Media Behind the Scenes, Սլովակիա, օր 5-րդ

Մեդիան կադրից դուրս, կամ ամբողջ Եվրոպան ափի մեջ։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Օրն սկսվեց Սլովակիայի` Ալպերին բնորոշ գարնանային մառախուղով։ Արդեն հարազատ դարձած մարդկանց հետ նախաճաշելուց հետո ժամանակն էր շարունակել բացահայտումները մեդիայի անծայրածիր աշխարհում։

Դենիսան՝ այս հրաշալի գաղափարն իրագործողներից մեկը, ինչպես միշտ որոշել էր օրը սկսել խաղով, որի միջոցով մենք բավականին հետաքրքիր փաստեր իմացանք մասնակից երկրների մասին հենց բնակչի աչքերով։ Օրինակ՝ Բոսնիայից ժամանած Ինդիրան կես կատակ և կես լուրջ պատմեց, որ Բոսնիայում ապրելը իսկական մարտահրավեր է, ֆինանսական խնդիրների և որոշ անհանդուրժողականության առկայության պատճառով, իսկ լիտվացի Տոման առիթը բաց չթողեց հպարտանալու Լիտվայի վայ-ֆայ ցանցով, որն ամենաարագագործն է աշխարհում։ Իսկ խաղին հաջորդեց երբևէ ամենահաջողված դասախոսություններից մեկը։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Մառախլապատ Ալբիոնից ժամանած Ուայսը չթողեց մեզ ձանձրանալ մառախլապատ եղանակին և բացահայտեց մեզ համար գրագետ լրագրող լինելու գաղտնիքները։ Պարզվում է, որ տեղեկատվություն գտնելը և դրա ճշմարտացիությունը ստուգելը այնքան էլ դժվար չէ, եթե իրոք գիտես, թե ինչ պետք է անել։ Իսկ տեղեկատվություն ստանալը գրագետ լրագրողի համար պարզապես նորություններին հետևելը չէ, այլ նորություններ գտնելը և դրանց ճշմարտացիության մեջ համոզվելը։ Ուայսի սովորեցրած կարևոր հմտությունները գործնականում կիրառելու ցանկությունը  շատ մեծ էր բոլորիս մոտ, դրա համար որոշեցինք մարտահրավեր նետել ինքներս մեզ։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Մասնակիցներս բաժանվեցինք խմբերի` կատարելու միևնույն առաջադրանքը։ Մենք պետք է գտնեինք տեղեկատվություն մեդիա աշխարհում և մեր նոր հմտությունների միջոցով ստուգեինք դրանց ճշմարտացի լինելը։ Իմ խմբի հետ գտանք բավականին հետաքրքիր վերնագրով մի նյութ, որը պատմում էր, թե ինչպես է մի տղա սպանել հարևանուհուն շարունակաբար իրեն հարցնելու համար, թե արդյոք ինքը չի՞ ուզում ամուսնանալ։ Նյութը բացի պատմությունից, ուներ նաև երկու նկար համացանցում։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Մեր ձեռք բերած նոր հմտությունների միջոցով պարզեցինք, որ իրականում պատմությունը չափազանց աղավաղված է, իսկ նկարներից մեկը, որում պատկերված էր, այսպես կոչված մարդասպանը, իրականում որևէ կապ չունի նյութի հետ։ Մյուս նկարը, որում դիակ էր պատկերված, իրականում ոչ կապ ուներ նյութի հետ, ոչ էլ մյուս նկարի։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Այս մարտահրավերը մեզ ևս մեկ անգամ ապացուցեց, որ ամեն ինչ, ինչ ցույց է տալիս մեդիան, ոչ միշտ է համապատասխանում իրականությանը, իսկ քսանմեկերորդ դարի մարդու համար ամենակարևոր բաներից մեկը մեդիագրագիտությունն է։ Ցավոք, կեղծ լուրերով այսօր տագնապալի չափով հեղեղված է հայկական մեդիադաշտը, և մեդիագրագետ լինելը դարձել է օրվա հրամայական:

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Օրը հագեցած էր կարևոր գիտելիքներով, բայց քանի որ երկար էինք աշխատել, ժամանակն էր հագեցնել նաև մեր քաղցը։ Սեղանի շուրջ տիրում էր ջերմ ու հարազատ մթնոլորտ։ Անվերջ կատակներ, բացահայտումներ մեկս մյուսի մշակույթի մասին և բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ։ Քննարկումների արդյունքում այնքան ընդհանրություններ բացահայտեցինք մեզ հետ կողք կողքի ապրող ժողովուրդների մասին, որ թվում է, թե Եվրոպան այնքան փոքր է, որ կարող է տեղավորվել անգամ մարդու ափի մեջ։