Նամակ վարչապետին խորագրի արխիվներ

Mariam Harutyunyan

Նամակ վարչապետին

Ժողովրդավարություն․․․ Դե իհարկե, սրա համար ենք պայքարում։

Ողջույն, մեր ըմբոստ վարչապետ, չեմ հարցնում՝ ինչպես եք, որովհետև քաջ գիտակցում եմ, թե ինչ ասել է լինել հանրապետության գլխավոր դեմք։ Դժվա՞ր է, այնպես չէ՞։ Բայց կարծում եմ՝ շտապել եք։ Մտքերովս ճամփորդում էի, ու հանկարծ կառամատույցը կանգ առավ 2018 թվականի ապրիլ ամսվա ուղղությամբ։ Գեղեցիկ տեսարան էր։ Ամենուրեք մարդկանց խառը ամբոխներ էին, որոնցից յուրաքանչյուրը կարծես թե գիտեր՝ ինչ է ուզում։ Փողոցները այնքա՜ն լիքն էին, բայց ոչ միայն մարդկանցով, դրանք նաև լիքն էին բարությամբ, համախմբվածությամբ, և իհարկե, հայրենասիրությամբ։ Ավտոմեքենաների բարձր ազդանշանի ձայներին միանում էին հազարավոր մարդկանց՝ կոկորդի ամբողջ ուժով դուրս մղված «Ազատ, անկախ Հայաստան», «Մենք ենք տերը մեր երկրի» «Նիկո՜լ, վարչապետ», «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» և նմանատիպ այլ արտահայտություններ։ Ակնհայտ էր մի բան՝ պայքար է սկսվել։ Այո՜, սկսվել էր, բայց հանուն ինչի՞։ Գիտեմ, գիտեմ՝ հանուն հեղափոխության, բայց․․․ Հիշո՞ւմ եք, նամակիս սկզբում գրեցի՝ կարծում եմ՝ շտապել եք։ Հենց դա է նամակիս գլխավոր ասելիքը։ Շարունակ պայքար, ի վերջո հաղթանակ, բայց հետո հայտնվում են որոշ «անճոռնիներ» ու սկսում են քննադատել, վատաբանել, թերագնահատել ձեր աշխատանքը։

Պարոն Փաշինյան, մեզ նախ և առաջ հեղափոխված միտք էր պետք։ Առանց հեղափոխված մտքի ոչ մի երկիր չի կարող լիարժեք հեղափոխվել։ Պետք էր վերացնել՝ դեռևս նախկին կառավարությունից ժառանգած տխմար մատերիալիստական մտածելակերպը։ Փլատակների վրա նոր տուն կառուցելը խելամիտ չէ, եթե այդ փլատակները մաքրված չեն։ Իսկ գիտե՞ք, թե ո՞րն է փլատակը։ Փլատակը մեր կարծրացած մտածելակերպն էր, հեղափոխության մասին ուտոպիստական մտածելակերպը։ Քաղաքականությունը ռոմանտիզմ չի սիրում, բայց մենք, չգիտես՝ ինչու, հեղափոխության մասին կիսաֆանտաստիկ կարծիք ունեինք։ Մենք ուզում էինք տեսնել հեղափոխություն՝ առանց հեղափոխելու ինքներս մեզ։ Պետք էր նախապես ամբողջ հոգով խանդավառված հասարակությանը հոգեբանորեն հասկացնել, որ հեղափոխությունը մի քանի օրում չի լինում, դրա համար ժամանակ է պետք, ու երկար ժամանակ։ Անհամբերություն՝ մեր ազգին բնորոշ հատկանիշ։ Համբերել չեն կարողանում։ Հավանաբար վախենում են, բայց դա էլ արդարացում չէ։ Պարոն Փաշինյան, խնդրում եմ նամակիս մեջ քննադական ենթատեքստ չորոնել, որովհետև ամենևին չեմ քննադատում։ Եկեք պայքարենք հանուն հայ ազգի հեղափոխված հավաքական մտքի։

Վստահ եմ, որ ձեզ շատ են դիմում կրթական համակարգի բարելավման, աշխատավարձերի բարձրացման, աշխատատեղերի ընդլայման և այլ հարցերով, բայց շատ բաներ ձեզնից կախված չեն, ու նամակներում ոչ հեռատես բաներ ցանկանալը այդքան էլ ճիշտ չէ․ ախր, դուք Ձմեռ պապիկը չեք։ Այդ է թերևս պատճառը, որ իմ նամակում ձեզնից որևէ բան չեմ ուզում, որովհետև հասկանում եմ մեր երկրի առջև ծառացած խնդիրները, դրանց լուծման բարդությունները։ Սպասել է պետք, պարզապես սպասել։

Հա… Քիչ մնաց՝ մոռանայի։ Մենք ընդհանուր բան ունենք՝ ես սովորում եմ Երևանի պետական համալսարանի նույն ֆակուլտետում, որտեղ տարիներ առաջ դուք էլ եք սովորել։ Պետք է նաև ասեմ, որ երբ դիմորդ էի, բանավոր քննության ժամանակ ասել եմ, որ Ձեր՝ առաջին հերթին լրագրողի կերպարը իր ներդրումն է ունեցել ժուռնալիստիկայի ֆակուլտետը ընտրելու համար։

Մեր ըմբոստ վարչապետ, հուսով եմ՝ նամակս զուտ թղթի անպետք կտոր չի մնա և կհասնի իրական հասցեատիրոջը՝ Ձեզ։

emma miqayelyan-2

Երազանքով ապրող երեխաները

Պարոն վարչապետ, խլելով ձեր ակտիվ և հանրությանը հույս ներշնչող աշխատանքի ժամանակից, ուզում եմ, որ կարդաք նամակս:

…Հորդառատ անձրև էր Հրազդանում: Վազեցի ու կանգնեցի կանգառում, ծածկի տակ, որտեղ արդեն երկու աղջիկ էլ էին պատսպարվել:

-Գիտես, Ա՛ն, երեկ մամային ասում եմ, որ որոշել եմ բժշկական ընդունվել: Մաման ասաց, թե՝ ընդունվի, բալես, բայց մենք էդքան վարձ որտեղի՞ց պիտի տանք,- տխուր ասաց նրանցից մեկը մյուսին:

-Հա, ծանոթ դեպք է: Ես էլ մերոնց ասացի, որ ուզում եմ միջազգային տնտեսական հարաբերություններ տամ, մաման էլ նույն բանն ինձ ասաց,-պատասխանեց Անը:

-Արդեն ոչ թե առարկայով,այլ հարմար վարձով եմ ֆակուլտետ ման գալիս:

-Լսի՛, Շու՛շ, բայց դու լավ ես սովորում, անվճար կընդունվես, դու համարձակ ես,-ասաց Անը:

-Ինչքան էլ համարձակ լինեմ, բա որ տեղերը առած լինե՞ն,-մտահոգ զրուցում էր Շուշը:

Շատ կուզեի լսել զրույցի վերջը, բայց հայրիկը մեքենայով եկել էր հետևիցս:

Ըստ մարդահամարի տվյալների, միջինում ամեն ընտանիք ունի 2-3, ամենաշատը՝ 4 երեխա (չհաշված բազմազավակ ընտանիքները): Եթե երեխաներից մեկը ցանկանա սովորել բժշկական համալսարանում, մնացած երեխաները ի՞նչ պիտի անեն: Մի ընկեր ունեմ, ասում էր, որ բժշկական ընդունվելը, այն էլ անվճար, շատերի համար երազանք է, որոշների համար էլ՝ խաղ ու պար:

Ի՞նչ կլինի, եթե համալսարաններում անվճար տեղերը սահմանափակ չլինեն, իսկ լավ սովորողներին ավարտելուց հետո մասնագիտական աշխատանք առաջարկվի:

Մի օր այցելեք գյուղեր ու տեսեք, թե որքան կրակ կա պատանիների աչքերում, և տեսեք՝ տարիքի հետ ինչպես է մարում այդ կրակը: Մեկը չի ուզում սովորել տարկետում չլինելու պատճառով, մյուսը՝ ծնողներին նեղություն չտալու, մի երրորդն էլ՝ ուղղակի ձայն չի հանում:

Մի օր այցելեք երազանքներով ապրող երեխաներին, որովհետև փոփոխությունների ընդունողն իրենք են:

 

astghik hunanyan

Սա Չապլինի նամակը չի

Աստղը՝ պարոն Փաշինյանին, Աստղը՝ պարոն Փաշինյանին, լսվո՞ւմ է:

Հուսամ նամակս Ձեզ կհասնի և ավելի հուսամ՝ այն անտեսված թղթի (կամ էլ հղման) կտոր չի մնա: Ձեզ է գրում եղեգնաձորցի մի աղջիկ, ով, ինչպես և Դուք, մի քիչ շատ ընդդիմադիր է (լավ, մի քիչ շատ-շատ), ազատ է իր ասածի ու արածի մեջ ու ամեն իրեն հուզող հարց սիրում է բարձրաձայնել: Բայց ինքներդ էլ գիտեք՝ ռեժիմը ազատ խոսողներին ինչ անակնկալներ է մատուցում, ու Ձեզ գրող աղջիկը «խոսել սովորելուց» ու գիտակից դառնալուց հետո երազել է օր առաջ լքել Հայաստանը, գնալ ու ապրել մի վայրում, որտեղ օրենքները միայն ձևի համար գրված չեն լինի, որովհետև համոզված է եղել, որ իր նմանների տեղը կարծրատիպերի երկիր Հայաստանը չէ: Համոզված ԷՐ, որովհետև հիմա չի մտածում, որ Հայաստանը վերջնական կործանված երկիր է: Ցանկություններով ու խնդրանքներով Ձմեռ պապին են, չէ՞, գրում, բայց Հայաստանում Դուք բոլոր սերունդների պապն եք դարձել (չնայած, երիտասարդ հայրիկ եք):

Քանի որ Ձեզ հաջողվել է Ռուսաստանին ստիպել, որ գոռա «Хотим как в Армении», երբ դրանից միայն մի քանի օր առաջ մտածում էր, որ Հայաստանում մարդիկ մենակ ասֆալտ փռել գիտեն, ուրեմն, ամեն ինչ էլ կհաջողվի: Հուսամ Ձեր հարցում չեմ սխալվում, Դուք էլ հո՞ գիտեք, թե էդ 7% հանգած հրաբուխը ինչերի է պատրաստ: Լա՜վ, անցնեմ բուն թեմային:

Ամենաառաջին բանը, որ ես ուզում եմ, դա ճահճացած կրթական համակարգի արմատախիլ անելն է: Դրանից են գալիս մյուս բոլոր խնդիրները, լուրջ եմ ասում: Բայց մի րոպե, որպեսզի թյուրըմբռնում չլինի, ասեմ՝ խոսքը իմ դպրոցի մասին չի, խոսքը ողջ կրթական համակարգի մասին է: Եվ ուրեմն՝

Ես էնպիսի կրթական համակարգ եմ ուզում, որ ուսուցիչը աշակերտին ստիպի իր իրավունքների ու ապագայի համար պայքարել, ոչ թե իր կամքից անկախ փակի դպրոցում (ինչպես վերջերս արեցին հազարավոր դպրոցներում):

Ես էնպիսի կրթական համակարգ եմ ուզում, որտեղ ոչ թե երեխաների մտածելակերպը կսահմանափակեն, այլ կզարգացնեն ստեղծագործ միտքը, որտեղ 5-6-րդ դասարանցին ուսուցչին չհարցնի՝ մի տո՞ղ բաց թողնի, թե՞ երկու, այսինքն, ունակ լինի սեփական, թեկուզ և հասարակ որոշումներ կայացնելու, որտեղ ջնջումները ու լուսանցքից դուրս գալը սխալ չհամարվեն:

Կրթական համակարգ, որտեղ կմոտիվացնեն, ոչ թե կկոտրեն, որտեղ ամեն երեխայի առանձնահատուկ մոտեցում կցուցաբերվի, ոչ թե ձկանը հիմար կհամարեն իր թռչել չկարողանալու, իսկ թռչունին իր լողալ չկարողանալու համար:

Ու ընդհանրապես, Դուք գիտե՞ք, թե ինչ է նշանակում սովորել հումանիտար հոսքում, երբ բոլոր դասագրքերը «ճչում են» հումանիտար լինելուդ մասին: Ասենք՝ ահավոր բարդ տերմիններով բացատրվում է դասը (էն էլ թռուցիկ), իսկ դու բան չես հասկանում ու ավտոմատ սկսում ես վատ սովորել էդ գրողի տարած առարկաները: Ներեցեք, իհարկե, բայց գրքերի հեղինակները ոնց որ ամբողջ ուժով ուզենան ցույց տալ, որ դու հումանիտար ես ու հեչ էլ բան չես հասկանում քո հոսքին չպատկանող առարկաներից: Բնագիտական առարկաներից եմ խոսում, մինչդեռ մեր հոսքի դասագրքերն էլ են անտանելի վատը: Ես հիմա հիմնվում եմ իմ նախորդ տարիների, օրինակ, գրականության, գիտելիքների վրա, որովհետև անցյալ տարիներին մեզ մատուցվում էր և՛ ավելի շատ, և՛ ավելի մատչելի նյութ, քան հիմա: Կարծես՝ եթե հումանիտար ենք, ուրեմն պիտի լիքը բարդ ու ապուշ բառեր իմանանք:

Հետո, ես էնպիսի կրթական համակարգ եմ ուզում, որ աշակետին մատուցվի էնպիսի նյութ, ինչպիսին հետո միասնական քննություններին է պահանջվում, կամ հակառակը, թե չէ՝ մեղք են մեր ծնողները, միլիոններ են ծախսում, մի քանի պարապմունքների ենք գնում, որ նորմալ քննություն տանք: Եվ ինչի՞ համար է դպրոցը…

Ինչ վերաբերվում է քննություն տալուն, գիտեի՞ք, որ շատ դպրոցներում 9-րդ դասարանի քննություններին երեխաներից շատ խոշոր գումարներ են պահանջում կարմիր դիպլոմներ տալու համար, ու եթե չտաս, ինչքան էլ լավ հանձնած լինես քննություններդ, մի առարկան ցածր են գնահատում ու «գցում» քեզ կարմիր վկայկանից: Փառք Աստծո, իմ դպրոցում նման ահավոր բաներ չկան, բայց մարզերից ու Երևանից ընկերներիցս շատերը դրա զոհն են դարձել, բա՜:

Ես ուզում եմ, որ դպրոցում Նալբանդյաններ դաստիարակեն, ոչ թե ուղղակի ստիպեն իր գրած բանաստեղծությունները ժամերով անգիր անել, ես չեմ ուզում պաթոսախեղդ լինել վերջիվերջո:

Ես ուզում եմ ապրել սովորեցնի, կյանքի դժվարություններին նախապատրաստի դպրոցը, ոչ թե՝ փողոցը: Ես էնպիսի կրթական համակարգ եմ ուզում, որ ուսուցիչը աշակերտին չասի՝ ուղիղ նստի, թե՝ թեք, սև ու սպիտակ հագնի, թե կանաչ ու մանուշակագույն, պատռված շալվար, թե՝ ինչ, մազերը փռի, թե կապի, վերջիվերջո, դպրոցը մեր տունը չէ՞ր…

Մեզ ուսուցման նոր մոթոդներ են պետք, պարոն Փաշինյան: Եկեք ինչ-որ քննադատական մտածողության առարկա մտցնենք էդ համակարգի մեջ: Աստծու սիրուն, միայն չասեք՝ հասարակագիտությունը տենց մի բան է: Ըստ իս՝ հասարակագիտությունը իմ երազած առարկայի լրիվ հակառակ առարկան է: Էս ամենից կբխի սերունդ, որ չի լռում ու սերունդ, որ չի լռեցնում: Փորձեք կոտրել էդ կարծրատիպերը, դրանք էնքա՜ն են խանգարում ինձ ու իմ նման շատերին: Իսկ ինչից են սկսում կարծրատիպերը մնալ կարծրատիպե՞ր, իհարկե դպրոցից:

Մի բան էլ առաջարկե՞մ: Պատմություն երեխաներին ավելի հեշտ սովորեցնելու համար կարող եք ինչ-որ հաղորդում ստեղծել, բայց ոչ պաթոսից ու ստից կազմված: Ասենք՝ Նժդեհի մասին ֆիլմը տեսել ե՞ք, էդ ֆիլմից, օրինակ, ես Նժդեհի մասին ավելի շատ բան եմ սովորել ու ավելի հոգեհարազատ կերպար դարձրել ինձ, քան ուղղակի էդ պատմությունն ուսումնասիրելով: Նույն կերպ «Հին արքաները» հեռուստասերիալը, որտեղ չեն գոռում, որ հայերը սրբություն են, ու ամեն-ինչ շատ սիրուն ներկայացվում է:

«Եկեղեցու պատմության» մասին երևի ուղղակի լռեմ: Էնտեղ ասում են՝ անբարոյական է չխոնարհ մարդը, ու հետո թե բա՝ խոնարհ մարդը պետք է հասարակության կարծիքի «ծառան» լինի: Բայց իսկապես, երևի լռեմ:

Էլ չեմ հիշում՝ ինչ կարկառուն խնդիրներ ունի մեր կրթական համակարգը, բայց մի բան էլ ուզում եմ խնդրել: Ուղղակի ամոթալի քիչ աշխատավարձ են ստանում բոլոր ուսուցիչները, մի քիչ անարդար է, չէ՞: Օրինակ, իմ դպրոցում էնքան ուսուցիչներ կան, որ ուղղակի հսկայական գիտելիքի շտեմարաններ են, ու ոնց որ կառավարությունը իր մի քանի կոպեկով ձեռք առնի էդ մարդկանց: Մնացածը Դուք մտածեք, եսիմ…

Ես գիտեմ, որ Դուք կախարդական փայտիկ չունեք, բայց հասկանո՞ւմ եք, բոլոր մյուս նախարարությունների արդյունավետությունը կապված է դրանք ղեկավարողների հետ, որոնք էլի մարդիկ են ու էլի դպրոց են հաճախել: Ավելի լավ կրթություն ստացածները էլ ավելի լավ կանեն իրենց գործը, ամեն ինչ հենց կրթական համակարգից էլ կախված է:

Շնորհակալություն: Կապի վերջ, կապի վերջ…

arman arshak

Կրթությունը բոլորի համար

Նամակ վարչապետի՞ն: Ժամանակին ցանկացած  ցանկության մասին նամակ էի գրում Ձմեռ պապին, իսկ հիմա՝ վարչապետին: Մեծացել եմ փաստորեն։

Հուսամ վարչապետը կլինի այն մեկը, ով վերջապես կկերտի բոլորիս տեսլականի Հայաստանը ու կլինի ժողովրդի ընտրյալը։
Ես այս օրերին փողոց էի դուրս եկել, քանի որ գիտակցում էի, որ գործող ռեժիմը թույլ չէր տալիս, որպեսզի ես ստանամ որակյալ կրթություն։
Նոր ու վերափոխված Հայաստանում ես ակնկալում եմ տեսնել նոր ու վերափոխված կրթական համակարգ, որը հնարավորություն կտա բոլոր աշակերտներին և ուսանողներին՝ ստանալ որակյալ կրթություն։ Քանի որ կրթությունն է զարգացման հիմքը, կրթված սերունդը միայն կարող է աննկուն պահել հայրենիքի ամրությունն ու տնտեսական աճ ապահովել։
Եվ որ ամենակարևորներից է ինձ համար՝ հեղափոխված Հայաստանում յուրաքանչյուր պետական օղակ`ոստիկանություն, մեդիա և մի շարք այլ պետական ինստիտուտներ ու նախարարություններ կաշխատեն ի նպաստ պետական շահի ու տնտեսական աճի, այլ ոչ թե կծառայեն իշխանությանը։
Դե ինչ, սիրելի վարչապետ, մաղթում եմ Ձեզ բեղմնավոր աշխատանքային տարիներ:

seda mkhitaryan

Սա դու ես` իմ երազած ձևով

Համարյա ամեն օր մտքումս դու ես, երկիր, մտածում եմ քո ու իմ մասին, մեր մասին, իմ` քեզանում ապրելու մասին, իմ` քեզ սիրելու մասին։

Այն տեղը, որում ապրել եմ 18 տարի և 11 ամիս, համարել եմ հայրենիք`առանց հասկանալու այդ բառը։

Երկի՛ր, ես քեզ համարել եմ սեփական, բայց երբեք չեմ զգացել, որ իմն ես։ Արդեն դու իմն ես` գիտակցված։ Խոսել եմ, բայց երբեք չեմ զգացել, որ ձայնս լսում ես։ Երազել եմ, բայց միշտ երազանքներս ավարտվել են քո սահմաններից դուրս։ Այսօր իմ երազանքները հայրենադարձ են եղել։ Նրանք քեզնով են սկսվում ու ավարտվում։ Ասեմ ավելին` նրանք քո մասին են։ Ուզո՞ւմ ես պատմեմ իմ` քո մասին երազանքները քեզ։ Գիտե՞ս, երազում եմ, որ քեզ այլևս չվաճառեն, ուզում եմ քո քաղաքացին այլևս չհպարտանա, որ աղբը աղբամանի մեջ է լցնում, ոչ թե շպրտում դեմքիդ։

Ուզում եմ, որ փողոցով անցնելիս ժպիտից բացի ուրիշ բան չտեսնեմ մարդկանց դեմքին։

Ուզում եմ քեզ ամեն օր լքող մի քանի տասնյակ մարդիկ չտեսնեմ օդանավակայանում։

Ուզում եմ՝ ապրել քեզանով հպարտ քաղաքացիների շրջապատում։

Ուզում եմ չլսել մարդկանց բողոքները, ոչ թե նրա համար, որ խուլ եմ, այլ որովհետև դրանք չկան։

Ուզում եմ ավտոբուսում մանր կոպեկների մեջ խոշոր կոպեկ փնտրող քաղաքացիդ վերածվի մանր չունեցող քաղաքացու։

Ուզում եմ կրպակում աշխատող, բուհի դիպլոմը տանը բարձի տակ դրած աղջիկը օգտվի իր վաստակած դիպլոմից։

Ուզում եմ ամեն անգամ հեռուստացույցը միացնող ու միայն դրանից ինֆորմացիա ստացող տատիկը իրականությունը իմանա, և որ այդ իրականությունը լավը լինի։

Ուզում եմ քաղաքացիդ այնքան օրինապահ լինի, որ ճանապարհային ոստիկանը անգործ մնա։

Ուզում եմ ընտանիքներիդ հայրերը միայն Նոր տարուն տուն չգան, այլ ամեն օր` գործից հետո։

Ուզում եմ փողոցներումդ մարդկանցից փող մուրացող ձեռքեր չմնան։

Ուզում եմ տատիկներդ ու պապիկներդ թոռների համար պաղպաղակ գնելու հնարավորություն ունենան։

Ու վերջապես, ուզում եմ, որ քեզ փրկելու ցույցին մասնակից 16-ամյա աղջիկը, ամբողջ էությամբ «ՀՀԿ հեառացի՛ր» գոռալուց հետո չշրջվի ու չհարցնի.

-ՀՀԿ-ն ո՞րն էր…

Էսքանը:

Ուզում եմ հաջորդ անդրադարձիս դու սիրունացած լինես, մաքրված ու նոր…

ella mnacakanyan yerevan

Նամակ վարչապետին

Հարգելի՛ պարոն վարչապետ,

Գուցե խախտում եմ ընդունված քաղաքավարության նորմերը՝ չդիմելով Ձեզ ազգանունով, բայց վերջին օրերի իրադարձություններն ինձ մի բան են հստակ հասկացրել. երբեք չգիտես, թե ինչ կլինի հաջորդ վայրկյանին՝ հատկապես Հայաստանի քաղաքական կյանքում ու հատկապես այն դեպքում, երբ որևէ վստահ կանխատեսում ես արել: Ու, առհասարակ, այս պահին դա հաստատ ամենաառաջնայինը չէ:

Ով էլ ուզում է բազմի վարչապետի այդ բաղձալի աթոռին՝ Դուք, թե մեկ ուրիշը, լինեք կոստյումավոր, թե զինվորական շապիկով, սափրված թե անփութորեն երկարած մորուքով, լավ խնամված մազերով թե հասարակ գլխարկով, խնդրում եմ, երազում եմ, հույս ունեմ, որ կհիշեք նաև էն երեխաների մասին, ովքեր մաշված գուլպաներով և ուրիշների օգտագործած-դեն նետած զգեստներով մի ամբողջ մանկություն են ապրել կամ ապրում:

Ապրեք Դուք չտեսնված դղյակում թե բազմաբնակարան շենքի վերջին հարկի բնակարաններից մեկում, կմտածեք նաև այն մարդկանց մասին, ովքեր երազում են մի կտոր ապահով տանիքի մասին, մինչդեռ արդեն 30 տարի է՝ ապրում են վագոն-տնակներում:

Ու եթե մի ձմեռային օր հոգնեք այդ պատասխանատու պաշտոնին տքնաջան աշխատելուց ու մի ճամփորդության մեկնեք աշխարհի լավագույն հանգստյան գոտիներ (ասենք՝ Մալդիվներ կամ Հավանա)՝ ջրի ափին վայելելու արևի կենսատու շողերի ջերմությունը, չեք մոռանա նրանց, ովքեր հազիվ են փայտ հայթայթում իրենց հին վառարանները գործի գցելու համար, որ իրենց լույսի կտոր երեխաները ցրտից չկապտեն:

Ու եթե մի օր Ձեր լավ ընկերներից, հին ու բարի ծանոթներից մեկը խնդրի իրեն այս կամ այն պաշտոնին տեղավորել՝ առանց իրապես համապատասխանելու դրան, Դուք քաջություն կունենաք մերժելու նրան, որովհետև կհիշեք ինձ նման պատանիներին, որ համալսարան ընդունվելու առաջին իսկ պահից ներքին համոզմունք ունեն, որ ինչ էլ լինի, ինչքան էլ լավ սովորեն, մեկ է, այս երկրում առաջ չեն գնալու, որովհետև այստեղ դրա համար ոչ այնքան գիտելիք է պետք, ինչքան «լավ» ծանոթ: Ու գիտե՞ք՝ դրա համար էլ ուսանելիս շատ հաճախ օտար լեզուն են ավելի լավ սերտում, քան մասնագիտականը. դե՜, մարդ ես, որ այստեղ աշխատանք չգտնեն, հո՞ սոված չեն մնալու, կմեկնեն երկրից: Իսկ քանի՜ քանիսը կան, որ արդեն մեկնել են օտար ափեր իրենց մի կտոր հացը վաստակելու, մեկնել են՝ չուզենալով, օդանավակայանում արտասվելով իրենց հարազատներին գրկելիս, մեկնել են, որովհետև այլ տարբերակ ուղղակի չունեին, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում կվերադառնան, եթե հույսի գեթ մեկ հատիկ շող արթնանա իրենց մեջ, որ երկիրը երկիր է, ու որ ամեն բան լավ է լինելու:

Գիտեմ, որ երևի չեք կարդա այս նամակը, իսկ կարդալու դեպքում էլ գուցե արդարանաք (ի դեպ, հիմքն ունեք), որ նշված խնդիրները Ձեր կառավարման օրոք չեն ծագել, ու Դուք մեղք չունեք դրանցում, բայց գիտե՞ք՝ մեր ժողովուրդն արդեն հոգնել է արդարացումներից, նրան շատ են դրանցով զզվեցրել: Չնայած՝ ի՞նչ եմ ասում, հավանաբար գիտեք, որովհետև ժողովրդի թեկնածուն եք: Համենայնդեպս, ես էդպես եմ ամենուր լսել ու տեսել: Եվ ուրեմն, հուսամ, որ գոնե այս անգամ նույն ժողովուրդը չի հուսախաբվի՝ ի հեճուկս մեր երկրի քաղաքական փորձում առկա ցավոտ օրինաչափության՝ վատերին փոխարինելու ավելի վատերով, որովհետև կառավարչի այդ ամենակարող աթոռը մի տարօրինակ հմտություն ունի՝ բոլորին փչացնելու…

Հարգանքով և հուսալով, որ ամեն ինչ եղածից ավելի վատ չի լինի, ու որ անարխիան չի գա փոխարինելու ժողովրդավարությանը՝

Էլլա Մնացականյան
ՀՀ հասարակ քաղաքացի