարհի ամենահարուստ մարդիկ էին. նրանք ունեին այն, ինչը աշխարհում ամենաթանկն է, և այն, ինչը երբեք ոչ մի գումարով չես գնի` լինես միլիոնատեր, թե` միլիարդատեր:

Նրանք երջանիկ էին, որովհետև գտնվում էին այնպիսի մարդկանց կողքին, ում նրանք սիրում էին, և ովքեր նրանց էին սիրում: Նրանք զերծ էին ձևականությունից, նրանց անկեղծության մասին իրենց աչքերն էին խոսում, իրենց ժպիտը, ծիծաղը ու իրենց հյուրընկալ վերաբերմունքը: Երջանիկ լինելու համար կարևոր չէ, թե որտեղ ես գտնվում կամ թե ինչքան գումար ունես, կարևորը` սիրելի մարդկանցով շրջապատված լինելն է: Սրան պետք է ավելացնել մի քիչ լավատեսություն և համեմել շատ-շատ ժպիտով ու ծիծաղով… Ահա և երջանկության բաղադրատոմսերից մեկը…

Պապիկիս «տունը». այնտեղ, որտեղ ապրում է մանկությունս

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Երբ ներս մտանք, առաջինը մեզ դիմավորեց ռադիոյի ձայնը, որը պապիկը միացրած էր թողել նախորդ օրվանից: Բարևելով պապիկին` հարմար տեղավորվեցինք պապիկի «տանը», քանի որ նրանց տանը ոչ ոք չկար: Պապիկի տունը իր արհեստանոցն է: Գտնվելով նրա համար այդքան հոգեհարազատ վայրում` սկսեցի մի քանի հարց տալ նրան.

-Պապ, իսկ դեմ չե՞ս լինի, որ հարցազրույց վերցնեմ:

-Խի՞: Չնայած լավ, որ էդքան ուզում ես`վերցրու:

-Պապ, ես քեզ շատ եմ սիրում,- ոգևորված, որ հարցազրույց վերցնելու հնարավորություն եմ ստացել և սիրաշահելով պապիկին` սկսեցի հարցախեղդ անել նրան:

-Պապ, քանի՞ տարի առաջ ես հիմնել արհեստանոցդ: Իսկ ո՞նց որոշեցիր արհեստանոց սարքել,- մոռանալով, որ պետք է թույլ տամ, որ նա պատասխանի` ես շարունակում էի անընդմեջ նրան հարցեր տալ:

Եվ հարցազրույցի ընթացքը ընդհատում է մայրիկիս զանգը: Պապիկս սիրում է մայրիկին բարկացնելու համար անընդհատ հիշեցնել, որ ռուսական ռուբլու փոխարժեքը գնալով իջնում է.

-Մամային ասա` ռուբլին դարձելա 7:

-Պապ, մեկ ա, չի հավատա: Ամեն օր հենց քնից հելնում ա, առաջինը էտ ա նայում. դժվար կարողանաս խաբել: Լավ, արի շարունակենք մեր հարցազրույցը:

-Մինչև այստեղ տեղափոխվելը կոոպերատիվ արհեստանոց ունեինք, տելեվիզրներ էինք ռեմոնտ անում, տելեվիզրներ էինք ստանում-ծախում, հետո, որ զավոդը փակվեց, էդ էլ փակվեց, որոշեցի տեղափոխվեմ ստեղ, շարունակեմ:

-Լրիվ քո միջոցներով ե՞ս սարքել արհեստանոցը:

-Հա, բա ինչ: Էն դժվար տարիներին եմ սարքել, որ լույս չկար, փող չկար: Ժամանակ ա եղել, որ դետալ, բան եմ ծախել, որ քար եմ առել շարելու համար: Հետո ժամանակի ընթացքում քիչ-քիչ սարքել եմ էլի ձեռի հետ:

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Պապիկիս շնորհիվ էր, որ անլույս տարիներին մայրիկիս ընտանիքը և ամբողջ հարևանությունը կարողացել է դիտել «Ստրկուհի Իզաուրա» և «Կասանդրա» հեռուստասերիալները:

«Հենց լույսերը գնում էին, պապան իրա սարքերից բերում միացնում էր ու սերիալ նայող հարևանությունը միանգամից հավաքվում էր մեր տանը` սերիալ նայելու»,- միշտ ասում էր մայրս` «մութ ու ցուրտ տարիներից» պատմելիս:

-Մենա՞կ ես այստեղ աշխատել:

-Հա:

-Իսկ բոլոր մասերը դո՞ւ ես գնել, պապ:

-Ասենք` ինչքան էն ժամանակ մենք առել ենք կոոպերատիվ արհեստանոցի համար, դրանք եմ բերել, դե մնացածն էլ ժամանակի ընթացքում առել եմ:

-Իսկ այնտե՞ղ էլ ես մենակ աշխատել:

-Չէ: Աշոտ պապին ա եղել (պապիկիս ավագ եղբայրը). մեր կոոպերատիվի նախագահն էր: Հիմնականը ես ու ընկերս էինք աշխատում: Ինքն էլ երկրի քանդվելուց հետո, որ էդ սաղ գործարանները փակվեցին, գնաց Ռուսաստան: Բայց ես ասեցի մնամ, ստեղ բզբզամ, մի բան անեմ էլի:

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

-Ուրիշ ի՞նչ կասես ձեր արհեստանոցի մասին. Սիրո՞ւմ ես քո արհեստանոցը,-ինձ լրագրող պատկերացնելով` ասացի ես:

-Այո: Բա ոնց չեմ սիրում: Որ չսիրեի, սաղ օրը կնստեի՞ ստեղ: Ինձ համար էս արհեստանոցը տուն ա, ամեն ինչ ա: Նստում եմ, հավեսով զբաղվում եմ, որ գործ էլ չլինի` ես ինձ գործ կճարեմ, մի բան կգտնեմ, կսարքեմ, կձգեմ: Որ չսիրեի հիմա սրանք սաղ ծախել էի, վերացրել էի: Ամեն մեկը իրա գործը պիտի սիրի, Հռիփսիմե ջան: Օրինակ ես իմ գործը սիրում եմ, ի միջի այլոց չեմ անում էլի, սիրելով եմ անում:

-Պապ, բայց կրթություն ունե՞ս, որ կարողանում ես անել:

-Չէ: Ինձ-ինձ սովորել եմ, հետո գնալով, աշխատելով փորձ եմ ձեռք բերել: Զավոդում որ աշխատել եմ, ապարատուրաներ եմ ռեմոնտ արել. ըտեղից էլ քիչ-քիչ սովորել եմ: Կամ էս տելեվիզրներն ես ռեմոնտ արել, կամ էն ապարատուրաները. նույն բանն ա: Ընդեղ մագնիտաֆոններ, տելեվիզրներ, ռադիո էինք սարքում: Դաժե թազա տելեվիզրներ, ռադիոներ էինք զավոդներից ստանում-ծախում:

Պապիկս մի քանի տարի առաջ իր արհեստանոցում նույնիսկ փոքր սենյակ ուներ, որտեղ փոքրիկ մահճակալ կար, սեղան, աթոռներ, հեռուստացույց. մի խոսքով, տան գրեթե բոլոր հարմարությունները: Դա պապիկի արհեստանոցում մեր ամենասիրելի վայրն էր: Բայց հետո պապիկը տեղի պակասի պատճառով այն քանդեց: Եվ ահա կողքից իր դժգոհությունն է հայտնում քույրս.

-Պապի, ինչի՞ ես քանդել, ես սիրում էի էդ սենյակը:

-Սպասի` հեսա գնամ շարեմ.- կատակի է տալիս պապիկս: -Ասա` էլ ի՞նչ ասեմ:

Մինչ ես նոր հարց կմտածեի, քույրս իրեն հետաքրքրող հարցը տվեց պապիկին.

-Իսկ ի՞նչ կա էն սեյֆի մեջ:

-Դետալներ,- արհեստանոցի ամեն մասում պապիկի աշխատանքային դետալներն են:

-Հաստա՞տ դետալներ,- ծիծաղելով շարունակում է քույրս: Պապիկը հաստատում է:

-Լա~վ: Դա ես դեռ կպարզեմ:

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Պապիկը, վեր կենալով «իր տան» բազկաթոռից, մոտենում է իր աշխատանքային սեղանին, միացնում դրա վրա դրված սարքերից մեկը և բացատրում, թե ինչի համար է այն նախատեսված: Փաստորեն ես արդեն գիտեմ, թե ինպես են ստուգում. արդյոք լարի միջով հոսանք անցնում է, թե` ոչ: Վերադառնալով իր տեղը` պապիկը շարունակում է.

-Առավոտից իրիկուն ստեղ մնալով` ավելի լավ եմ հանգստանում, քան թե տուն  գնալով: Կոֆեն իմ ձեռով սաքում եմ, խմում եմ, էդ բաժակները լվում-դնում եմ իրանց տեղը:

Այս ամբողջ ընթացքում շարունակվում էր լսվել պապիկի ռադիոյի ձայնը, որը առաջինը մեզ դիմավորեց. մեկ նորություններ էին հաղորդում, մեկ երաժշտություն էր հնչում.

-Պապ, սիրո՞ւմ ես ռադիո լսել:

-Հա. բա ինչ եմ անում: Ստեղ էլ ունեմ, գործի տեղն էլ ունեմ: Առավոտը մի կես ժամ շուտ եմ գնում, ռադիոն միացնում եմ, նորություններ եմ լսում: Ստեղ էլ (արհեստանոցում) առավոտը հենց մտնում եմ, միացնում եմ, դաժե մեկ-մեկ մոռանում եմ, գիշերն էլ եմ միացրած թողնում, իրան-իրան սաղ գիշեր երգում ա,- թեթևակի ժպտալով ասում է պապիկը: -Ռադիոն լավ բան ա. երաժշտությունը կա, նորությունը կա, ամեն ինչ լսում ես: Մերոնք են, որ հետաքրքրություն չունեն:

-Ո՞ր ալիքն ես հաճախ լսում:

-107.7-ը` Հանրայինը, էլի:

Հետաքրքիր զրույցից հետո պապիկին հրաժեշտ տալով` դուրս եկանք: Երբ հեռանում էինք, շարունակվում էր լսվել պապիկի ռադիոյի` մեզ ճանապարհող ձայնը, որը գնալով ավելի ու ավելի աղոտ էր լսվում…

Իրական շփումների անհրաժեշտությունը

Լուսանկարը՝ Սիրան Մանուկյանի

Լուսանկարը՝ Սիրան Մանուկյանի

Այսօր Հայաստանում շատ խնդիրների կողքին ես կդնեի նաև պատանիների` հատկապես մարզերում բնակվող պատանիների վատ տեղեկացվածության հիմնախնդիրը:  Մարզերում ապրող,  սովորող աշակերտները շատ վատ են տեղեկացված, որ իրենք հնարավորություն ունեն մանակցելու միջազգային մրցույթների, ֆորումների, տարբեր ծրագրերի, անդամագրվելու ինչ-որ կազմակերպությունների, քանի որ դպրոցներում նման բաների մասին տեղեկություններ չեն տալիս: Նման ծրագրերի մասին հիմնականում իմանում են այն աշակերտները, ովքեր Երևանում սովորող ընկերներ և ծանոթներ ունեն: Միայն վերջին երկու-երեք տարիների ընթացքում է, որ որոշակի չափով մեծացել է տեղեկացվածության աստիճանը: Երբ ես դեռ դպրոցական էի, նման դասընթացների, ծրագրերի մասնակցել եմ միայն անգլերենից, քանի որ ուսուցիչս էր հետաքրքրվում, իմանում և իր աջակցությամբ էր, որ մենք մասնակցում էինք դրանց: Դա նաև խթան էր, որպեսզի մենք ավելի լավ սովորեինք: Սակայն նույն դպրոցում սովորող քույրիկիս ուսուցիչը չէր հետաքրքրվում, և նրանք հնարավորություն  չէին ստանում որևէ ծրագրի մեջ ընդգրկվելու: Առաջին անգամ համալսարանում էր, որ զգացի, թե որքան տեղեկացված են քաղաքի երեխաները` ի տարբերություն մարզերի երեխաների: Դասընթացի ժամանակ սկսեցին խոսել ֆորումներից, և ես սկզբում չէի հասկանում ինչի մասին է խոսքը, այնինչ նրանք դրանց մասնակցում էին դեռ դպրոցական տարիքից: Դա նաև օգնել էր նրանց ազատվել բարդույթներից: Իմ կարծիքով պետք է տեղեկացված պահել նաև մարզերի երեխաներին,  քանի որ նրանց մեջ հաստատ կգտնվեն տաղանդավոր և,  հնարավորության դեպքում, մեծ ապագա ունեցող երեխաներ: 

Պատանիների հիմնախնդիրների շարքին կարելի է դասել նաև կենդանի շփման պակասը, և դրանում տեխնիկայի դերը: Այսօր շատ երեխաներ նախընտրում են երկար նստել համակարգչի առաջ իրենց հասակակիցների հետ դրսում խաղալու փոխարեն: Կամ էլ եթե նախկինում զբաղված մայրիկներին փրկում էր երեխաներին մուլտֆիլմով հանգստացնելը, այժմ դա անում են համակարգչային խաղերը: Ես ինքս էլ շատ ծանոթներ ունեմ, որոնց երեխաները դեռ երեք-չորս տարեկանից սկսել են օգտվել համակարգչից, մինչդեռ մենք ինքներս այդ տարիքում նույնիսկ չէինք էլ կարող երազել հեռախոսի մասին: Այսօր տեխնիկայի մեծ առաջընթացը նույնիսկ հնարավորություն չի տալիս երազել: Սոցիալական կայքերի առկայությունը պատճառ է դարձել կենդանի շփման պակասի: Հիմա երիտասարդության մեծ մասը գրանցված է Facebook,  Twitter,  Instagram սոցիալական կայքերում և գուցե օրվա մեծ մասը անցկացնում է այդտեղ: Մեծ մասի համար լուսանկարվելն անհրաժեշտ է նոր գլխավոր նկարի համար: Իմ կարծիքով այսօր փոխվել են նաև շատ արժեքներ: Շատերը հին ընկերների հետ հանդիպելու փոխարեն նախընտրում են մի քանի նամակ փոխանակել, դրանով իրենց պարտականությունն ավարտած համարելով: Այսպիսով շփման պակասը,  շփում ասելով հասկանալով զուտ համակարգչի կամ հեռախոսի միջոցով շփումը,  հանգեցնում է մեկ այլ հիմնախնդրի, այն է`բարդույթներ ունենալուն: Եթե երիտասարդներին հարցնես. արդյո՞ք գիրք կարդում են, թե ոչ, և դրան հետևի ոչ պատասխանը, ապա նրանք հաստատ արդարանալու տարբերակ կգտնեն` պատճառաբանելով,  որ ժամանակ չեն ունեցել, մինչդեռ բավականին երկար ժամանակ կարող են անցկացնել համակարգչի առաջ: Տեխնոլոգիաները ստեղծված են հեշտացնելու մարդու կյանքը, բայց ոչ զրկելու նրան իրական կյանքով ապրելու հնարավորությունից, քանի որ մանկության, պատանեկության, երիտասարդության տարիները համակարգչի առաջ անցկացնելը կզրկի հետագայում ունենալ հիշողություններ ընկերների հետ անցկացրած լավ պահերից, որոնք ավելի արժեքավոր են:

Նոր ուսումնական տարի է սկսում, և ես հույս ունեմ, այս տարի իմ արտահայտած մտահոգությունները մտածելու տեղիք կտան իմ հասակակիցներին: