Մարիետա Բաղդասարյանի բոլոր հրապարակումները

Սպիտակի արագաչափերը

Լուսանկարը՝ Մարիետա Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարիետա Բաղդասարյանի

Ես ձեզ ուզում եմ պատմել մի բանի մասին, որը Սպիտակում մեծ քննարկման առարկա է  դարձել: Շա՜տ էի լսել ու նաև տեսել, բայց կիրակի օրը, երբ գնում էի «Մանանայի» կազմակերպած դասընթացին ու ճանապարհին մտածում, թե ինչ  հոդված կարելի է գրել, հանկարծ ուշադրությունս նորից գրավեց էլեկտրասյան վրայի արագաչափը, որն այնքան էլ արագաչափ չէ, ու որոշեցի գրել դրա մասին։

Արագաչափ չէ՞ր՝ կզարմանաք դուք։ Հա՛, իրոք, արագաչափ չէր։ Բացատրեմ։ Այն ժամանակ, երբ այդ ճանապարհն ասֆալտապատեցին, վարորդները սկսեցին ճեպընթացի պես վարել իրենց մեքենաները։ Բնականաբար դա դուր չեկավ այդ փողոցի վրա գտնվող շենքի բնակիչներին ու հենց նրանք էլ պատրաստեցին այս չարագաչափը։ Ամեն դեպքում, վարորդները իջեցրին արագությունը, ավելի հանգիստ են վարում մեքենաները:

Հետո էլ կասեն, թե հումորն ու հնարամտությունը միայն գյումրեցիներին է բնորոշ: Տեսա՞ք ինչ հնարամիտ են մեր սպիտակցիները։

Սպիտակ քաղաքի սպիտակ եղանակը

Լուսանկարը՝ Մարիետա Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարիետա Բաղդասարյանի

Սպիտակցիները երբեմն կատակում են, ասում են, որ մեզ մոտ ոչ թե ձմեռ է գալիս, այլ ձմեռն ուղղակի ամռանն արձակուրդ է գնում։ Ու իրոք, այստեղ տարվա մնացած երեք եղանակները լի են ձմռան շնչով։

Ես սիրում եմ քաղաքիս իմ հորինած՝ «ձմեռոտ» ածականով բնութագրել։ Իմ քաղաքում ձմեռը շա՜տ շուտ է գալիս ու դժկամորեն էլ հեռանում։ Այն գալիս է ու իր հետ բերում ձմեռային խաղեր ու չարաճճիություններ երեխաների համար, բայց ավելացնում է մեծահասակների, առանց այն էլ չափից շատ, հոգսերն ու դժվարությունները։

Լուսանկարը՝ Մարիետա Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարիետա Բաղդասարյանի

Ձմեռը փայտով վառվող վառարանների, ամենասպասված տոների, մանդարինի ու մի բաժակ տաք թեյով մի լավ գիրք կարդալու եղանակ է։ Այն սպիտակ եղանակ է, իսկ մեր ձմեռոտ Սպիտակում այն շատ հաճելի է, ու գեղեցկագույնն ինձ համար։

Իսկ լուսանկարներն արված են Սպիտակի քաղաքային զբոսայգում, ուր ձմեռն այնքա՜ն հեքիաթային է:

marieta baghdasaryan

Ես միակ երազողը չեմ

Ինչքան էլ հոգնած, ձանձրացած ու մռայլ տրամադրությամբ լինեմ՝ երազանքներիս մասին մտածելիս պայծառանում եմ, լցվում խանդավառությամբ ու ավելին անելու ցանկությամբ։ Երազանքներ ունենալը առաջ մղող ուժ է, ապրելու պատճառ, սակայն երազանքներն իրականացնելու համար պետք է գնալ դրանց հետևից, հավատալ, չընկճվել դժվարություններից ու միայն նայել առաջ։ Հանճարեղ մարդկանցից շատերը հենց երազանքի հետևից գնալով են դարձել այն, ինչ կան՝ այդպիսով օրինակ ծառայելով երազանքներին հավատացողներին։ Ուոլթ Դիսնեյը ասել է. «Եթե դու կարող ես երազել ինչ-որ բանի մասին, ապա կարող ես այն իրականություն դարձնել»։ Սրանք զուտ խոսքեր չեն, սրանք ապրելու ուժ են տալիս, ճախրելու թևեր, ու այդ թևերով ճախրում ես դեպի երբեմն այնքան հեռու թվացող երազանքդ։

Իմ երազանքները շատ են։ Դրանք բոլորն ապրում են իմ հոգու տիեզերքում ու այդ տիեզերքի առանձին գալակտիկաներ են կազմում։ Այդ տիեզերքի Արևը իմ հոգին ու սիրտը ջերմացնում է ու վայրկենական կարողանում է փոխել տրամադրությունս, իսկ երբեմն էլ էությունս։ Ինձ թվում է այդ հոգու Արևը կա յուրաքանչյուրիս մեջ, չէ ո՞ր երբ խոսում ենք երազանքներից, մի տեսակ ջերմանում ենք, անկախ մեզնից ժպտում ու աշխարհին նայում ուրիշ՝ ավելի բարի աչքերով։

Ես չեմ սիրում շատ խոսել երազանքներիս մասին,նրանք իմ ներսում են ապրում ու թվում է՝ բերանս բացեմ ու փորձեմ խոսել նրանց մասին, նրանք խատուտիկի թևերի պես կսավառնեն օդում, չէ՞ որ խատուտիկի թևերին փչելիս էլ մենք երազում ենք ինչ-որ բանի մասին։

Բոլորս էլ երազանքներ ունենք, բոլորս էլ երազում ու մեր հոգու խորքում հավատում ենք դրանց իրականացմանը։ Ես լիովին համաձայն եմ Ջոն Լենոնի հետ։ Նա ասում էր «You may say I’m a dreamer but I’m not the only one» (Դուք կարող եք ասել` ես երազող եմ, բայց ես միակը չեմ)։