Ռիմա Եղիազարյանի բոլոր հրապարակումները

Իմ հրաշալի քույրիկը

Ողջույն: Ես Ռիման եմ: Ուզում եմ պատմել իմ հրաշալի քույրիկի՝ Արաքսյայի մասին: Նա տասը տարեկան է: Մենք այնքան ենք սիրում իրար, որքան ձուկը՝ ջուրը: Թեև, անկեղծ ասած, բավականին հաճախ ենք վիճում, սակայն շատ չանցած՝ չենք էլ հիշում այդ մասին ու սկսում ենք խաղալ: Մեր մտքերն ու կարծիքները ամեն օր չէ, որ համընկնում են։

Օրինակ՝ ես ասում եմ.

-Արի խաղանք մի լավ խաղ…

-Ո՜չ, ես չեմ ուզում խաղալ,- մեկեն քմահաճ է դառնում քույրիկս:

-Կխաղանք՝ ինչ ուզես…

-Դե լա՛վ… Ուրեմն արի խաղանք ուսուցչուհի և աշակերտ։

-Բայց ես կլինեմ ուսուցչուհին։

-Իսկ ինչո՞ւ հենց դու,- խոժոռվում է Արաքսյան:

-Չէ՞ որ ես եմ մեծը։

Եվ այսպես շարունակ մենք վիճում ենք: Հետո մեր մտքերը համընկնում են, և սկսում ենք խաղալ իր ուզած խաղը: Նա այդ ժամանակ դառնում է շատ չարաճճի աղջիկ:

Ասում է.

-Եթե ինձ բարձր գնահատական չնշանակես, ես էլ չեմ խաղա:

Ես ընդառաջում եմ, քանի որ չեմ ուզում, որ նա տխրի: Մեր մեջ ասած՝ եթե ես նրա ցանկությունները չկատարեմ, նա ինձ հետ դժվար թե խաղա։

Ես միշտ ձգտում եմ նրա ծննդյան օրը տոն դարձնել: Հատուկ տորթ եմ պատրաստում ու գունագեղ զարդարում:

Այո, մենք միշտ այդպիսին ենք: Գուցե ես էլ ի՞ր համար եմ չարաճճի: Պետք է խոստովանեմ, որ երբեմն ես էլ եմ նրան բարկացնում: Բայց մի բան հաստատ է. մենք իրար շատ ենք սիրում:

Իմ քույրիկ Արաքսյան շատ բարի, ժպտերես, աշխույժ ու կարմրաթշիկ աղջիկ է: Վստահ եմ, որ տարիների հետ ավելի ու ավելի խելացի ու հանդուրժող կդառնա: Չնայած նրան, որ նա երբեմն ինձ բարկացնում է, բայց նաև ուրախացնում ու երջանկացնում է…

Ռիմա Եղիազարյան

«Կանթեղ» գրական խմբակ