Moving ideas forward, մոնտենեգրո. օր 6-րդ

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Նորից գրելու հերթը հասավ ինձ։ Ուրեմն սկսենք սկզբից, այսինքն նախաճաշից, որից հետո անցանք առաջին սեմինարին։ Այն մանրամասն բացատրում էր, թե ինչպես կարող են կազմակերպությունները ֆինանսավորում գտնել դրամահավաքի միջոցով։ Ներկայացնում էին տարբեր մեխանիզմներ, որ ավելի հավանական և հաջողակ կդարձնեին այն։ Ընթացքում լինում էին տարբեր քննարկումներ և պարզաբանումներ այս կամ այն հարցի շուրջը, որը կարծում եմ, ավելի արդյունավետ էր դարձնում դասընթացը։ Դե իհարկե, այս սեմինարները ընդհատվում էին տարբեր էներգետիկ վարժություններով և ընդմիջումներով։

Արդեն կեսօրին ճաշն էր։ Այս անգամ այն մեկ ժամ շուտ էր սկսվել, քանի որ մեզ խոստացել էին 2-ի փոխարեն 3 ժամանոց ընդմիջում, որ, ինչ խոսք, շատ ողջունելի էր։ Արագ ճաշելուց հետո, ամբողջ խմբով որոշեցինք բացահայտել Սուտոմորեի ափերից ևս մեկը։ Պատրաստվեցինք ու ճանապարհ ընկանք։

Այն մոտավորապես տևեց 10 րոպե։ Ճանապարհը անցնում էր թունելի միջով, որով անցնելիս մենք տարբեր կատակներ էինք անում ու վախենալու բաներ պատկերացնում։ Թունելի վերջում արդեն երևում էր ծովը։ Հաճելիորեն զարմացանք, երբ տեսանք, որ այս ափը՝ «գաղտնի լողափը», նման չէր մյուսին։ Այստեղ ժայռեր կային՝ ջրի մեջ վեր բարձրացող, ինչը նոր էր ու հետաքրքիր։ Այսպես մոտ երկու ժամ ծով, արևը և շրջակայքի գեղեցկությունը վայելելուց հետո վերադարձանք հյուրանոց ու պատրաստվեցինք սեմինարի 2-րդ մասին։ Կրկին թեման դրամահավաքությունն էր և դրա տարբեր ձևերը։

Սեմինարը ավարտելուց հետ անցանք խմբային աշխատանքին։ Ամեն մեկը պատկանում էր մի խմբի, որ հատուկ ինչ-որ թեմայի վրա էր աշխատում։ Մեր խմբային աշխատանքը ավարտվեց, երբ եկավ հաց ուտելու ժամանակը։

Ընթրիքից հետո «Տաղանդի շոու»-ի սկսեցինք նախապատրաստվել։ Մեր խմբով որոշեցինք ներկայացնել հայկական ազգագրական պարերից մեկը՝ Էջմիածինը։ Մյուս համարները երգեր էին, պարեր և մի կարճ բեմականացում։ Հետո մեր ֆրանսիացի մասնակիցներից մեկը որոշեց երգ կատարել հայերի պատվին։ Դե երևի գուշակում եք ում երգն էր։ Ազնավուրն էր, «Լա Բոհեմա»-ն։ Ինչ խոսք, այն ինձ խորապես հուզեց, ինչպես նաև հպարտության մեծ զգացում առաջացրեց հոգումս։

Այսպիսով ժյուրին որոշեց երկրորդ փուլ անցկացնել։ Եվ հանկարծ մեր մտքով անցավ խմբի տարբեր անդամների նմանակումները անել։ Ոգևորվելով այս գաղափարով՝ Անուշը, Լիլիթը, Սուրենը և ես (Հովնանը ժյուրիի կազմում էր) սկսեցինք մեր մեջ բաժանել, թե ով ում դերն է տանելու։ Այս միտքը իրոք շատ էր ոգևորել մեզ և բավական լավ ստացվում էր։

Եվ այսպես սկսեցինք ելույթները։ Կրկին երգ, պար, որոնք բավական տպավորիչ էին, և վերջում էլ մենք։ Առաջին իսկ ներկայացումից արդեն սենյակը լի էր ծիծաղով ու ծափերով, որը շարունակվեց միչև ելույթի ավարտը։ Հերթով արեցինք նմանակումները։ Չէինք սպասում, որ արձագանքը այդքան բուռն է լինելու։ Ավարտեցինք հոտնկայս ծափահարություններով ու ծիծաղով։

Վերջապես ժյուրին գնաց վերջնական որոշման։ Որոշումից հետո պարզ դարձավ՝ մենք երրորդ տեղն ենք զբաղեցրել, մեր երկրորդ ելույթով, որը ամենածիծաղելին էր համարվել։ 1-ին և 2-րդ տեղերը գրավեցին աղջիկների երգող, պարող խումբը և տղաների երգը։ Հաղթող թիմի մասնակիցներով ստացանք նոթատետրեր, որպես մրցանակ։

Ահա այս ուրախ նոտայով ավարտվեց մեր 6-րդ օրը Մոնտենեգրոյում։