Susanna Grigoryan

Մանդարինի հոտը

Փողոցներից նորից մանդարինի հոտ է գալիս:

Գիշերը էլ մութ չէ: Երբ աչքերդ կկոցում ես, քաղաքը մեծ, գունավոր լաքա է դառնում:

Նոր տարիներից միշտ էլ մանդարինի հոտ է եկել: Ուղղակի առաջ, երբ սեղանի մի ծայրից մյուսը ուտելով գալիս էիր, էլ մանդարինի պես մանրուքին ուշադրություն  չէիր դարձնում:

Իհարկե, խնդիրներ միշտ էլ եղել են: Օրինակ. Նոր տարվա սեղանից հետո դժվարությամբ էիր շնչում, չէիր կարողանում շարժվել, ընկերներդ էլ մյուս կողմից աղանդեր էին հյուրասիրում`թարմ ու սառը ձյան տեսքով, հետո էլ ստիպված էիր մամային բացատրել, թե ոնց է հնարավոր 10 րոպեում մինչև ներքնազգեստը թրջվել: Կամ ավելի վատ, կարգին ձյուն ոչ էլ գալիս էր, ձնագնդին ցեխագնդի էր դառնում ու ամանորյա նոր-նոր  սպիտակ սվիտերը, որից վիզդ քոր էր գալիս, տեսքը մի քիչ կորցնում էր: Բայց  փոխարենը քննության համար երկար բարակ, անիմաստ ու անհետաքրքիր նախադասություններ անգիր չէիր անում` ամեն անգամ ավելի հստակ պատկերացնելով, որ միևնույն է, ոչ մի բանի չես հասնելու, որովհետև դրա համար գոնե մի քիչ պետք է սիրես ինչ-որ անում ես, կամ էլ ուղղակի ամեն ինչին մի քիչ թեթև նայես:

Սիրել չես փորձում, թեթև նայել էլ չի ստացվում:

Գնալով Նոր տարվա հրաշքը կորում է, անհետանում է ոնց որ  խանութների ցուցափեղկերից հզոր ռենջերներով քաղցր բամբակները, հեռուստաէկրաններից  էլ` Ջեյիդն ու Լուկասը:

Գնալով ավելի ու ավելի ես նմանվում էն ծերուկին, որ նկարի մեջ լաց է լինում, որովհետև շուրջը ոչինչ չի փոխվում: Ամեն տարի սպասում ես, որ ուր որ է կգան, ձեռքիցդ կբռնեն, կտանեն մեկ ուրիշ նկար, բայց ոչ ոք չի գալիս: Իսկ դու քո նկարին շատ ես ընտելացել ու խիզախություն էլ չունես ինքնուրույն հեռանալու համար:

Վախենում ես, որ հաջորդ անգամ, երբ փողոցներից էլի մանդարինի հոտ գա, նույնիսկ քննությունները չեն լինի, որ գոյությունդ արդարցնեն: