Անի Հակոբյանի բոլոր հրապարակումները

Երբեք չմոռացվողը

Տասներկու տարվա ընթացքում մեզ սովորեցրել են, մենք սովորել ենք: Մենք սովորել ենք պատմություն, մենք սովորել ենք տարիներով տևած պատերազմների մասին կարդալ ընդամենը մի քանի էջ ու վերջ, սովորել ենք հայ դավաճանների, նրանց դավաճանությունների մասին:  Իսկ ինչո՞ւ մեզ չեն սովորեցրել դիմադրել ցավին, դիմանալ ընկերոջ կորստին, ինչո՞ւ  մեզ այդպես էլ չսովորեցրին մինչև վերջ սպասել ու սիրել, գնահատել ամեն պահն ու ակնթարթը:  Թե՞ մենք չսովորեցինք: Չսովորեցինք, քանի որ չմտածեցինք, որ ամիսներ առաջ մեզ հետ քննությունների պատրաստվող ընկերը ամիսներ անց՝ այսօր, կարող է ֆիզիկապես էլ չլինել: Չսովորեցինք, քանի որ մտքներովս անգամ չանցկացրինք, որ մանկության ընկերներին բակում իրենց նստարաններին նստած էլ չենք տեսնի:

Պատմությունը միշտ էլ դաժան է եղել: Ու ամեն անգամ դաժան էջերի դասերը սովորելու փոխարեն զբաղվել ենք ուրիշ բաներով, իսկ դրանք պատասխանելու փոխարեն ուղղակի ասել ենք. «Էսօր չէ, էլի: Մնա` հաջորդին կպատասխանեմ»: Պատմությունը միշտ էլ դաժան է եղել, բայց դրա դաժանությունը զգում ենք այն դեպքում, երբ ապրում ենք այդ պատմության մեջ ու այդ պատմությունով: Դաժանությունը կզգանք, երբ մի քանի տարի անց պատմության նոր գրքերում կտեսնենք այն երկուէջանոց պատմությունը, որի միջով անցանք մենք: Այն պատմությունը, որը տարավ շատերից ամենաթանկը: Այն պատմությունը, որը ստիպեց մեծանալ վերջնականապես: Այն պատմությունը, որ ստիպեց համակերպվել ցավին:  Այն պատմությունը…

Մենք երեխաներ էինք, ովքեր նոր էին կյանք մտել, սակայն նայեցին ուղիղ ցավի, տառապանքի, մահվան աչքերի մեջ: Նայե՛ք մեր աչքերի մեջ ու հասկացե՛ք, թե աշխարհում, ուր մենք ծնվել ենք ու  ապրում ենք, որտեղից այդքան նենգություն, ցասում ու նախանձ: Նայե՛ք ու փնտրե՛ք բարության նշույլներ մեր աչքերում:

Մենք սերունդ ենք՝ չկոտրվող սրտերով: Մենք շարունակում ենք ապրել մեր ընկերների կիսատ մնացած երազանքներով: Մենք շարունակում ենք ցավով լցված սրտերով առաջ շարժվել: Շարժվել առաջ՝ բոլորին ապացուցելով, որ մենք կարող ենք անգամ անհնարինը:

Պատճառներն ու լուծումները փնտրենք մեր մեջ, անենք հետևություններ: Իսկ  հոդվածն էլ ավարտեմ ավստրիացրի գրող Կառլ Կրաուսի հանճարեղ խոսքերով. «Ինչպե՞ս է կառավարվում աշխարհը, և ինչպե՞ս են բռնկվում պատերազմները: Դիվանագետները ստում են լրագրողներին և հավատում են իրենց իսկ ստերին՝ կարդալով դրանք թերթերում»:

Լուսանկարները` Սերյոժա Առաքելյանի

Ani Hakobyan

Այն մասին, թե ինչպես վայելել կյանքը անգամ այս օրերին

Վերջերս շատ ենք հանդիպում այնպիսի մեկնաբանությունների, որոնց մեջ մարդիկ իրենց դժգոհությունն են արտահայտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մարդիկ բողոքում են, որ չեն կարողանում հանգիստ դուրս գալ տանից, չեն կարողանում շփվել իրենց ընկերների ու հարազատների հետ, չեն կարողանում զբաղվել իրենց սիրելի աշխատանքով և վերջապես չեն կարողանում անել այն, ինչ անում էին վերջին իրողություններից առաջ։ Սակայն եկեք մի պահ մեզ հիշենք մի քանի ամիս առաջ, երբ այս ամենը դեռ չէր կատարվել։

Ամեն առավոտ զարթուցիչի ձայնը այնպես էր հասնում ականջիդ, որ հասկանում էիր՝ արդեն ժամանակն է, ուզած-չուզած պիտի վեր կենաս, կատարես ամենօրյա քո սովորական գործողությունները և վազես տանից դուրս։ Աչքերդ արդեն սովորել են տեսնել նույն տեսարանները. մեքենաների ծուխ, որից քեզ թվում է՝ ուր որ է` կխեղդվես, ինչ-որ տեղ շտապող մարդիկ՝ ուսանողներ, դպրոցականներ, խցանումներ, մետրոյի արագընթաց վագոններ, որոնց մեջ ասեղ գցելու տեղ չկա։ Առջևումդ բացվում է Երևանը՝ իր բանուկ փողոցներով, երջանիկ դեմքերով, քո սիրո քաղաք Երևանը։ Սա այն քաղաքն է, որտեղ մարդիկ երջանիկ են՝ անկախ ամեն ինչից, այստեղ քաղաքի ամեն անկյունում դու տանն ես, այստեղ քեզ բոլորը սիրում են, անգամ եթե դա քեզ բարձրաձայն չեն ասում։ Շտապում ենք դպրոց, համալսարան, աշխատավայր, ու սկսվում էր մեր ամենօրյա աշխատանքային օրը։ Ու ամեն օրվա ավարտին մենք մտածում էինք, թե երբ են գալու հանգստյան օրերը, երբ են գալու արձակուրդները, որ հանգստանանք այս աշխույժ առօրյայից։

Իսկ հիմա եկեք վերադառնանք մեր այսօրվա օրվան։ Երկար մտածենք ու կհասկանանք, որ մեր աշխույժ առօրյան այնքան էլ անհետաքրքիր չէր և այնքան էլ հոգնեցնող չէր, ինչքան ամբողջ օրը տանը նստելը և պատուհանից դուրս նայելը՝ տեսնելով, թե ինչպես է ծաղկում ծիրանենին և ինչպես է գարնան արևը ջերմացնում շրջակայքը։ Եվ իսկապես, մի պահ ուզում ես հետ վերադարձնել քո աշխատանքային առօրյան, խցանված փողոցները ու նրանց աղմուկը, անգամ ամեն ինչից դժգոհող մարդկանց։ Ու նաև հասկանում ես, որ ինչքան էլ սպասենք հանգստյան օրերին ու արձակուրդներին, միևնույնն է, դրանք անպայման գալու են և ոչ թե մի, այլ շատ անգամներ։ Այդ իսկ պատճառով պետք չէ սպասել, պիտի վայելել ներկա պահը։

Հիմա մեզնից շատերը տանը նստած, չգիտեն՝ ինչով զբաղվել, շատերը դիտում են այն ֆիլմերը կամ կարդում են այն գրքերը, որոնք պլանավորել էին, բայց հոգու խորքում սպասում ենք այս ամենի ավարտին։ Վստահ կարող եմ ասել, որ մեզնից շատ քչերն են գիտակցում, որ սա մի մեծ արձակուրդ է բոլորիս համար, որ հանգստանանք գրեթե ամեն ինչից։ Պիտի վայելել նաև այս արձակուրդը, որ հետո աշխատանքը ավելի հաճելի թվա։

Առանց դժգոհ մարդկանց ու նրանց դժգոհությունների աշխարհը այն չէր լինի։ Դրա համար արտահայտեք ձեր դժգոհությունը, բայց երբեք մի՛ դադարեք վայելել ներկա պահը և օգտվեք ամեն մանրուքից, որ կյանքը նետում է ձեր դիմաց։

Ani Hakobyan

Թաքնված բարություն

Մի անգամ ինչ-որ բանից բարկացած (հիմա չեմ էլ հիշում, թե ինչ էր) տուն էի շտապում, երբ մի երեխա մոտեցավ ու իր բարի ժպիտով ասաց.

-Պեչենի կուզե՞ս:

Իսկ ես իմ նյարդային հայացքով նայեցի փոքրիկին ու բղավեցի.

-Չէ՛, չեմ ուզում, քե՛զ պահիր քո պեչենին:

Ի՞նչ մեղք ուներ այդ երեխան և իր թխվածքաբլիթը: Նա ուղղակի իր ունեցածը ուզեց կիսել ինձ հետ, որ դեմքիս ժպիտ գա, իր դեմքի նման պայծառ ու լուսավոր դառնա, իսկ ես ավելի մռայլվեցի: Հետո, երբ նյարդայնությունս անցավ, մի պահ ուզեցի գտնել այդ փոքրիկին, բայց ո՛չ ինքը կար, ո՛չ էլ թխվածքաբլիթը:

Պահի ազդեցության տակ արված քայլերը մենք հետո ենք հիշում և վերլուծում՝ հասկանալով ճիշտ էինք, թե սխալ: Իմ դեպքում սխալը ես էի: Նման դեպքերում լռել է պետք սովորել, ուղղակի լռել, քանի որ մեր վերաբերմունքով ու խոսքերով մենք շատ ժամանակ նեղացնում և վիրավորում ենք մեր ծնողներին, ընկերներին, մեզ համար շատ ու շատ կարևոր մարդկանց: Արդյոք արժե անտեղի բաների համար նեղացնել անգամ անծանոթ որևէ մեկին: Ոչինչ չասելը մեզ ժամանակ առ ժամանակ տալիս է մտքի ազատություն, իսկ ազատությունը երջանիկ լինելու ամենաառաջին գլխավոր պայմանն է: Եթե սրտի խորքում դեռևս կառչել ենք որևէ բաներից՝ անհանգստությունից, բարկությունից, ագրեսիայից, մենք չենք կարող ազատ լինել:

Նման դեպքեր բոլորիս հետ էլ լինում են, բայց պիտի կարողանանք բարությունը դարձնել մեր կյանքի կարևորագույն գործոններից մեկը, որը անգամ ուժեղ բարկության դեպքում կստիպի, որ ձեռքդ առաջ տանես ու վերցնես թխվածքաբլիթը: Պիտի գիտակցենք, որ ամեն մեկիս սրտի մի անկյունում գոնե մի փոքր բարություն կա, որ գործի դնելով՝ կուրախացնենք և՛ մեզ, և՛ դիմացինին: Մարդու համար կարևոր է առողջությունը, հոգու համար՝ բարությունը: Երկուսն էլ անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, բայց բացակայությունը միանգամից զգացնել կտա իրեն և տակնուվրա կանի ամեն հնարավոր և անհնար բան:

Եթե օրերից մի օր մի փոքրիկ մոտենա ու թխվածքաբլիթ առաջարկի, ինչքան էլ բարկացած լինեք, վերցրե՛ք:

Ani Hakobyan

Հայաստանի երանգները

Մոտ մեկ տարի առաջ էր՝ կեսօրին,  Դսեղում Թումանյանի տուն-թանգարանից դուրս գալուց հետո էքսկուրսավար մոտեցավ  և ասաց, որ տասը րոպեից շարժվում ենք: Տասը րոպեից շարժվելու էինք դեպի Հայաստանի հոգևոր, մշակութային և խոշոր վանական համալիրներից երկուսը: Այնքան էլ շատ տեղեկություններ չունեի դրանց մասին, միայն պատմության դասերից գիտեի, որ երկուսն էլ համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ: Դա արդեն իսկ հպարտության տեղիք էր տալիս: Ճանապարհ ընկանք, և որոշ ժամանակ անց մեքենայի ուժեղ երաժշտությունը դադարեց, և դրան փոխարինելու եկավ էքսկուրսավարի ձայնը, որը սկսեց պատմել վանքերի մասին: Քիչ թե շատ իմացա, որ երկուսն էլ հիմնադրվել են 10-րդ դարում՝ Բագրատունիների օրոք, դարերի ընթացքում որոշ մասեր քանդվել են, այնուհետև վերակառուցվել, այժմ կանգուն են և համարվում են Հայաստանի  խորհրդանիշներից: Սկզբում այցելեցինք մեկը, հետո՝ մյուսը: Հեռավորությունը այնքան էլ մեծ չէր: Ամենալայն իմաստով կարելի է ասել, որ Լոռվա բնությունը մի ողջ տիեզերք է: Չնայած, որ մի շաբաթից այդտեղ արդեն ամառ էր սկսվելու, միևնույնն է, օդը սառն էր, և դա ինձ ստիպում էր սթափվել, բայց բնությունը իմ մեջ ստեղծել էր մի զգացողություն, որ վերածվել էր էներգետիկ ուրախության: Զգացողություն, որ ունակ է անցնել յուրաքանչյուր կենդանի էակի միջով և ստեղծել շոշափելի մի կապ, որն էլ իր հերթին ծնել էր ականջների սահմաններում, բայց միևնույն ժամանակ սրտի համար մատչելի մի մեղեդի: Երբ կյանքում այս պատկերը տեսել ես միայն նկարներով, իսկ հիմա՝ առանց որևէ ֆիլտրի, անզեն աչքով, իրականությունը իր ողջ գեղեցկությամբ զարմանք է առաջացնում:

Հիացած բնության պատկերով՝ մտնում եմ եկեղեցի: Մի պահ մտածելուց և նայելուց հետո հասկանում եմ, որ ամեն քարի մեջ մի բուռ սեր կա, գմբեթի քանդված մասից ընկնող լույսի մեջ՝ մի բուռ հավատ, ամեն վառված մոմի մեջ՝ մի բուռ հույս: Իսկ վերջում հասկանում ես, որ աշխարհի վրա ուրիշ մի տեղ դժվար թե կարողանաս գտնել նման եկեղեցին և վանքեր:

Հաղպատ և Սանահին: Այս երկու վանական համալիրների մասին էր խոսքը, որոնք այդ օրվանից դարձան Հայաստանի ամենագեղեցիկ և ամենատպավորիչ անկյուններից ինձ համար:

Սիրենք Հայաստանը և ապրենք նրանով։

 

Ani Hakobyan

Շղարշիկ

Արագածոտն մարզի բարձր լեռնային հատվածներում է տեղակայված Շղարշիկը: Գյուղ, որը տվել է սերունդներ, որոնցից մեկը ես եմ:

Երբ նոր էի գնում դպրոց, արդեն հասցրել էի իմանալ, որ դասընկերներս ծնվել են Երևանում, իսկ ես՝ ոչ: Սկզբում տարօրինակ էր, բայց հետո չէի էլ պատկերացնի, որ կհպարտանամ դրանով:

Գյուղը, որտեղ ծնվել եմ և անցկացրել մանկությանս գրեթե մեծ մասը, որտեղ ծնվել են հայրս ու պապիկս,  ստեղծել են Հայոց Մեծ Եղեռնից մազապուրծ եղած մի քանի փախստականներ: Երկու փոքր վարելահողը և մի քանի խրճիթը այսօր դարձել է մի մեծ գյուղ, որն ունի մոտ յոթ հարյուր բնակիչ:

Քաղաքի դպրոցները, որոնք ամեն տարի իրենց դռներն են բացում  հարյուրավոր առաջին դասարանցիների առաջ, տարբերվում են գյուղիս դպրոցից նրանով, որ մենք չունենք հարյուրավոր առաջին դասարանցիներ, այլ մեկը կամ երկուսը: Սակայն այդ մեկ-երկուսով մենք զարգացել ենք, և չկա այդպիսի մի մարդ այդ գյուղում, ով չհպարտանա իր մի կտոր հողով:

Այս գյուղ մտնելուն պես ականջիս է հասնում դարերի խորքից լսվող հայի էրգրի կարոտի կանչը: Կարոտ, որ նման է թոնրի մոխրի տակ մնացած անթեղ կրակի:

Մի անգամ՝ ամառային արձակուրդների ավարտվելու շեմին, տան կողքի այգում նստած գիրք էի կարդում, երբ լսեցի այս փոքր խոսակցությունը՝ տատիս և մորս միջև.

-Երեխա ին ունեծի:

-Հորով-մորով երեխա մեձնա…

Չեմ էլ հիշում՝ ում մասին էր խոսքը, ով էր երեխա ունեցել, և խոսակցությունը հետագա ինչ ընթացք ունեցավ, միայն այդ օրվանից սկսած հասկացա, որ այդ գյուղում ծնվող ամեն մի երեխա մի տան, մի գերդաստանի, մի տոհմածառի և վերջապես մեր ազգի շարունակությունն է:

Մինչև օրս էլ կանչում է այդ գյուղը ինձ, կանչում՝ կարոտով: Չգիտեմ, միգուցե, ծննդավայրս է, բայց դրանից զատ հարազատ է, որով միշտ հպարտացել եմ ու կհպարտանամ այն փաստով, որ ծնվել եմ այնտեղ: