artyom safaryan

Գրագողություն

Այ, շատ հաճախ ես հանդիպում եմ այս արտահայտությանը. «Էս երգը երգիչը գողացել է էս մեկից, կամ մյուսից»:

Ես ուզում եմ այդ մասին մի քիչ ավելի շատ գրել, քան կարելի է: Նախ, կարող եմ սկսել այն բանից, թե ինչ եմ ես մտածում այդ ամենի մասին: Կուզեմ երկու կողմից նայել այդ երևույթին: Եկեք սկսենք առաջին կողմից: Պատկերացրեք, թե դուք ինչ-որ հեղինակ եք, որը գրել է մի գիրք, որը շատ արագ մեծ համբավ է բերել ձեզ: Դուք շուտ ձեռք եք բերում հռչակ և համբավ, ու արդեն լողում եք փառքի դափնիների մեջ, ու հանկարծ… Մի օր նստած եք ու հետևելով նորություններին, նկատում եք, որ ինչ-որ մեկը իր գրքով ընդօրինակել է ձեզ ու բարձրացել է փառքի նույն պատվանդանին և խլում է ձեր դափնիները: Համաձայն եմ, ծանր դեպք է, քանզի դուք ողջ օրը քրտնել, չարչարվել եք, գրել եք այդ ամենը, շարժել եք ձեր ուղեղի գալարները, ով գիտի, միգուցե անցկացրել եք մի քանի տասնյակ անքուն գիշերներ, և հանկարծ ինչ-որ մեկը գալիս է և ձեր գաղափարներով փորձում է իշխել գրական Օլիմպին:

Անարդա՞ր է, իհարկե անարդար է, քանզի դա բացի ձեր ինքնասիրությանը կպնելուց, կպնում է նաև ընդհանուր արվեստի մակարդակին, քանի որ նման գաղափարները ընկնում են շտամպի տակ, և ոլորտը բերում է լճացման, ու մենք ստանում ենք միօրինակ ֆիլմեր, գրքեր ու երգեր:

Բայց մի րոպե: Եկեք մի ուրիշ կողմից նայենք այդ ամենին: Ենթադրենք դուք ունեք գաղափար, որը հանձնում եք հանրությանը, բայց այն իհարկե ունի որոշակի հում էլեմենտներ, որոնք անկասկած ավելի հետաքրքիր կլինեն այլ մարդկանց կատարմամբ: Եվ հետո, ոչ մեկի մոտ չի ստացվի բացարձակ կրկնօրինակել գաղափարը, քանզի ընկալումը ամեն մեկի մոտ տարբեր է: Շատ հաճախ ճոխ գաղափարները դառնում են ժանրերի օրենսդիրներ կամ կերտում են նորը և կատարելագործվելով վերածվում գլուխգործոցի:

Դրա համար, ժողովուրդ, ունեցեք ձերը, բայց բաց եղեք նաև հետաքրքիր մտքերի համար, որոնք կարող են գլուխգործոց դառնալ, իսկ դուք էլ դառնաք որևէ ժանրի օրենսդիրներից մեկը:

Խմբագրության կողմից. Հիմա ի՞նչ, քո այս նյութի տակ դնենք մեկ այլ ազգանուն, գուցե ավելի բարեհունչ, ճի՞շտ կլինի: Իսկ գուցե ամեն մեկը, ինչպես դու ես ասում, շարժի իր ուղեղի գալարները, ոչ թե վերցնի պատրաստի գաղափարներ: 

Ամեն դեպքում, պատանիներ և աղջիկներ, հրավիրում ենք բանավեճի: Ի՞նչ է հեղինակային իրավունքը, մտավոր սեփականությունը, արդյո՞ք կարելի է խախտել և որ դեպքում ենք համարում գրագողություն: Սպասում ենք: