hovhannes ghulijanyan

Վազաշենից Մեծամոր՝ անվտանգ կյանքի հույսով

2014 թվականին մեր դասարան նոր աշակերտ եկավ։ Ծանոթացանք նրա հետ: Պարզվեց, որ Մարիամ Թեմուրազյանը սահմանամերձ գոտում է ապրել։ Այժմ ցանկանում եմ նրա հետ հարցազրույցի միջոցով ավելի շատ մանրամասներ իմանալ։ Նաև նշեմ, որ հիմա Մարիամը 15 տարեկան է և այս երկու տարիների ընթացքում նա դասարանում աչքի է ընկել իր գերազանց առաջադիմությամբ։

-Մարիամ, որտե՞ղ էիր ապրում մինչև Մեծամոր տեղափոխվելը:

-Մինչև 2014 թվականը ապրել եմ Տավուշի մարզի սահմանապահ Վազաշեն գյուղում: Իսկ 2014 թվականից տեղափոխվել եմ ընտանիքիս հետ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաք:

-Ինչո՞ւ եք տեղափոխվել Մեծամոր:

-Գյուղը սահմանամերձ է, կրակոցներ շատ են լինում, բուն պատճառը դա է, իսկ բացի դրանից լավ ուսման համար:

-Կրթության որակը շա՞տ է տարբերվում:

-Այո, շատ: Դպրոցումշատ առարկաներ իրենց ուսուցիչները չեն դասավանդում, քանի որ գյուղում ուսուցիչ էլ չի մնացել:

-Այսինքն բացի ձեզնից շա՞տ հեռացողներ կային:

-Այո’, գյուղը գրեթե դատարկվում է: Այն մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն այլ տեղ տեղափոխվելու՝ կրակոցների ժամանակ գնում են իրենց բարեկամների տուն:

-Շատ ցավալի վիճակ է: Իսկ ծանոթներ ունե՞ք գյուղում, ումից տեղեկանում եք գյուղի ներկա վիճակի մասին:

-Այո’, ամեն օր խոսում ենք: Ներկա պահին կրակոցներ չկան, բայց երբ էլ որ լինում են, շատ ուժեղ են լինում:

-Իսկ հե՞շտ էր Մեծամորում հաստատվելը: Կցանկանայի՞ք վերադառնալ գյուղ:

-Մեծամորում հաստատվելը այդքան էլ հեշտ չստացվեց, կարոտում էի գյուղս: Կցանականայի վերադառնալ, բայց ինչպես ծնողներս են ասում. «Գյուղում ապագա չկա»:

-Կա՞ն խմբակներ, որոնց հաճախում ես Մեծամորում: Եվ արդյո՞ք ապագան ձեր տեսնում ես Մեծամորում:

-Այո’, հաճախում եմ տիկնիկային թատրոնի խմբակ: Դա իմ ապագայի մի մասն է կազմում:

Ամեն անգամ դասարանում Մարիամին տեսնելիս ակամա հիշում եմ մեր սահմանամերձ գյուղերը, որոնք կրակոցների պատճառով դատարկվում են: Երազում եմ, որ մի օր Մարիամի ծնողները հաստատ համոզված լինեն, որ գյուղում ապրելն անվտանգ է, և գյուղն ապագա ունի: