Զարուհի Գևորգյանի բոլոր հրապարակումները

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Սևանը

Համբարձման վիճակ

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Համբարձման տոն (վիճակի տոն ) կամ ` ինչպես իմ համագյուղացիներն են ասում՝ ջուր գողանալու օր։ Համբարձման տոնը նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի։

Մեր գյուղում՝ Լճափում, տոնը նման է վիճակ գցելու, որի ընթացքում պարզում են, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու,  ով ինչպիսի ամուսին է ունենալու, կամ էլ՝ հասնելու է իր «մուրազին» թե չէ։

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Տոնի նախօրեին հավաքվում ենք գյուղից յոթ աղջիկ և սկսում գողություն անելը… Հա, հա, հենց գողություն, չնայած այս դեպքում կարելի է ասել ջրի գողը՝ գող չէ։
Հավաքվում ենք ու սկսում…

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Մեր յոթ հոգանոց խմբով շրջում ենք գյուղով առանց անգամ մեկ բառ արտաբերելու։ Այդ ընթացքում աղջիկներիցս յուրաքանչյուրը զգուշությամբ պետք է մտնի համագյուղացիներից մեկի բակ, այնպես, որ իրեն չնկատեն տվյալ տան բնակիչները, և թաքուն աղբյուրից վերցնի մեկ բուռ ջուր, լցնի վիճակի համար նախատեսված թասի մեջ, այնուհետև այդ նույն բակից վերցնի մեկ քար, մեկ տերև և մեկ ծաղիկ, կրկին գցի, թասի մեջ և լուռ հեռանա կամ էլ եթե բռնվելու վտանգ է նկատում ինչպես մենք ենք ասում թափով փախնի ինչքան որ ուժ ունի։ Գողությունից հետո գնում ենք գյուղի մատուռի մոտ։ Յուրաքանչյուրս մեզ պատկանող որևէ մի իր ենք գցում թասի մեջ և թասը թաքցնում ենք դրսում, որպեսզի աստղերը հաշվեն: Մենք այնպես ենք թաքցնում թասը, որ գյուղի տղաները չգտնեն և չգողանան մեր դժվարությամբ ձեռք բերած ջուրը, թե չէ առանց նվերի ջուրը հետ տվողը չեն։
Գնում ենք տուն և անհամբերությամբ սպասում ենք հաջորդ օրվան` մեր բախտը իմանալու համար։

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Հաջորդ օրը հավաքվում ենք մատուռի մոտ։ Նստում ենք և սկսում ամենասպասվածը…
Աղջիկներից որևէ մեկը կարդում է վիճակի տոնին նվիրված մի խոսք և դրանից հետո մի փոքրիկ աղջիկ՝ հարսի զգեստով կամ էլ քողով, թասից հանում է իրերից մեկը։ Ում իրը որ հանում է, այդ խոսքը վերաբերվում է տվյալ իրի տիրոջը։ Այս գործողությունը կատարվում է երեք անգամ, և ավելի ճիշտ են համարվում վերջին երրորդ անգամ արտաբերված խոսքերը։
Դրանցից են օրինակ՝

Ձեր գեղի շեկլիկ տղեն,

Աշխարհ գիտե՝ քո տերն ա:

Մատնիքդ մատովդ չէ,

Սիրածդ սրտովդ չէ:

Շեկ յարիդ դրիր ճամփան,

Սուրբ Կարապետ պահապան:

Սարեն անցան հավքերը,

Կիսատ չի մնա սերդ։

Գարնան բացվի նոր լալա,

Հարսը բերի զույգ բալա:

Երկան արտը գարի է,

Նշանվելու տարի է:

Նշանածդ չինար է,

Չինար ու բարդի ծառ է:

Դու կառնիս էնպես տղա,

Օր սաղ գեղն ուրախանա:

Աշուն իջնի սարերուն,

Քեզի հարսնիք էնենք։

Այսօր մեզ կարող եք հանդիպել մատուռի մոտ:

Զատիկը սենց չէ՞ր իմալ

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

-Տատ, մի բան հարցնեմ: Շատ եմ լսել, որ մեծերը գովում են հին ժամանակները, էն ժամանակների ավանդույթները: Օրինակ, այսօր Զատիկ է: Հիմի ի՞նչ, էն վախտերը Զատիկը սենց չէ՞ր իմալ, որ հիմի ա։

-Է՜, բալա ջան, էն վախտերի հմեն ինչն էր ուրիշ: Ճիշտ ա, էն վախտ սեղանին ինչ դնում ինք, հիմի էլ են էտի դնում, բայց էն վախտ ուրիշ ձև ինք պատրաստվում։
Էն վախտ մենք մե քանի հոգով հավաքվում ինք Զատկից առեջ, եթում ինք չոլերից փռո ինք հավաքում, որ ձվերը ներկինք, կամ էլ սոխի կճեպով ինք ներկում: Հիմի ի՞նչ ա էդ քիմիական ներկերը լցած խանութներ, մարդիկ էլ առնում են: Սաղ քիմիա ա, ստից տպեր են կպցնում։ Մենք Զատկի օրը ձցում ինք հարում, սարքում ինք կարագ, հաց ինք դնում, պանիր, կանաչի, ձու ու ոտով երգելով-պարելով եթում ինք կողի գեղի եկեղեցիները: Հիմի սաղ լցվում են ավտոները, էթում են եկեղեցիներ, յանի մոմ են վառում, սելֆի են անում իրանցը, խմում են, ստից բանից կռիվ են սարքում։

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

-Տատ, բա ասենք հիմի ձու են կռվացնում երեխեքը, էն վախտերը կա՞ր տենց բան։

-Բա իմա՞լ չկար, բալա ջան: Երեխեքը տանին վերցում ին մե քանի ձու, եթում ին իրանց ընգերների տները, կռվացնում ին ձվերը, ում ձուն ջարդում էր, ինքը էդ ջարդված ձուն տալում էր հաղթող ձվի տիրոջը։ Հոպարներդ էլ տալում ին, պապդ փեդերից ձվեր էր սարքում, ներկում ին, տենց տանում ին սաղին հաղթում ին: Իսկ ամենախնդալուն էլ էն էր, որ երկու հոգի ուզում ին կռվցնին ձվերը, ու պարզվում էր՝ երկուսինն էլ փեդից սարքուկ էր: Է ՜, բալա ջան, երնեկ էն վախտերը։

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը՝ Վիոլետա Մկրտչյանի

Ծիրանաչիր

Լուսանկարը՝ Զարուհի Գևորգյանի

Լուսանկարը՝ Զարուհի Գևորգյանի

Ծիրանի սեզոնը այդքան էլ երկար չի տևում՝ մոտավորապես մեկից երկու ամիս։ Սակայն դա անհանգստանալու տեղիք չի տալիս, քանի որ մարդիկ սովորել են և իրենց սիրելի մրգերից պատրաստում են ձմեռվա համար պահածոներ և կոմպոտներ։ Բայց պահածոներից և կոմպոտներից համեղ և ավելի օգտակար է մրգերից չիր պատրաստելը։

Ծիրանի չիր պատրաստելու համար այդքան էլ երկար ժամանակ և շատ ջանքեր պետք չեն։
Սկզբում լվանում ենք ծիրանները և լցնում ենք թասի մեջ, վրան ավելացնում ենք բավարար քանակությամբ շաքարավազ, այնուհետև դասավորում ենք սկուտեղի վրա և մեկ օր թողնում զով վայրում, որպեսզի ծիրանի հյութը դուրս գա։ Հաջորդ օրը հյութը քամում ենք, եռացնում և վրան ավելացնում ենք մեկ թեյի գդալ կիտրոնի աղ, որպեսզի ծիրանները չշաքարակալվեն, իսկ հետո ծիրանի հատիկները քիչ-քիչ լցնում ենք այդ հյութի մեջ և նորից եռացնում, մինչև որ ծիրանները փայլուն տեսք ստանան: Նորից զգուշությամբ հանում ենք ծիրանները և դասավորում սկուտեղների մեջ։ Սկուտեղները մոտ տասը օր դնում ենք արևի տակ և օրվա մեջ երկուսից երեք անգամ ծիրանները շուռ ենք տալիս, մինչև չորանալը։ Ահա, պատրաստ է հայկական ծիրանաչիրը։ Եվ, ինչպես մեծերն են ասում. «Ընչի՞ հմեն ինչին փող տանք, առնենք, եթե մենք կարանք մեր ձեռով տնականը սարքենք, հմի ի՞նչ իմանանք՝ էդ առնովի ուտելիքների մեջ ինչեր են լցում»։

Մեր ծովը

Մեր գյուղը՝ Լճափը, գտնվում է Սևանա լճի ափին։ Երբ սկսվում են ամառային արձակուրդները, և եղանակները սկսում են տաքանալ, համարյա թե ամեն օր մենք բարեկամներով գնում ենք Սևան։ Չէ’, չէ ոչ թե Սևան, այլ ծով՝ մենք այդպես ենք անվանում մեր Կապույտ ծովը: Իսկ ինչո՞ւ ծով, քանի որ Սևանա լճին մոտ ապրող մարդկանց համար Սևան՝ միայն Սևան քաղաքն է, դրա համար էլ, երբ քաղաքներում ապրող մարդկանց ներկայությամբ ասում ենք, որ իջնում ենք ծով, նրանցից շատերը զարմանում են ու ծռմռում իրենց դեմքը:

Հաճախ մեծահասակները խուսափում են ծովից, իսկ դրա պատճառներից մեկը իրենց վախն է: Շատ եմ լսել մեծերից «Ծովն իր փայը անպայման տանում ա» արտահայտությունը, դա նշանակում է, որ ամեն տարի դժբախտաբար մարդիկ են խեղդվում ծովում: Որքան էլ ցավալի է ընդունելը, դա այդպես է։ Չկա մի տարի, որ չլսենք այդպիսի դեպքերի մասին:


Բայց չհաշված այս ամենին, երեխաներն ու երիտասարդները չեն դադարում գնալ ծով, ինչ արած, ես նույնպես նրանց խմբին եմ պատկանում: Շատ եմ սիրում մեր Սևանը, մեր ծովը, սիրում եմ լողալ կամ էլ ուղղակի նստել ափին ու լսել ալիքների խշշոցը։ Հենց լույսը բացվում է, և եղանակը արևոտ է լինում, ես, քույրս, եղբայրս և հորեղբորս երեխաները սկսում ենք պապիկին համոզել, որ մեզ տանի ծով: Եվ քանի որ բոլորս միասին տխուր դեմքեր ենք ընդունում, նա չի կարողանում մեզ մերժել։ Ծովի ափին մարդիկ ուրախ են, հանգիստ, բայց միևնույն ժամանակ, անհանգիստ և շատ նյարդային։ Չկա մի այնպիսի օր, ոը լճի ափին գտնվելու ժամանակ չլսեմ «Բալա ջան հեռու մի գնա, փորձանքի բուն ա, հո դու գիշերվա երա՞զ չես», «Հերիք ա, դուս արի, քոռնամ ես, կմրսես կհիվնդնաս», «Որ սենց եք անում՝ հեսա կզանգեմ ձեր հորը, ու էլ ծովի երես չեք տենա» խոսքերը:

Մանդակի հետևից

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Ապրուստի միջոց վաստակելու համար գյուղի տղամարդիկ մեկնում են արտերկիր, բայց կանայք էլ անգործ չեն նստում և սպասում, թե երբ ամուսինները կաշխատեն ու մի քիչ գումար կուղարկեն: Նրանք փորձում են ամեն կերպ թեթևացնել ամուսինների «վզին դրված» հոգսերը:

Մայիսից մինչև հունիս մեր գյուղում ամեն օր կանայք ոտքով կտրում և հասնում են գյուղից մի քանի կիլոմետր հեռու գտնվող դաշտերը, որպեսզի մանդակ հանեն: Մանդակը վաճառում են, կամ էլ իրենք են կերակուր պատրաստում դրանից: Մայրս նույնպես բոլոր կանանց հետ գնում է դաշտ:

Գիտե՞ք, տարիներ առաջ, երբ շատ փոքր էի, ուրախանում էի, որ նա գնում է դաշտ՝ մանդակի, որովհետև գիտեի, որ մանդակի գումարով մեզ կոնֆետներ ու պաղպաղակ է գնելու, իսկ հիմա… Հիմա ամեն անգամ, երբ մայրս դաշտից վերադառնում է, ես տեսնում եմ, որ նա շատ հոգնած է: Ինձ այնքան վատ եմ զգում, որ չեմ աշխատում ու հնարավորություն էլ չունեմ աշխատելու, իսկ դրա փոխարեն մայրս ամեն օր՝ թե՛ ցուրտ, և թե՛ տաք եղանակին դաշտերում է: Բայց այն հարցին, թե չե՞ն հոգնում արդյոք այդքան քայլելուց ու կռացած մանդակ հանելուց, մայրիկս պատասխանեց, որ որքան էլ հոգնեն, միևնույնն է, նորից գնալու են: Երբ մանդակը տանում են շուկա, վաճառում, սեփական քրտինքով գումար են վաստակում իրենց երեխաների համար՝ մի ամբողջ աշխարհ արժե:

զառա

«Իմ իրավունքները եւ ինչպես են դրանք պաշտպանվում» թեմայով էսսեների մրցույթի հաղթողներ

Առաջին մրցանակ

Հայկի հետ սովորում էի նույն դպրոցում: Նա շատ ընդունակ և խելացի տղա էր, փայլում էր մաթեմատիկական գիտելիքներով, բազմիցս մասնակցել է «Կենգուրու» մրցույթին և գրանցել փայլուն արդյունքներ: Հայկի ընտանիքը բազմանդամ է, և քանի որ մենք գիտենք մեր երկրի սոցիալական վիճակը, ինչպես նաև՝ պետության աջակցության չափը սոցիալապես անապահով և բազմանդամ ընտանիքներին, ուստի բնական է, որ նրանց սոցիալական պայմանները չէին բավարարում կենցաղային ծախսերը հոգալու համար: Եվ մի օր էլ Հայկը սկսեց չհաճախել դպրոց: Հետաքրքրվեցինք և իմացանք, որ նրա դպրոց չհաճախելու պատճառն այն էր, որ Հայկը որոշել էր աշխատել իր հայրիկի հետ՝ հոր վզին դրված ծանր բեռը ինչ-որ չափով թեթևացնելու համար: Դպրոցի տնօրինությունը փորձեց խոսել Հայկի և նրա ծնողների հետ, սակայն դա չազդեց նրա որոշման վրա: Հայկի մայրիկը պնդում էր, որ իրենք շատ են խոսել նրա հետ, սակայն որոշման վրա ոչ մի ազդեցություն չեն կարողացել ունենալ: Եվ այսպես, այս պատմությանը շարունակություն չտրվեց, ինչը մեծագույն սխալ էր:

Ըստ իս՝ Հայկը գտնվում էր դեռահասության շրջանում, և ինչպես բոլորին է հայտնի, այդ շրջանում երեխաները՝ հատկապես տղաները, ծանր հոգեբանական փուլ են անցնում: Հայկի մոտ դա ավելի խորացված էր: Նրա հետ պետք է աշխատեր մասնագետների մի մեծ խումբ՝ դպրոցի ղեկավարության գլխավորությամբ, և Հայկը պետք է շարունակեր իր ուսումը: Ես վստահ եմ, որ նա փայլուն ապագա կունենար, ուղղակի պետք էր հաղթահարել այդ շրջանը:

Սա երեխայի իրավունքի խախտում է ոչ միայն օրենքի սահմաններում, այլև բարոյական տեսանկյունից: Ես վստահ եմ, որ նմանատիպ իրավիճակներ մեր շրջապատում շատ-շատ են լինում, ու երեխաները այդպիսի քայլի դիմում են ոչ նրա համար, որ ենթարկվում են ծնողների կողմից բռնության (տեղեկացված եմ, որ Հայկը չի ենթարկվել իր ծնողների կողմից ոչ մի տեսակի բռնության և հարկադրված չի եղել աշխատելու), այլ տեսնելով իրենց սոցիալական վիճակը՝ փորձում են օգնել իրենց ծնողներին՝ փոխելու իրենց կյանքը:

Չեմ ուզում անդրադառնալ մեր երկրի վիճակին և նորից փնովել այն, բայց հարկադրված եմ նշել, որ եթե երեխան ինչ-որ չափով սոցիալապես ապահովված զգա իրեն, չի թողնի իր ուսումը, ներքին հոգեկան ապրումներ չի ունենա և կտրամադրվի իր ուսմանն ու նպատակների իրականացմանը:

Զարուհի Գևորգյան
17տ., Լճափի միջն. դպրոց, Գեղարքունիքի մարզ 

zara gevorgyan

Հարցը

Երբեք տանը մենակ լինելու առիթը բաց  չեմ թողնում բարձր երաժշտություն լսելու համար, և այդ օրն էլ բացառություն չէր: Բայց մի սովորություն ունեմ. հենց միացնում եմ երաժշտությունը, պիտի գոնե մի պահ պատուհանից դուրս նայեմ: Երբ մոտեցա պատուհանին, տեսա մի քանի երեխաների, ովքեր խաղում էին միմյանց հետ, իսկ նրանցից ոչ հեռու հորեղբորս աղջիկն էր մեր հարևանի փոքրիկ տղայի հետ կանգնած: Նրանք ձեռքերով ու ոտքերով միմյանց ինչ-որ բան էին բացատրում, ես էլ մտածեցի, թե վիճում են, արագ-արագ դուրս եկա տանից և գնացի նրանց մոտ:

-Երեխեք, ի՞նչ ա եղել: Ինչի՞ չեք խաղում:
-Քուրիկ, էն վատ մարդիկ էն սարի հետևն են,- հարցրեց հարևանիս տղան:
-Ի՞նչ վատ մարդ, արև ջան:
-Որ սպանում են մեր զինվորներին,- տխուր պատասխանեց հարևանիս տղան:
Նրա այդ հարցից քարացա տեղում կանգնած, աչքերս էլ լցվեցին, մի կերպ սթափվեցի, որ պատասխանեմ նրա հարցին:
-Չէ,Հակոբիկ ջան, իրենք հեռու են: Մեր զինվորներն էլ մեզ պաշտպանում են իրենց կյանքի գնով:
-Զարուհի քուրիկ, դու էլ մի լացի: Ես էլ հենց մեծանամ, ուժեղ զինվոր  կդառնամ ու կպաշտպանեմ բոլորին:
-Դու արդեն ուժեղ ես, որովհետև հայ ես, պստիկ ջան, իսկ հիմա վազեք խաղալու:
Ես էլ սկսեցի ժպտալ, բայց տխուր էի. ինչո՞ւ պիտի երեխաները պատերազմի մասին մտածեն: