shushan stepanyan portret

Սեպտեմբերի մեկ

Մի տարի առաջ այս օրն ինձ համար դարձավ սկիզբ, բայց ոչ այն սկզբներից, որ ունեցել եմ այդ օրը մանկապարտեզ, դպրոց կամ համալսարան գնալիս:

Անցյալ տարի այս օրը ես մի նոր ընտանիք մտա, դարձա «Մանանա»-ի անդամ ու «Մանանա»-ի մի մասը: Բացում եմ կայքն, ու առաջին նյութս արդեն դրված է: Քիչ հետո զանգում են ընկերներս, մարդիկ, ովքեր ուրախացել էին այնքան, որքան ես հենց այդ վայրկյանին: Ֆեյսբուքյան իմ էջում եմ դնում առաջին նյութս, շատ-շատերն են հավանում, ու ես ոգևորվում եմ, ինչ-որ պահի էլ հասկանում, որ երևի կարողացել եմ: Ու նույն ոգևորությունն է մոտս մի տարի հետո անգամ, ու անչափ ուրախ եմ, որ ես տասնյոթցիներից մեկն եմ, որ իմ խոսքն էլ գույն ու ձայն ունի, որ լսելի է:

Իհարկե, շատ անգամներ, երբ իմանում էին, որ նյութեր եմ գրում, կարդում էին ու ոչ մի հիացական կամ թեկուզ ոգևորող բառ ինձ չէին ասում: Դե, ինչ-որ տեղ բնական էի համարում դա, ուղղակի որոշ մարդիկ մտածում էին, որ պապիկի, հանդուրժողականության կամ ասենք, սիրո, հույզերի մասին գրելը շատ սովորական մի բան է, ու բոլորն էլ կարող են գրել: Ոմանց համար զարմանալի էր, որ իմ պարզ ու հասարակ նյութերը ինչ-որ կայքում են տեղադրվում, բայց իրենց ծանոթ մեկ այլ աղջիկ, որ գրում է. «Իմ սո՛ւրբ հայրենիք, դու իմ օրրանն ես» կամ օրինակ՝ «Զմրուխտ դաշտերի ու ոսկեզօծ արևի միջից ժպտում է լուրթ երկինքը», ինչո՞ւ նրա գրածները չեն տպվում, չէ՞ որ նա ավելի մեծ բառապաշար ունի, ավելի ճոխ է գրում, քան ես, երբ գրում եմ պապիկիս արցունքների ու իմ ապրումների մասին: Ու հենց այդ հնարավորությունը տվեց ինձ «Մանանա»-ն. գրել իսկականը, մաքուրը, այն, ինչը սրտաբուխ է, առօրեական, հասարակ մարդուն պատկանող, մարդուն մոտ կանգնած:

Օրն ինձ համար իսկական տոն դարձավ, ոչ նման այն տոներին, որ տոնում են բոլորը, որ բոլորինն է, այլ այն, որ հենց քոնն է:

Մի տարի է արդեն, ինչ ես մի մասն եմ տասնյոթի մեծ ու բարի ընտանիքի, որտեղ բոլորն իրար գիտեն, թեև հաճախ ոչ մի անգամ իրար չեն հանդիպել, որտեղ բոլորը միմյանց նյութերն են կարդում, իրարից բաներ սովորում, ունենում արդեն հարազատ ոճով գրող թղթակիցներ: Հիշելու բաներն այնքան շատ են՝ ի պատասխան այն հարցի, թե ինչ փոխվեց կամ ինչ տվեց 17-ն ինձ: Բայց ամենից շատ՝ անհրաժեշտ վստահությունը: Մի բան է՝ գրել քեզ համար տետրումդ, մի թերթի վրա, կարդալ ինքդ քեզ համար կամ առնվազն ընկերներիդ մոտ, մի ուրիշ բան՝ գրել ու վստահել մտքերդ անծանոթներին՝ վախենալով, որ գուցե նոր բան չես ասում, գուցե մտքերդ այդքան էլ հստակ ու ճիշտ չեն շարադրված: Իսկ հիմա ինչ էլ որ գրում եմ, եթե անգամ երկու-երեք տողանոց մի միտք է, բառերս վստահ են, մտքիս ու զգացածիս հետ համահունչ: Սա տասնյոթի անդամ լինելն է, «Մանանա»-ի ուժն է:

Ու հարազատ դարձան ինձ դեմքեր, որոնք ընդամենը նյութերս կարդում, խմբագրում ու ուղղություն էին ցույց տալիս:

Շնորհակալ եմ. օրս, իրոք, տոն է: