Հովհաննես Սարգսյանի բոլոր հրապարակումները

Գյումրի. հիշողության մեխեր

Գյումրու երիտասարդների նոր նախաձեռնությունը

- Ինչպե՞ս առաջացավ Գյումրու տնակների մեխերից արվեստի գործեր ստեղծելու գաղափարը: 

Արսեն Վարդանյան.

– Շատ գյումրեցիների պես ես էլ դոմիկի` տնակի բնակիչ եմ եղել: Երկար ընդմիջումից հետո, երբ գնացի մեր տնակի տարածք, նկատեցի, որ այնտեղ տնակից մնացել են միայն մեխերը: Էդ մեխերը որոշեցի հավաքել ու ստեղծագործությունների շարք ստանալ։ Ու քանի որ շատ ու շատ արտահայտություններ,  ասույթներ հենց այդ ժամանակներում են ծնվել, էս պահին խորթ ու անծանոթ են դարձել, տնակների հետ վերանում են:  Որպեսզի մարդիկ զգան, թե ինչի մասին է խոսքը, մենք որոշեցինք շարք ստեղծել, որտեղ հիմնականում ոչ միայն կենցաղային բնույթի պատկերներ կստանանք, այլ նաև հայկական ասացվածքների մեծ մասն ենք փորձել վերականգնել։

Մեխը հիշողություն է, լավ և վատ բան է տեսել: Որոշեցինք անպայման հենց մեր տնակի շարքով սկսել հիշողության շարքը:

Ի սկզբանե այն հուշերի արթնացում է, որովհետև շատ ու շատ երիտասարդներ, պատանիներ, ովքեր տնակային թաղամասում են ապրել կամ մեծացել, այստեղ են ապրում կամ արտերկրում, մանկությունից հիշում են իրենց տնակներում ապրած պահերից, կենցաղից։ Որոշեցինք ամեն տնակ ունենա իր հիշողության շարքը։ Ու շատ լավ արձագանքներ ունենք: Շատ գյումրեցիներ, որոնք արտերկրում են ապրում հիմա, ֆեյսբուքով գրում են, իրենց տնակի տեղն են բացատրում, ուզում են տեսնել` ինչ է մնացել այդ հատվածից: Ուսումնասիրելով հասկացանք, որ արժե ոչ միայն մեխեր օգտագործել,  այլ էդ տարածքներից քարեր, վառարանի խողովակներ, այլ դետալներ: Օրինակ, այս ժամացույցը պատրաստելուց վառարանի խողովակներից սլաքները պատրաստեցինք: Այսինքն, դետալային իրեր ենք վերցնում այդ տարածքից, որոնք մարդիկ տեսնելով, կարող են դրանց միջոցով հիշողություններ արթնացնել իրենց մեջ։ Որպես ֆիքսելու հարթակ օգտագործում ենք ծառի փայտը, քանի որ 90-ականներին ծառ կտրելը բավական ակտուալ էր, ու կազմում էր  «դոմիկային» կյանքի անբաժանելի մասը:

-Որտեղի՞ց են ծնվում նման մտահղացումներ ու գաղափարներ։

Գագիկ Մխիթարյան.

– Ուղղակի առօրյա շփումներից։ Երբ շփվում ենք ինչ որ բանի հետ ու խնդիր ենք տեսնում, առաջանում է ցանկություն դա լուծելու կամ փոխելու, ավելի լավը դարձնելու, և առաջանում են գաղափարներ, փորձում ենք գտնել լուծման տարբերակներ։ Մի խոսքով, տեսնում ենք ինչ որ բաց հարթակ, փորձում ենք այդ բաց հարթակում մեր մասնակցությունը ունենալ:

-Ուրիշ ի՞նչ նախաձեռնություններով եք հանդես գալիս ու ի՞նչ նպատակներ ունեք։

Գագիկ Մխիթարյան.

– Նպատակները երիտասարդներին խրախուսելն է, որպեսզի ակտիվ մասնակցություն ունենան քաղաքի զարգացման, քաղաքի դեմքը ճիշտ ցույց տալու գործում։ Մենք ընդամենը օրինակ ենք ծառայում, մատուցում ենք ավելի լավ տարբերակներ, որտեղից մարդիկ կարող են ոգևորվել, շարունակել ու ավելիին ձգտել, պայքարել,  հղանալ նոր գաղափարներ ու փոխել իրենց միջավայրը։ Շատ մտահղացումներ ունենք, բայց չեմ սիրում խոսել այդ մասին, քանի դեռ չենք իրագործել։

-Ինչպիսի՞ն եք տեսնում արդեն վերածնված Գյումրին։

Արսեն Վարդանյան.

–Ինձ համար Գյումրին կատաստրոֆիկ արագությամբ առաջ է գնացել։ Այսինքն, երբ ասում են` ինչ վերածնունդ, վերածնունդ դեռ չի եղել, ես այնքան էլ համաձայն չեմ։ Մարդը, երբ որոշել է, որ իր ընտանիքի հետ պետք է այստեղ ապրի ու այստեղ է տեսնում իր ապագան, արդեն իսկ լավ է ապրում, դա արդեն ինձ համար շատ մեծ առաջընթաց է։ Այսօր ակնառու է, որ մեր երիտասարդները կարող են վաստակել այնքան, որքան նախկինում ոչ ոք ի վիճակի չի եղել վաստակել Գյումրիում: Օրինակ, ՏՏ ոլորտում:

Գյումրին էս պայմաններում արդեն մեծ հաջողություններ է գրանցել։ Վերջին 2-3 տարիներին Գյումրին զբոսաշրջության քաղաք է դարձել: Այսինքն, ռեալ ու լուրջ քայլեր են ձեռնարկվում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Մեզ համար դա հսկայական առաջընթաց է: Մարդիկ տեսնում են ինչ փոփոխություններ կան, ինչպես են այդ փոփոխությունները զարգանում։ Ճանապարհների վերանորոգումը էլի առաջընթաց ու հնարավորություններ է ստեղծում Գյումրու համար։

Մենք տեսել ենք ու տեսնում ենք այս քաղաքի պոտենցիալը, անկախ նրանից, թե էս տարածաշրջանի մարդիկ ինչպես են մտածում։ Մենք մեր քայլերով օրինակ ենք հանդիսանում, որպեսզի, մյուս մարդիկ այս տարածաշրջանի պոտենցիալը բացահայտեն ու կարողանան մի բան ավել ստեղծել այս քաղաքի համար։

Գագիկ Մխիթարյան.

– Գյումրին նոր չէ, որ բդի վերածնվի։ Այդ ամեն ինչը 31 տարվա ընթացքում անընդհատ, անգամ փոքր քայլերով, թեկուզ դժվարությամբ, թեկուզ շատ բարդ, վերածնվում է: Անելիքներ դեռ շատ կան, ահռելի աշխատանք կա անելու թե քաղաքի շինարարության ու ճարտարապետության հետ կապված, թե աշխատատեղերի,  թե մարդկանց մտածելակերպի, որպեսզի Գյումրին կրկին դառնա հզոր, ակտիվ աշխատանքային, արդյունաբերական քաղաք, որի մեջքը երկրաշարժը չկարողացավ կոտրել, քանի որ ուներ «թասիբով» քաղաքացիներ։

2-րդ դպրոց (3)

Գրքերի ճամփորդությունը դեպի Գյումրի

Երևի գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Հայաստանում հիմնականում ուշադրությունը կենտրոնացված է մայրաքաղաքի վրա։ Երևանում է կենտրոնացված Հայաստանի «պոտենցիալի» եթե ոչ ամբողջ, ապա մեծ մասը, և այս առումով կարծես անտեսվում կամ ավելի քիչ ուշադրության են արժանանում մյուս քաղաքները և առհասարակ մարզերը։ Երիտասարդները Երևանում ավելի մեծ հեռանկարներ ունեն ապագայի հետ կապված, քան, ասենք՝ Գյումրիում, Վանաձորում, Գորիսում կամ Ստեփանակերտում։ Դա է պատճառը, որ ընկերներիցս շատերը իրենց ապագան տեսնում են Երևանում։ Եվ այս առումով մարզերում, առավել ևս՝ գյուղերում ապրող երեխաները ավելի քիչ հնարավորություններ ունեն իրենց ամբողջ ներուժը ցույց տալու համար (որը, ի դեպ, շատ մեծ է), քան Երևանում ապրող երեխաները։ Դրա համար կարծում եմ, որ շատ լավ ու ճիշտ որոշում էր Ամերիկայի մեր ընկերների կողմից անգլերեն գրքեր ուղարկել Գյումրու N2 և N4 դպրոցներին, ինչպես նաև Շիրակի մարզային գրադարանին, որը հնարավորություն կտա մարզերի երեխաներին մեծացնել իրենց մտահորիզոնը, ինչպես նաև սովորել անգլերեն։ Ինքս գյումրեցի լինելով՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում դրա համար։ Դպրոցի երեխաներն ու ուսուցիչները նույնպես իրենց շնորհակալությունն են հայտնում ամերիկահայ այն երեխաներին, ովքեր մասնակից են եղել այս նախաձեռնությանը։

4-րդ դպրոց (7)

***

-Մենք հաճախ ենք գրքեր նվեր ստանում, բայց այս տիպի գրականություն Ամերիկայից նվեր ստանալը մի փոքր անակնկալ էր մեզ համար, ինչպես նաև ուրախացնող առիթ, ինչի շնորհիվ ավելի հարստացավ մեր գրադարանը, նմանատիպ գրքեր մենք չունեինք։ Մինչ այժմ մեր գրադարանից հիմնականում օգտվում էին 4-րդ, 5-րդ դասարաններից բարձր տարիքի երեխաները, իսկ հիմա ավելի փոքր տարիքի երեխաներն էլ կկարողանան օգտվել՝ անգլերեն գրքերի շնորհիվ,- նշում է Շիրակի մարզային գրադարանի փոխտնoրեն Գեղեցիկ Գևորգյանը։

Շիրակի Մարզային գրադարան (3)

-Ճիշտն ասած՝ չգիտեի, որ տեղափոխման գումարը երեխաներն են հավաքել։ Շատ պարտավորեցնող է, որ նման նախաձեռնություն են կատարել ամերիկահայ դպրոցական երեխաները ու օգնել են, որ Հայաստանի երեխաները կարողանան էսպիսի գրքերի օգնությամբ անգլերեն սովորել։ Ես շատ եմ ուրախանում, որ այդ տարիքի երեխան կարող է նման կամք ցուցաբերել ուրիշ երեխաների համար։ Կուզեի մեր խորին շնորհակալությունը հայտնել նրանց։ Երեխաների այս ներդրումը նպատակային  կօգտագործենք, այս գրքերը կտրամադրենք դպրոցականներին և դրանով կխրախուսենք նրանց այցելել գրադարան։

Շիրակի Մարզային գրադարան (2)

***

-Առավոտյան եկա աշխատանքի և տեսա, որ մեծ արկղով գրքեր ունենք նվեր ստացած, և շատ ուրախացա։ Գրեթե բոլոր գրքերը հատ-հատ ուսումնասիրել եմ, բոլորը շատ լավն են և շատ հետաքրքիր։ Հիմնականում գրքերը տվել եմ կարդալու միջին օղակի երեխաներին՝ 5, 6, 7-րդ դասարանցիներին։ Շատ շնորհակալ ենք, հատկապես, որ Գլենդելի երեխաներն են ձեռնարկել այս գործը։ Կարծում եմ՝ սա բարեգործության մի տեսակ է, ու կարևոր է, որ մեր դպրոցը ունենա նմանատիպ գրքեր, ինչի շնորհիվ մեր երեխաները կսովորեն անգլերեն, հատկապես, որ մեր օտար լեզվով գրականությունը շատ քիչ է,- ասաց 2-րդ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Սոնա Անատոմյանը։

2-րդ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներ Իրինա Հարությունյան և Մանուկյան Լիլի։

2-րդ դպրոց

-Գիտեի՞ք, որ գրքեր եք նվեր ստանալու։

-Ոչ, շատ ուրախալի անակնկալ էր։

-Հետաքրքի՞ր գրքեր են։

-Շատ հետաքրքիր գրքեր են։ Արդեն հասցրել ենք ուսումնասիրել, կարդալ, շատ լավ գրքեր են։

Ձեզ նման գրքեր հարկավո՞ր են։

-Այո, անգլերեն գրքերի պակաս մեր դպրոցում շատ կար։

-Ի՞նչ կուզեիք ասել այս ամենը նախաձեռնողներին։

-Շատ շնորհակալ ենք գրքերի համար, քանի որ մեր դպրոցը հատկապես անգլերեն գրքերի կարիք ունի՝ թե՛ միջին, և թե՛ տարրական դասարանների։

***

-Մեզ համար նույնպես գրքերի նվիրատվությունը անակնկալ էր։ Հիմնականում փոքրիկ պատմվածքներ են՝ տարբեր թեմաներով, անգլերեն լեզվով։ Աշխատանքային գրքեր էլ կան։ Ամերիկյան դպրոցների դասագրքեր էլ կան, որոնց մեջ առաջադրանքներ կան, համապատասխան նյութի համաձայն՝ լրացուցիչ օգտվում ենք՝ որպես այլընտրանքային դասագիրք։ Բանավոր խոսքի զարգացման համար այս գրքերը շատ անհրաժեշտ են, որ երեխաները կարդան, եթե անծանոթ բառեր լինեն, կարող են բառարաններից օգտվել և բանավոր խոսքը, անգլերենի բառապաշարը կզարգանա։

4ռդ

Գրքեր կան, որ երեխաները արդեն տարել են կարդալու, ի միջիայլոց, փոքր պատմվածքներն են տանում, առաջադրանքները՝ չէ, առաջադրանքները մենք դպրոցում ենք անում։ Ամերիկահայ երեխաներին հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը,- թիվ 4 դպրոցի անգլերենի ուսուցչուհի Մանյա Պետրոսյան։

4-րդ դպրոց (11)

Լուսանկարը` Հեղինե Սարկիսյանի

Հիրուր խեդի ու մեր խմբի մասին

Ողջույն, սիրելի ընթերցողներ։ Այսօր ուզում եմ պատմել մի պարի խմբի մասին, որի անդամն եմ ես։ Արդեն մոտ երեք տարի է, ինչ «Հրայրք» ավանդական պարի խմբի անդամ եմ, ու այն ինձ համար ուղղակի պարի խումբ չէ՝ որտեղ հաճախում են պարել սովորել ցանկացողները։ Այն մի մեծ ընտանիք է, որտեղ հավաքվել են միմյանցից շատ տարբեր, սակայն միևնույն ժամանակ, շատ նման մարդիկ, ովքեր սիրում ու ցանկանում են ծանոթանալ ազգային մշակույթին։ Ավելի պարզ լինելու համար կասեմ, որ «Հրայրք»-ը «Կարին» ավանդական պարի խմբի շառավիղն է Շիրակի մարզում, ավելի կոնկրետ՝ Գյումրիում։ «Հրայրք»-ը իր վրա պարտականություն է վերցրել ավանդական պարերը, երգերը, մի խոսքով, մշակույթը վերադարձնել Շիրակի մարզի ազգաբնակչությանը։

Լուսանկարը` Մարիամ Գրիգորյանի

Լուսանկարը` Մարիամ Գրիգորյանի

Միշտ մտածել եմ, թե ինչու հայերը իրենց հարսանիքներին վրացական են պարում, մի՞թե հայկական պարեր չկան, կամ այդքան վա՞տն են, որ չեն ցանկանում պարել, և հասկացել եմ, որ պարզապես հայերը հայկական պարեր չգիտեն։ Հաճախելով «Հրայրք», շատ բան եմ սովորել հայերի, հայկական մշակույթի, հայոց պատմության ու ընդհանրապես Հայաստանի մասի, ու համարում եմ, որ ամեն հայ մարդ պետք է ճանաչի իր հայրենիքը: Չէ՞ որ հայրենասիրությունը սկսվում է հայրենագիտությունից։ Չէ, ես չեմ ասել այս խոսքերը, Րաֆֆին է ասել, բայց համաձայնեք, որ շատ ճիշտ խոսքեր են։ Ու իմ կարծիքով ոչ միայն պետք է ճանաչի, այլ նաև իր մեջ կրի այդ արժեհամակարգը։

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

«Հրայրքը» ինձ շատ բան է տվել, ու ոչ միայն գիտելիքներ, այլ նաև շատ գաղափարակից ընկերներ, նոր ծանոթություններ ու շրջապատ։ Երեք տարի առաջ միացա «Հրայրքին», ու ես չգիտեմ, թե ինչպիսին կլինեի այսօր, եթե երեք տարի առաջ «Հրայրք» ոտք չդնեի։

Ընդամենը  չորս տարի է, ինչ «Հրայրք»-ը հիմնադրվել է ու արդեն մեծ ճանաչում ունի Շիրակի մարզում։ Այս տարի մեծ փառատոն կազմակերպեց Գյումրիում՝ մրցանակային տեղերով, որին մասնակցում էին մի շարք դպրոցներում պար առարկան անցնող երեխաները: Մրցույթին մասնակցում էին ոչ միայն Գյումրու, այլ նաև գյուղերի դպրոցների երեխաները։ Առաջին տեղ զբաղեցրեց Սառնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղ զբաղեցրեցին Աշոցք գյուղի միջնակարգ դպրոցի երեխաները, երրորդ տեղը` Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի երեխաները։

Լուսանկարը` Հեղինե Սարկիսյանի

Լուսանկարը` Հեղինե Սարկիսյանի

Մեր խումբը շատ միջոցառումներ ու համերգներ է անցկացրել այս ընթացքում, բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: Դուք դա կարող եք «Հրայրքի» ֆեյսբուքյան էջից էլ իմանալ: Ուզում եմ խոսել այն մասին, թե ինչպես երկու բառը կարող է իր շուրջ համախմբել հարյուրավոր և հազարավոր մարդկանց։ «ՀԻՐՈՒՐ ԽԵԴ». ահա այն, համոզված եմ շատերը չեն հասկանա այդ բառակապակցության իմաստը: Ես էլ, երբ առաջին անգամ լսեցի, չհասկացա ու հարցրեցի, թե ինչ է նշանակում: Իմացա, որ Կարինի բարբառից թարգմանաբար նշանակում է՝ Իրար հետ, որը  միասնականության խորհուրդը ունի իր մեջ, իսկապես կարողացել է իր շուրջ համախմբել շատ շատերին։

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Մեր խմբում էլ ամենատարբեր մարդիկ են հավաքվել, բայց բոլորն էլ մեկ գաղափարի շուրջ. հայրենասիրությունը սկսվում է հայրենագիտությունից, ու առանց մշակույթին, պատմությանը ծանոթ լինելու հնարավոր չէ պահպանել տեսակը:

Այսօր էլ Գյումրիում ողջ ազգով Հիրուր խեդ…

 

Երիտասարդ Գյումրի

Օգոստսի 11-ն էր՝ երևի սովորական մի օր, քայլում էի Գյումրու փողոցներով, մոռացած, որ այդ օրը մեր՝ երիտասարդների օրն էր: Ճանապարհին տեսնում եմ մարդկանց, ովքեր մի տեսակ տարօրինակ են, գունավոր էին նրանց դեմքերը, շորեը: Մի խոսքով, ամբողջովին գույների մեջ էին ընկղմված:

Ճիշտն ասած, մի փոքր զարմացա, հետո հիշեցի, որ այդ օրը ԵՆԿ-ն երիտասարդների օրվա առթիվ կազմակերպել է Color Fest: Շատ ուրախացա, արագ քայլելով հասա Թատերական հրապարակ ու տեսա մի մեծ գունային տոնախմբություն: Նախօրոք ճշտեցի, որ այդ գույները շորի վրա հետք չեն թողնում ու անցա գործի: Մի լավ ներկեցի ու ներկվեցի, ապա մասնակցեցի դրան հաջորդող համերգին, որի ընթացքում էլ մի լավ ներկվեցի ու արդեն երեկոյան վերադառձա տուն:

Հ.Գ. Ճանապարհին մտածում էի՝ տեսնես Գյումրին ըսպես խայտաբղետ էլ ե՞րբ կեղնի:

Իմ քայլի պատմությունը

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Սովորական օր էր բացվել Գյումրիում, ես էլ սովորականի նման առավոտյան արթնացել ու դասի էի գնում: Ճանապարհին մտքումս քննարկում էի Երևանում կատարվող իրադարձությունները, մտածում էի, որ հարկավոր է նմանատիպ ցույցեր կազմակերպել նաև Գյումրիում, չնայած՝ ցույցեր կազմակերպելու փորձ բացարձակ չունեի, ուստի եթե նման փորձ ունեցողները քայլ անեին, ես էլ կմիանայի նրանց, որպեսզի ցույց տամ, որ բողոք ունեմ իշխանության դեմ:

Քայլարշավը սկսվել էր Գյումրիից՝ քաղաքից, որտեղ ցանկացած ընտրության ժամանակ ինչքան էլ իշխանությունը խարդախություն էր փորձում անել ու կաշառք էր բաժանում, նույնիսկ ձայները կեղծելով՝ չէր հաղթում: Միգուցե դա էր պատճառը, որ միշտ ըմբոստ գյումրեցին հիասթափվել ու համակերպվել էր, որ ոչինչ չի փոխվի: Մտածում էի ու քայլում, հանկարծ ճանապարհին տեսա մի խումբ երիտասարդ ցուցարարների ու ինքս ինձ որոշեցի, որ եթե նույնիսկ մեծերը հիասթափված են, ուրեմն ես ու իմ հասակակիցները պիտի մեր բողոքը անհնազանդությամբ ցույց տանք: Ու ես հայտնվեցի բողոքող ցուցարարների մեջ: Մթնոլորտը շիկացած էր, ու ես էլ՝ դրա մեջ: Երբ տուն եկա, ձայնս էր կտրված, երկար քայլելուց փոշոտված էի ու արևահարված, բայց ուրախ էի, որ իմ մեջ կար հայրենիքումս քաղաքական փոփոխություն կատարելու մեծ ձգտում:

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Եղել են պահեր, երբ ինձ փորձում էին համոզել, որ ես ինչ-որ մի օր պիտի թողնեմ հայրենիքս, ու ընտանիքով գնանք Հայաստանից: Ես միշտ դեմ եմ եղել, միշտ մտածել եմ, որ ուր էլ որ կյանքը ինձ տանի, միևնույնն է, Գյումրիից չեմ կտրվի և վերջում անպայման հետ կվերադառնամ: Բացառությամբ այն դեպքերի, երբ հուսահատված ու հորս կարոտած եմ եղել: Մի խոսքով՝ շատ չխորանամ զգացմունքներիս մեջ ու ասեմ, որ երբ մտա տուն, մայրս անհանգիստ էր ու լարված, քանի որ գիտեր, թե քաղաքում ու հանրապետությունում ինչ է կատարվում: Ուստի անհանգիստ հայացքը ուղղեց ինձ ու զայրացած ասաց.

-Որտե՞ղ էիր, ի՞նչ էիր անում այսքան ժամանակ փողոցներում՝ սոված ու ծարավ:

Քանի որ շատ էր զայրացած, ձայն չհանեցի և լուռ անցա լվացվելու: Ուզում էի մորս բարկությունը անցնի, նոր խոսեմ և բացատրեմ: Մայրս հուզված խոսում էր ու խոսում, ինձ հասկացնում, որ գործ չունեմ այդ թոհուբոհի մեջ, քանի որ ոչինչ չեմ փոխի, այն, ինչ «վերևներից» են թելադրում, այդպես էլ կլինի: Ինքն էլ լինելով պայքարող մարդ՝ շատ անգամներ է տեսել, թե ոնց են խեղաթյուրել հասարակ ժողովրդի հաղթանակները: Լռեցի, լռեցի, բայց այլևս չկարողացա լռել ու պոռթկացի՝ ասելով.

-Մա, ձեր սերնդի պայքարողները մեզ համար են պայքարել, բայց չեն կարողացել հասնել նպատակին, ու մեզ թողել եք այնպիսի երկիր, որտեղ ես չեմ ուզում ապրել, և ամեն անգամ ինձ հիշեցնում եք, որ այստեղ ապրելու տեղ չէ, և հնարավոր է, որ մի օր ես էլ Հայաստանից հեռանամ ու ապրեմ դրսում։ Հասկացիր, ես դրսում ապրել չեմ ուզում: Մա, թող որ ես կերտեմ իմ ուզած Հայաստանը, իսկ եթե սխալվեմ, կիմանամ, որ դա իմ սխալն էր։ Եթե հիմա նստեմ տանը ու ընկերներիս մենակ թողնեմ, երբեք ինձ չեմ ների:

Մայրս լուռ լսեց ու ասաց.

-Դե, որ էդպես է, գնա, Աստված քեզ հետ, միայն խնդրում եմ՝ ինձնից գաղտնի մի պահիր քայլերդ, ինձ տեղյակ պահիր՝ որտեղ ես և ինչ ես անելու, որպեսզի իմանամ ու հարկ եղած դեպքում կողքիդ լինեմ:

Ու ընդամենը վեց օր հետո ուրախ-ուրախ տուն մտա ու ասացի.

-Ի՞նչ էիք ասում, որ չի ստացվի, տեսա՞ք, որ ազգովի, երբ բռունցք ենք դառնում, մեզ չեն կարող հաղթել:

Աստված տա դեպի լույս տանող այս քայլը ավարտվի լիարժեք հաղթանակով և Հայաստանում տիրի օրինականությունը, և երկրիս սահմանները լինեն անսասան, ու մենք հաղթենք թե՛ մեր մեջ եղած թշնամուն, և թե՛ արտաքին թշնամուն: Իսկ նրանց, ովքեր կփորձեն իրենց օգուտը քաղել իմ սերնդի տարած հաղթանակից, զգուշացնում եմ, որ նորից կբռունցքվենք ու այն ժամանակ ավելի շռնդալից կհաղթենք:

 

hovhannes sargsyan

Զանգ Հիշողության

Լուսանկարը՝ Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը՝ Հովհաննես Սարգսյանի

Հիշողություն, որը ներկայացնում է մի ողջ ազգի զավակների կորուստ ու կսկիծ:

Չեմ ուզում առանձնացնել մեկի պատմությունը, քանի որ յուրաքանչյուր՝ 1988թ դեկտեմբերի 7-ին զոհված, արժանի է հիշվելու և հիշատակվելու: Ըստ տվյալների, Սպիտակի երկրաշարժը ընդգրկել էր Հայաստանի միլիոնավոր բնակչություն ունեցող տարածքի 40%-ը: Հանրապետության 514 հազար քաղաքացի, 15-20 աստիճան սառնամանիքի պայմաններում, մնացել էր առանց տանիքի: Ամբողջությամբ կամ նշանակալի մասով ավերվել էր 21 քաղաք և շրջկենտրուն, 324 գյուղ: Խորհրդային Միությունում 1988թ դեկտեմբերի 10-ին հայտարարվեց սուգ: Զոհվածների թիվը անթիվ և անսահման կարելի էր համարել: Երկրաշարժը ամենից առաջ մեծ վիշտ է՝ երեխաներ կորցրած հայրերի  ու մայրերի, ծնողներ կորցրած երեխաների համար, անսահման տառապանք:

Ընդամենը մի քանի տարի էր անցել այդ օրերից, երբ լույս տեսավ «Հիշողություն» շաբաթաթերթը: Մայրս պատմում է, որ սուրբ մասունքի պես շատերն էին թերթը գնում: Թերթում անուն առ անուն ներկայացված է պատմություններ զոհվածների մասին. ով որտեղ է եղել և ինչպես է մահկանացուն կնքել: Այդ շաբաթաթերթը այսօր նույնիսկ թերթելուց կսկիծ ես ապրում, յուրաքանչյուր էջի տեսնելով նկարները նրանց, ովքեր կարող էին ապրել և արարել: Ցավալի երկրաշարժից հետո ապրող մարդկանց հիշողությունն է: Այսօր նույնիսկ արդեն գյումրեցի դարձած լենինականցին ժամանակի միավոր դարձրած ասում է. «երկրաշարժից առաջ» և «երկրաշարժից հետո»: Ճիշտ է, գյումրեցին իր տոկունությամբ հաղթահարեց ցավը՝ միգուցե, բայց միևնույն է, յուրաքանչյուր դեկտեմբերի 7 չի կարող առանց Պատարագի ու աղոթքի բացվել, քանի որ հարկավոր է հարգանքի տուրք մատուցել զոհվածներին և այն սերնդին, ով կարողացավ ցավը հաղթահարել և առաջ նայել: Ու այսօր թող մի նոր «Հիշողության» շաբաթաթերթ ստեղծվի, որում տեղ կգտնեն թասիբով Գյումրու թասիբով ու հյուրասեր բնակչության նկարները և քաղաքիս արդեն կառուցված շենքերն ու փողոցները:

Լուսանկարը՝ Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը՝ Հովհաննես Սարգսյանի

Այսօր ես ներկա էի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի «հաշվետվությանը», որտեղ ներկայացված էր 2017թ.-ին կատարած իրենց աշխատանքը: Տեսա, որ 29 տարի է անցել, բայց դեռևս կան շատ անավարտ գործեր, ու թող այլևս չերկարի ու շուտափույթ լուծում ստանա անօթևան մնացած յուրաքանչյուր գյումրեցու երազանքը:

hovhannes sargsyan

Հիշարժան օրեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Վերջերս մասնակցեցի պատանեկան ազգագրական-հնագիտական միջազգային բաց ճամբարի, որը իրականացվում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից: Մասնակացում էին տարբեր վայրերից ժամանած պատանիներ ու երիտասարդներ: Գյումրիից հրավիրված էր «Հրայրք» ազգագրական պարի խումբը, որի անդամ եմ նաև ես: Խմբի պարուսույց Դավիթը հայտարարություն էր դրել խմբի ֆեսբուքյան էջում, ու առաջին 10 արձագանքողներս հոկտեմբերի 31-ին գնացինք Երևան ու այնտեղ միացանք Ջավախքի, Բուլղարիաի և Երևանի երեխաներին,  ծանոթացանք, ազգային պարեր պարեցինք ու գնացինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր չորս օրով:

Այդ չորս օրը շատ հետաքրքիր և ուրախ անցավ, բացի դրանից ձեռք բերեցի նոր ծանոթություններ և ընկերներ:

Դպրոցը, որտեղ հյուրընկալվել էինք, շատ էր տարբերվում «ավանդական» դպրոցից: Երեխաները դպրոցի տանիքում կազմակերպել էին ներկայացում, շատ հետաքրքիր էր ու անսովոր, քանի որ սովորական հանրակրթական դպրոցներում այդպիսի բան պատկերացնելն անհնար է:

Ճամբարի ընթացքում ականատես եղանք հնագիտական պեղումների, եղանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ինչպես նաև Սարդարապատի թանգարանում: Ճամբարի վերջին օրն էլ անցկացվեց Գյումրիում: Մենք հույս ունենք, որ հաջորդ տարի ճամբարի մեկնարկը կտրվի Գյումրիից: