Sargis Melkonyan

Մենք, որ մենք ենք

Մենք, որ փողոցում քայլելիս չենք վախենում ականջները խլացնելու չափ բարձր երաժշտություն լսել ու պարել առանց մտածելու, ձեր աչքերում թվում ենք խենթ ու թեթևամիտ:

Մենք, որ մեծին հարգում ենք ոչ միայն տարիքով, այլ նաև գաղափարով, մենք, որ մեր աշխարհն ու պատկերացումներն ունենք այս աշխարհի մասին, ձեր աչքին թվում ենք հիմար լավատեսներ:

Մենք, որ արժևորում ենք ճշմարտությունը, ազնվությունն ու արդարությունը ու հաճախ վիճում ենք ձեզ հետ, դարձել ենք «մեծերին հակաճառելու համար մի հատ»:

Մենք, որ արժեքները ազգային պատկանելությունից բարձր ենք դասում, ձեր աչքերում երևում ենք ծախու դավաճաններ:

Մենք, որ մարդկանց միջև խտրականություն չենք դնում ու չենք վիրավորում ու անարգում փոքրամասնություններին, ձեր աչքերում դարձել ենք «Եվրոպայի ստվերներ»:

Մենք… Մենք մենք ենք՝ մեր սերունդը: Դուք ամենուրեք խոսում եք, որ մեր սերունդը վատն է, որ մեր մեջ չկան Թումանյաններ, Սևակներ, Մհեր Մկրտչյաններ, Արամ Խաչատրյաններ, Գոհար Գասպարյաններ… Այո, դուք ձգտում եք, որ մենք նմանվենք ձեզ, դառնանք ձեր արտացոլանքը: Մինչդեռ մենք չենք ուզում նմանվել ոչ ոքի՝ բացի մեզնից: Մենք ուզում ենք լինել նորը, մենք ուզում ենք մնալ մենք: Մենք ձեր դաստիարակության ու բացթողումների արդյունքն ենք: Մենք ձեր հատկանիշների կրողն ու փոխանցողն ենք:

Մեզ հաճախ են քննադատում: Մենք հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր խելամիտ կարծիքի, առողջ քննադատության: Ոմանք մեզ ասում են, որ մենք կկործանենք էս երկիրը, որովհետև մենք դպրոցում չենք սովորում, բուհ ընդունվում ենք ամենացածր միավորներով, որ…

Մեզ հետ հույսեր կապողներ էլ կան, որ մենք ձեր պատճառով կործանման եզրին հասած երկիրը, որ պատի տակ հնչող արտահայտություններում վաղուց դադարել է երկիր լինել, կբարեփոխենք, կշենացնենք ու կդարձնենք Երկիր:

Երբ մենք խաղաղություն ենք երազում, բարեկամություն ենք ուզում, մտածում ենք ազատ սահմանների ու տարբեր մշակույթների ու կենցաղում դրանց օգտագործման մասին, մեզ ասում են, որ մենք հայրենասեր չենք: Մեզ ստիպում են հայրենասիրությունը պատկերել շարադրությունների «պաթոսախեղդ» տողերում, հայրենիքը սիրել «պուպուշ» բառերով ու հայրենասեր համարել միայն սահմանին զոհվող զինվորին:

Մենք հայրենասիրությունը պատկերացնում ենք հայրենիքին տիրոջ հայացքով նայելով, իրավագիտակից քաղաքացի լինելով, սեփական անձը կատարելագործելով և ի շահ հայրենիքի ծառայեցնելով: Մենք հայրենասիրությունը պատկերացնում ենք ազնվության, հարգանքի, համերաշխության, իրար տակ չփորելու, իրար օգնելու, աջակցելու, գաղափարների ու արժեքների համար պայքարելու մեջ:

Մենք, որ մեր խնդիրները չենք դնում ի ցույց աշխարհի, ձեր աչքերում երջանիկ ապուշներ ենք երևում:

Դուք մեր մասին ամեն ինչ կարող եք մտածել, ասել… Իսկ մեզ համար մեկ է, թե ինչ են մտածում, ասում կամ բամբասում, որովհետև կենտրոնանում ենք ոչ թե այն բանի վրա, թե ինչ են ասում մեր մասին, այլ թե ինչպես հասնենք մեր նպատակներին…