Screen Shot 2019-12-20 at 17.27.56

Generation Yerevan

Երբևիցե մտածե՞լ ես, որ քո շրջապատում ոչ մի հետաքրքիր բան չկա, որի մասին կցանկանայիր պատմել ուրիշներին։ Օրինակ՝ քո համակուրսեցին, որ ուրիշ քաղաքից եկել է Երևան սովորելու, հարևանի աղջիկը, որ լավ բանաստեղծություններ է գրում, կամ նոր բանակից եկած եղբայրդ, նրանց մասին երբեք չե՞ս ցանկացել պատմել։

Մեկ շաբաթ «Մանանա» կենտրոնի անդամներս աշխատելով CafeBabel և Are We Euroe ամսագրերի մեր ընկերների հետ՝  ևս մեկ անգամ համոզվեցի, որ մենք չափազանց շատ բան ունենք պատմելու մարդկանց, պատմելու՝ աշխարհին։ Իրականում մեր՝ բոլորիս, պատմությունները այնքան ոգևորող ու կարևոր են, որ չափազանց դժվար էր ընտրություն կատարել դրանց մեջ։ Դժվար էր նաև այն պատճառով, որ մենք հայկական իրականությանը պետք է ծանոթացնեինք մեր արտասահմանցի գործընկերներին, որպեսզի իրենք էլ ոգեշնչվեին ու  համոզված լինեին` դրանք կհետաքրքրեն իրենց եվրոպացի հասակակիցներին:

Սկզբում բոլորը խոսում էին արտագաղթի, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի, հեղափոխության, նախկին և նոր կառավարությունների միջև եղած տարբերությունների, կանանց իրավունքների մասին։ Բայց աստիճանաբար սկսեցինք ամեն ինչ այլ կերպ տեսնել։ Գտանք կանանց՝ խաչքարագործ Նարինե Փոլադյանի նման, ովքեր ապացուցում են, որ սեռը ոչ մի դեր չի խաղում մասնագիտության ընտրության և այլ հարցերում նույնպես, հին ու նոր կառավարությունների հակամարտությանը նայեցինք արվեստի տեսանկյունից, ծանոթացանք մեր սահմանը պաշտպանողների և ապագայում սահմանում կանգնողների հետ, բացահայտեցինք երիտասարդների, ովքեր ոչ միայն սովորում և աշխատում են արագ զարգացող IT ոլորտում, այլև այդպես կանխում են արտագաղթը։

Մեր գործընկերների ոգևորությունը փոխանցվեց մեզ, և Հայաստանով ոգևորված անցանք  գործի։ Հիշեցինք բոլոր հին ու նոր ծանոթներին,  գտանք  իդեալական հերոսներ, ինքներս դարձանք այդ պատմությունների մի մասը և սկսեցինք պատմել։

Ի՞նչ ստացա այս մի շաբաթում՝ նոր գիտելիքներ, ընկերներ, աշխատանքային փորձ։ Ո՛չ, այս ամենը ուղղակի լրացուցիչ բոնուսներ են, կարևորը իմ ու քո շրջապատում այդ «ոչ հետաքրքիր»-ի մասին խոսելն էր և այն գիտակցությունը, որ անկախ ամեն ինչից, մենք պետք է շարունակենք անել դա․․․

Ահա նաև մեր կատարած աշխատանքները: Դիտեք, գրեք ձեր կարծիքը, փորձեք ինքներդ էլ ձեր շրջապատին այս աչքերով նայել:

Generation Yerevan