hayarpi baghdasaryan

Հիմա էլ սա

Պատահաբար որոշում եմ հեռուստացույցի ալիքները աչքի անցկացնել, մեկ էլ առաջին 31 վայրկյանի ընթացքում նյարդերս ուզում են ինքնասպան լինել:

«6/8-ը՝ լավագույն տասնյակի կատարմամբ. այսօր մեկնարկում է «Ամենակարող երգիչ» երաժշտական նախագծի մրցութային փուլը»…
Չեմ կարծում, թե շատերը կհերքեն, որ «քեֆ-ուրախություններին» բոլորս էլ պարում ենք ռաբիսի հնչյունների ներքո, այլ ոչ թե Բախի կամ Ռամշթայնի, բնականաբար ոչ մի հարսանիքին նորմալ չի դիտվի headbanging անելը:  Թեև ասեմ, որ միայն պարելիս, իսկ երբ նստած ես սեղանի շուրջ և չես ուզում պարել, աղերսագին այսուայնկողմ ես նայում դատապարտվածի հայացքով, քանի որ հաստատ այդ բարձր ու անճաշակ երաժշտությունը չես ուզում լսել: Բայց դե, հարսանիք է, ստիպված ես դիմանալ:

Այնուամենայնիվ գլխումս չի տեղավորվում, թե ինչպես է Հանրային հեռուստաընկերությունը, ասել է, թե՝ Հայաստանի առաջին ալիքը եթեր հեռարձակում նման հաղորդում, ինչպիսին է «Ամենակարող երգիչ» ծրագիրը: Ասում են՝ հասարակությունն է պահանջում: Բայց ո՞վ ասաց. հասարակությունը դիտում է այն, ինչը հրամցվում է: Ինչո՞ւ պիտի որևէ մշակութային կամ ազգային հաղորդաշարի փոխարեն եթերից միայն աղբ թափվի մեր բնակարաններ: Մի ալիքով բրազիլական տխմար սերիալ, մյուսով ՝ ոչ պակաս տխմար հայկականը, մեկ ուրիշով էլ անիմաստ սիթքոմ, որը երեխաներին բացի հիմար ֆրազներից ուրիշ ոչինչ չի սովորեցնում:

Պետք է վերջապես հասկանալ, որ «ռեստորանային արվեստը» ռեստորանների համար է: Կարծեմ ժյուրիներից մեկն ասում է. «Բոլորն էլ ռեստորանային կյանքով են այսօր…»:  Ինչպե՞ս կարելի է բոլորին չափել սեփական արշինով: Մեր հասարակությունն այնքան էլ անմիտ չէ, որ ամեն բան հալած յուղի տեղ ընդունի, եթերը պետք է մաքրվի: Ի՞նչ վատ կլիներ՝ սրա փոխարեն ազգագրական երգերի մասին ծրագիր լիներ:  Ախր, ամեն նվագ չի կարելի երգարվեստ համարել:
Երբ ասում են՝ ձուկը գլխից է հոտած, ճիշտ են ասում: Բայց ցավոք, Հայաստանում հոտած ձկան գլուխը չգիտես՝ որ կողմում է: Բոլոր կողմերից է ձուկը հոտած: