Anush Jilavyan

«Իմ 5-ը արժեզրկվեց արտագրողների պատճառով»

Երկար դադարից հետո… Նվիրվում է միակ անձնավորությանը, ում կարծիքի համար արժե գրել…

Պատմության ֆակուլտետում՝ նույն ինքը, սև շենքում, շատ հետաքրքիր երևույթներ կան: Դրանք սկսվում են «գլազոկ» պարունակող փայտե դռնից, որը ֆակուլտետի գլխավոր մուտքն է, իրականում շատ հարմար է նայել, թե ով է թակում դուռը, ափսոս, ոչ ոքի մտքով չի անցել համալսարան մտնելուց առաջ քաղաքավարի թակել: Դռնից ներս կամ դուրս (կախված եղանակային պայմաններից) գտնվում է «եվրո» տատին, ով ըստ շրջանառվող առասպելների, բավական մեծ կարողության տեր է (եվրո բառի ծագումը կապվում է դրա հետ): Ներսում աստիճաններ են, որոնցով երրորդ հարկ մաքառելը առավոտյան նախավարժանքին է փոխարինում, միջանցքներում լուսավորություն ապահովում են ջահերը, իսկ սոված ուսանողների սիրած վայրերն են անտիկ ու ժամանակակից բուֆետները:
Մեր մոտ լսարանները երկու տիպի են Wi-Fi-ով և առանց Wi-Fi-ի: Առանց Wi-Fi-ի լսարաններից մեկում հիմնականում մեր բաժնի ուսանողներն են դաս անում (մենք մեզ որպես կանոն հորջորջում ենք մշակութաբան): Չգիտեմ, ավելի շատ ինչն է դարձնում այդ լսարանը առանձնահատուկ. Wi-Fi-ի բացակայությո՞ւնը, հին դասասեղաննե՞րը թե՞ դասախոսությունները, որոնք պատերի, նստարանների ու մինիմալիստական գրատախտակի մեջ են ներթափանցել:

Լուսանկարը՝ Մարիամ Զորիկյանի ԵՊՀ, 326 լսարան

Լուսանկարը՝ Մարիամ Զորիկյանի
ԵՊՀ, 326 լսարան

Բայց այդ լսարանը խոսում է: Նրա պատերը պատմում են ուսանողների մասին, որոնք եղել են այստեղ ու թողել իրենց հետքը, պատերը սևացնելով իրենց մարմնի ուրվագծով:

Խոսում են դասասեղանները ու պատմում ուսանողների մասին, որոշների մասին՝ անունները, կամ թե որտեղից են, երբեմն սիրած ֆուտբոլային թիմերը կամ սիրած երգից ինչ-որ տողեր: Երբեմն պատմում են նաև խնդիրների մասին. «Իմ 5-ը արժեզրկվեց արտագրողների պատճառով»: Ինչ-որ մեկը գրել էր սա դասասեղանին, արտահայտելով իր բողոքը, այն անարդարության հանդեպ, որին առնչվել է: Մեկի համար դա հանրային գույքը փչացնել է, չեմ վիճում, բայց ինձ համար բողոք է մի մարդու, ով չի կարող սա ասել համակուրսեցուն, ով արտագրել է, կամ դասախոսին, ով չի տարբերում արտագրված և չարտագրված գրավորները:

Մեկ ուրիշ տեղ գրված է. «Իսկ արժի ապրել»: Միգուցե արժի, անձամբ ես դեռ չեմ որոշել հանուն ինչի արժի:

Իսկ այ, գրատախտակը, բախտավոր է ու միաժամանակ ավելի դժբախտ. վրան գրվել են շատ ավելի անուններ, մտքեր, ավելի շատ ծաղրանկարներ արվել, բայց դրանք ջնջվում են ու իրենց տեղը զիջում նորերին:

Ամենափիլիսոփայականը վերջում. գրատախտակի վերևում պատի վրա Էրիխ Ֆրոմի հարցադրումն է “Have or be?” (Լինե՞լ, թե՞ ունենալ):

Սրանից վերև հազիվ նկատելի գրված է “Both have and be” (և ունենալ, և լինել), ցավոք հեղինակի անունը չկարողացա վերծանել:

Ես պատին չգրեցի, դրա համար այստեղ կգրեմ. «Փորձել լինել ունեցողների աշխարհում»: