Անուշիկ Դավթյանի բոլոր հրապարակումները

Կոնֆետ կուզե՞ս

Մի օր նստեցի չորրորդ համարի գազել: Վարորդի հետևի նստարանին նստած էին երկու կին և մեկ երեխա: Ճանապարհին կանայք հաճախ էին խոսում երեխայի հետ և տալիս նրա անունը: Նրա անունը Դավիթ էր: Պարզվեց, որ վարորդի թոռնիկի անունը նույնպես Դավիթ է: Նա թեքվեց ու սկսեց խոսել երեխայի հետ:

-Անունդ Դավի՞թ է:

-Հա:

-Իմ թոռնիկի անունն էլ է Դավիթ: Քանի՞ տարեկան ես:

-Հինգ:

-Կոնֆետ կուզե՞ս:

-Հա:

Վարորդը հանեց մի կոնֆետ և տվեց երեխային:

Քիչ անց ամենահետևի նստարանից լսվեց երեխայի ձայն:

-Այս կոնֆետը փոխանցեք այն երեխային,- ասաց վարորդը:

-Բայց այստեղ երկու երեխա կա,- լսվեց հետևից:

Վարորդը մեկ կոնֆետ էլ տվեց: Հետո Դավիթին առաջարկեց սուրճ, բայց Դավիթը հրաժարվեց: Այս դեպքից հետո տրամադրությունս բարձրացավ: Շատ լավ է, որ մենք ունենք այսպիսի վարորդներ: Նախընտրում եմ երթևեկել կամ քաղաքային երթուղայիններով կամ ավտոբուսներով, բայց երբ տեսնեմ հենց այս գազելը, անպայման նստելու եմ:

Լավ կյանքն՝ իմ պատկերացումներով

Մարդկանց մեծամասնությունը սովորելով համալսարանում ինչ-որ առարկա կամ աշխատելով իրենց մասնագիտությամբ, մոռանում են իրենց մնացած հետաքրքրությունների մասին և կենտրոնանում են միայն իրենց մասնագիտության և աշխատանքի վրա: Ես կարծում եմ, որ սա շատ սխալ է: Սա նշանակում է, որ մարդիկ ապրում են միայն աշխատելու համար: Բայց դա ապրել չի նշանակում:

Ես ապագա մարքեթոլոգ եմ, բայց բացի մարքեթինգը ուսումնասիրելուց, հետաքրքրվում եմ շատ ու շատ այլ բաներով:

Օրինակ՝ ես շատ եմ հետաքրքրված հայոց պատմությամբ: Երևի ես ավելի շատ հայկական պատմավեպեր եմ կարդում, քան օրինակ, միասնական քննությունների ժամանակ պատմության քննություն հանձնող դիմորդներից շատերը:

Կարդում եմ ոչ միայն պատմավեպեր: Շատ եմ սիրում կարդալ հայ և համաշխարհային գրականություն: Առայժմ չեմ փորձել կարդալ արկածային գրականություն, բայց հաստատ կարդալու եմ:

Սիրում եմ պարել հայկական ազգագրական պարեր: Շատ եմ սիրում «Թամզարան», «Էջմիածինը», «Քոչարին» և այլն պարեր: Ի դեպ, ես պարի դասընթացների երբևէ չեմ մասնակցել: Պարերը սովորում եմ ինքնուրույն, օգտվելով «YouTube»–ում գտնվող տեսահոլովակներից:

Իմ հոբիներից մեկը քանոն նվագելն է: Չեմ պատկերացնում կյանքս առանց քանոնի: Հինգ տարի հաճախել եմ քանոնի դասընթացների: Կարողանում եմ նվագել նաև դաշնամուր, բայց հաճախ չեմ նվագում:

Ընդունվելու համար հայոց լեզվի քննություն պետք չէ հանձնել, բայց ես հաճախ եմ կատարում վարժություններ հայոց լեզվի շտեմարանից:

Իմ հաջորդ հոբին նկարչությունն է: Ճիշտ է, ես շատ լավ չեմ նկարում, բայց նկարում եմ: Տանը ունենք մի մեծ գիրք հայկական զարդանախշերի մասին: Ես օրվա ընթացքում առնվազն մեկ զարդանախշ եմ նկարում` օգտվելով այդ գրքից: Իհարկե միայն զարդանախշեր չեմ նկարում:

Պարբերաբար եմ սովորում նոր համակարգչային ծրագրեր: Հիմա փորձում եմ սովորել «3D Max» ծրագիրը:

Վերջերս մասնակցեցի մեդիա ճամբարի, որից հետո սկսեցի շատ սիրել կինոարտադրությունը և լուսանկարչությունը: Ամեն անգամ հետաքրքիր վայր գնալուց ինձ հետ վերցնում եմ իմ լուսանկարչական սարքը, որպեսզի լուսանկարեմ գեղեցիկ և հետաքրքիր տեսարանները:

Լավ, չմոռանամ իմ սիրելի մարքեթինգը: Ես փորձում եմ հնարավորինս շատ մասնագիտական գրքեր կարդալ, այսինքն, մարքեթինգի և բիզնեսի մասին: Ինտերնետից գտնում եմ նյութեր նրանց մասին: Հետևում եմ հաջողակ բիզնեսմեններին սոցիալական ցանցերով: Նրանք հաճախ են գրում կարճ, հետաքրքիր պատմություններ իրենց էջում իրենց կյանքի մասին: Մասնակցում եմ բիզնես թրեյնինգների:

Մի խոսքով, ես ապրում եմ իմ պատկերացումներով, «լավ կյանքով»: Երբ կարդում եմ ինչ-որ գիրք, դա կլինի պատմավեպ թե ոչ, էական չէ, պարում եմ ինչ-որ ազգային պար, քանոն եմ նվագում, մի քիչ նկարում եմ, մի քիչ հայերեն և ինֆորմատիկա եմ պարապում, մասնակցում եմ սեմինարի և այլն, օրվա ընթացքում, օրս լցվում է: Չեմ հասկանում` ինչպես են ապրում մարդիկ միայն կենտրոնացած լինելով մի աշխատանքի կամ մի առարկայի վրա:

Կոտրել կարծրատիպերը

Ինձ հուզում է այն փաստը, որ ես հաճախ եմ մտածում, որ ինչ-որ բան ինձ չի համապատասխանում, կամ կա ինչ-որ մասնագիտություն, որով ես չեմ կարող զբաղվել, կամ կա մի մարդ, ում պարզապես չեմ սիրում, և այլն: Ես ունեմ այսպիսի շատ կարծրատիպեր:

Մասնագիտության ընտրությունը ինձ համար մի բարդ գործընթաց էր: Ես չգիտեի, թե ինչ եմ ուզում դառնալ: Հետևաբար, ընտանիքիս անդամները և ընկերներս հաճախ էին առաջարկում ինձ, թե ինչ կարելի է դառնալ:

-Ընկերուհուս աղջիկը լեզվաբանություն է սովորում, գուցե դո՞ւ էլ ցանկանաս դառնալ լեզվաբան,- ասում էր մայրիկս:

-Չգիտեմ, մամ, այնքան էլ չեմ սիրում լեզվաբանությունը:

-Միգուցե ատամնաբու՞յժ:

-Այ, այդ մեկը հաստատ չէ:

Ես լսում էի նրանց ասածները և մտածում դրանց մասին, բայց երբ ինչ-որ մեկը առաջարկում էր մասնագիտություն բիզնեսի ոլորտում, ես չէի ցանկանում լսել նրան, մտածելով, որ բիզնեսը բարդ է, ես ոչ մի կապ չունեմ դրա հետ:

Մի գեղեցիկ օր որոշեցի մասնակցել մի բիզնես սեմինարի, որը վարելու էր Վահրամ Միրաքյանը: Վահրամ Միրաքյանը մարկետոլոգ, սոցիոլոգ և բիզնես թրեյներ է: Նա «Չոր մարքեթինգ» գրքի հեղինակն է: Լսել էի, որ սեմինարին հիմնականում մասնակցելու են բիզնեսմեններ, և իմ ներկայությունը ավելորդ էի համարում այնտեղ: Բիզնեսմեն ասելով ես հասկանում էի գեր, ճաղատ, շատ լուրջ և մեծահասակ տղամարդկանց:

Մտնելով այն դահլիճը, որտեղ պետք է տեղի ունենար սեմինարը, ինձ թվաց, որ դահլիճը շփոթել եմ: Այնտեղ նստած էին հիմնականում երիտասարդներ: Մոտեցա մի աղջկա և հարցրի.

-Բիզնես թրեյնինգը այստե՞ղ է լինելու:

-Այո,- ասաց աղջիկը:

Ես շատ զարմացա: Նստեցի հենց այդ աղջկա կողքին:

-Առաջին անգա՞մ եք գալիս բիզնես թրեյնինգի,- հարցրեց նա:

-Այո:

Հետո մենք ծանոթացանք: Պարզվեց, որ այդ աղջիկը ունի տուրիստական գործակալություն:

Սեմինարի ընթացքում բոլորը Վահրամ Միրաքյանի պահանջով ներկայացան: Նա ասում էր, որ բիզնեսմենը իր բիզնեսը գովազդելու հնարավորությունը չպետք է բաց թողնի: Բոլորը ներկայացան, պարզվեց, որ մասնակիցների մեծ մասը բիզնեսմեններ են:

Սեմինարի ժամանակ Միրաքյանը խոսեց այն մասին, թե ինչպես է հնարավոր գրավել շատ հաճախորդների, ինչպես ավելի հասանելի դարձնել արտադրանքը կամ ծառայությունը սպառողին: Նա շատ կարևոր բաների մասին խոսեց: Օրինակ` նա ասաց, որ եթե պետք է հանդիպենք մի բիզնեսմենի հետ, ում պետք է ներկայացնենք մեր արտադրանքը կամ ծառայությունը, նախ պետք է մտերիմ զրույց սկսել նրա հետ, խոսել այնպիսի թեմաներից, որոնք նրան շատ են հետաքրքրում: Այսպիսով, նա կսկսի մեզ վստահել, իսկ վստահությունը համագործակցության մեջ շատ կարևոր է գործոն է: Որպեսզի իմանանք տվյալ մարդու հետաքրքրությունները, կարող ենք այցելել նրա սոցիալական ցանցի էջ և փորձենք գտնել հետաքրքիր տեղեկություններ նրա մասին: Միրաքյանը մի շատ լավ օրինակ բերեց:

-Եթե պետք է հանդիպենք մի բիզնեսմենի հետ, ով իր էջում տեղադրել է, թե ինչպես են Աղվերանում աշխատակազմով կազմակերպության տասնամյակը նշելու միջոցառման ընթացքում հաշվապահի գլուխը մտցրել տորթի մեջ, ապա դա ամենալավ թեման է, որի մասին կարելի է խոսել:

Նա նաև պատմեց B2B (business to business) և B2C (business to customer) վաճառքների առանձնահատկությունների մասին: Դրանցից մեկը այն էր, որ պետք է շատ ավելի զգույշ վարվել B2B վաճառքի ժամանակ, քան B2C, որովհետև, եթե բիզնեսմենը հիասթափվի մեր արտադրանքից կամ ծառայությունից, մենք շա~տ ավելի բան կկորցնենք, քան երբ հիասթափվի մի մարդ, ով պարզապես մի անգամ ցանկացել էր գնել մեկ կամ մի քանի բան: Սա այն պատճառով է, որ բիզնեսմենները գնում են ամեն ինչից մեծ քանակությամբ:

Սեմինարից հետո ես հասկացա, որ բիզնեսն է այն ոլորտը, որտեղ կարող եմ ինձ լավագույնս դրսևորել: Սեմինարը շատ հետաքրքիր էր: Այնքան ինֆորմացիա էի ստացել, որ մի ամբողջ օրը գլխացավս չանցավ:

Սա միայն մի օրինակ է: Ինձ հուզում է այն, որ ես ունեմ շատ այսպիսի կարծրատիպեր, որոնք պետք է կոտրեմ: Հուսով եմ, կստացվի:

Ես ուզում էի գեղեցկացնել Իջևանը իմ քանդակներով

Զրույց հայրիկիս՝ Արմեն Դավթյանի հետ, ով արդեն քառասուն տարի է՝ քանդակագործ է

Լուսանկարը՝ Անուշիկ Դավթյանի

Լուսանկարը՝ Անուշիկ Դավթյանի

-Լավ, գնամ աշխատանքի,- ասաց հայրիկս,- արդեն ուշ է:

-Պապ ջան, կարա՞մ քեզ հետ գամ արվեստանոց:

-Ինչի՞ համար:

-Շատ եմ ուզում իմանալ, թե ոնց ես աշխատում: Եվ ընդհանրապես ուզում եմ իմանալ ավելին քո և քո աշխատանքների մասին:

-Գնանք, բայց ձանձրանալու ես:

-Չե, չեմ ձանձրանա:

Արվեստանոցում

Լուսանկարը՝ Անուշիկ Դավթյանի

Լուսանկարը՝ Անուշիկ Դավթյանի

-Ո՞ր տարիքից և ինչպե՞ս հասկացար, որ քանդակագործությունն է քո ապագա մասնագիտությունը:

-Դե, քո կարծիքով ո՞ր տարիքից եմ սկսել քանդակել:

-Երևի երեսուն կամ երեսունհինգ:

-Չէ, չէ: Ես արդեն յոթերորդ դասարանում դպրոցում կավիճի վրա Լենինի գլուխն էի քանդակում:

-Բայց փոքր կավիճների վրա ո՞նց ես կարողացել քանդակել Լենինի գլուխը:

-Մեր ժամանակ կավիճները մեծ էին: Ես դասարանի ամբողջ կավիճները սպառում էի, ու դասատուս միշտ բարկանում էր, որ դասարանում կավիճ չկա: Մի օր պարզվեց, որ դա իմ ձեռքի գործն է: Եվ հենց այդ ժամանակ դասատուս իմացավ արձանիկների մասին և հասկացավ, որ ես տաղանդավոր եմ, ու դրա մասին պատմեց հորս: Երբ պապաս իմացավ, ինձ տարավ Երևանում ապրող քանդակագործի մոտ, ու ես իր մոտ մի քանի ամիս պարապեցի քանդակագործություն: Հետո ընդունվեցի Թերլեմեզյանի անվան ուսումնարան, այնտեղ ծանոթացա երջանկահիշատակ Սարո Սարուխանյանի հետ, ով իմ դիպլոմային աշխատանքի պաշտպանության ժամանակ ընդդիմախոս էր: Հետո ուսումս շարունակեցի Գեղարվեստի պետական ակադեմիայում: Ավարտեցի: Սարոյի հետ կապը շարունակվում էր, ու մենք մի օր որոշեցինք գալ Իջևան ու կազմակերպել քանդակագործության սիմպոզիում: Եվ հենց այդ տարիներին Սարոյի ու Իջևանի շրջկոմի առաջին քարտուղար Ջեմմա Անանյանի  առաջարկով քաղաքապետարանը ինձ նվիրեց մի արվեստանոց:

Լուսանկարը՝ Անուշիկ Դավթյանի

Լուսանկարը՝ Անուշիկ Դավթյանի

-Իսկ ո՞նց եղավ , որ չմնացիր Երևանում ու հետ եկար Իջևան:

-Դե Իջևանը ինձ շատ հարազատ էր, ու ես շատ էի ուզում գեղեցկացնել Իջևանը իմ գործերով: Ու հիմա, ոնց տեսնում ես, շատ գործեր ունեմ Իջևանում տեղադրած:

-Գնահատում եմ պապիկի արածը, ինքը կարող էր մտածել, որ քանդակագործ լինելով շատ փող չես աշխատի, ու քեզ ստիպեր սովորել, օրինակ՝ իրավաբանություն:

Լուսանկարը՝ Անուշիկ Դավթյանի

Լուսանկարը՝ Անուշիկ Դավթյանի

-Ես չէի էլ սովորի ուրիշ ինչ-որ բան: Ես շատ համառ էի էն ժամանակ: Գոռը (եղբայրս) լավ էր քանդակում, բայց ավելի շատ էր սիրում խեցեգործություն և նկարչություն, ես իրեն չհամոզեցի դառնալ քանդակագործ, շատ լավ գիտակցելով, որ եթե ինքը դառնար քանդակագործ, շատ ավելի հեշտ կլիներ գումար վաստակել:

-Պապ, իսկ ո՞ր քարն ես ամենաշատը սիրում:

-Սպիտակ մարմարը, որի վրա աշխատելը շատ դժվար է, բայց աշխատանքները շատ գեղեցիկ են ստացվում:

-Իսկ Թերլեմեզյանի ու Գեղարվեստի պետական ակադեմիայի քո ծանոթներից շատե՞րն են, որ դարձել են քո նման քանդակագործ:

-Չե, մի քանի հոգի գիտեմ, ովքեր ունեն քարի արտադրամաս, բայց քանդակագործությամբ չեն զբաղվում:

Լուսանկարը՝ Անուշիկ Դավթյանի

Լուսանկարը՝ Անուշիկ Դավթյանի

-Հըմմմ, ի՞նչ ես երազում քանդակել:

-Շատ կուզեմ քանդակել մեր հայ թագավորներից մեկին, ինչ-որ մեծ ժայռի վրա:

-Երանի կատարվի երազանքդ…

Դիլիջանյան մեդիա ճամբար. եթե չեք սիրում, փորձեք պարզել` ինչու

Վաղուց էի լսել մեդիա ճամբարի մասին, բայց նախկինում երբեք չեմ մասնակցել: Ես նախկինում չեմ սիրել մեդիան, կինոարտադրությունը և լրագրողի գործը: Ինձ թվում էր, որ երբեք չեմ սիրի այս ոլորտները: Սակայն հասկանալով, որ ես շատ քիչ տեղեկություն ունեմ այս ոլորտների վերաբերյալ, որոշեցի գնալ ճամբար և իմանալ ավելին նրանց մասին: Այնուամենայնիվ, մտածում էի, որ մեկ օրից ավել չեմ կարող մնալ ճամբարում, որովհետև քննարկվող թեմաները չեն հետաքրքրի ինձ:

Առաջին օրն էր, մտա այն դահլիճը, որտեղ տեղի էր ունենալու սեմինարը: Մի քիչ տարակուսանք կար իմ մեջ: Գրեթե բոլորը իրար ճանաչում էին: Իսկ ես դեռևս ծանոթներ չունեի:

Սեմինարը սկսվեց: Մեզ բացատրեցին նկարահանումների հիմունքները: Մենք անգամ հարցազրույց վերցնելու փորձ արեցինք: Եվ ահա թե ինչ: Իմ բոլոր պատկերացումները մեդիայի մասին փոխվեցին: Ես հասկացա, որ մեդիան  հետաքրքիր և մարտահրավերներով լի մի կյանք է: Զարմանում եմ, թե ինչու մինչև հիմա չեմ սիրել:

Եվ ահա, ժամեր անց, մասնակցեցի վարպետության դասի: Մեր հյուրն էր ֆոտոլրագրող Արամ Կիրակոսյանը: Այդ դասից հետո, ես հասկացա, որ ինչ մասնագիտություն էլ որ ընտրեմ, լուսանկարչական սարքը միշտ կլինի ինձ հետ:

Երկրորդ օրը մեզ պատմեցին կինոարտադրության մասին: Դասը շատ հետաքրքիր էր: Մենք անգամ փորձեցինք թղթի վրա նկարել մի կադր, ըստ մեր երևակայության: Ճիշտ է, շատ սխալներ ունեի, բայց դա իմ առաջին փորձն էր: Դասը այնքան էի հավանել, որ քիչ էր մնում որոշեի դառնալ կինոռեժիսոր, կամ գոնե սցենարիստ: Բայց, քանի որ բիզնեսից շատ ոչինչ չեմ սիրում, չփոխեցի նախկին որոշումս, սակայն ինքս ինձ խոստացա, որ պարբերաբար կփորձեմ նկարել ֆիլմեր:

«Մանանա» կենտրոնը փոխեց կյանքս երկու օրում: Ես հասկացա մի շատ կարևոր բան, որ երբեք չի կարելի չսիրել մի բան հենց այնպես: Եթե չեք սիրում, փորձեք պարզել` ինչու: Համոզված եմ, որ եթե բոլորը այսպես մտածեն, բոլորի կյանքը կփոխվի դեպի լավը:

Անհաջողությունները՝ ամեն ինչ նորից և ավելի լավ սկսելու պատճառ

Ես Անուշիկն եմ: Այս տարի ավարտեցի դպրոցը: Ինչպես բոլորը, ես ցանկանում էի ուսումս շարունակել բուհում: Ցանկանում էի սովորել Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ), հետևաբար պետք է հանձնեյի մաթեմատիկայի (AUA Math) և անգլերենի (TOEFL iBT) քննություններ: Փետրվարին հանձնեցի մաթեմատիկան: Ստացա լավ միավոր: Մայիսին հանձնեցի անգլերենը, բայց…

Այո, դուք ճիշտ գուշակեցիք, չստացա այնքան միավոր, որքան որ անհրաժեշտ էր ընդունվելու համար: Այսպիսի դեպքերում շատ մարդիկ հուսահատվում են, սթրես են ապրում, բայց ես մոռացա դրա մասին հաջորդ իսկ օրը և սկսեցի մտածել հաջորդ տարի դիմելու մասին:

Հիմա ինքնուրույն պարապում եմ անգլերեն: Գիտեմ իմ թերությունները և փորձում եմ շտկել դրանք: Նպատակ ունեմ դառնալ ՀԱՀ-ի այս տարվա առաջին դիմորդը:

Հա, ու TOEFL–ին մի աչքով չնայեք: Իրեն բարով-խերով հանձնելը հեշտ գործ չի: Օրինակ` քննության ժամանակ պետք է լսեմ անգլերեն դասախոսություն, որը մոտավորապես տևում է հինգ րոպե, և երեսուն վայրկյան պատրաստվելուց հետո, մի րոպեում հասցնեմ վերաշարադրել լսածս: Սա ընդամենը կազմում է քննության առաջադրանքների չորս տոկոսը: Այնուամենայնիվ, ՀԱՀ-ում սովորող ընկերներս ասում են, որ այնտեղ մեկ տարի սովորելուց հետո TOEFL բարեհաջող հանձնելը դառնում է խաղ ու պար:

Կզարմանաք, բայց չընդունվելը լավ ազդեցություններ էլ ունի: Օրինակ` այս տարվա ընթացքում կհասցնեմ կարդալ լիքը գրքեր: Բացի անգլերենի բարելավմամբ զբաղվելը, մասնակցում եմ ճամբարների, սեմինարների և դասընթացների և այդպես էլ շարունակելու եմ: Զբաղվում եմ կամավորական աշխատանքներով: Վերսկսել եմ նվագել քանոն: Կարծում եմ այս տարին դառնալու է կյանքիս ամենալավ տարիներից մեկը:

Անհաջողությունները ինձ ավելի են ուժեղացնում: Ինչպես ասել է Թոմ Ֆորդը. «Անհաջողությունը ամեն ինչ նորից և ավելի լավ սկսելու պատճառ է»: