Taught Agasyan

Թանկը թանգարանում

Շուտով գարունն էլ կանցնի, և այդպես մենք կշարունակենք փնտրել տարվա մեր եղանակը` այն հինգերորդը։ Չափազանց սենտիմենտալ հնչեց, մինչդեռ պարզապես ուզում էի ասել, որ ժամանակը շուտ է թռչում։ Ահա մայիսն է, և յուրաքանչյուրն իր պարտքն է կատարում, որ գնա արձակուրդի։ Չորրորդ կուրսում այդ «պարտք» ասվածը իրենից ներկայացնում է դիպլոմային աշխատանքի պաշտպանություն կամ էլ պետական քննություններ։ Քանի որ ես գրեթե բոլոր հարցերում շտապում եմ, ես գրեցի ու հանձնեցի իմ ավարտական աշխատանքը և սպասում եմ նախապաշտպանությանը։ Ընկերներս դեռ անելիքներ ունեին, և ես որոշեցի մենակ շրջել քաղաքում։ Եվ քանի որ Երևանը շատ հարուստ է թանգարաններով, զբոսանքս ավարտվեց մի թանգարանում, որի մասին լսել էի վերջերս, թեև այն կառուցվել է դեռևս 1977 թվականին։ Խոսքը Հայաստանի փայտարվեստի պետական թանգարանի մասին է, որը Ժողովրդական արվեստների թանգարանի ցուցասրահներից է։

Հրաշալի թանգարան էր, թեև բաղկացած էր միայն մեկ սրահից։ Երբ ներս մտա, ինձ մտածկոտ հայացքով դիմավորեց Իսահակյանի կաղնե դիմաքանդակը: Հետո ինձ ընդառաջ եկավ թանգարանի աշխատակցուհին ու կես ուրախ-կես տխուր զարմանքով նայեց ինձ։ Հավանաբար նա մտածում էր, որ ես էլ եմ փայտամշակմամբ զբաղվում, հակառակ դեպքում դժվար թե գնայի այնտեղ։ Ես սիրում եմ թանգարաններ և պատկերասրահներ այցելել և ցավոք, մեկ անգամ չէ, որ տեսել եմ թանգարանի աշխատակցի մտամոլոր ու տխուր հայացքը, բայց այս անգամ ես հուզվեցի, որովհետև նրա հայացքում այնքան աղերս կար, երբ վերջում խնդրեց, որ հաճախ թանգարաններ գնամ:

Այստեղի հիացմունք-զարմանքը չմարսած, ես որոշեցի այցելել Ժամանակակից արվեստի թանգարան։ Ինչպես նախորդում, այստեղ էլ էի ես մենակ։ Դե, եթե ավելի անկեղծ` հոգեպես էի մենակ, իսկ ֆիզիկապես` ոչ. Այն ամբողջ ընթացքում, երբ ես թանգարանում էի, հասցրեցին գալ ու գնալ երկու ամերիկուհի և երեք ռուս երիտասարդներ։ Ես այդ փաստից կարող էի ուրախանալ միայն մի դեպքում` եթե իմանայի, որ բոլոր հայերը այնքան լավատեղյակ են իրենց մշակույթից, որ հարկ չկա թանգարան այցելելու, բայց… Մեզ չհասկացած և չհասկացող օտարերկրացիները այժմ ամենուր են և հիանում են այն ամենով, ինչին նայելու համար մենք «ժամանակ չունենք»։ Ամեն ոլորտ մի սահման է, և ամեն սահմանում մի զենքով են կռվում։ Քաղաքացիները, ովքեր զբաղված են լինում իրենց ամենօրյա հոգսերով, մոռանում են, որ իրենք էլ են սահմանին` մի սահման, ուր յուրաքանչյուրս մեր երկրի դեմքն ենք։ Մենք սիրում ենք ընդօրինակել, սովորել վատը։ Եթե հենց հիմա մի նոր հավելված ստեղծվի, բոլորը շատ արագ կներբեռնեն, որ հետ չմնան մյուսներից, որ ժամանակակից թվան, բայց որ Ժամանակակից արվեստի թանգարան մեկ ժամվա ընթացքում միայն մեկ հայ է այցելում, ոչ ոքի չի հետաքրքրում։ Աշխատակցուհին անկեղծացավ ու նշեց, որ թանգարանի շատ ցուցանմուշներ արխիվում են ու չեն ցուցադրվում բավարար միջոցներ չունենալու պատճառով։ Փաստորեն քարերի երկիր Հայաստանի քարե շենքերից ոչ մեկը սիրտը չի բացում, որ ցուցադրի իր գանձերը։ Ո՛չ, պարզապես շատ մեծահարուստներ նախընտրում են ընթրել շքեղ ռեստորաններում, իսկ մեկ ամսով բուսակեր դառնալը նրանց սրտով չէ… Լավ չէ, որ սովորական ուսանողուհին, որի միակ նպատակը իր պետության համար լավ զավակ լինելը պետք է լիներ, սկսում է մտորել թանգարանային տխրության մասին…

Թանգարանի աշխատակիցների դեմքերին ժպիտներ նկարելու բարի ցանկությամբ այցելեք թանգարաններ ու հույս ներշնչեք, որ մեր արվեստն ու մշակույթը մի օր նորից կծաղկի այնչափ, որ աշխարհի բոլոր պետություններից կզգան այդ ծաղկունքի բույրը:

Գիտե՞ք ինչու եմ այսքան ոգևորությամբ խոսում փոքր թվացող կառույցների մասին ու այն էլ այս ծանր ժամանակներում, որովհետև թանգարաններում է մեր ունեցած թանկը՝ մեր ինքնությունն ու արժանապատվությունը, մեր հայրենիքի դիմանկարը, մեր արյունոտ հողը, որ երբեք չի մոռանում ծիլեր տալ…