Իմ սիրելի Արտյոմը

Ինձ համար  դժվար է խոսել այս թեմայով, սակայն որոշեցի գրել ու ինչ որ կերպ մտքերս արտահայտելու միջոցով փորձել դարմանել ու դուրս հանել այն ցավը, որը  մեկ տարի է, ինչ կա։ Ես այս անգամ ուզում եմ պատմել իմ զոհված մտերիմ ընկերոջ մասին, չնայած նրան, որ չեմ կարողանում պատկերացնել ու հավատալ, որ նա այլևս չկա։

Մենք կարծես երկու եղբայր լինեինք, իրար հետ անցել ենք և դպրոցական, և ուսանողական, և թաղի ընկերության բոլոր ուրախությունները, լավ ու վատ պահերը: Ճիշտ է, վերջին շրջանում մի փոքր ուշ-ուշ էինք շփվում, բայց նա իմ կյանքում շատ կարևոր մարդ էր, ու միշտ փորձում էի տեղեկացված լինել իրենից։ Ես մեկ տարի է ուշքի չեմ գալիս և չեմ համակերպվում  նրա զոհվելու փաստի հետ։

Հայրենասիրության մասին սակավախոս այս տղան, ով շատ ժամանակ թեման փոխում էր, երբ հայրենասիրության մասին էինք խոսում, հիշում եմ՝ ինչպիսի ոգևորվածությամբ էր պատմում, թե ինչպես է մտել զինկոմիսարիատ, գեներալի սենյակ, ու գեներալի այն հարցին, թե ինչ առողջական խնդիր ունի, ասել է, որ ոչ մի խնդիր չունի ու պատրաստ է գնալ առաջնագիծ (Արցախ)։ Գեներալը շատ է զարմացել, քանի որ շատերը նույնիսկ փոքր խնդիրը այնպես են ուռճացնում, միայն թե չծառայեն: Ու ասում էր, որ հետախուզությունում է ուզում ժամկետային ծառայությունը անցկացնել ու պատկերացնում էր, թե ինչպիսի աշխարհայացքային փոփոխությամբ, կոփվածությամբ ու ֆիզիկական պատրաստվածությամբ է վերադառնալու։ Արտյոմի կյանքում անպակաս էր կատակն ու ուրախությունը։ Լինում էր, որ կռվում էինք, թե իրար հետ, թե մեր մյուս ընդհանուր ընկերների, բայց չանցած մի քանի րոպե կրկին հաշտվում: Արտյոմը բացարձակ նեղացկոտ չէր ու շատ շուտ մոռանում էր այն ամենը, ինչ կարող էր մեկ ուրիշը տարիներով հիշել։

Մի անգամ մի դեպք եղավ, և քոլեջի ուսուցիչներից մեկը դիտողություն արեց մեզ ու օրինակ բերեց համարյա մեր հասակակից ընկերներին ու ասաց, որ իրենք էնտեղ իրենց կյանքն են վտանգում, իսկ մենք քաղաքում մեր կյանքն ենք վայելում։

Արտյոմը սրտնեղած ասաց, որ համոզված է, համարյա նույն բանը այդ տղաների ուսուցիչները այդ տղաներին են ասում կամ ասել, սակայն երբ գնում են սահման կռվում, պաշտպանում մեզ ու զոհվում մեզ համար, միայն այդ ժամանակ ենք նրանց արժեվորում: Հարկավոր է, որ միշտ արժեվորենք բոլոր տղաներին, ովքեր ապագայում կամ անցյալում մեզ համար արյուն ու քրտինք են թափել, թափելու ու թափում։ Ես ճիշտն ասած չէի սպասում իրենից այդպիսի պատասխան, ու ինձ համար և զարմանալի էր, և ուրախալի, քանի որ այդ այն ժամանակ էր, երբ ես խորապես հետաքրքրված էի ազգային մշակույթով և ունեի իմ համոզմունքները։

Արտյոմի մասին կարելի է խոսել շատ երկար ու շատ դրվագներ հիշել։ Մեկը այն, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ իրար հետ մտածում էինք, թե ինչպես օգնություն ուղարկենք սահման, իսկ մենք այդ ժամանակ ընդամենը 15 տարեկան պատանիներ էինք։

Ես մինչև հիմա էլ չեմ կարողանում գնալ նրա գերեզմանին ու չգիտեմ, թե ինչպես ինձ կպահեմ այնտեղ լինելուց, ու ինչպես պիտի նայեմ Արտյոմի մայրիկի աչքերին, երբ փորձում էի հույս տալ, որ ամեն ինչ լավ է լինելու, ու Արտյոմը ամենաբարդ իրավիճակից էլ ելք կգտնի, քանի որ գիտի` տանը սպասող ունի: Սակայն բախտը ավելի դաժան գտնվեց, թե մեր, թե Արտյոմիս հանդեպ։

Ինձ համար Արտյոմը միշտ կա ու մեր կողքին է, այնքան ժամանակ, քանի դեռ մենք նրան հիշում ու խոսում ենք նրա մասին։ Իսկ ես հաստատ չեմ կարող մոռանալ մեր անցած տարիները ու արած խենթությունները։

Մենք սպասում ու հույս ունեինք որ նա հետ է գալու, սակայն պարզվեց, որ զոհվել է հրամանատարին օգնության շտապելիս, պատերազմի հենց սկզբում` սեպտեմբերի 27-ին կամ 28-ին։

Հ․Գ. Ախպերս գործդ շարունակողներ կան, չկասկածես։