valentinaChilingaryan

Անավարտ պատմություններ

Կեսգիշեր էր, երբ հայրս աշխատանքից հոգնած վերադարձավ տուն: Հինգ գիշեր էր, ինչ չէի տեսել նրան: Սովորության համաձայն՝ սկզբում մտավ իմ սենյակ: Գիտեմ, ուզում էր բարևել: Ամուր փակեցի աչքերս՝ ոչինչ չարձագանքելով: Ինչ հիմար եմ ես, ձևացրի, թե անուշ քնած եմ: Բայց հետո մտորեցի, համարձակ վեր կացա ու գնացի ննջասենյակ: Վստահ էի, որ նա դեռ քնած չէր:

-Պա՞պ:

-Քնած չէիր, չէ՞:

-Չէ:

Մեկ էլ մաման կողքից ասաց.

-Ի՞նչ կա, ուրվական:

-Տան դռներն էի ստուգում:

-Դե, լավ, գուցե կարոտել էր ինձ,- փրկեց պապան:

-Կարո՞տ: Ինչի ինքը զգացմուքներ ունի՞: Կարոտո՞ւմ էլ ա: Իսկ ես միշտ կարծել եմ, որ սառը էակ ենք մեծացնում: Ինչ հետաքրքիր ա:

-Հա, մամ, գիտե՞ս՝ ես ուրախանալ էլ գիտեմ: Օրինակ, երբ ես ուտում եմ բուտերբրոտներ՝ ուրախանում եմ, իսկ երբ դու ինձնից չես խլում իմ սիրելի բյուրեղանման կոնֆետները, չեմ տխրում:

-Դու ուտելուց բացի ուրիշ պլաններ ունե՞ս:

-Իհարկե: Սիրում եմ ճանապարհորդել:

-Բրավո՜: Որտե՞ղ:

-Մի տեղ, որտեղ բուտերբրոտներ են պատրաստում:

-Չլինի՞ սիրում ես կարդալ նաև խոհանոցային գրքեր:

-Չէ, մամ, հույսդ կտրի՛ր: Որ դրանք կարդում եմ, թքագեղձերս սկսում են աշխատել: Չեմ դիմանա՝ թուղթը կուտեմ:

-Անլրջությունն էլ սահման ունի: Անգամ դա չի քողարկում քո անտարբերությունը: Որովհետև ծայրահեղությունից ծայրահեղություն ես:

-Տան դռները փակ էին: Բարի գիշեր:

***

Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից էր՝ ժամը 10-ի մոտակայքում, երբ կանգնած էի գրախանութի առաջ, որտեղ երկար հերթ էր գոյացել: Ընդամենը 2 թերթ պիտի տպեի: Ատում եմ այդ գրախանութը՝ ողջ սրտով ու էությամբ: Սպասարկումը սարսափելի է: Ուղղակի, երբ դու ապրում ես մի վայրում, որտեղ մեկից ավելի գրախանութ չկա, ստիպված պիտի օգտվես դրանից: Ես էլ ստիպված սպասում էի իմ հերթին:

Աշխատողը 35-40 տարեկան մեռելային դեմքով մի տղամարդ էր, որն արտաքնապես նման էր մուլտֆիլմերի միջի էն չար հերոսներին, որոնք միշտ կան տրամադրությունդ փչացնելու համար: Էն, որ առանց իրենց ֆիլմը առաջ չի գնում, բայց հայտնվում են այն պահին, երբ պետք չէր: Մի խոսքով՝ հրեշ: Ուղղակի մի տարբերությամբ, որ մուլտֆիլմի մեջ գտնվող հրեշը շատ դեպքերում բարի է դառնում ու ամուսնանում արքայադստեր հետ, իսկ այս մարդն արդեն ամուսնացած է և ունի 4 երեխա:

-Բարև Ձեզ, այս ֆլեշի մեջ 2 նյութ կա, դրանք կարո՞ղ եք տպել:

Ոչինչ չասաց: Սարքս վերցրեց ու գնաց մի մութ սենյակ:

-Հլը արի, տես՝ էս ա՞,- ասաց հրեշը:

Արագ մոտեցա համակարգչին: Մռայլ դեմքով նստած էր ու մկնիկի ցուցիչով ցույց էր տալիս ֆայլերը: Մտածում էի, որ եթե մարդը 35 տարեկան է, պիտի կյանքը եռա նրա համար: Պիտի թռվռա ու ժպտա խանութում: Ի վերջո, գրախանութ է սպասարկում: Հետո կասեն՝ ինչի մեր երիտասարդությունը գրքասեր չէ, բա պիտի նորմալ սպասարկում ունենանք: Ախր, ինչի՞ պիտի երիտասարդը մտնի մի գրախանութ, որտեղ իրեն սպասարկելու է մռայլ դեմքով 35 տարեկան ծերուկ: Փոխանակ նա ուրախությունից եռար, ես սկսեցի զայրույթից եռալ ու չպատասխանեցի.

-Քո հետ չե՞մ:

-Կներեք, պարոն, դուք ինձ ճանաչո՞ւմ եք:

-Ինչի ո՞վ ես:

-Չէ, նկատի ունեմ՝ ինչո՞ւ «դուք»-ով չեք խոսում: Ծանո՞թ ենք:

-Լսի, իմ խանութը չի՞: Ոնց ուզում, սպասարկում եմ: Դուրդ չի գալիս՝ գնա:

-Իսկ կլինի՞ պատճենեք՝ նոր գնամ:

Մռայլ դեմքով դուրս եկավ, դանդաղ մոտեցավ մյուս համակարգչին ու ասաց.

-էս ծրագիրը չի բացում, պիտի 20 րոպե սպասես:

Համաձայնեցի, որովհետև այլ տեղ չկար գնալու: Որոշ ժամանակ հետո ասաց, թե չի բացի, չի հասկանում ծրագիրը:

-Լավ, կներեք անհանգստացնելու համար:

-Պահ, կյանքիս կես ժամը խլեց, մի հատ էլ՝ կներեք,- մրթմրթալով «ճպացրեց» կախարդը:

Թե ասա՝ ի՞նչ պիտի անեիր էդ 30 րոպեում, մի ուրիշ հաճախորդի նյարդերը պիտի քայքայեիր, էլի: Իմանալով, որ սպասարկումը վատն է, շարունակում է քայլ չանել, գիտակցելով, որ բոլորը զզվանքով են մտնում իր խանութ: Որոշեցի խանութից հեռու գտնվող մի պուրակում հայտարարություն սարքել: Մի թերթ վերցրի, վրան գրեցի. «Անցկացվում են դրական էներգետիկ դասընթացներ, որոնց տևողությունը 1 րոպե է: Ուսման ավարտին տրվում է լիցենզավորված ժպիտ: Մանրամասների համար զանգահարել նշված հեռախոսահամարով»: Արագ վազեցի ու դա փակցրի դռանն այնպես, որ ծերուկն ինձ չնկատի:

Հեռվից տեսա, որ բացեց դուռը, մռայլ դեմքով կարդաց հայտարարությունն ու սկսեց ծիծաղել: Ինչ գեղեցիկ է ժպիտը, անգամ, եթե ժպտացողը հրեշ է:

***

Գնացել էի քննության: Դասախոսը ներկայացնում էր մանրամասները, որոնք կապված էին թեստի հետ: Իսկ կողքիս նստած աղջիկը անգամ 70 հոգանոց լուռ լսարանի մեջ ագահաբար մաստակ էր ծամում ու փուչիկով հրավառություն անում: Այդ պահին մտքովս անգամ անցնում էր քննություն չհանձնելու տարբերակը, միայն թե չլսեի այդ տարօրինակ «գըմփը», որը 2 րոպե անընդմեջ շարունակվում էր: Լավ, այս աղջկա համար կյանքն էլ գուցե այս կերպ է «եռում»: Բայց ինչ անշնորհք ու վատ է դիտվում այդ գործողությունը կողքից: Սկսեցի քայլեր ձեռնարկել: Սկզբից «թարս» հայացքով նայեցի, որովհետև մտածում էի, թե կազդվի: Ոչինչ չփոխվեց: Հիշեցի, որ նախորդ օրը եղբորս խոսք էի տվել խուսափել արկածներից, քանի որ վերջերս շատ էի հայտնվում անհաջող պատմությունների կիզակետում:

-Բարև Ձեզ:

-Պրիվետ:

-Պատրաստվե՞լ եք քննությանը:

-Հա, դո՞ւ:

-Ըհըն:

-Կներեք, քանի՞ տարեկան եք:

-16:

-Հա, ես փոքր կտայի:

-Լո՞ւրջ: Ով ինձ նայում ա, ասում ա, որ ես մեծ աղջիկ եմ երևում:

-Գուցե տեսքով, բայց բնավորությամբ ու արարքներով հասուն չեք:

-Ինչի՞ց ենթադրեցիր:

-Ձեզնից:

-Ասում եմ՝ ինչի՞ց, ոչ թե ումից:

-Ի՞նչ տարբերություն:

Ու այդ պահին մաստակն արագ ծամելով՝ զայրացած մոտեցավ ինձ: Սկսեց դիմացս մեծ փուչիկ անել:

-Նման են:

-Ինչե՞րը:

-Ձեր ուղեղն ու փուչիկը:

-Ու ո՞նց,- քմծիծաղեց աղջնակը:

-Տորիչելյան դատարկությամբ:

-Հա, կարդացել եմ դրա մասին: Վիլյամ Տոլստոյն էր գրել, չէ՞:

-Չէ՜, Տերյանը:

-Հա, ճիշտ ա: Շատ հետաքրքիր գիրք ա:

-Լո՞ւրջ: Կարդացե՞լ եք:

-Հա:

-Ինչի՞ մասին ա:

-Դատարկության,- հիմար հայացքով պատասխանեց նա:

-Ուրիշ էլ ի՞նչ գրքեր եք կարդացել:

-Շատ գրքեր եմ կարդացել, վերնագրերը չեմ հիշում:

-Լավ: Ձեզ հաջողություն:

-Քեզ էլ:

***

Այս անավարտ պատմությունները գրել եմ տարբեր ժամանակահատվածներում՝ չմտածելով, որ երբևէ կարող եմ հանձնել շատ ընթերցողների լսարանին: