Անի Հակոբյանի բոլոր հրապարակումները

Ani Hakobyan

Հայաստանի երանգները

Մոտ մեկ տարի առաջ էր՝ կեսօրին,  Դսեղում Թումանյանի տուն-թանգարանից դուրս գալուց հետո էքսկուրսավար մոտեցավ  և ասաց, որ տասը րոպեից շարժվում ենք: Տասը րոպեից շարժվելու էինք դեպի Հայաստանի հոգևոր, մշակութային և խոշոր վանական համալիրներից երկուսը: Այնքան էլ շատ տեղեկություններ չունեի դրանց մասին, միայն պատմության դասերից գիտեի, որ երկուսն էլ համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ: Դա արդեն իսկ հպարտության տեղիք էր տալիս: Ճանապարհ ընկանք, և որոշ ժամանակ անց մեքենայի ուժեղ երաժշտությունը դադարեց, և դրան փոխարինելու եկավ էքսկուրսավարի ձայնը, որը սկսեց պատմել վանքերի մասին: Քիչ թե շատ իմացա, որ երկուսն էլ հիմնադրվել են 10-րդ դարում՝ Բագրատունիների օրոք, դարերի ընթացքում որոշ մասեր քանդվել են, այնուհետև վերակառուցվել, այժմ կանգուն են և համարվում են Հայաստանի  խորհրդանիշներից: Սկզբում այցելեցինք մեկը, հետո՝ մյուսը: Հեռավորությունը այնքան էլ մեծ չէր: Ամենալայն իմաստով կարելի է ասել, որ Լոռվա բնությունը մի ողջ տիեզերք է: Չնայած, որ մի շաբաթից այդտեղ արդեն ամառ էր սկսվելու, միևնույնն է, օդը սառն էր, և դա ինձ ստիպում էր սթափվել, բայց բնությունը իմ մեջ ստեղծել էր մի զգացողություն, որ վերածվել էր էներգետիկ ուրախության: Զգացողություն, որ ունակ է անցնել յուրաքանչյուր կենդանի էակի միջով և ստեղծել շոշափելի մի կապ, որն էլ իր հերթին ծնել էր ականջների սահմաններում, բայց միևնույն ժամանակ սրտի համար մատչելի մի մեղեդի: Երբ կյանքում այս պատկերը տեսել ես միայն նկարներով, իսկ հիմա՝ առանց որևէ ֆիլտրի, անզեն աչքով, իրականությունը իր ողջ գեղեցկությամբ զարմանք է առաջացնում:

Հիացած բնության պատկերով՝ մտնում եմ եկեղեցի: Մի պահ մտածելուց և նայելուց հետո հասկանում եմ, որ ամեն քարի մեջ մի բուռ սեր կա, գմբեթի քանդված մասից ընկնող լույսի մեջ՝ մի բուռ հավատ, ամեն վառված մոմի մեջ՝ մի բուռ հույս: Իսկ վերջում հասկանում ես, որ աշխարհի վրա ուրիշ մի տեղ դժվար թե կարողանաս գտնել նման եկեղեցին և վանքեր:

Հաղպատ և Սանահին: Այս երկու վանական համալիրների մասին էր խոսքը, որոնք այդ օրվանից դարձան Հայաստանի ամենագեղեցիկ և ամենատպավորիչ անկյուններից ինձ համար:

Սիրենք Հայաստանը և ապրենք նրանով։

 

Ani Hakobyan

Շղարշիկ

Արագածոտն մարզի բարձր լեռնային հատվածներում է տեղակայված Շղարշիկը: Գյուղ, որը տվել է սերունդներ, որոնցից մեկը ես եմ:

Երբ նոր էի գնում դպրոց, արդեն հասցրել էի իմանալ, որ դասընկերներս ծնվել են Երևանում, իսկ ես՝ ոչ: Սկզբում տարօրինակ էր, բայց հետո չէի էլ պատկերացնի, որ կհպարտանամ դրանով:

Գյուղը, որտեղ ծնվել եմ և անցկացրել մանկությանս գրեթե մեծ մասը, որտեղ ծնվել են հայրս ու պապիկս,  ստեղծել են Հայոց Մեծ Եղեռնից մազապուրծ եղած մի քանի փախստականներ: Երկու փոքր վարելահողը և մի քանի խրճիթը այսօր դարձել է մի մեծ գյուղ, որն ունի մոտ յոթ հարյուր բնակիչ:

Քաղաքի դպրոցները, որոնք ամեն տարի իրենց դռներն են բացում  հարյուրավոր առաջին դասարանցիների առաջ, տարբերվում են գյուղիս դպրոցից նրանով, որ մենք չունենք հարյուրավոր առաջին դասարանցիներ, այլ մեկը կամ երկուսը: Սակայն այդ մեկ-երկուսով մենք զարգացել ենք, և չկա այդպիսի մի մարդ այդ գյուղում, ով չհպարտանա իր մի կտոր հողով:

Այս գյուղ մտնելուն պես ականջիս է հասնում դարերի խորքից լսվող հայի էրգրի կարոտի կանչը: Կարոտ, որ նման է թոնրի մոխրի տակ մնացած անթեղ կրակի:

Մի անգամ՝ ամառային արձակուրդների ավարտվելու շեմին, տան կողքի այգում նստած գիրք էի կարդում, երբ լսեցի այս փոքր խոսակցությունը՝ տատիս և մորս միջև.

-Երեխա ին ունեծի:

-Հորով-մորով երեխա մեձնա…

Չեմ էլ հիշում՝ ում մասին էր խոսքը, ով էր երեխա ունեցել, և խոսակցությունը հետագա ինչ ընթացք ունեցավ, միայն այդ օրվանից սկսած հասկացա, որ այդ գյուղում ծնվող ամեն մի երեխա մի տան, մի գերդաստանի, մի տոհմածառի և վերջապես մեր ազգի շարունակությունն է:

Մինչև օրս էլ կանչում է այդ գյուղը ինձ, կանչում՝ կարոտով: Չգիտեմ, միգուցե, ծննդավայրս է, բայց դրանից զատ հարազատ է, որով միշտ հպարտացել եմ ու կհպարտանամ այն փաստով, որ ծնվել եմ այնտեղ: