rima eghiazaryan

Կայացած երկխոսություն

Հարցազրույց պատանի դուդուկահար Արևշատ Մաղաքյանի հետ: Արևշատը մեր դպրոցի նախկին սանն է, այս տարի ընդունվել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարան։

-Ինչպե՞ս ես եկել դեպի երաժշտություն։

-Ինձ դեպի երաժշտություն են ուղղորդել իմ ծնողները: Իրենք հավանաբար զգացել էին, որ սիրում եմ երաժշտարվեստը: Ունեի նաև ընկերներ, որոնք արդեն իսկ հաճախում էին երաժշտական դպրոց։ Նրանք նույնպես իրենց խորհուրդներով ոգևորեցին ինձ։

-Դուդուկն ինչպե՞ս ընկալեցիր, հարազատացար։ Ինչպե՞ս կբնորոշես դուդուկը:

-Շատ նուրբ գործիք է այն: Իրեն, այսպես ասած, սիրել է տալիս: Ցանկացած դուդուկահար կհասկանա ինձ։ Դուդուկը նաև շատ բարդ գործիք է: Ամեն մարդ չէ, որ կարող է դուդուկը վերցնել ու ընկալել, զգալ նրա նրբությունը, հաղորդակցվել էության հետ։ Պետք է դուդուկին հասկանալ և երկխոսել նրա հետ։

-Քո սիրած գործը…

-Շա՛տ կան այդպիսիք… Սակայն ամենահոգեհարազատը «Հովերն ընկան»-ն է: Շատ դուդուկահարներ են նվագել այդ մեղեդին: Օրինակ՝ Ջիվան Գասպարյանը, Կամո Սեյրանյանը, Վաչե Հովսեփյանը։ Բայց միշտ մեղեդին յուրովի ու նորովի է հնչում:

-Ինչպիսի՞ն է դուդուկի հանդիսատեսը. նա տարբերվու՞մ է։

-Վստահաբար այո՛, դուդուկի ձայնը հանդիսատեսն ասես այլ կերպ է ունկնդրում: Կարող է նվագել մեկ այլ գործիք, բայց երբ գալիս է դուդուկի հերթը՝ բոլորի ուշադրությունը սևեռվում է դեպի դուդուկը։

-Ի՞նչ մրցույթների, փառատոնների ես մասնակել…

- 2018թ.-ին մասնակցել եմ «Art music» մրցույթին՝ զբաղեցնելով երրորդ տեղը: 2019թ.-ին նույն մրցույթում զբաղեցրել եմ երկրորդ տեղը։

-Ընդունված է ասել, որ դուդուկը տխուր առիթների գործիք է. համամի՞տ ես։

-Թեև այդ կարծիքն ընդունելի է համարվում, բայց դուդուկի երաժշտության միջոցով կարող ենք նաև շատ ուրախ տրամադրություն փոխանցել մարդկանց:

arevshat

-Այժմ Առնո Բաբաջանյանի անվան ուսումնարանում ես սովորում. ի՞նչ տպավորություններ ունես:

-Տպավորություններս մեծ են ու խոստումնալից: Շփվում եմ արվեստագետների, դուդուկահարների հետ: Կարողանում ես խորամուխ լինել քո արվեստում, ավելի հստակ ես ընկալում, որ քո՛նն է դուդուկը:

-Կա՞ ինչ-որ դուդուկահար, որին կուզեիր նմանվել։

-Իհա՛րկե, շնորհալի և օժտված դուդուկահարները մեր երկրում շատ են: Պատիվ կհամարեմ, եթե կարողանամ նրանց պես՝ ըստ արժանվույն ներկայացնել մեր դուդուկը: Բայց, միևնույն ժամանակ, ամեն արվեստագետ պիտի ունենա իր ուրույնն ու հատուկը:

-Ոգեշնչման մասին…

-Երբ ընդունվեցի երաժշտական ուսումնարան, ավելի ոգեշնչվեցի: Վստահորեն համոզվեցի, որ դուդուկն է իմ տարերքը, որ ուզում եմ դառնալ արվեստագետ-դուդուկահար։

-Ի՞նչ ես զգում դուդուկ նվագելիս։

-Նայած՝ ինչ գործ եմ նվագում: Օրինակ՝ ժողովրդական գործեր նվագելիս բեմի վրա հուզմունքս շատ է: Ուրախ մեղեդիներ նվագելիս ավելի ազատ եմ զգում։

-Արգելքներ հաղթահարելու ձգտումներ…

-Արգելքներ հաղթահարելու անհրաժեշտություն կա նաև այն պատճառով, որ դուդուկն այնպիսի գործիք է, որը ստիպում է միանգամից և՛ սիրել, և՛ հիասթափվել։ Տարբեր գործեր նվագելիս՝ կարող է մեկ շաբաթ, երկու շաբաթ նվագես ու չստացվի։ Բայց եթե դու վստահ լինես, որ ի վերջո ստացվելու է, վստահես քեզ ու ապավինես աշխատասիրությանդ, հաղթանակն անպայման քոնը կլինի։

-Ինչպե՞ս ես վերաբերվում քննադատությանը։

-Իհա՛րկե, քննադատողներ եղել են, և ես հաշվի եմ առնում նրանց կարծիքը: Աշխատում եմ այն ուղղությամբ, որ ավելի լավ լինի և հաջորդ անգամ ես հարցնեմ այդ քննադատողին՝ քեզ դուր գալի՞ս է, լա՞վ էր։ Իմ ամենախիստ քննադատներն իմ ծնողներն են:

-Սիրո՞ւմ ես, երբ ելույթիդ ժամանակ ծնողներդ դահլիճում են լինում: Դա ավելորդ լարվածությո՞ւն է առաջացնում, թե՞ հակառակը։

-Ընդհակառակը՝ ինձ ավելի վստահ եմ զգում, երբ իմ ծնողները նստած են առաջին շարքերում և հպարտանում են ինձանով։

-Հաջողության գրավականը…

-Իմ հաջողության գրավականն իմ աշխատասիրությունն է, ձգտումը ավելիին։

-Ի՞նչ նպատակներ ունես։

-Ուզում եմ դառնալ մեծ երաժիշտ, նվագել հեղինակավոր բեմերում: Ուզում եմ, որ ճանաչեն ինձ: Իմ ապագան տեսնում եմ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում: Ուզում եմ մեր դուդուկը ներկայացնել նաև արտերկրում, որ բոլորը զգան հայ մշակույթի ուժն ու զարմանան: Ուզում եմ, որ օտարերկրացիները նաև ծիրանափողի շնորհիվ բացահայտեն Հայաստանի՝ մշակութային գերտերություն լինելը։