Մեր գյուղերի բառն ու բանը խորագրի արխիվներ

Astghik Ghazaryan

Առած-ասացվածքներ

Այսօր ներկայացնում եմ տատիկիցս գրի առած առած-ասացվածքները հենց իր մեկնաբանություններով:

Րեխեն ազիզ ա, թարբիաթը րեխիցը ազիզ ա:

Րեխեն ծնողի ջիգյարն ա, բայց ընտանիքի պատիվը, դաստիարակությունը, նիստուկացը ավելի թանկ են:

***

Աբրուշումա տիկինը պրթատիկնի ղաքին ղրավաշ ա:

Մարդ կա, վեր լավ ծնողի ժառանգ ա, անող-տնող, բայց Աստված նրան տվել չի, վեր լավ ապրի, ու մի փնթիի ղաքին նոքարություն ա անըմ իրա ընտանիքի գոյությունը պահիլու հըմար:

***

Իշին պոզեր չի տյուս էկավ, ասեց՝ տյառ կոդուխ եմ:

Ամեն մինը պետք ա իրա տարիքին սազական խոսք ու արարք ունենա:

***

Շունը շանիցն ա, կաշին կղանիցն ա:

Եթե մարդը վատն ա, իրանից ծնվածը իրա նման վատը դի լիլ:

***

Թուքը` թքողին, մուրը` մրողին, ո՞վ կթքի իրա ծնողին:

Մի ջահել հարսն ա լըմ: Էդ հարսը վատն ա լըմ. փռնըմ են, մրըմ, կապըմ, ճըմփի կես տեղը նստցնըմ, կեղին էլ ասըմ, վեր քյացող-էկողը վրին թքի: Իրա տղա րեխեն դետնն անց կենալիս ա լըմ: Ասըմ են` վիրին թքի: Տղեն կաղնըմ ա ու ասըմ.

- Թուքը` թքողին, մուրը` մրողին, ո՞վ կթքի իրա ծնողին:

***

Սևին սապունն ինչ կանի, խևին` խրատը:

***

Օրեն զարդանք ա, տարեն մխկիթ:

Տեսքը լավն ա, սիրուն ա, բայց պիտանի չի, անորակ ա:

***

Աստվածը խառատ չի, իրար քցող ա:

***

Ճումբն ըլել ա սարի կլյուխ, լյաց ա լըմ:

***

-Տնա’զ, տնա’զ, ո՞ւր ես քյըմ:

 -Տնազ անիլ…

Ինքը մի պյան չի, դիմացինին էլ հլա տնազ ա անըմ:

***

Քարի պյուճուրը չի մեծանըմ, իսանի պյուճուրը մեծանըմ ա:

***

Ինքը մարդանման չի, խոսքը մարդասպան ա:

***

Պերանի տյուս էկածը իրանից մեծ ա:

***

Հաթամը խաբվըմ ա, պտուղը ուտըմ ա:

***

Ծյուածի հավը կչկչան ա:

Ղոչաղ օքմին լյաչառ ա ըլըմ:

***

Չուտողի մալը ուտողին հալալ ա:

***

Կակող խաչին տևերը տրոր են տալիս:

Համեստ, խելոք մարդուն հաշվի չեն առնըմ:

***

Անճարն ա կերել թանն ու պյանջարը:

Եթե մարդ հնար չունի, հարմարվիլ դի, էլի:

***

Թյուլեն դյամակըմ են խրատըմ:

Րեխին օրորոցից պետք ա դաստիարակեն:

 

Ասացող` Սիրանուշ Ղազարյան (Ամայ)
Գրի առնող` Աստղիկ Ղազարյան
Տավուշի մարզ, գ. Գետահովիտ

armida

Հանելուկներ

Ձին քնաց,

Թամքը մնաց:

                      (գետ և կամուրջ)

Հպարտ-հպարտ ման ա կյալիս,

Քիթը ոսկոր, մրյուքը միս:

                         (հնդկահավ)

Աք տան, բաք տան,

Քյաքուլատ ծիք տան:

                                 (կշեռք)

Ղրղնեն հիշալլու,

Մեջը գյոզլու:

                        (խաշիլ)

Ըստե նստեմ,

Քռան ճյուր խմեմ:

                           (միտք)

Հինգ ախպեր իրար հետ պատ են շարում:

                                                                     (ճաղեր)

Ինչքան կտրես, խորանում ա:

                                                          (փոս)

Ինչքան ծքյում ես, կրճանում ա:

                                           (սիգարետ)

Հողի լյուլյա,

Մսի գյուլլա:

                      (մուկ)

Ինքը հողի,

Ծայրը պողի:

                     (փսոս)

Կաշին` միջում,

Միսը` դրսում:

                            (քարաճիկ)

Վեչ առնողին ա պետք, վեչ ծախողին,

Ում էլ որ պետք ա, անպետք ա:

                                                  (դագաղ)

Վեչ հաչում ա, վեչ կծում ա,

Վեչ էլ մարդ ա ներս թողում:

                                         (կողպեք)

Ասացող` Խանում Արզումանյան

Գրի առնող`  Արմիդա Բաղիյան 

 

Կուծի’,  կուծի’, հոլները տվեր ըրա:

                                                    (սանդերք)

Արա հանդին ա, հանդին ա,

Պոզերը կռմանդին ա,

Տարին մհետ կիթ կկյա,

Արա հանդին ա, հանդին ա:

                                        (խաղողի վազ)

Պիծի պտրհան

Շեղջով լիքը:

                        (բերան)

Ռավետը վեր ա կենում,

Քնյում գյուղ պտտում,

Կյալի տռան հետևին կաղնում:

                                                (կոպալ)

Ստե պիպիզ, ընդե պիպիզ,

Մղկի տակին ճլպիպիզ:

                                        (ավել)

Ասացող` Ռիմա Ծուղունյան 

Գրի առնող` Արմիդա Բաղիյան 

Մի քիչ բաղչագողի ու սևանալու մասին

Լուսանկարը՝ Ստելլա Ավետիքյանի

Լուսանկարը՝ Ստելլա Ավետիքյանի

Սևանալու սեզոնը փակվում է: Մտածեցիր՝ արևայրուքի մասի՞ն եմ խոսում: Ո՜չ, սև թութ ուտելիս էլ ես «սևանում»:

Ինձ համար քաղցր է այն միրգը, որը ինքս քաղում եմ ծառից ու ուտում՝ թեկուզ «սևանալով»: Բայց և այնպես, ինձ հազվադեպ եմ «գցում» ծառերի վրա ու վայելում բնության բարիքները՝ ի տարբերություն փոքր ժամանակվա, երբ ծառերի վրա էի խաղում:

Սիրում եմ, երբ գնում ենք «բաղչագող»: Եթե չգիտեք՝ ասեմ, որ «բաղչագողը» դա այն հաճելի երևույթն է, երբ գնում ես առատ այգի ունեցող հարևանի, մեկ-մեկ էլ՝ հեռու բարեկամի բաղչա՝ այգի, «գողություն» անելու: Բայց ինչպես մենք ենք գնալիս ասում՝ արևածաղկի կամ մրգի գողը գող չի:

Լուսանկարը՝ Ստելլա Ավետիքյանի

Լուսանկարը՝ Ստելլա Ավետիքյանի

Իհարկե, այս արարողությունն աշխատում ենք անցկացնել առանց ծառերը վնասելու՝ մեր հաջորդ տարվա բաղչագողի մասին մտածելով:

Շատ հաճախ սև թութ ուտելուց հետո «բռնվում ենք». մեզ դավաճանում են մեր սևացած բերաններն ու ձեռքերը՝ չնայած, որ խակ թթով ահագին մաքրվում ենք (խակ թութը օգնում է հետքերի դեմ):

Սև թթի սեզոնը փակվում է, դե՜, սևանալունն էլ:

Sose Zaqaryan

Եկեք չխորանանք

Ինչպես բոլոր ազգերը, այնպես էլ հայերը, սիրում են սուրճ խմել: Բայց, ի տարբերություն մնացած ազգերի, հայերը սիրում են նաև սուրճի մրուրով գուշակություններ անել, իսկ թե որքանով է դա ճիշտ՝ չգիտեմ:

Կան, չէ՞, մարդիկ, որոնց «փեշակը» բաժակ նայելն է: Հիմա՝ ի՞նչ, դա արհե՞ստ է, թե՞ արվեստ, դժվար է ասել: Դե, պատկերացրեք. եթե ձեր բաժակի մեջ կա հինգ թիվը, ուրեմն, լավ է ու հաջողություն է սպասվում, ինչը չես կարող ասել 7-ի մասին: Չորս թիվը բաժակում նշանակում է փոքր սեղանի մասնակցություն: Արտահայտություններ կան, որոնք օգտագործում ենք միայն բաժակ նայելուց: Օրինակ՝ «դանդաղ եկող հաջողություն», կամ՝ «բախտդ բացի»: Արագիլը նշանակում է նորություն: Մի խոսքով՝ բավականին դժվար և հետաքրքիր մասնագիտություն է:

Ինձ թվում է՝ բաժակ նայելը հատուկ հորինել են հայ տնային տնտեսուհիները, որոնք ամեն օր հարևաններով սուրճ են խմում ու ավելի հետաքրքիր և երկար իրար ներկայությունը վայելում: Դրա համար նրանք ստեղծել են այդ «փեշակը»: Դե, այն, որ կրիան դանդաղ հաջողությունն է, մի տեղ կարելի է հասկանալ, բայց որ ձին խորհրդանշում է մուրազը, արդեն անհասկանալի է: Երևի ձիու թռիչքը նմանեցնում են մարդկային մտքի թռիչքին, բայց խոսքը մեր մեջ, ոչ ձին է ուղղակի իմաստով թռչում, ոչ էլ մարդկային միտքը: Մի անգամ բարեկամներիցս մեկը, որը դեմ էր բաժակ նայելուն, ասաց.

-Բաժակը շրջելիս՝ բախտն էլ եք շրջում:

Սա էլ է, չէ՞ հնարավոր: Չեղավ, չեղավ. կարծես՝ ես էլ եմ սկսում գուշակություններ անել՝ տողատակերում խորհուրդ ու նշանակություն փնտրելով:

Դե, քանի դեռ չեմ խորացել այս ասպարեզում, ավելի լավ է վերջացնեմ ու լվանամ սուրճի բաժակները առանց շրջելու:

Astghik Ghazaryan

Բանահյուսական երգեր Գետահովիտ գյուղից

Առավոտյան շուտ արթնացա,
Տեղս հավքի, տունը մաքրի,
Դեռ հարս չելեր:
Ասի գնամ, կովը կթեմ:
Կովը կթի, կաթ բերեցի,
Դեռ հարս չելեր:
Մտա սենյակ, էլ ի՞նչ տեսնեմ.
Երկու գլուխ, չորս հատ ոտքեր:
Սուրը հանի, սիրտը խոցի:
Հարսն արթնացավ:
-Տու’նդ քանդվի, դաժա’ն կեսոր,
Ծոցիս քնած քո բալիկն է,
Յոթը տարվա քո ղարիբն է:

Ասացող` Սիրանուշ Ղազարյան (Ամայ)
Գրի առնող`Աստղիկ Ղազարյան
06.02.2017թ., Տավուշի մարզ, գ. Գետահովիտ

***

Ես մի մարալ, ես մի ջեյրան, ա’յ նանա,
Ինձ տվել ես մի չիրքինի, վա’յ նանա,
Վեչխար չի, թե սյուրվին խառնեմ, ա’յ նանա,
Կյոմոշ չի, թե բազար տանեմ, ա’յ նանա:

Ես մի մարալ, ես մի ջեյրան, ա’յ նանա,
Ինձ տվել ես մի չիրքինի, վա’յ նանա,
Ես ուզում եմ իմ չոբանին, ա’յ նանա,
Մոտը նստեմ, դարդս պատմեմ, ա’յ նանա:

Ինչ եմ անում կվիրկոթի կաստյումն, ա՜յ, ա՜յ,
Կամ թե նրա խրոմակի սապոկը:
Ես ուզում եմ իմ չոբանին, ա’յ նանա,
Մոտը նստեմ, դարդս պատմեմ, ա’յ նանա:

Ասացող` Սիրանուշ Ղազարյան (Ամայ)
Գրի առնող`Աստղիկ Ղազարյան
23.04.2017 թ., Տավուշի մարզ, գ. Գետահովիտ

 

Astghik Ghazaryan

Բանահյուսական սիրո երգեր

I տարբերակ

-Օրը մութն է, ես չեմ հասնիլ քյարվանին,
Օրը մութն է, ես չեմ հասնիլ քյարվանին,
Սյուրու’ն տիկին, հյուր ընդունիր այս գիշեր:
-Օրը ճաշ է, դու կհասնես քյարվանին,
Օրը ճաշ է, դու կհասնես քյարվանին,
Մատաղ լինիմ քո ման էկած տեղերին,
Ո՜վ այ հյուր, գիշերելու տեղ չունեմ…
-Յոթը տարի ես թողել եմ մի ծաղիկ,
Սյուրու’ն տիկին, հյուր ընդունիր այս գիշեր:
Ես Սայադն եմ յոթը տարի կորած եմ,
Սյուրու’ն տիկին, հյուր ընդունիր այս գիշեր:
-Որ Սայադն ես, ի՞նչ ես էլ ինձ չարչարում,
Արի’, ա’յ հյուր, աչքիս վրա տեղ ունես:

Ասացող` Մաստեր Սարգսյան (Փչան Մաստեր)
Գրի առնող` Աստղիկ Ղազարյան
24.11.2016թ., Տավուշի մարզ, գ. Գետահովիտ

II տարբերակ

-Տանջվող սերը ես հանձնում եմ տանջողին,
Մատաղ լինեմ ման էկածըդ տեղերին:
Օրը մութն ա, ես չեմ հասնիլ քյարվանիս,
Սիրու’ն տիկին, հյուր ընդունիր այս գիշեր:

-Տանջված սերը ես հանձնում եմ տանջողին,
Մատաղ լինեմ ման էկածըդ տեղերին:
Օր դեռ շատ կա, դու կհասնես քյարվանիդ,
Անցի’ր, ո’վ հյուր, գիշերելու տեղ չունեմ:

-Ման էկածըդ տեղըմ այգի լինեի,
Այգում բուսնած վարդ, մանիշակ լինեի,
Օրը մութն ա, ես չեմ հասնիլ քյարվանիս,
Սիրու’ն տիկին, հյուր ընդունիր այս գիշեր:

-Ման էկածըդ տեղըմ այգի լինեի,
Այգում բուսնած վարդ, մանիշակ լինեի,
Օր դեռ շատ կա, դու կհասնես քյարվանիդ,
Անցի’ր, ո’վ հյուր, գիշերելու տեղ չունեմ:

Հայրենիքում դուն իմ թողած ծաղիկն ես,
Վաղուց է, որ վերադարձիս կսպասես:
Օրը մութն ա, ես չեմ հասնիլ քյարվանիս,
Սիրու’ն տիկին, հյուր ընդունիր այս գիշեր:

-Ման էկածըդ տեղըմ այգի լինեի,
Այգում բուսնած վարդ, մանիշակ լինեի,
Եթե իմն ես, էլ ինչ ես իզուր տանջում,
Արի’, ո’վ հյուր, գլխիս վրա տեղ ունես…

Ասացող` Սիրանուշ Ղազարյան (Ամայ)
Գրի առնող`Աստղիկ Ղազարյան
24.11.2016թ., Տավուշի մարզ, գ. Գետահովիտ

armida

Խաղիկներ

Գյուլում, գյուլում գյուլչչաք,

Ես, տյու մտնենք մի փչակ,

Մինչև լյուս քչփչանք,

Լյուսին նհետ տյուս կկյանք:

***

Նա~ն աղջիկ, ջա~ն աղջիկ,

Մուշտարիքդ կյան աղջիկ,

Ճմփին ուրյուտ տան, աղջիկ:

***

Քաչալ, քաչալ քշմաչի,

Քաչալն ուտի շան կաշի,

Օխտը րաբա հյուն պիրեք,

Մեր քչալին տուն պիրեք:

***

-Հե~յ, անա’ն:

-Ի՞նչ ա, աջան:

-Էն տղեն ասի դուդուն ածի,

Զիզի հարսին պար ածի:

-Հե~յ, անա’ն:

-Ի՞նչ ա, աջան:

-Սխտորըթակին վե՞րդե ա:

-Էն ա, ալ խնձորին տակին ա:

-Խնձոր կծեմ, թուլ անեմ

Զիզի հարսին կուլ անեմ:

Ասացող` Ռիմա Ծուղունյան

Գրի առնող` Արմիդա Բաղիյան

roza melkumyan

Ծիսական աղոթքներ

Այգեհովիտ գյուղում պահպանված մի ավանդույթ կա, ըստ որի,եթե այդ տարի երաշտ էր լինում, անձրև չէր գալիս, ապա մի մեծահասակ պատրաստում էր տիկնիկ, որը «Նյուրի» էին անվանում: Այն կապում էին փայտից և տալիս էին փոքր երեխաներին, ովքեր պարտավոր էին տիկնիկը վերցրած շրջել գյուղով մեկ, մտնել բոլոր տները, ջուր լցնել տիկնիկի վրա և խնդրել տանտիրուհուն`իրենց ձու, յուղ, ընկույզ կամ մեկ այլ ուրիշ բան տալ: Եվ անընդհատ շրջում էին ու տիկնիկի վրա ջուր էին լցնում և մոտավորապես այսպիսի բովանդակությամբ ծիսական աղոթք կամ հմայք էին արտասանում.

Նյուր, նյուրին էկել ա,

Հաբլա-բուրին էկել ա,

Նյուրիին եղ տվեք, նյուրիին ծյու տվեք`

Վէր անձրև կյա:

Կամ`

Նյուր, նյուրին էկել ա,

Հարդա նյուրն էկել ա,

Նյուրիին ջուր տվեք`

Վէր հովանա:

Կամ`

Նյուր, նյուրին էկել ա,

Հաբլա-հուրին էկել ա,

Եղ տվեք պորտին քսենք,

Ծյու տվեք ծեռին տնենք.

Վէր անձրև կյա:

Կամ էլ, ասում են, որ գորտ էին սպանում, հողով ծածկում, որպեսզի անձրև գա:

Գորտնուկից ազատվելու աղոթք.

Լուսնյակ նորի,

Կյորտնուկ կորի:

Գրի առնող` Ռոզա Մելքումյան

Astghik Ghazaryan

Փրկենք մոռացությունից

Բանահյուսությունը ժողովրդի բանավոր ստեղծագործությունն է, նրա իմաստությունը: Այն մեր տներում է, մեր տատիկ-պապիկների շուրթերին կամ էլ մտքի մի անկյունում մոռացված ընկած:

Երբ փոքր էինք, ֆուտբոլ էինք խաղում հարևանի դարպասի վրա, Աքազ տատն էլ դուրս էր գալիս ու անիծում.

-Բեմուրազ լեք տյուք…

Տատիկս ամեն օր մեր «չարն է տանում», իսկ երբ քրոջս երեխաներն են գալիս ու ավերում տունը, ասում է.

-Իմ բալա, րեխեն ազիզ ա, թարբիաթը րեխիցը ազիզ ա:

Հետո նստեցնում է ծնկանը ու «Չոբանի երգը» երգում:

Անեծքները, օրհնանքները, ասացվածքները, երգերը և այլն, բանահյուսական ստեղծագործություններ են, որոնց կատարողները կոչվում են ասացողներ, իսկ նրանք, ովքեր գրի են առնում և հավաքագրում, անվանում են բանահավաք:

Մեր օրերում բանահավաքչությամբ հաճախ զբաղվում են թոռները` գրի առնելով իրենց տատիկ-պապիկներից լսածը: Սա էլ շատ մեծ աշխատանք է: Նախ, մեր մեծերն իրենց ուշադրության կենտրոնում են զգում, ու թեև հաճախ դժվար են համոզվում երգել կամ մի բան պատմել, բայց, հավատացեք, դա նրանց դուր է գալիս: Մի անգամ նույնիսկ տատիկս նեղացավ ինձնից, որ գնացել էի Մաստեր պապից գրի առել:

-Խի ես գիդըմ չի՞ էդ երգը, չարդ տանեմ, վեր Մաստերից ես գրըմ… Նա սխալ ա երգել, հըմի ճիշտը լսի….

Ինչպես բացատրեի տատիկին, որ բանահյուսական ստեղծագործությունները, բանավոր կերպով ավանդված լինելով, ունենում են տարբերակներ:

Իսկ բանահավաքի ամենակարևոր դերն այն է, որ գրի առնելով, նա կորստից, մոռացությունից փրկում է դրանք: Ուրեմն` ինչի՞ ես սպասում, վերցրու թուղթ ու գրիչը կամ էլ ձայնագրիչ, նստիր տատիկիդ կամ պապիդ մոտ ու փրկիր գոնե մեկ երգ, ասացվածք, հանելուկ կամ էլ թեկուզ օրհնանք ու անեծք…

Հ.Գ. Այսօրվանից մենք ձեզ ենք ներկայացնելու մեր՝ Տավուշի բանահյուսությունից պատառիկներ:

Չոբանի ճամփեն քարոտ ա,
Չոբանը յարիցը կարոտ ա,
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՜, հո՜, հո՜…
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՜, հո՜, հո՜…

Չոբանի յարը սանդրած ա,
Չոբանի կյառը ծանդրած ա,
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՜, հո՜, հո՜…
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՜, հո՜, հո՜…

Չոբանի ճամփեն ղիճ ա,
Չոբանի կյառը պիճ ա,
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՜, հո՜, հո՜…
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՜, հո՜, հո՜…

Չոբանի ճամփեն փուշ ա,
Չոբանի յարը ղուշ ա,
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՝, հո՜, հո՜…
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՜, հո՜, հո՜…

Չոբանի ճամփեն ղիճ ա,
Չոբանի յարը պիճ ա,
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՜, հո՜, հո՜…
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՜, հո՜, հո՜…

Չոբանի ճամփեն քարոտ ա,
Չոբանը յարիցը կարոտ ա,
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՜, հո՜, հո՜…
Չո’բան ջան, չո’բան ջան, ո՜, հո՜, հո՜…

Ասացող` Սիրանուշ Ղազարյան (Ամայ)

Գրի առնող` Աստղիկ Ղազարյան

Սարվորների տոնը

Լուսանկարը՝ Մերի Մուրադյանի

Լուսանկարը՝ Մերի Մուրադյանի

Այս տարի, ինչպես նախորդ մնացած տարիները, գնացինք սար: Մի տեսակ հաճելի էր առանց ինտերնետ, սոցիալական կայքերի, բայց ինչ մեղքս թաքցնեմ, առաջին բանը, որ արեցի սարից անմիջապես վերադառնալուց հետո, եղել է ֆեյսբուքյան իմ էջը բացելը:

Սարվորի համար Վարդավառն սկսվում է մի քանի օր առաջ: Սարվորը՝ ով պետք է հյուրեր ընդունի, մի քանի օր առաջ թխում է Վարդավառի ամենասպասված թխվածքը՝ նազուկը:

Լուսանկարը՝ Մերի Մուրադյանի

Լուսանկարը՝ Մերի Մուրադյանի

Լուսանկարը՝ Մերի Մուրադյանի

Լուսանկարը՝ Մերի Մուրադյանի

Կողբ գյուղի սարում Վարդավառը նշում են մի քիչ ուրիշ կերպ: Այնտեղ Վարդավառի առավոտը փակում են ճանապարհը և գնացող եկող մեքենաներին ասում են, որ եթե չտան ինչ-որ բան, ապա կջրեն մեքենան: Չնայած նրան, որ բոլորն էլ մեզ քաղցրավենիք էին տալիս, մենք նրանց ջրում ու նոր ուղարկում էինք: Հետո մոտ քսանհինգ-երեսուն հոգով գնում էինք սարերի արանքով հոսող գետի մեջ ջրվելու: Երեկոյան հավաքվում էինք բոլորով, մեծ կրակ անում, ուտում այն, ինչ վերցրել էինք այդ օրը մեքենաներից: Ամբողջ գիշեր նստում էինք կրակի կողքին և զրուցում, հետաքրքիր պատմություններ պատմում, խաղեր խաղում և վերջում, երբ կրակը կհանգչեր, արդեն գնում էինք քնելու, բայց կրակը հանգչում էր առավոտյան ժամը վեցից մինչև յոթը ընկած սահմանում: Դե, արդեն պարզ է, որ մենք չէինք քնում:

Լուսանկարը՝ Մերի Մուրադյանի

Լուսանկարը՝ Մերի Մուրադյանի

Սարում կյանքը այլ է: Շուրջդ միայն մաքուր օդ է, առանց ինտերնետ, նոր պատմություններ, խմբային խաղեր և այս ամենից մնացած հիշողություններ:
Արդեն հաջորդ օրը առավոտյան մեքենաները հերթով ճանապարհ էին ընկնում: Մինչև մեքենայի սարի մյուս կողմն անցնելը, դեռ հեռվում երևում է սարվորը:

Լուսանկարը՝ Մերի Մուրադյանի

Լուսանկարը՝ Մերի Մուրադյանի

Երևի կասեք՝ արդեն երկու օր է անցել Վարդավառից, բայց ես երեկ եմ սարից իջել: