Լուսանկարը` Մարիետա Բաղդասարյանի
Հարցազրույց PicsArt-ում կոնտենտի թիմի ղեկավար, Ամերիկյան Համալսարանի դասախոս Մադլեն Մինասյանի հետ։
-Ծնված լինելով ԱՄՆ-ում՝ ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք Հայաստանում և ինչպե՞ս կայացրիք Հայաստան գալու որոշումը։
-Ես եկա Հայաստան ինչպես արկածներ փնտրող մի դեռահաս։ Մեծանալով ստերիլ Լոս-Անջելեսում՝ ես փնտրում էի ավելի բնական մի բան։
Գտնելով փնտրածս՝ ես շատ արագ սիրահարվեցի Հայաստանին։ Հենց այդ ժամանակ (1996-ին) ցանկացա Հայաստանը դարձնել իմ մշտական տունը։ Մի քանի տարի անընդհատ գնալ-գալով անցկացրի, սովորեցի և որոշակի աշխատանքային փորձ կուտակեցի։ 2001-ին վերջապես տեղափոխվելու ժամանակն էր։ Դա մի մեծ երազանք էր, որն իրագործվեց, և որում մինչ օրս ապրում եմ։
-Ինչո՞վ էիք զբաղվում Հայաստանում, ինչպիսի՞ն էր առաջին տպավորությունը:
-Սկզբում ես աշխատում էի «Երկիր և մշակույթ» կազմակերպությունում (կազմակերպությունը, որի հետ առաջին անգամ Հայաստան եմ եկել), հետո ես հանդիպեցի պարոն Գաֆեսճյանի թիմին և սկսեցի աշխատել Գաֆեսճյան արվեստի կենտրոնում (այժմ՝ Կասկադ)։ Ես նաև կամավորական աշխատանք էի կատարում իմ սիրելի կազմակերպություններում, որոնք են` «Օրրան»-ը, «Հայկական կրթական միավորում»-ը և «Pro Paws»-ը:
Միաժամանակ ես ընտանիքս էի կազմում ամուսնուս՝ Արթուր Իսպիրյանի հետ։ Իմ ոչ պաշտոնական դերն, այնուամենայնիվ, կապ պահելն էր սփյուռքի լայն համայնքի հետ։ Մարդկանց օգնելը, տեղափոխվելուց մինչև իրենց հայկական փորձառությունը, եղել է պարտադիր աշխատանք ինձ համար Հայաստան գալուց ի վեր։
Իմ վաղ տպավորությունները հիմնականում կենտրոնացած էին անհատի և ընտանիքի տարբերությունների վրա։ Սկզբում տպավորված էի համայնքով և զարմացած, թե ինչ մտերիմ են բոլորը։ Ես աստիճանաբար հասկացա, որ դա այն է, ինչ ես ամենաշատն եմ սիրում Հայաստանում։
Լուսանկարը` Մարիետա Բաղդասարյանի
-Ի՞նչն էր ամենաանսպասելին կամ հետաքրքիրը, որ առաջինը գրավեց Ձեզ Հայաստանում։
-Թե ինչքան հիասքանչ են կանայք այս երկրում։ Ես խոսում եմ սուպերկանանց մասին։ Այստեղ ես հանդիպել եմ ամենահիանալի կանանց։ Ես նրանցից անչափ շատ եմ սովորել։ Բացի դրանից՝ ես անընդհատ հիանում եմ այս հոմոգեն մարդկանց փոքր խմբի բազմազանությամբ։ Մեր պատմությունը, լավ թե վատ, մեզ ցրել է աշխարհով մեկ, և ես ամեն մի անկյունում հանդիպել եմ հայերի, որոնք արժանապատվությամբ վաստակել են իմ հիացմունքը ոչ միայն գոյատևելով, այլ նաև բարգավաճելով։
-Ո՞րն էր ամենամեծ մարտահրավերը, որ հանդիպեց այստեղ:
-Բազմազանության պակասը այստեղ ապրելու ամենածանր մասն է։ Ես ոչ միայն կարոտում եմ տարբեր մշակույթների տոնակատարությունները (Հունական կինոփառատոն կամ Բար Միթզվան), այլև բաց լինելը բազմազանության ու վերջինիս բերած տարբերությունների հանդեպ։ Որպես ազգ, որը տառապել է ատելության պատճառով՝ մենք տեղ չպետք է տանք ատելությանը։ Բազմազանության փորձառությունը մշակույթում և արվեստում, բազմազան ընկերները, հարևանները և ընտանիքն իմ կյանքը միմիայն ավելի հարուստ են դարձրել։
-Ինչպե՞ս փոխեց Հայաստանը Ձեզ։
-Ես մերվել եմ այստեղի մշակութային և հասարակական նորմերին։ Փոքր բաներից, ինչպես հագնվելն է, մինչև ավելի մեծ տարբերություններ, ինչպիսիք են` հյուրընկալությունը և ընտանիքակենտրոնությունը, ես բավականին փոխվել եմ։
Որոշ առումներով ես շատ եմ մնացել ամերիկացի՝ բազմազանությունում ներկայանալուց, ժամանակի կառավարումից և պլանավորումից մինչև փոքր բաներ, օրինակ՝ շատ ժպտալը։
-Ինչպե՞ս վերաբերվեցին Ձեր ծնողները Հայաստանում մնալու Ձեր որոշմանը:
-Սկզբում նրանք շատ տատանվում էին, բայց հետագայում ավելի շատ այցելելով՝ դարձան ավելի հասկացող։ Այժմ՝ երկու տասնամյակ անց, նրանք համաձայն են, որ դա լավագույնն էր, որ ես կարող էի անել իմ ընտանիքի համար։ Ես միշտ ասում եմ, որ նրանք սկզբում ինձ խենթ էին համարում, իսկ այժմ՝ առաջամարտիկ։
-Պատմեք մի փոքր Ձեր մասնագիտական գործունեությունից։
-Իմ աշխատանքային գործունեությունը բավականին բազմազան է, բայց մի բան պահպանվում է միշտ։ Ես միշտ աշխատում եմ այն ծրագրերում, որոնք փորձում են լավը բերել աշխարհի համար։ Գաֆեսճյան արվեստի կենտրոնից մինչև PicsArt, ոգեշնչում տարածելը և ստեղծարարությունը միշտ եղել են առաջնայնություններ։ Ես նաև խորը հետաքրքրություն ունեմ առողջ ապրելակերպի հանդեպ՝ կապված իմ սեփական փորձի հետ Հանրային առողջապահությունում։
-Արդյոք հե՞շտ է համատեղել ընտանեկան կյանքը կարիերայի հետ:
-Իմ սիրելի կին կատակերգուն՝ մեծն Լյուսիլ Բոլը, մի անգամ ասել է․ «Եթե ցանկանում ես, որ ինչ-որ բան արվի, զբաղված մարդու խնդրիր անել այն։ Ինչքան շատ բանով զբաղվես, այդքան ավելի շատ կկարողանաս անել»։ Ընտանեկան կյանքն ու աշխատանքը համատեղելը կախված է ժամանակի արդյունավետ կառավարումից։ Նաև երբ ընտանիքիս հետ անցկացվելիք ժամանակը սահմանափակ է, ես ցանկանում եմ համոզված լինել, որ այդ ժամանակը առանձնահատուկ է։ Հեռախոսները գնում են օդանավի ռեժիմ, և զբաղմունքները կազմակերպվում են այնպես, որ կարողանանք առավելագույնս հարաբերվել։
Իհարկե, ոչ ոք չի կարող անել ամենը։ Երբ դու շատ անելիք ունես, պատասխանատվությունդ է վստահ լինել, որ այնքան արդյունավետ ես, որ կարող ես գլուխ հանել ամենից։ Ինձ համար սա ներառում է ինքս իմ մասին հոգ տանելը, կյանքն ավելի պրոդուկտիվ դարձնող ծրագրեր օգտագործելը (օրինակ՝ Trello-ն) և փորձառություններ ունենալը, որոնք ամբողջ կյանքի հիշողություններ են դառնում։
-Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում աշխատանքում:
-Ինձ ամենաշատը ոգեշնչում է առաջնորդելը և աշխատելը երիտասարդ կանանց և տղամարդկանց հետ։ Ես սիրում եմ տեսնել, թե ինչպես են իմ թիմի անդամները դառնում ավելի էֆեկտիվ, խելացի և ինձնից լավը։
-Կպատմե՞ք Ձեր աշխատանքի ու կազմակերպության մասին: Ի՞նչ պատասխանատվություն ունեք այնտեղ:
-Ես աշխատում եմ PicsArt-ում՝ մի միջավայր, որտեղ տիրող ստեղծարարությունը անսահման գործիքներով և էֆեկտներով դարձնում է ձեր պատմելիքը հիանալի։ Ընկերությունը և իրենց ծրագիրը հիանալի են, նկատի ունեմ՝ այն ստեղծարար է, գունավոր և համագործակցային։ Ես աշխատում եմ այն ամենի հետ, ինչը կապված է կոնտենտի հետ, նշանակում է՝ ես ունեմ գերժամանակակից և ընտիր թիմ, որը հավաստիացնում է, որ մեր համայնքը ապահով է, աշխույժ և առաջարկում է ոգեշնչում։
-PicsArt-ի նման մեծ կազմակերպությունում, որտեղ մշակութային բավականին մեծ բազմազանություն կա, ի՞նչն է ամենահետաքրքիրը աշխատանքում:
-Իմ աշխատանքի ամենահետաքրքիր մասը տեսնելն է, թե ինչ է մեր համայնքը սիրում և վստահ լինելը, որ մենք դրանից ավելին ենք տալիս նրանց։ Տալ մարդկանց ոգեշնչում՝ լինելու ավելի ստեղծարար․ սա այն է, ինչը մեր աշխատանքը դարձնում է մարտահրավերային և ուրախ։
-Հիմա շատ են ասում, որ Հայաստանը պետք է դառնա տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է: Ի՞նչը կարող է մեզ խանգարել:
-Հայաստանը ահռելի պոտենցիալ ունի ՏՏ ոլորտում։ Մեր բնակչությունը կարող է լցնել ՏՏ-ի բոլոր ոլորտները՝ սկսած գիտնականներից, մենեջերներից ու ստեղծողներից մինչև ինժեներներ։ Ես վստահ եմ, որ մենք առաջընթաց կունենանք այս դաշտում։
-Պատմեք մի փոքր Ձեր քաղաքացիական ակտիվ գործունեության մասին: Ինչո՞ւ որոշեցիք պայքարել:
-Իմ ընտանիքը պայքարում է անարդարության դեմ տեղափոխվելուց ի վեր (2001թ․)։ Դա երբեք կայացված որոշում չի եղել, այլ պարտականություն, որը մենք զգում էինք։ Մենք ակտիվ ենք եղել և պայքարել ենք համարյա բոլոր շարժումների շրջանակներում, որոնք եղել են անարդարության, մարդու իրավունքների հանդեպ ոտնձգությունների և կոռուպցիայի դեմ։ Այդ ժամանակ դա շատ դժվարություններ էր առաջացնում մեր ընտանիքի համար, բայց մենք պատվով ընդունեցինք հետևանքները։ Այսօր ոգևորվում ենք՝ տեսնելով, թե ինչպես է իրավիճակ փոխվում։ Մենք աջակցում ենք այդ ամենին ինչքան հնարավոր է շատ և կշարունակենք բարձրաձայնել խնդիրների մասին, երբ նկատենք դրանք։
-Ակտիվ մասնակցություն ունենալով Հայաստանում քաղաքացիական ընդվզումներին՝ ի՞նչ հատկանիշներ եք նկատել երիտասարդության շրջանում։
-Սեփականության զգացումն ու անարդարության հանդեպ անհանդուրժողականությունն ամենամեծն է, որին ականատես եմ եղել։ Սա ամեն ինչ է նշանակում, և սա այն է, ինչ ամեն ինչ տեղն է գցելու։
-Ի՞նչ կմաղթեիք այսօրվա երիտասարդներին, որոնց ուսերին է դրվում երկիրը կառուցելու ծանր բեռը:
-Ընդհակառակը, դա ոչ թե ծանր բեռ է, այլ հնարավորություն։ Մեր պապերը, պապերի պապերը կերազեին այն հնարավորության մասին, որ մեզ է ընձեռնված։ Մենք ժառանգել ենք ծանր իրավիճակ, բայց նաև հիասքանչ երկիր ու հիանալի բնակչություն։ Եկեք աշխատենք օր ու գիշեր մեր երկիրը մեր պապերի երազածը դարձնելու համար։
-Ի՞նչն է Ձեզ ամենաշատը դուր գալիս Հայաստանի Ամերիկյան համալսարանում դասավանդելիս։
-ՀԱՀ-ն այն վայրն է, որտեղ իմ հոգին լցվում է հույսով։ Ես պատիվ եմ ունեցել դասավանդելու շատ փայլուն ուղեղների։ Ես պարբերաբար ոգեշնչվում եմ՝ զգալով, թե ինչ խելացի, նորարար և իմաստուն են իմ ուսանողները։ Արցունքների հեղեղ էր, երբ տեսնում էի իմ առաջին ուսանողների ավարտելը, և ես այնպես անհամբերությամբ էի սպասում ավարտական երեկոյին, ինչպես երեխան է սպասում Դիսնեյլենդ գնալուն։ Գիտեմ, որ ես շատ հպարտ եմ լինելու մի քանի տարի հետո, երբ տեսնեմ իմ ուսանողներին մեծ աշխարհ մտնելիս և իրենց փառահեղությունն աշխարհին ցույց տալիս։ Ես պատրաստվում եմ դառնալ այն մարդը, ով խնջույքներում կասի․ «Իսկ դուք գիտե՞ք, որ այսինչ հիասքանչ ուսանողը իմ ուսանողն է եղել»։
-Եվ վերջում, որո՞նք են Ձեր ամենաօգտագործվող (նախընտրելի) ծրագրերը։
-PicsArt (գլխավորում է իմ ցանկը, իմ ստեղծարար ելքը), Armenian Public Radio Archive (բացահայտելու համար լեգենդները), Blinkist (բավարարելու իմ՝ հավերժ սովորելու ցանկությունը), Trello (ինձ կազմակերպված պահելու համար), Insight Timer (ուղղորդված մտածելիքի համար, ինձ հավասարակշռված է պահում), Spotify (երաժշտություն, երաժշտություն և էլի երաժշտություն), Reddit (խիղճս տանջող հաճույքը)։
Հարցազրույցը գրի առավ Մարիետա Բաղդասարյանը