mariam tonoyan

Մասնագիտությամբ խոպանչի

Ամեն տարի սեզոնային արտագաղթի պատճառով բազմաթիվ երեխաներ մեծանում են իրենց հայրերից հեռու։ Գավառում և հարակից գյուղերում սեզոնային արտագաղթը տարեցտարի ավելանում է։

-Մենք ենք մեղավոր,- զայրանում է տիկին Նինան (անունը փոխված է),- մենք ենք մեղավոր, որովհետև չենք կարողանում բռնել իշխանությունների կոկորդից, ստիպել, որ մեր ժողովրդավար պետության մեջ միջոցներ ստեղծեն գործազրկությունից ազատվելու համար։ Գործազրկությունը չարիք է։ Դա է պատճառը, որ ստեղծող հայը թողնում է երկիրը, գնում արտերկիր, աշխատում ու ստեղծում է օտար հողի վրա՝ հայրենիքի, ընտանիքի, հարազատ միջավայրի կարոտը սրտում։
Մենք վեց երեխա ունենք, ես գործազուրկ եմ, ամուսինս արդեն տասը տարուց ավելի է՝ աշխատում է արտերկրում։ Դժվար չէ պատկերացնել մի կնոջ առօրյա հոգսերը, ով պետք է կատարի ոչ միայն ֆիզիկական ուժ պահանջող տղամարդու գործեր, այլև միայնակ դաստիարակի վեց երեխաների։
Ձմեռը եկավ, ու մեր կյանքն ավելի դժվարացավ։ Դե, պետք է երեխաներին տաք շորեր գնել, վառելափայտ գնել տան ջեռուցման համար։ Գնեցի՝ մի կերպ ծայրը ծայրին հասցնելով, մինչև ամուսինս գումար կուղարկեր։ Փայտը ինքս կոտրեցի՝ հարևանների օգնությամբ։ Հիմա սպասում ենք ամուսնուս վերադարձին, որ Նոր տարին ողջ ընտանիքով դիմավորենք։ Տարիներ առաջ հավատում էինք, որ ինչպես տարին սկսենք, այնպես էլ կշարունակվի այն։ Ուրախանում էինք, որ ամուսինս մեզ հետ է նշում տարեմուտը, նշանակում է՝ ամբողջ տարին մեզ հետ կլինի։ Բայց… Էդպես ստացվեց։ Կարոտում ենք, ի՞նչ խոսք, կարոտում ենք։ Զանգով կարոտդ չես առնի։
Հիշում եմ՝ մի օր երեխաներից մեկին դպրոցում հարցրել էին հոր մասնագիտությունը, պատասխանել էր, որ խոպանչի է։ Շատ էր նեղվել դասընկերների ծիծաղից։
Գնալու ենք մենք էլ։ Չենք ուզում, բայց ավելի կարևոր է ամբողջական ընտանիքը պահպանելը։ Գուցե երկրի վիճակը լավանա, գուցե վերադառնանք…

Տիկին Նինան էլ ոչինչ չհավելեց, միայն խոստովանեց, որ լավատեսորեն է նայում ապագային, հույս ունի, որ երկիրը չի դատարկվի, որ աշխատատեղեր կբացվեն, հայրենասեր մարդիկ գործազրկության պատճառով չեն լքի երկիրը, որ բոլոր հայ երեխաները հայկական կրթություն կստանան…

Շուտով տան հայրը վերադառնալու է, բայց այն հավատը, որ Նոր տարին կատարում է երազանքները, հրաշքներ է գործում, քիչ-քիչ մարում է։