Ani Harutyunyan

Գյուղագրություն

Գյուղական կյանքին անծանոթ մարդու համար գյուղում ապրելն անհետաքրքիր է: Եվ իրոք, գյուղում փոփոխություններ շատ քիչ են լինում, լինում են այն դեպքերում, երբ գյուղի փողոցներում նոր, անծանոթ մեքենա է հայտնվում ու երկար պտտվում, երբ տղաները գեղեցիկ, անծանոթ աղջիկ են տեսնում գյուղի փոքր, բայց իր փոքրության մեջ բոլոր պետքական ապրանքները պարունակող խանութում:

Ընդհանրապես որևէ նորության ի հայտ գալը գյուղի ինչ-որ մասի մոտ որոշակի իրարանցում է առաջացնում: Երբ գեղեցիկ աղջիկը երկար է մնում գյուղում, հաճախ է լինում խանութում, տղաներն արագ աշխատում են պարզել, թե ո՞ւմ տանն է նա ապրում: Եթե որևէ մեկի բախտը բերի, ու աղջիկն ապրի իր մոտ ընկերներից մեկի տանը, գործերը լավ կընթանան: Բայց մինչև տղաները կհասցնեն «ճշտվել», աղջիկը, որքան անսպասելի հայտնվել էր, նույնքան անսպասելի անհետանում է:

Նոր ու անծանոթ մեքենայի հայտնվելը դառնում է աղջիկների խոսակցության, իսկ բակում նստող տատիկների բամբասանքի առարկան: Գյուղի օրենքն է` եթե որևէ անծանոթ մեքենա նույն փողոցում բավականին երկար ժամանակ է անցկացնում, հատկապես` ինչ-որ մեկի տան մոտ, որտեղ «ազաբ» աղջիկ կա, ուրեմն նրա ուզողներից է: Այդ փողոցի աղջիկները սկսում են ավելի հաճախ իրար մեջ ինչ-որ բաներ փսփսալ, քթի տակ ծիծաղել, կարևոր ու անկարևոր առիթներով դուրս գալ տնից, սովորականից ավելի գեղեցկացած գնալ խանութ, երբ առնելիքն ընդամենը լուցկի ու հաց է, որի կարիքն այդ պահին ընդհանրապես չկա: Աղջիկները տանջվում են, իսկ մեքենան շարունակում է լուռ պտտվել: Բայց մեքենան աղջիկների անդորրը երկար չի խաթարում. պարզվում է, որ մեքենայի տերը պարտքատեր է, գալիս է Արմենից փողերը վերցնելու, բայց քանի օր է` նրան տանը չի գտնում: Աղջիկները նորից սկսում են հողաթափերով ու գզգզված մազերով խանութ գնալ, իսկ բակում նստած տատիկներն անցնում են իրենց սովորական թեմաներին:

Անձրևոտ օրերին գյուղի փողոցներից միայն մեքենաների անիվների ձայնն է լսվում, որ ասֆալտի մնացորդների վրայով հոսող ջրի մեջ արագ պտտվելով շտապում են վարորդին աշխատանքի հասցնել: Նման օրերին, երբ մեքենայով անցնում ես փողոցներով, միայն տեսնում ես արոտավայրից հոտը արագ տուն քշող գյուղացուն, որը թեև թրջվել է, բայց աշխատում է չշտապեցնել հորթերին, որոնք դեռ այդքան էլ լավ չեն կարողանում քայլել հոսող ջրերի միջով ու հաճախ են սայթաքում: Անձրևոտ երեկոներին գյուղում մթությունը խախտում են պատուհաններից աղոտ երևացող մոմի լույսերը: Եթե գյուղում հարցնեք անձրևի մասին, միայն շատ ռոմանտիկները կպատասխանեն, որ սիրում են այն. անգամ շատ քիչ քամու ու անձրևի դեպքում բոլորի համար ակնհայտ է, որ մոմերն արագ հանելու, հեռախոսը լիցքավորելու ու գոնե սերիալներից մեկը նայել հասցնելու ժամանակն է, քանի դեռ լույսերն անհայտ ժամանակով չեն անջատել: Բայց մութ ու ցուրտ տարիներ տեսած մեծահասակներին դա այդքան էլ չի անհանգստացնում, երիտասարդների նվնվոցն էլ երկար չի տևում:

Գյուղում ապրելն անհետաքրքիր է: Այստեղ ամեն քայլափոխի սրճարանների ու սուպերմարկետների փոխարեն բանջարանոցային այգիներ ու տնային կենդանիներ են, այստեղ քո ամեն քայլափոխի հետ իր քայլն է անում նաև հանգստությունը: