Սոսե Զաքարյանի բոլոր հրապարակումները

ՄԵՐ ԱՂՈԹՔԸ

Ինչպես բոլոր ընտանիքներում, մեր ընտանիքում նույնպես տոն է տոնածառ զարդարելու արարողությունը: Մենք այդ տոնածառը բերում էինք մեր տան մոտ գտնվող անտառից, քանի որ իմ եղբայրը փոքր էր և չէր կարող մեզ համար տոնածառ բերել: Տատիկս, ես ու քույրս գնում էինք տոնածառ բերելու: Մենք այդ տոնածառը ընտրում էինք ամռանը, երբ տատիկիս հետ գնում էինք մասուր կամ ուրց հավաքելու, կամ էլ կովերին բերելու: Մի անգամ էլ պատահական տուն վերադառնալիս տեսա, որ ինչ-որ մեկը կտրում է մեր տոնածառը, և վազելով գնացի ու տատիկիս ասացի, նա էլ եկավ: Իհարկե, ես ճիշտ էի: Նրանք տարել էին մեր տոնածառը, և մենք ստիպված էինք նորը փնտրել…Հիմա եմ հասկանում, թե ամեն տարի մենք ինչ մեծ վնաս էինք հասցնում բնությանը եղևնի կտրելով: Երևի պատճառն այն է, որ ապրում ենք անտառի եզրին և չենք կարողանում դիմանալ բնական եղևնի ունենալու գայթակղությանը:

Իսկ ամենահետաքրքիրը այս տարվա Ամանորն էր` հեքիաթային հրաշքներով ու սպասումներով լի Ամանորը: Ձյունը պարելով թափվում էր երկնքից, լուսինը լուսավորում էր շրջակայքը, իսկ մենք` ես, մայրիկս, քույրս և եղբայրս գյուղի բարձունքից սղալով ու ընկնելով ձյան մեջ հասնում էինք եկեղեցի, ուր մեզ սպասում էր ամանորյա գիշերային պատարագը:

Ես ու քույրս երգում ենք երգչախմբում, իսկ մայրիկս եղբորս հետ նստել էր եկեղեցում ու աղոթք էր անում: Ես հասկացա, որ նա Աստծուց խնդրում էր մեր երկրին խաղաղություն, մարդկանց առողջություն: Տա Աստված, որ իրականանան աշխարհի բոլոր մայրերի երազանքներն ու սպասումները, թող ոչ մի զինվոր չզոհվի. և ոչ մի մոր աչքերից արցունք չթափվի:

Մենք հավատում ենք Աստծուն և մեծ հույսեր կապում նրա հետ: Սա է Պատարագի խորհուրդը:

 

Հունվար, 2016

ՎԱՐԴԻԳՅՈՒԼԸ

Երբ տատիկիս տանը նկարներն էի նայում, մի կնոջ նկար տեսա, ով հայկական տարազով էր` ճակատին կոպեկներ, մեջքին` քամար: Հարցրեցի տատիկիս, ասաց, որ իր տատն է` բուն ղարաքիլիսեցի Վարդիգյուլը, որին հիմա էլ բոլորը հիշում են ու պատմում նրա մասին հյուսված անեկդոտները:

Սուրբ Հովհաննես եկեղեցու լեռան լանջերին էր փռված հին Ղարաքիլիսան` իր ծուռտիկ-մուռտիկ փողոցներով և նեղ անկյուններով, որտեղի բնակիչներին նամակներ էին ուղարկում հետևյալ հասցեներով. «Ուգլ Կասպունսկի` Ղազի բներ, փթիր Աղավնիկին կամ Օյին Վարդիգյուլին»: Եվ փոստատարը մեծ պատրաստակամությամբ հանձնում էր այդ նամակները նրանց: Հաջորդ օրը ծերանոցի կանանց խումբը հետաքրքրվում էր, թե ինչ է եկել նամակներում, թեև փոստատարը չէր մոռացել օր առաջ նամակի բովանդակությունը ներկայացնել թաղի կանանց: Ղարաքիլիսայի բոլոր դեմքերը հավաքվում էին ծերանոցում, իսկ ծերանոցը հին բաղնիքի շենքն էր: Վարդիգյուլը ծերանոցի կարկառուն դեմքերից էր: Այստեղ էր գալիս գդոզ Ռուբենը, որ շատ գրական էր խոսում, Աղագուլը, շատ գրքեր կարդացած Թամաշ բիբին, որ խոսում էր Նապոլեոնից, Պյոտր Առաջինից, Լենինից, և այնքան էր պատմել նրանց մասին, որ Վադիգյուլ տատը քնած ժամանակ արտասանում էր նրանց անունները, իսկ երբ տատիկս հարցնում էր իր տատիկից, թե.

-Նանա, էտ ի՞նչ մարդկանց անուններ էիր տալիս:

-Աղջի, ի՞նչ եմ նալ: Թամաշը մէ շաբաթ ի` էտ գիրքն ի պատմել:

Ամենակոմիկականը տատի ամուսնությունն է. ամուսնացել է 12 տարեկանում: Բակում ցեխի հետ խաղալիս հարևան Գուգուշը եկել է նշանելու` մի սանր ու մի լվացքի տաշտ ձեռքին: Վարդիգյուլը հարցնում է.

-Հլը սանդրը պերի ես` պերիր, բա էտ տաշտը ինչի՞ խմա էս պերի:

-Վարդիգյուլ,- պատասխանել է փեսան,- իրիկունը ջուր կտաքցուցես, էդ ցեխոտ ոտքերդ կվլանաս:

Բա:

Իսկ 45 տարեկանում մի հինգ գիշերանոց է պահել և պատվիրել.

-Ախչի, Վայրը,- ասել է հարսին, որ մեռնեմ, էս խինգն էլ կխաքցուցես, ընդի ցուրտ է լինելու, հանկարծ չմրսեմ, գինա՞լ ես, խողը պաղ ի, կպաղեմ: Իսկ ինքը մահացել է 98 տարեկանում: 90-ից հետո մի հինգ անգամ տնեցիք ծախսերի ցուցակ են գրել, պատրաստվել, իսկ ինքը անկողնու միջից գլուխը բարձրացրել է ու ասել.

-Էդ ի՞նչ եք անել: Քելեխիս ցուցակ կգրե՞ք,ես չեմ մեռնելու, մեռնեմ, որ Փառոյի Եղիշը կա` խացս ուտի՞:

Եղիշն էլ Ղարաքիլիսայի մահախոսական կարդացողն էր:

Վարդիգյուլը մահացել էր ու ոչ-ոքի չէր ասել իր բոխու թփերի տեղերը:

Հարսը հարցրել է.

-Մամի, բա բոխու թփերի տեղը ինձ չե՞ս ասելու:

-Աղջի, բա որ չմեռնե՞մ:

Պատասխանել է մամը և հավիտյան փակել աչքերը:

 

28 դեկտեմբեր 2015

Երանի ճիշտ արած լինեմ

Ասում են՝ արդեն 100 օր է, ինչ հեղափոխվել ենք․ դե իբր անկախություն ենք էլի ձեռք բերել։ Էս 100 օրերի ընթացքում բոլորս դարձանք վերլուծաբան, քաղաքական փորձագետ և նմանատիպ լիքը բաներ։Դե, էդ հեչ վիճելու չի, որ մեր երկրում բոլորս ամեն ինչ կարող ենք  անել․ բոլորս  կարող ենք վարչապետ աշխատել  ու Նիկոլին ուղղություն տալ։ Բոլորս կարող ենք բողոքել մեր նորանշանակ նախարարներից ու հետո չկարողանանք պատասխանել այն հարցին, թե բա՝ ու՞մ ենք տեսնում այդ պաշտոնում։ Բոլորս կարող ենք ամեն ինչ անել, բայց միևնույն ժամանակ, ոչինչ չանել, ու հենց էդպես մենք կարողացանք և արեցինք այն, ինչ արեցինք։

Լուսանկարը` Լաուրա Մանուկյանի

Լուսանկարը` Լաուրա Մանուկյանի

Երբեք կյանքում չեմ մոռանա այն օրը, երբ առաջին անգամ ուսանողներով փակեցինք Երիտասարդականը, չեմ մոռանա իմ դողացող ձեռքերը, բայց միևնույն ժամանակ, կայուն միտքս ու հստակ նպատակս, էն մարդկանց  դեմքերը, որոնց մեքենայի առջև էինք հայտվում և թույլ չէինք տալիս իրենց երեխային դպրոց հասցնեն։ Էն տաքսու վարորդին, ով առաջինը միացավ մեզ ու իր մեքենայով փակեց ճանապարհը։ Չգիտեմ՝ ճիշտ ենք արել, թե՝ սխալ, ժամանակը ցույց կտա, բայց դե ինչ էլ արել ենք, լավ ենք արել։ Գիտեք՝ ինչքան մարդու սկսեցի սիրել էդ օրերին․ էն պատահական տատիկին, որն ինձ տվեց իր վերջին քաղցրավենիքը, էն տղային, ով ջուր հասցրեց, կուրսեցիներիս ու էլի լիքը մարդկանց: Էդ մարդիկ իմն են, իմ հարազատը, ու հեչ էլ կապ չունի, որ ես իրենց անունները չգիտեմ ու իրականում չեմ էլ ուզում իմանալ։ Մենք արեցինք դա մեր ծնողների հետ կռվելով, ինչ-որ մարդկանց  ինչ- որ բան բացատրելով՝ մեր առողջության ու մեր երեխաների ապագան ավելի լավը դարձնելու համար։ Հա, կարող է նաև հավես էր էդ ամեն ինչը անելը, երբեք ու ոչ մի տեղ էլ չես կարող ունենալ էն զգացողությունները, ինչ ունեցանք հրապարակում կամ սոված-ծարավ Երևանի փողոցներով թափառելիս, կամ էլ հաստատ, էլ հնարավորություն չես ունենա Ռոդենի արձանի հետ նկարվելու։

Լուսանկարը` Լաուրա Մանուկյանի

Լուսանկարը` Լաուրա Մանուկյանի

Երեկ լիքը մարդ իրենց ֆեյսբուքյան էջերում գրում են, որ հրապարակ են գնում, գնում են հանարահավաք, գնում են նշելու «անկախության» 100-րդ օրը։ Ես չգնացի Երևան․ պատճառներից մեկը այն էր, որ հազիվ տուն եմ ընկել: Բայց դա չէ իրականում իրական պատճառը, այլ որ հրապարակում ոչ մեկից  ոչինչ չունեի պահանջելու։ Ուզում էի պահել իմ զգացողությունները նախքան հեղափոխությունը, ոչ թե հեղափոխությունից հետո։ Ու հատուկ չգնացի, որ ֆեյսբուքումս նոր նկար չավելանա․․․

 

Sose Zaqaryan

Թե ինչպես ամուսնացավ Լաուր տատիկը

Իմ ամուսնանալը շատ պատահական էր. ո՛չ խոսալ, ո՛չ տեսնալ, ո՛չ գիդալ: Ինքը բանակից եկալ ա, քացալ Աշխաբադ սվերալ։ Դե, 25 տրեկանըմը եկալ էր, ես ալ 18 տրեկան։ Տասը նոր ավարտած Վանուշին քիվորը՝ Այսին նհետ, էս դուզերըմ հունձ ենք անըմ, տեավ ուրուգունը ճնապան նիհեր՝ մեր են բաղին կլխավը սենց քշանըմ ենք, բա ստհենց-ստհենց․ հոպարիս տղան եկալ, քեզ պիտի օզենք ասեմ․

-Աչի՛, հո՞ւմ պիտի օզես։

Վերջը հինչ-հունց, պան, դե, հսամ տոն սովորական ա, տու մի ասի թա՝ Ասյան քցըմա տա բեյնը, էդ ալ քինըմ ա Մեսրոպ ամուն ասըմ, վեր Ասյան տհենց մի աղջկա անըմա տվալ, Մեսրոպ ամին ալ ասըմ ա․

-Էս սըհաթին դասավորեմ, վեր քինաս տու տան տեսնաս։

Ես ալ տասըս նոր ավարտալ եմ, ատեստատս ստացալ, բայց ամառըն ըշխադըմ եմ։ Վեր թոշակի եմ քացալ, 12 տարեկանից ստաժ ունեմ։

Մի քշերավ, շատ շուտ ա, դե հունձի վախտ ա, ամռնան օր, եր կցա, հայաթնին սրբեցի, մազերս կապեցի, վեր հաց օտեմ, մի կուտուր ալ, հաց յոռնեմ, քինամ, մին ալ տեսնամ՝ մինը դիրվազան թակըմ ա։ Էդ տարին ալ մեզ մի էդ պոլին շորին գույնի մի էշ ունենք անըմն ալ՝ Մուխի։ Կամ են էս ու էն տանըմ՝ փեդի։ Դիրվազան թակըմ ա, լուս տառած Կոլյան ասըմ ա․ «Այ քուր, քշացի տես՝ հով ա դիրվազան թակըմ»։ Քըշանամ, տուռը պացալ եմ, տեսնամ՝ մի անծանոթ տղայ ա։ Տուռը հենց թողա պաց, ես դեհա -դեհա աստիճանավը պիրցրանամ, ասեմ՝ Կոլյա, մի անծանոթ տղայ ա, ասեմ՝ տուռը պաց եմ ըրալ, բայց հենա կամ ա։ Դե Յուրիկը եկավ, թա. «Բարև- բարև»։ Կոլյան ասավ. «Խեր իլի», թա բա՝ խեր ա։

-Մեսրոպ ամին կյում ա ծասկըմ, մի քանի էշ ա ճարալ, ծեր էշնել ա օզըմ, վեր քինանք քոլան փեդ պիրենք։

Վերջը, յոռնի տանի, տեղ տեսնա։ Դե, անց կենա մի քանի օր, առանց խոսալի, առանց մի ոչ մի պանի, հինչի-հունցի, դաշտան կամ, քընըմ ինք Սըտըղպիրան ճյուր պիրըմ։ Եկամ, տեսամ՝ 3-4 հոգի մեր տանը մարդ կա: Դե, տեսնըմ եմ, վեր դե Մեսոպին ճընաչըմ եմ․ տաս ա տվալ։ Լհա վեր մտնըմ եմ, Կոլյան ասըմ ա․

-Լավուր, ճյուրը պիրար, մի սառը ճյուր պիր՝ խմենք։

Տարա խմեցին, պրծան, տարա տիրեցի կռուշկան ընդեղ, հեդո ալ, թա. «Եկ ստեղ նստի, քեզ տալիս ենք ես անծանոթ տղին»։

Մի զվեզդա ժամացույցին պիրալ՝ սիվտակ, մի ճուխտ կպռոն, մի դուխի, մին կոսինկայ ա: Տու մի ասի, թա էս Յուրիկը ասա. «Մի նոռմալ նվեր չկա, դուխավ-պանավ, հինչ կիլի», էս Պայծառն ալ ասալ ա․

-Յուրիկ, մի կոսինկա ունեմ, պիրեմ տամ՝ տար, բայց վեր փսակվի կյա, ունք եմ ունելու։

Դե նշանը երկլավ։

-Տենց շուտ համաձայնվեցի՞ր,- ընդհատեցի ես

-Դե Կոլյան ասալ էր՝ էլ հո՞վ էր երկուտաըմ։

Անցկցավ մի ութ օր, տեսնամ էն Մոսկվայի տալս դիրվազան լացիլիլավ թակըմ ա։ Քշանամ, քինամ․

-Ի՞նչ ա իլալ, Հազո, հի՞նչ ա պտահալ, վեր լաց ես իլըմ։ Նանան հիվանդ ա՞։

Ու պատըմըմ ա, վեր Պայծառը, կոսինկան վեր տվալ ա, օզըմ ա։

-Աչի, տա մհար ես լաց իլը՞մ:

-Դե նանան ասալ ա, փիս պան ա, էլի։

Ասցի՝ եկ: Կռնան փռնամ, տարամ: Հացատանն ինք հլա ապրըմ, մեր էն տները շինալ ինք։ Դե, մի չամադան ունիմ արդեն: Չամադանը ձիքամ, էդ հանամ, կոսինկան մի ճուխտ ալ կապրոն տիրամ ուրան մհար, մի դուխի ալ նհետը։ Վերջը էդ խոխին դուխ տամ, էդ այնոյինը շինեմ, տինեմ նըհետը: Վերջը էդ խոխին հղու տինեմ՝ տանի, տա Պայծառին։

Դե, հրսնքավս լուս տառած Վարդի դադաս նհետս եկավ, տանըմ են, վեր քթեթ ձևեն։ Քընացինք, տեսանք էն դիրվիզի տակի 4։4 տոննա՝ Բրթելանց ակուշկի տակին։ Տասըմին շունչ են, ես ալ պիտի քինամ՝ 12։ Մի մեծ փեդի սեղան ա, երկու փեդի կառավադա, վերջը, պան չկա։ Յեդավ էլ, վեր աչքս ընգեց ոչ վեր ճիճիքավա ծածկած տեղաշորը, էդ ալ վեր տենց տեսնամ, փախնեմ է մին բաշ։ Փախնեմ քինամ Չապո ամունց տռանը, էդ հորքուրս հունց կլոխ ընգի, յենաս կա մինչև ընտեղ, նորից ետ տա, տանի։ Տանի, ու թհենց կյանքս խորտակվի․․․

Երկու աղջիկ ա ծնվալ, ամբողջ կյանքս խավար եմ ըրալ, էդ երկու ըղջկորցս մհար։ Վեր փեսեքս խոսալի տեղ չունենան։

Ասում է Լաուր տատը, և աչքերից փոքրիկ արցունքի կաթիլներ են հոսում։ Մեկ տարի չկա, ինչ լույս է դառել Յուրիկ պապը։ Լաուր տատը Յուրիկին թաղեց պատվով, իրեն հարիր ճոխությամբ և կատակներով։ Դեռ Յուրիկ պապը իր վերջին շնչում, էլի իրենց ազգին բնորոշ հումորներ էր անում։ Հիշում եմ, մի քանի անգամ Յուրիկ պապը ասել է.

-Վեր իմ կընիկս Լաուրը չիլեր, մեկ ես վաղուց մեռած ի։ Չի թողել, վեր մի կիլո պան յեր ունեմ:

Sose Zaqaryan

Տուն տնից հեռու

Երբևէ  մտածե՞լ եք, թե ինչպես կապրեիք մենակ, առանց ծնողների։ Երևի շատերդ մտածեցիք․

-Ու՜խ, ինչ լավ է։

Ինչ ուզենք՝ կանենք, ոնց ուզենք՝ կապրենք: Դե հա, ինչ խոսք, դուք ճիշտ եք։ Բայց դա տևում է մի քանի օր, երբ արդեն սպառվում են քո մաքուր շորերը, և թափրտվում է դարակդ, ու այստեղ դու հասկանում ես, որ տուն ես ուզում։  Չէ, բայց միայն հագուստից ու թափրտված դարակից  դու դա չես հասկանում, մի քանի ուրիշ փաստեր էլ կան․ օրինակ, երբ հոգնած  ու սոված գալիս ես տուն և ստիպված լինում պատրաստել ինչ- որ բան, որ սովից  չմեռնես։ Ճիշտն ասած, մեկ-մեկ սկսում եմ լուրջ ու ավանդական ուտեստներ պատրաստել, ու դրանք ինձ հիշեցնում են մեր տունը,  որովհետև տատիկիս կամ մայրիկիս բաղադրատոմսով են արված։ Գիտեք, մեկ էլ, որ պահին ես դու երջանիկ, երբ «տուլիկ» ես ստանում։ Նյութս լրիվ նմանվեց Պատկանյանի «Փորսուղին Ավագը» պատմվածքին, ինչ ասացի՝ ուտելու հետ էր կապված։

Երբեմն մտածում եմ՝ ինչպիսի՞ն կլիներ իմ ուսանողական կյանքը, եթե ես չգայի Երևանում սովորելու, ու հարցս մնոմ է անպատասխան։ Պատճառը ակնհայտ է: Ես ուղղակի չէի սովորի, քանի որ իմ ծնդավայրում՝ Դարբասում, համալսարան չկա։ Ա՜խր, ինչո՞ւ են բոլոր համալսարանները կենտրոնացված Երևանում: Չէ՞ր կարող, օրինակ, բժշկական համալսարանը լիներ Իջևանում, իսկ ԵՊՀ-ն՝ Կապանում։ Դա  ինչ որ չափով կկասեցներ ներքին միգրացիան դեպի Երևան և խթան կհանդիսանար այդ քաղաքների զարգացմանը։

Խոսքս, իհարկե, համալսարանների մասնաճյուղերի մասին չէ, այլ հենց բուն համալսարանի։

Երևանը կարծես քաղցկեղ լինի՝ օր օրի աճում է և խանգարում մնացած մարզերի զարգացմանը։ Երևի վերջում Երևանը այնքան է մեծանալու, որ ամբողջ Հայաստանը Երևան է դառնալու։

Արդեն մոտենում է ձմեռը, ու ես  կարոտում եմ մեր վառարանի  կողքին հատակին փռված գորգը,  որի  վրա անցնում էին իմ ձմեռները, թեյնիկի թշթշոցը, որի մեջ պատրաստվում էր իմ ուրցով թեյը, տատիկիս պատրաստած թթուները ու մեծ կաթսան, որի մեջ միշտ շատ տաք ջուր կար, բայց չգիտեմ՝ ինչի համար։

-Տատ, ինձ թթու կուղարկե՞ս:

-Ախր, ո՞նց ուղարկեմ, այ բալամ, կյալինց  կոտես:

-Տատ, բայց ոչի՞նչ, որ Նոր տարուն եմ գալու…

Sose Zaqaryan

Ռոմել Տատս

Հայրիկիս պապիկի տունը մի թանգարան է։ Այստեղ ամեն ինչ լուռ է, բայց խոսուն։ Մտնում ես կամարակապ դարպասից, և այն քեզ հիշեցնում է, որ այս տանտերը Գորիսի հետ անպայման կապ ունի։ Տատիկս Գորիսից է, նրա հայրն է եկել Դարբաս և իր աղջկա տունը կառուցել գորիսյան ոճով, գորիսյան կոլորիտով։ Ռամելա Զիլֆուղարյան վաստակավոր ուսուցչուհին իմ տատիկն է, նրանից միայն իր նկարն է մնացել՝ ամուսնու կողքին, սենյակի կենտրոնական մասում։

Դուռը բացվում է, և դու մտնում ես այդ փոքրիկ թանգարանը: Ամեն ինչ իր տեղում է՝ գրքերը հանգիստ շարված են իրենց գրապահարանում, տունը՝ մաքուր, ամեն իր իր տեղն ունի։ Թվում է՝ տնեցիք տեղ են գնացել, ու ուր որ է գալու են։ Բայց… Ոչ ոք չկա այս տանը․ ոչ ոք չի ապրում։ Սեղանին մի շիշ ջուր է դրված, հյուրին հյուրասիրելու համար։ Կարող ես նստել այս տանը և կերտել այս տան պատմությունը։ Հայտնի մի գերդաստան Դարբաս գյուղում, որ երեխաներ են ունեցել, պաշտոններ զբաղեցրել, ուսուցչություն արել, և եկել է ժամանակը, ու բռնել են հավերժի ուղին։

Այգում տանձն է կաթուկ տալիս, թթենու ծառը արդեն չորացել է, բայց էլի պտուղ է տալիս, հակառակ հարևանների, որ չեն թողնում այգով ջուր անցնի: Ընկուզենիները տարբեր չափերի են, մի մասը՝ շատ մեծ, մի մասը՝ շատ մատղաշ: Ընկնում են քարե սեղանի վրա, նրա կողքի քարե աթոռներին, հարվածից կիսվում և սպասում ուտողին։ Նրանց հյուրասիրության մասին գյուղում շատ պատմություններ են պատմում: Նրանք չկան, բայց իրենց տեղը հյուրասիրում են նրանց տնկած ծառերը։ Անցնող-դարձողները համտեսում են, հիշում ու օրհնում նրանց։ Բայց ամենից շատ՝ ընկեր Զիլֆուղարյանին։ Գիտե՞ք, թե ինչու, որովհետև նա մայր էր, խորթ մայր, նա իմ տատիկի երկրորդ մայրն էր, բայց մենք երբեք չենք զգացել այդ։ Հիշում եմ ՝Ռոմելա տատս մի մեծ տիկնիկ ուներ, երբ գնում էի իր տուն, գրպանից կոնֆետ էր հանում, տալիս ինձ ու ասում․

-Սոսե, եկ մի էդ եղծուն կեր, մինչև չուտես՝ Կասանդրին չեմ տալու։

Կասանդրան այն տիկնիկն էր, ում ես շատ էի սիրում։ Երբ մեծացա, իմացա, որ այդպիսի սերիալ է եղել։

Ռամել մեծ տատս ամեն օր պահում էր ինձ, որովհետև տատս դաշտային գործեր էր անում, մայրիկս էլ դպրոց էր գնում՝ աշխատանքի։ Ես մնում էի նրա մոտ այնքան, մինչև դասերը վերջանում էին, մայրս գալիս էր ու ինձ տանում մեր տուն։ Մորս գալու ժամին ամեն ինչ պատրաստ էր։ Մինչև հաց չուտեինք, բաց չէր թողնի մեզ։ Իմ մանկությունից ես հիշում եմ նրան, այդ գեղեցիկ կնոջը, ով ուսուցիչ էր եղել, շատ սերունդներ ճանապարհել կյանք, բայց նրա առաքելությունը տատիս պահելն էր, ու մինչև հիմա բոլորն ասում են․

-Ռամելը Լարիսին իր երեխեքից չի ջոկալ։

Դա է պատճառը, որ տատիս քույրերը ու եղբայները առանձնահատուկ սիրով են սիրում տատիս, և ամենալավ պատառը ու գեղեցիկ զգեստը տատիս է բաժին հասնում՝ մի դժբախտ կնոջ, ով վաղ տարիքում կորցրել է ամուսնուն և մեն-մենակ պահել չորս երեխաներին։ Ռամել տատը օգնել է տատիս, դասերից հետո եկել և խնամել է պապիս, իսկ տատս գնացել է աշխատելու։

Մի անգամ, երբ տատիկիս հարազատ մայրը մեր տուն էր եկել, Ռոմել տատը ասել է․

-Լարիսիս մաման է, թող գա-գնա իր աղջկա տուն:

Ես ինձ հիշում եմ իմ Ռոմել տատի ձեռքը բռնած։ Լուսավոր օր էր, երբ ծնվել էր փոքր քույրս, ես ու իմ Ռոմել տատը մի մեծ տոպրակով աչքալուսանքի շոկոլադ բաժանեցինք գյուղացիներին։

Հիշում եմ, Ռոմել տատիս հետ գնում էի սունկ հավաքելու, տանում էր և ցույց տալիս սունկի տեղերը։ Հիմա, երբ անցնում եմ այդ տարածքով, հուզմունքը խեղդում է կոկորդս:

Այստեղ ամեն ինչ նույնն է, միայն այստեղի տիրուհին չկա՝ իմ Ռոմել տատը։

Ե՛կ Սիսիան

-Սոսե, դու որտեղի՞ց էիր։

-Սիսիանից։

-Հա, էն ցուրտ տեղից, ո՞նց եք դիմանում։

Համարյա այսպես է լինում ամեն անգամ, երբ նոր ծանոթներս իմանում են, թե ես որտեղից եմ։ Ամեն անգամ այսպիսի խոսակցությունների ժամանակ ցավում էի․

-Ախր, ինչո՞ւ Սիսիան ասելուց չեք ասում Շաքիի ջրվեժի կամ էլ Զորաց քարերի մասին, կամ գոնե Համո Սահյանի, որ ամեն անգամ ցուրտն եք հիշատակում: Ու ես որոշեցի, որ ամբողջ ամառային արձակուրդս նվիրեմ Սիսիանը բացահայտելուն։

Դե սկսենք միասին բացահայտել Սիսիանը։ Ի՞նչ եք կարծում, ո՞ր պատմամշակութային վայրից սկսենք։ Դե լավ, եթե չեք կողմնորոշվում, ուրեմն սկսենք Զորաց քարերից։

Զորաց քարեր կամ Քարահունջ.  նախապատմական մեգալիթյան կառույց է, ըստ որոշ հեղինակների՝ աշխարհի հնագույն աստղադիտարան, պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ունեցող և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք է։ Քարահունջը 7500 տարեկան է։

Հաջորդը կխոսենք Թանահատի վանքի մասին։ Պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը Թանահատի վանքը համարել է իր նշանակությամբ երկրորդը (Տաթևի վանքից հետո) Սյունիքի վանքերի շարքում: Վանքը կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, որը նվիրված է եղել հայոց աստվածուհի Անահիտին: 5-րդ դարում այստեղ հիմնադրվել է քրիստոնեական տաճար` զարդարված գեղեցիկ շուշան ծաղիկների քանդակներով:

Իսկ հիմա հերթը Շաքիի ջրվեժինն է։ Ջրվեժն ունի 18 մետր բարձրություն։ Շաքին Հայաստանի ամենասիրված զբոսաշրջային վայրերից է։ Շաքի անվան հետ կապված մի քանի ավանդություն կա, բայց դրա մասին հիմա չեմ ասի: Երբ գաս այդ գեղեցկությունը վայելելու, անպայման կպատմեմ։

Դե լավ, եկար- բարակ չխոսեմ ֆոտոշարքի մեջ բոլորը կտեսնես։ Մի խոսքով, ե՛կ Սիսիան և վայելիր այն իր ողջ հմայքով ու ջերմությամբ։ Եթե կուզես, ես կհյուրընկալեմ քեզ, և կբացահայտենք Սիսիանը միասին։

Sose Zaqaryan

Եկեք չխորանանք

Ինչպես բոլոր ազգերը, այնպես էլ հայերը, սիրում են սուրճ խմել: Բայց, ի տարբերություն մնացած ազգերի, հայերը սիրում են նաև սուրճի մրուրով գուշակություններ անել, իսկ թե որքանով է դա ճիշտ՝ չգիտեմ:

Կան, չէ՞, մարդիկ, որոնց «փեշակը» բաժակ նայելն է: Հիմա՝ ի՞նչ, դա արհե՞ստ է, թե՞ արվեստ, դժվար է ասել: Դե, պատկերացրեք. եթե ձեր բաժակի մեջ կա հինգ թիվը, ուրեմն, լավ է ու հաջողություն է սպասվում, ինչը չես կարող ասել 7-ի մասին: Չորս թիվը բաժակում նշանակում է փոքր սեղանի մասնակցություն: Արտահայտություններ կան, որոնք օգտագործում ենք միայն բաժակ նայելուց: Օրինակ՝ «դանդաղ եկող հաջողություն», կամ՝ «բախտդ բացի»: Արագիլը նշանակում է նորություն: Մի խոսքով՝ բավականին դժվար և հետաքրքիր մասնագիտություն է:

Ինձ թվում է՝ բաժակ նայելը հատուկ հորինել են հայ տնային տնտեսուհիները, որոնք ամեն օր հարևաններով սուրճ են խմում ու ավելի հետաքրքիր և երկար իրար ներկայությունը վայելում: Դրա համար նրանք ստեղծել են այդ «փեշակը»: Դե, այն, որ կրիան դանդաղ հաջողությունն է, մի տեղ կարելի է հասկանալ, բայց որ ձին խորհրդանշում է մուրազը, արդեն անհասկանալի է: Երևի ձիու թռիչքը նմանեցնում են մարդկային մտքի թռիչքին, բայց խոսքը մեր մեջ, ոչ ձին է ուղղակի իմաստով թռչում, ոչ էլ մարդկային միտքը: Մի անգամ բարեկամներիցս մեկը, որը դեմ էր բաժակ նայելուն, ասաց.

-Բաժակը շրջելիս՝ բախտն էլ եք շրջում:

Սա էլ է, չէ՞ հնարավոր: Չեղավ, չեղավ. կարծես՝ ես էլ եմ սկսում գուշակություններ անել՝ տողատակերում խորհուրդ ու նշանակություն փնտրելով:

Դե, քանի դեռ չեմ խորացել այս ասպարեզում, ավելի լավ է վերջացնեմ ու լվանամ սուրճի բաժակները առանց շրջելու:

Bike Camp

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Ուզում եմ պատմել մի նախաձեռնության մասին, որը տեղի ունեցավ Վանաձոր քաղաքում: Հեծանիվների մրցարշավ, որին մասնակցում էին լեռնային հեծանվորդներ, քայլարշավի գնացողներ, յոգայով զբաղվողներ և այլք: Դե, ցանկացած նախաձեռնության համար աջակցողներ են պետք, այս ծրագրին էլ աջակցել է Երիտասարդական հիմնադրամը, իսկ գումարի մնացած մասը հավաքվել է անդամավճարներով:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Ծրագրի ղեկավար Էմմա Պետրոսյանն ասում է, որ գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ ինքը դարձավ «Eco Lab»-ի շրջանավարտ: «Eco Lab»-ից հետո ստացած փոքրիկ դրամաշնորհով Էմման ստեղծեց հեծանվային արահետ Վանաձորում: Արահետը կառուցելուց հետո երիտասարդների հետաքրքրվածությունը մեծ է եղել, և նա որոշել է հեծանվորդների ճամբար՝ «Boo Bike Camp» կազմակերպել, որտեղ կհավաքվեն հեծանվորդներ և կծանոթանան արահետին, կշփվեն իրար հետ, նոր գաղափարներ կծնվեն: Ճամբարի օրերը շատ հագեցած էին, և տղաներին հավասար՝ աղջիկները նույն պես լավ հեծանիվ էին վարում: Տարբեր մարդիկ՝ տարբեր տեղերից ու տարբեր մասնագիտությունների տեր, հավաքվել էին մեկ նպատակով՝ հեծանիվ վարելու:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Արմինեն ուսուուցչուհի է և սկսնակ հեծանվորդ, նա ասում է.

-Ինձ առաջին հերթին գրավեց գաղափարը՝ ունենալ լեռնահեծանվային սպորտի այգի, իսկ վայրը շատ ճիշտ էր ընտրված: Ստեղծված էր միջավայր, որտեղ հեծանվորդները կարող էին հանգիստ շփվել իրար հետ, սովորել նոր հնարքներ: Ճամբարն ինձ հնարավորություն տվեց ինքս իմ ուժերը բացահայտելու՝ առանց վախենալու սլանալ լեռներում, քանի որ վստահ էի, որ մի բան լիներ՝ ինձ ամեն կերպ կօգնեին:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Հնարավորություն տվեց տղաների հնարքները վայելելու, որոնցից տպավորված եմ: Եթե ինչ-որ բան ուզենամ, հանգիստ կարող եմ դիմել լավ հեծանվորդ տղաներին, որ օգնեն, կամ էլ հավաքվենք ու վարենք. նրանք մեզ՝ աղջիկներիս, ավելի լավ վարել կսովորեցնեն: Ամենակարևորը՝ ինքս իմ առջև նպատակ եմ դրել ամեն կերպ բարելավել իմ հեծանիվ վարելու հմտությունները, որ հաջորդ ճամբարին մասնակցեմ ու ավելի լավ արդյունք գրանցեմ: Տպավորված եմ և ուրախ, որ կա նման հնարավորություն և՛ սկսնակների, և՛ արդեն փորձառուների համար:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Իսկ եթե դու դեռ չես կարողանում հեծանիվ վարել, ապա օգտագործիր ամառային արձակուրդներդ կամ էլ հանգստյան օրերդ, գտիր մեկին, ով քեզ քշել կսովորեցնի, որովհետև հաջորդ «Bike Campin»-ին շատ քիչ ժամանակ է մնացել: