Աննա Անդրեասյանի բոլոր հրապարակումները

anna  andreasyan

Բիբլիական լեռը

Գիտե՞ք, թե որտեղ եմ ապրում: Արարատյան դաշտում: Իսկ գիտե՞ք՝ որքա՜ն հպարտ եմ դրանով: Դժվար թե:

Արարատյան դաշտը մեր պատմության ընթացքում կարևորագույն նշանակություն է ունեցել: Այնտեղ են եղել մեր թագավորանիստ քաղաքներից շատերը և…
Լավ, դա թողնենք պատմաբաններին, իսկ ես կխոսեմ այն պատճառների մասին, որոնց համար շատ եմ սիրում այն:

Նախ, որովհետև այստեղ արևը առատորեն է ջերմացնում, իսկ ես, մանավանդ այս ձմռանից հետո, պաշտում եմ արևը և տաք եղանակը: Բայց դեռ սա էլ մի կողմ: Կա մի վեհատեսիլ բան, որ շուք է տալիս իմ բնակավայրին: Դա Արարատն է՝ մեր բիբլիական լեռը: Իզուր չի, որ այն այդքան մեծ ու խորհրդանշական դեր ունի մեր ժողովրդի պատմության մեջ: Նայում ես նրան, ու հավատդ չի գալիս, որ իրական է, այդքա՜ն գեղեցիկ ու կախարդիչ: Ու չես հագենում նրան նայելուց, ուզում ես անվերջ նայե՜լ ու նայե՜լ: Երբեք չեմ կարողացել անտարբեր նայել այդ հպարտ ու առասպելական լեռանը: Հերիք է նայել Արարատին, ու կպատկերացնես հայ ժողովրդի պատմությունը, բնավորությունը, սովորույթները: Արարատը Հայոց աշխարհի և նրա ժողովրդի հավաքական պատկերն է, խորհրդանիշը: Եվ կապ չունի, թե որ պետության սահմանից ներս է այն: Այն մերն է, նրա տեղը միայն ու միայն մեր սրտերում է:

Իհարկե կգա ժամանակ, երբ այն մեզ համար այդքան անհասանելի չի լինի, ինչպես հիմա է: Մի օր ամբողջ հայությամբ նրա լանջերին կպարենք մեր ավանդական քոչարին: Ես հավատում եմ:

anna  andreasyan

Ազատության տարիներ կամ մանկություն

Կարանտինի այս օրերին գյուղի և քաղաքի բնակիչները իրարից շատ տարբեր փորձառություն են ունենում: Սա, իհարկե, վերաբերում է բոլոր տարիքային խմբերին, բայց հաշվի առնելով օրը, անդրադառնամ երեխաներին: Մեր բակի երեխաները` չնայած այն աղմուկին, որ բարձրացնում են, մի տեսակ փայլ են հաղորդում մեր փողոցին: Նրանց համար կարծես թե ոչինչ չի փոխվել, դե բացի այն բանից, որ դպրոց գնալու փոխարեն մի քանի ժամ տանից էին դաս անում, մնացած ժամանակը անցկացնում էին ճիշտ այնպես, ինչպես առաջ էր: Երևի կհիշես՝ նախորդ հոդվածներիցս մեկում արդեն ներկայացրել եմ այդ երեխաներից ոմանց: Նրանք միշտ միասին են ու միշտ զբաղված են ինչ-որ «կարևոր գործով»:

Նրանք արթնանում են առավոտ շուտ՝ աշխատանքի գնացողների հետ ու սկսում իրենց՝ աղմուկից անպակաս խաղը: Այն ժամանակ, երբ ես նոր արթնանում եմ, նրանք արդեն մի կարճատև հանգստի են գնացած լինում: Հետո նորից հավաքվում են, ու այսպես շարունակ: Հետաքրքիրն այն է, որ իրենց խաղի մեջ ինձ էլ են ներքաշել: Երեկոյան միշտ դուրս եմ գալիս բակ՝ մաքուր օդ շնչելու ու երեկոյան թարմ, սառը եղանակը վայելելու: Դրանից մի քանի րոպե հետո կարող ես տեսնել ինձ նրանց հետ միասին գնդակ խաղալիս ու գոռգռալիս։ Հատկապես դասերի ժամանակ, երբ ամբողջ օրը համակարգչի առջև էի, հենց մի քիչ ազատ ժամանակ էի ունենում, պարտադիր գնում էի դուրս՝ նրանց հետ գնդակ խաղալու:

Այդ հասարակ խաղերը այնքան թարմացնող ու հաճելի են: Այն պահին, երբ երեխաների հետ իրենց «խելքին» ընկած վազվզում ես, մոռանում ես քեզ անհանգստացնող ամեն ինչի մասին, ուղղակի կտրվում ես ամեն ինչից: Երևի ուրիշ ոչ մի պահի այնքան «հենց հիմա», հենց այստեղ՝ ներկայում չեմ, ինչքան նրանց հետ ժամանակ անցկացնելիս: Դու գտնվում ես այն փոքրիկ մարդկանց խմբում, որտեղ ոչ ոք չի բողոքում կամ նեղսրտում, որտեղ միակ և բարձրագույն նպատակը ուրախանալն է: Այստեղ է կայանում մանկության գեղեցկությունը, երբ դու քեզ սահմանափակված չես զգում տարբեր գործոններով, այլ ուղղակի վայելում ես պահը: Եթե ուզում ես թռչկոտել, թռչկոտում ես, վազել՝ վազում ես: Եթե բարկացած ես, մի լավ բղավում ես կամ էլ լացում ու անցնում առաջ: Դու կարիք չունես քեզ ու քո փոքրիկ մանկական հրճվանքները համապատասխանեցնել ինչ-որ նորմերի: Երևի սա է պատճառը, որ մարդկանց մեծամասնությունը իրենց մանկությունը համարում են կյանքի լավագույն հատվածը, որովհետև այդ ժամանակ, և միայն այդ ժամանակ էր, որ նրանց իրավունք էր վերապահված լիարժեքորեն լինելու այնպիսին, ինչպիսին կան, հարազատ իրենց խառնվածքին, միայն այդ ժամանակ էին նրանք, թերևս, իրապես ազատ:

anna  andreasyan

Էլ առաջվանը չենք

Հիմա կասեք` կորել եմ, ճիշտն էլ դուք կանեք: Բայց հիմա դրա մասին չէ, որ ուզում եմ խոսենք: Ավելի լուրջ հարցեր կան քննարկելու: Դրանցից մեկը, օրինակ, ժամանակի ընթացքում տեղի ունեցող փոփոխությունների մասին է: Գիտեմ՝ լայն թեմա է: Բայց հիմա կպարզաբանեմ:

Տարիներ առաջ, միջին դպրոցում, ամեն նոր ուսումնական տարվա սկզբին հաճախ լսում էի նույն արտահայտությունը ուսուցիչներիցս.

-Շատ ես փոխվել, էլ առաջվանը չես:

Ու այս արտահայտությունը գրեթե բոլորին էր ուղղվում: Ոչ ոք զերծ չէր մնում այս «մեղադրանքից»: Այն ժամանակ, լսելով այդ արտահայտությունը՝ մի տեսակ ինձ վատ էի զգում: Ինչո՞ւ էին ակնհայտ ափսոսանքով ասում, որ էլ առաջվանը չեմ:

Հետո երկար չհանդիպած բարկամներիս կամ ծանոթներիս հանդիպելուց մոտավորապես նույն բովանդակությունը պարունակող կարծիքներ էի լսում: Իրենք, այդ հարցով չսահմանափակվելով, առաջ էին անցնում ու ձեռքի հետ նաև նկարագրում, թե ինչպիսին էի առաջ կամ ավելի ճիշտ՝ ինչպիսին չեմ հիմա: Ու ես էլի տխրում էի մտածելով ինչ-որ բան այն չէ հետս, գուցե ինչ-որ բան է պատահել հանկարծ, որ ինձանից վերցրել ու տարել է այն լավ հատկանիշները, որի մասին խոսում էին բարեկամներս, ուսուցիչներս, ծանոթներս…

Հիմա արդեն, երբ ավելի հեռվից եմ նայում այդ փոփոխություններին, հասկանում եմ, թե իրանականում ինչ էր կատարվում: Ամեն ինչ շատ պարզ է, ես իրոք փոխվում էի: Ուղղակի հիմա արդեն տարբերությունն այն է, որ այդ փոփոխությունը ոչ թե ինչ-որ բացասական երևույթ է թվում, այլ դրական: Ավելին ասեմ՝ այն անհրաժեշտություն է, որ պետք է տեղի ունենա և շարունակի տեղի ունենալ, քանի ապրում ենք: Ահա թե ինչպես ենք հասկանում, որ կանք, գոյություն ունենք:

Առհասարակ, մենք բոլորս ակնկալում ենք դիմացինից նույնը մնալ, միշտ լինել այնպիսին, ինչպիսին իրեն ճանաչել ենք, առանց հասկանալու, որ անհնարինն ենք պահանջում: Կան մարդիկ, որոնց հետ մի ժամանակ շատ մտերիմ ենք եղել, իսկ հետո, երկար բաժանումից հետո նորից հանդիպել ենք՝ նախապես ակնկալելով շարունակել խոսակցությունը այն նույն տեղից, որտեղից թողել էինք անցյալ անգամ: Բայց հանկարծ հանդիպելուց հասկանում ենք, որ չգիտենք նույնիսկ, թե ուրիշ էլ ինչից խոսենք բացի հիշողություններից: Եվ հենց այստեղ հասկանում ենք, որ էլ իրար չենք ճանաչում: Մեզ կապող միակ բանը հիմա անցյալի հիշողությունն է:

Կարծում եմ այս երևույթը տխուր է: Միշտ փորձել եմ հասկանալ, թե մարդիկ, որ մի ժամանակ այդքան մտերիմ էին, հիմա ինչպես են անծանոթներ դարձել: Բայց գիտեք, ընդունելը, որ էլ իրար չեք ճանաչում, դեռ չի նշանակում, որ այն մտերմությունը, որ մի ժամանակ մեզ դարձնում էր ընկերներ ու հարազատներ, իրական չէր: Չէ, իհարկե, իրական էր, բայց ա՛յն պահին, ա՛յն ժամանակ:

Մենք ամեն մեկս մեր ճանապարհով ենք գնում ու փոխվում կախված միջավայրից, հանգամանքներից: Մենք նոր մարդիկ ենք դառնում: Եվ այդ նոր մարդը, որ մի ժամանակ ընկերդ էր, դադարում է քոնը լինելուց: Դուք էլ մեկդ մյուսի կյանքի անբաժան մասը չեք, այլ միայն հիշողություն…

anna  andreasyan

Համալսարանական երկուսուկես շաբաթները

Երևանում երթևեկության վատթարացումը, գերծանրաբեռնված երթուղայինները, ֆեյսբուքում ուսանողական կյանքին վերաբերող հրապարակումների կտրուկ աճը… Այս բոլորը վկայում են այն մասին, որ արդեն սեպտեմբեր ամիսն է, դասերն սկսվել են: Ինձ համար դասերը սկսվել էին դեռ օգոստոսի 26-ից: Այնպես որ կարող եմ հպարտորեն արձանագրել, որ ուսանողական կյանքիս առաջին երկուսուկես շաբաթը արդեն հետևում է: Զինակից ընկերներս ու ես հերոսաբար հաղթահարել ենք այդ, ենթադրաբար, ամենադժվար ու վախ ներշնչող առաջին երկու շաբաթները:

Բնականաբար, առօրյայումս շատ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց մասին, իմ պարտքն եմ համարում ձեզ տեղյակ պահել: Ինչի՞ց սկսեմ: Երևի առավոտյան արթնանալուց: Այստեղ միակ տարբերությունը այն է, որ եթե դպրոցական տարիներին ժամը 8-ն էր համարվում իմ օրվա սկիզբը, հիմա այն 7-ն է: Եվ քանի որ առավոտվա մեկ ժամ պակաս քնելը հսկայական ազդեցություն է ունենում իմ լիարժեք գործելու կարողության վրա, ստիպված եմ ավելի շուտ քնել: Հիմա կմտածեք` կարելի էր սա շատ ավելի կարճ ասել կամ էլ ընդհանրապես չասել, բայց սա իմ պատմությունն է, թույլ տվեք այն ներկայացնել՝ ամեն ինչ մանրակրկիտորեն բացատրելով:

Եվ այսպես, արթնանալու դժվարությունը հաղթահարելուց հետո, ես ստիպված եմ մարտական դիրքում սպասել Արմավիրից Երևան գնացող երթուղայինին: Պետք է, որ պատկերացնեք, թե ինչ պայքար է գնում առաջինը երթուղայինում տեղավորվելու համար: Միշտ ատել եմ այդ պայքարը, բայց հիմա հասկանում եմ, որ ոչ ոք էլ չի սիրել, ուղղակի ամեն մեկն էլ մի տեղից ուշանում է: Պետք է ըմբռնումով մոտենալ, բայց այդ ամենը երթուղայինում քո տեղը ապահովելուց հետո: Բոլոր տեղերը զբաղված են, շարժվեցինք: Ամեն ինչ հոյակապ է ընթանում, ես կարողանում եմ վերջապես իմ մտքերի հետ մենակ մնալ: Ի՞նչ է մեզ պետք մենակ մնալու համար՝ անաղմուկ միջավայր, մարդիկ, ում ես չեմ ճանաչում և ընթացքի մեջ լինելու զգացողություն: Այս հանգիստ ու հաճելի պահը ընդհատվում է ընթացքի դադարից հետո: Սա նշանակում է՝ Արգավանդում ենք: Խցանում է: Ես ամբողջ ընթացքում լարված սպասում եմ՝ երբ է խցանումը վերջանալու ու մեզ թույլ տալու նորից շարժվել: Այնպես եմ ուշադրությամբ հետևում ամեն մի մեքենայի շարժին, ասես իմ հայացքով ինչ-որ իշխանություն ունեմ այդ ամենի վրա: Իրականում լավագույնը, որ կարող է յուրաքանչյուր ուղևոր անել, այդ պահին հանգիստ սպասելն է:

Դե ինչ, հասանք Կիլիկիա ավտոկայան: Հիմա չորս հավանական ձևով կարող է պատմությունը շարունակվել: Առաջին՝ գալիս է 259 համարի ավտոբուսը, և ես երջանկությունից փայլելով ու հարմարավետորեն հասնում եմ համալսարան՝ ամբողջ ընթացքում մտածելով, որ կյանքը հրաշալի է: Երկրորդ, գալիս է 47 համարի ավտոբուսը, և ես բացահայտում եմ նորանոր դիրքեր, որոնցում ես կարող եմ մի կերպ գոյատևել այն 15-20 րոպեների ընթացքում, որ հասնում եմ համալսարան: Այն մնացած երկու տարբերակները իրար նման են ու ստանդարտ։ Այնպես որ, ժամանակ չծախսենք այդ երկուսի վրա:

Վերջապես հասա համալսարան: Բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ բարձրացել են Ամերիկյան համալսարանի աստիճաններով կհասկանան, թե ինչ է կատարվելու հաջորդիվ՝ շնչակտուր մտնում եմ համալսարան: Մի պահ ուշքի եմ գալիս ճանապարհներից, հասկանում, որ ես հենց համալսարան էի գալիս և ոչ թե հավերժ ճանապարհներին լինելու ու գնում եմ առաջին դասիս:

Դե, այստեղից էլ արդեն դաս, ընկերներ, լանչ ու այսպես շարունակ: Իսկ վերադարձի ճանապարհին ծանոթանալու համար, կարող եք ուղղակի հետ գնալ ու նորից կարդալ համալսարան գալու պատմությունը:

Առաջին երկուսուկես շաբաթվա համար այսքանն էին տպավորությունները: Մեզ բոլորիս հաջող ուսումնական տարի:

anna  andreasyan

Եսերի պատմությունը

Երբևէ ունեցե՞լ ես այն զգացողությունը, երբ բազմաթիվ բաների մասին ես մտածում, բոլորն էլ արժանի, որ իրենց մասին խոսվի, բայց դրանք այնքան միախառնված ու միաձուլված են իրար, որ չես կարողանում հստակ սահմանազատել միմյանցից ու թեմաներից մեկը կամ մյուսը՝ առանց իրենց սահմաններից շեղելու, ներկայացնել: Դրա պատճառը այն չէ, որ թեմաները իրենց բովանդակությամբ իրար նման են կամ ինչ-որ ուրիշ առնչություն ունեն: Ուղղակի երբ ինչ-որ միտք ես ունենում, պետք է հենց այդ պահին արտահայտել, որ հետո բազմաթիվ այլ մտքերի կուտակումից ու չարտահայտելուց չստեղծվի այն շիլաշփոթը, որ հիմա իմ գլխում է:

Դե, արտահայտան միջոցները շատ են, նայած դու որն ես նախընտրում, որն է ավելի լավ ստացվում: Օրինակ ես, ինչպես տեսնում ես, գրում եմ, մեկ ուրիշը նկարում է (միշտ ցանկացել եմ լինել այդ մեկ ուրիշը, այս հարցում չեմ հանձնվում, միշտ փորձում եմ), մի երրորդը երգում է, շատերն էլ ուղղակի իրենք իրենց բարձրաձայն (ի միջի այլոց, բարձրաձայնը պարտադիր պայման չէ, մտքում էլ կլինի) խոսում են: Ի՞նչ կա որ, ինքդ քեզ հետ խոսելուց ավելի հանգստացնող ու լիցքաթափող բան տեսե՞լ ես: Երբ սկզբում դու մենակ ես, ու քեզ հակաճառող չկա, քեզանից գոհ փիլիսոփայում ես, մեկ էլ չգիտես որտեղից, հայտնվում է քո երկրորդ եսը, որը միշտ հակառակվում է քո առաջին եսին: Ասես երկու ծայրահեղություններ լինեն: Բայց, հո բանը այս երկու եսերի կռվով չի՞ վերջանում, հարցեր կան, որոնց պետք է մի քանի տարբեր անկյուններից նայել, և այստեղ է, որ հայտնվում են հաջորդաբար երրորդ, չորրորդ և այսպես շարունակ, եսերը, կախված  հարցի բովանդակ լինելու աստիճանից: Այս երրորդ եսը, օրինակ, առաջին երկու կողմերին ո՛չ ժխտում է, ո՛չ հաստատում, այլ փորձում է հավասարակշռել երկու հակադարձ կարծիքները: Յուրաքանչյուրից վերցնում է այն, ինչ իր կարծիքով ճիշտ է, ու միացնում է իրար՝ ստեղծելով իր նոր՝ երրորդ կողմը: Ահա այստեղ հայտնվում է չորրորդ կողմը՝ մի նոր կարծիք առաջ բերելով, ու առաջին երեք եսերը զարմացած իրար են նայում՝ մտածելով, թե այս չորրորդ օտարականը որտեղի՞ց հայտնվեց: Չնայած իրենք համակարծիք չեն, բայց գոնե իրար արդեն լավ են ճանաչում: Մինչև սկսում են մեր չորրորդի հետ մտերմանալ, համենայն դեպս այնքան, ինչքան ծայրահեղ հակառակ կարծիքի տեր մարդիկ կարող են մտերմանալ, հայտնվում է հինգերորդ եսը: Այստեղ արդեն նախորդ չորսով են իրար հետ փոխանակում այն խորհրդավոր հայացքը, որի իմաստը և ասելիքը արդեն բացատրեցի:

Հինգերորդի հայտնվելու նպատակը հավասարակշռելն է այս մեր չորրորդին մյուս երեքի հետ, հատկապես առաջինի և երկրորդի: Դե երրորդը ինքը մի տեսակ հաշտեցնող կողմ է, բայց միայնակ, երկուսից ավելի այդքան ծայրահեղական եսերի չի կարող հաշտեցնել: Այս է պատճառը, որ հինգերորդը հայտնվում է:

Այսպես խոսում են, բանավիճում ու իրար հետ լեզու չեն գտնում, մանավանդ որոշումներ կայացնելիս: Պետք է համբերատար հետևես այս բոլոր եսերի բանավեճին ու տեսնես` վերջում մի ընդհանուր եզրահանգման կգա՞ն, թե՞ չէ: Եթե չգան էլ, ինչը շատ հաճախ է տեղի ունենում, դու ինքդ՝ որպես արտոնյալ և վերջին խոսքը ասող, ընտրում ես եսերից մեկի առաջարկած տարբերակը՝ ուշադրություն չդարձնելով այն հայացքներին, որ ընտրյալ եսին են ուղղվում մյուս եսերի կողմից: Բայց դե նրանք երկար նեղված չեն մնում, հո այս մեկ անգամը չի՞, դեռ այնքան է լինելու: Հաջորդին, գուցե, մեկ ուրիշը հաղթի: Հետո էլ եթե հանկարծ ես սխալված լինեմ ու սխալ եսի առաջարկը ընդունած լինեմ, մյուս բոլոր եսերը որ մասնակից էին այդ որոշման ընդունմանը և որոնց առաջարկները մերժվել էին, ինձանից էլ, ընտրյալ եսից էլ մի լավ վրեժ կլուծեն՝ անընդհատ հիշեցնելով սխալ որոշման մասին: Իսկ եթե որոշումից գոհ եմ վերջում, ես եմ գոհ ու հաղթական հայացքով նայում նրանց ու մի շնորհակալական հայացք էլ ընտրյալ եսին եմ շնորհում:

Դե որ այսքան բան արդեն պատմեցի իմ ու իմ եսերի ներքին գործերից, սա էլ ասեմ: Իմ եսերից ամեն մեկը ունենալով տարբեր ես-ային հատկանիշներից ինչ-որ չափով, միաժամանակ ունի մի հատկանիշ, որ գերակշռում է: Մեկի մոտ, օրինակ, ներքին զգացողությունն է շատ լավ զարգացած՝ նույն ինքը ինտուիցիան, մեկի մոտ ավելի լավ է ստացվում տրամաբանական վերլուծություններ անելը, մյուսի մոտ մի այլ բան, որի անունը նույնիսկ չգիտեմ, և այսպես շարունակ:

Տես է, հենց նոր առաջին եսս ասաց, որ բավական է, ինչքան իրենց մասին պատմեցի, ու քանի մյուս եսերս էլ չեն հավաքվել ու պատերազմ չի սկսվել, նյութս ավարտեմ:

anna  andreasyan

Մեզ առանձնացնող սովորությունները

Տարբեր մշակույթների ու ազգերի ներկայացուցիչների հետ ծանոթանալու դրական կողմերից մեկն էլ այն է, որ կարողանում ես քո մշակույթին կողքից նայել, այն նույն ձևով, ինչպես երկրորդ լեզու սովորելուց հետո մայրենի լեզուդ էլ ես սկսում որպես լեզու դիտարկել: Պատճառն այն է, որ երբ մի բան քոնն է, չես կարողանում անաչառորեն վերլուծել այն: Հաճախ, երբ տարբեր առիթներով քննարկվում են ժողովուրդների մշակութային տարբերությունները, մի տեսակ բացասական երանգ են հաղորդում թեմային: Բայց կարծում եմ՝ այդ տարբերություններն էլ իրենց գեղեցկությունը ու արժեքը ունեն:

Մեր առօրյայում տեղ գտած շատ սովորություններ կան, որ մեզ թվում է՝ ամբողջ աշխարհում նույնն է, բայց դա իհարկե այդպես չէ, համենայնդեպս, ոչ բոլոր դեպքերում: Իհարկե, մեզ բնորոշող շատ առանձնահատկություններ կան, բայց այսօր այս մի քանի օրինակը բերեմ, որ կարծում եմ՝ սովորաբար չի նկատվում:

Օրինակ՝ մեզ՝ հայերիս համար սուրճ խմելը նույն իմաստը չունի, ինչ արևմտյան ժողովուրդների համար: Հիմա կասեք՝ սուրճ խմելու իմաստը որն է: Ասեմ: Երբ մի հայ մյուսին հրավիրում է սուրճ խմելու, դա իրենից մի ամբողջ «արարողակարգ» է ենթադրում: Մի ամբողջ աղանդերի սեղան է պատրաստվում, հավաքվում են հիմնականում կանայք ու սկսում են քննարկել աշխարհի բոլոր-բոլոր թեմաները (ամեն մեկը՝ ըստ իր մտքի կարողության ու հետաքրքրության): Դե վերջում էլ, եթե խմբում «բաժակ նայող» կա, իր ուժերն է փորձում ոչ այնքան նրա համար, որ բոլորը հավատում են նման բաների, այլ ուղղակի արդեն սովորություն է դարձել, ժամանակ անցկացնելու մի ձև է: Այստեղից երևում է, որ մեկին սուրճի հրավիրելը ամենևին էլ սուրճ խմելու մասին չէ, դու կարող է ինձ նման թեյի սիրահար լինել, բայց քեզ տուն հրավիրելուց միևնույն է ասում են՝ գնանք սուրճ խմենք:

Մի ուրիշ օրինակ էլ հացն է: Մեզ մոտ հացը և՛ նշանակում է ուտելիք, և՛ հենց ինքը հաց: Այստեղից, օրինակ, կարող ենք տեսնել, թե մեր մշակույթում ինչ մեծ դեր ունի հացը: Առանց հացի հայերը սեղան չեն նստում, այն համարվում է սեղանի տարրական ու գլխավոր մասը: Իսկ օրինակ արևմտյան երկրներում, հացի ներկա լինել-չլինելը առանձնապես դեր չի խաղում: Սա իհարկե, մասնագիտական խոր վերլուծություն պահանջող թեմա է, որի մասին ես ուղղակի որպես կողքից նայող եմ խոսում:

Այս վերջին օրինակս ամերիկացիների մոտ էլ եմ նկատել, բայց այնուամենայնիվ, կարծում եմ, մեզ շատ բնորոշ է: Երբ ինչ-որ տեղ հյուր ենք գնում և վերջում արդեն վեր ենք կենում տուն գնալու, այնքան էլ հեշտությամբ չենք անում դա: Փոքր ժամանակ, երբ մի տեղ էինք գնում ու մեծերը արդեն ոտքի էին կանգնում՝ գնալու, ես նստած էի մնում, որովհետև գիտեի, որ ոտքի կանգնելը դեռ գնալը չէ, նրանք պետք է մի կես ժամ էլ մուտքի մոտ զրուցեին: Ու ես նստած սպասում էի այնքան, մինչև հավաստիանում էի, որ այս անգամ իսկապես գնում ենք, նոր վեր էի կենում: Իհարկե, հիմա ինքս էլ եմ հաճախ այդպես վարվում, դե, սովորության հարց է:

Իսկ այս նյութի վերջաբանը մուտքի մոտ կասեմ: Տեղիցս վեր եմ կացել, բայց սովորության համաձայն՝ դեռ չեմ վերջացրել:

anna  andreasyan

Մեր բակի հերոսները

Ամառը: Այն տարվա չորս եղանակներից մեկն է: Բայց միայն այսքա՞նը: Իհարկե ոչ: Ամառը մի ամբողջ երևույթ է, որի մասին մտածելիս ոչ միայն պատկերացնում ես տարվա ինչ-որ ժամանակահատված, այլ գործողությունների մի ամբողջ շարան: Բնականաբար, ամեն մեկիս համար ամռան կերպարանքը տարբեր է: Ոմանց համար ամառը ասոցացվում է հանգստանալու գնալու հետ, ոմանց համար (հիմնականում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվողների)՝ աշխատանքի եռուն շրջանի, մյուսների համար՝ տանը նստելու ու ոչինչ չանելու ժամանակաշրջանն է, մի ժիր ու աշխույժ խմբի համար էլ բակային խաղերի երանելի երեք ամիսներն են:

Հասկանալի է, որ այս վերջին խմբի ներկայացուցիչները երեխաներն են: Միանգամից առաջ անցնեմ ու ասեմ, որ մեր փողոցի երեխաները դեռ հին ու բարի ժամանակների ձևով են խաղում՝ օրվա մեծ մասը դրսում են: Հաճելի է ուղղակի նստել բակում ու հետևել նրանց խաղին: Երեխաների խաղը՝ մեկ-մեկ ընդմիջող կռիվներով, կենդանություն է հաղորդում այլ ժամանակ հանգիստ ու անաղմուկ շրջապատին: Երևի հենց այդ աղմուկն է մեծերին տներից դուրս հանում՝ հարևանների հետ զրուցելու: Երեխաները իրենց համար վազվզում ու խաղում են, մեծերը (այս դեպքում՝ կանայք) աշխարհում գոյութուն ունեցող և նույնիսկ դեռևս չբացահայտված թեմաներն են մեկ առ մեկ քննարկում: Այս ամենի էպիկենտրոնը հենց մեր տան դիմաց է: Հետևաբար, ես էլ դրա մի մասն եմ կազմում: Բայց ես սովորաբար այդ երկու մեծ խմբերից ոչ մեկին էլ չեմ պատկանում, այլ մի երրորդ խմբի անդամ եմ, որի միակ ներկայացուցիչը ես եմ այդտեղ: Ինձ համար մի առանձին տեղ նստում եմ ու սկսում եմ դիտել շուրջս կատարվող երևույթները: Այսօր էլ, ինչպես տեսնում ես, սիրելի՛ ընթերցող, քեզ հրավիրել եմ, որ իմ երրորդ խմբում մենակ չլինեմ, այլ միասին դիտենք, տեսնենք՝ ինչ է կատարվում:

Մեր բակի դիմաց՝ ավազի կույտի հենց կողքը, քարերով ու փայտով հարմարեցված տեղում են հավաքվում մեծերը: Նայիր այն երկու տատիկներին, որ փայտերը իրենց կողքին հենած՝ նստել զրուցում են, նրանցից մեկը իմ տատիկն է, մյուսը՝ մեր հարևանը: Երկու եղբայրների կանայք են: Իրար դեռ մանկությունից են ճանաչում, մի գյուղում են մեծացել: Այնպես որ, բացի ներկայի անցուդարձը քննարկելուց, շատ հիշելու բան ունեն ու կարող են անվերջ զրուցել՝ առանց խոսելու նյութի սղության: Մի քիչ հետո նրանց կմիանան ավելի երիտասարդները, ու խոսակցությունը նոր հուն կստանա:

Իսկ ավազի կույտի վրա նստած տղաները Էդմոնն ու Առնակն են, մորաքրոջ տղաներ են, երկուսն էլ 6 տարեկան են, իրենց համար ինչ-որ բան են կառուցում, հետո՝ քանդում: Մի քիչ էլ որ սպասես, կտեսնես, թե ինչպես են հանկարծ անհամաձայնության գալիս ու կռվում: Բայց լուրջ մի ընդունիր, երկու րոպե հետո նորից կհաշտվեն ու կշարունակեն իրենց շինարարական աշխատանքները:

Ավազից մի քիչ այն կողմ տեսնո՞ւմ ես այն երկու աղջիկներին: Լիլիթն ու Նարեն են, շուտով երկուսի 8 տարեկանն էլ կլրանա: Լիլիթը Էդմոնի քույրն է, Նարեն՝ Առնակի: Հիմա կմտածես՝ մեր փողոցում բոլորը իրար բարեկամ են: Այդպես է, որ կա: Լավ, շարունակենք դիտել, թե այդ երկուսը ինչով են զբաղված: Նորից ճամբար են պլանավորում՝ նման այն տասնյակ ճամբարներին, որ պլանավորվել էին մինչև այդ, բայց այդպես էլ չեն իրագործվել: Մի տեսակ իմ մանկությունը հիշեցի, մեր ճամբարներն էլ երբեք իրականություն չէին դառնում: Երևի մանկական ճամբարի էությունը հենց այն է, որ այն միայն պլանավորելով է սահմանափակվում:

Իրենց բակից հենց նոր դարպասից զգուշությամբ բռնվելով դուրս եկավ Իսահակը: Նա Լիլիթի ու Էդմոնի կրտսեր եղբայրն է: Մեկ տարեկան ու մի քանի ամսեկան է: Հիմա կսկսի խառնվել բոլորի գործերին: Հետաքրքիր է, չէ՞, ինքը մյուս երեխաներին հանգիստ չի տալիս ու փորձում է նրանց հետ խաղալ, ես էլ՝ իրեն: Իսահակը, կարելի է ասել, ինչ-որ չափով պատկանում է իմ երրորդ խմբին: Նրա հետ սկսում ենք զբոսնել ու միասին ուսումնասիրել, թե ով ինչով է զբաղված: Դե, մեկ-մեկ էլ միջամտում ենք, մենակ դիտելով հո՞ չէ:

Տես է, արդեն ուշ է, բոլորը գնացին տուն: Բայց մի անհանգստացիր, այս մի օրով չվերջացավ, դու դեռ էլի շատ առիթներ կունենաս կարդալու մեր բակի բնակիչների ու նրանց անցուդարձի մասին:

anna  andreasyan

Հետավարտական մտորումներ

Ինչպես արդեն գիտեք, կամ գուցե տեղյակ էլ չեք՝ վերջերս ավարտեցի դպրոցը: Վերջին զանգից հետո բավականին ազատ ժամանակ եմ ունեցել՝ զբաղվելու իմ ամենասիրած գործերից մեկով՝ մտածելով, կամ ավելի ճիշտ՝ վերլուծելով անցած-գնացած 12(13) տարիները: Բոլորս էլ, անկախ նրանից՝ դպրոցը սիրել ենք, թե ոչ, լավ ենք սովորել, թե ոչ, չենք կարող չընդունել, որ ավարտելով դպրոցը՝ կյանքի մի մեծ փուլի հրաժեշտ ենք տալիս: Հիմա ես 18 տարեկան եմ: Այսինքն՝ կյանքիս երկու երրորդը անցկացրել եմ դպրոց հաճախելով: Չեմ ուզում արդեն ծեծված բառերով գովերգել դպրոցը ու դրա տված գիտելիքները: Բայց նաև չեմ կարող չխոսել այն ամենից, ինչ ստացել եմ դպրոցից: Ուրեմն սկսենք սկզբից:

Իմ դպրոցը փոքր է՝ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի դպրոցն է, 1-ինից մինչև 12-րդ դասարաններում սովորող մոտավորապես 250 աշակերտով: Աղոտ կերպով հիշում եմ ինձ առաջին դասարանում, և ինչքանով որ հիշում եմ, ոգևորված էի: Միշտ էլ պատկանել եմ աշակերտների այն խմբին, որը սիրել է դպրոց գնալը: Շատ առարկաներ իմը չեն եղել, որոշներն էլ շատ եմ սիրել, բայց դպրոցը սիրելը երբեք էլ դրանով պայմանավորված չի եղել, ես այնտեղ միշտ հաճույքով եմ գնացել: Իհարկե, տարբեր ժամանակներ դպրոցը սիրելու պատճառները տարբեր են եղել: Մի ժամանակ, երբ դպրոցից դուրս առաձնապես ներգրավված չէի այլ բաներում, այն միակ լուսավոր կետն էր կյանքումս: Այն, առօրյայի մի մաս լինելով, ինձ միշտ կտրում էր ձանձրացնող առօրյայից: Հետո էլ, եթե նույնիսկ ոչինչ էլ չլիներ, միայն ընկերներին տեսնելը բավարար էր, որ ցանկանայի դպրոց գնալ:

Հետո, վեցերորդ դասարանում, մեր դպրոց նոր ուսուցիչներ եկան: Դե, փոփոխությունը հաճելի է, մի տեսակ թարմ շունչ է հաղորդում: Նրանց գալը հենց այսպիսի ազդեցություն էլ ունեցավ: Սկսեցի էլ ավելի մեծ ոգևորությամբ սովորել: Իրականում, մարդիկ հաճախ շատ ուշադրություն չեն դարձնում այն կարևոր հանգամանքին, որ ուսուցչին սիրելը կարող է սեր ձևավորել նաև առարկայի հանդեպ: Իհարկե, աշակերտն էլ պետք է ձգտումը ունենա ու սովորել ցանկանա: Բայց իմ սեփական փորձից վստահեցնում եմ, որ երբ սեփական ցանկությունը և արտաքին ազդեցությունը միախառնվում են, արդյունքը, անշուշտ, չի հիասթափեցնում:

Հենց այս ժամանակ էր, երբ մաթեմատիկան, որից ի սկզբանե շատ ավելի լավ էի, քան մյուս առարկաներից, և որը բոլորի կողմից համարվում էր իմ տարերքը, սկսեց իր տեղը զիջել լեզվին, գրականությանն ու պատմությանը: Մի կողմ դրեցի բժիշկ, հաշվապահ, ծրագրավորող դառնալու միտքը և սկսեցի պատկերացնել ինձ պատմաբանի, իրավաբանի, լրագրողի դերում: Այս ընթացքում ամեն ինչ այնքան էլ խաղաղ չէր անցնում, մի տեսակ տեղս չէի գտնում, մեկ մի բան էի որոշում, հետո՝ մյուսը, մի օր տրամադրությանս ոչինչ չէր հասնի, իսկ հաջորդ օրը հետս խոսել չէր լինում (չնայած՝ այս հարցում առանձնապես բան չի փոխվել): Երևի տարիքից էր, հետո էլ ես ինքս ինձ միշտ էլ շատ եմ քննադատել: Ինձ միշտ թվացել է, թե ես ամեն ինչ պետք է իմանամ ու սխալվելու իրավունք չունեմ: Այս պատճառով էլ հաճախ ստիպված եմ լինում ինքս ինձ բացատրել, որ ես չեմ կարող դեռ պատանեկան տարիքում միանգամից հասկանալ ու ըմբռնել կյանքի ամբողջ փիլիսոփայությունը՝ իր բոլոր շերտերով ու առանձնահատկություններով, ժամանակ է պետք: Կամ գուցե երբեք էլ չհասնեմ այդ կետին: Բայց լավ, էլի թեմայից շեղվեցի:

Հասել էինք այնտեղ, որ վեցերորդ դասարանից մինչև երևի տասներորդ դասարան գաղափար չունեի՝ ինչ եմ ուզում անել, ու ինձ մնում էր դպրոցում լավ սովորելն ու ակտիվ լինելը: Չմտածեք՝ դրանից հետո ամեն ինչ սկսեց հստակ գծագրի պես հայտնվել աչքերիս առջև, ուղղակի արդեն վերացական պատկերները որոշակի հստակություն էին ձեռք բերում: Այստեղից արդեն գիտեք՝ գնացի իմ փոխանակման տարին անցկացրի ԱՄՆ-ում ու նորից վերադարձա իմ դպրոց:

Ես միշտ հոգուս խորքում գիտեի, որ դպրոցն ու ես այդքան հեշտությամբ իրարից բաժանվողը չենք: Այս վերջին տարին՝ տեսներեքերորդը, շատ խառն ու մշտական զբաղվածության մեջ անցավ: Գիտեք նաև այն, որ սկզբում բողոքում էի այս ավելացած դպրոցական տարուց: Բայց հիմա հասկանում եմ, որ այս տարին ինձ տվեց լավագույնը, որ կարող էի պատկերացնել: Դե, իսկ այդ լավագույնը թող մնա իմ փոքրիկ գաղտնիքը, ինչպես բոլոր նվիրական ու կարևոր բաներն են մնում այդպես էլ չբացահայտված:

Հիմա վերջապես ասեմ, թե ինչն եմ այդքան շատ սիրել իմ դպրոցում: Պատկանելու զգացողությունը: Ամեն անգամ դպրոց մտնելիս ես ինձ լիարժեք դրա մի մասն եմ զգացել: Այն ժպիտները, որ ինձ հանդիպում էին միջանցքում, դասասենյակում, դպրոցի բոլոր անկյուններում, ունեին իրենց մեջ մի սրտացավ վերաբերմունք, որ մեկ էլ միայն տանն է լինում, երբ քեզ թույլատրում են, ներում են կամ արտոնում են զուտ նրա համար, որ դու իրենցն ես:

Երկար տարիների ընթացքում ձևավորված հարաբերութուններ է ներկայացնում դպրոցը, երբ մարդիկ գիտեն՝ ում ինչն է բնորոշ, ով ինչ սովորություն ունի, կամ ասենք, ով որ կողմի աստիճաններով է նախընտրում բարձրանալ երկրորդ հարկ:

Այսպիսի մանրուքներն են, որ դպրոցը դարձրել են հարազատ: Հո հենց այնպես չի՞ առաջացել այն հայտնի արտահայտությունը, թե դպրոցը մեր երկրորդ տունն է: