Մթնշաղ էր, երբ ես ու տատիկս տուն էինք վերադառնում: Լուսինն արդեն երևում էր, ու ասես երեքով էինք քայլում փողոցում`ես, տատիկս ու լուսինը:
Մենք զրույցի էինք բռնվել. խոսում էինք այս ու այն կողմից: Ես պատմում էի «Մանանայից»:
-Տա՛տ, նորից եմ ուզում գնալ, հանդիպել իմ հին ու լավ ընկերներին, ուսուցիչներիս: Է՜հ, տա՛տ, ի՜նչ լավ օրեր էին:
-Հա, բալե՛ս, մի՛ մտածիր, հնարավոր է` նորից հանդիպեք: Լսի՛ր, Էլե՛ն, որքա՞ն ժամանակով գնացիր, չեմ հիշում…
Ու մինչ տատս փորձում էր ինչ-որ բան հիշել, ես լուռ ու կլանված նայում էի լուսնին ու խոսում նրա հետ: Մտածում եք գժվե՞լ եմ, բայց դա այդպես չէ. դուք միայն պետք է նայեիք լուսնին ուշադիր ու կհասկանայիք ասածիս իմաստը: Լուսինը կարծես լսեր, թե տատիկիս ինչ եմ պատմում, ու կարծես նա էլ էր ինձ ասում, որ մի օր անպայման կհանդիպեմ ընկերներիս:
-Է՞լեն…
-Հա, տա՛տ:
-Քեզ ի՞նչ եղավ, աղջի՛կ ջան, ի՞նչի չես խոսում:
-Տա՛տ ջան, սպասիր… Լուսնի հետ եմ խոսում:
-Ի՞նչ, բալա՛ ջան, հո չե՞ս գժվել:
-Չէ՛, տա՛տ ջան, հլը լուսնին նայի… Ինչ սիրու՜ն ա, նայի, տա՛տ, լուսինը խոսում ա:
-Այ, քեզ լուսին, բան չեմ հասկանում էս էրեխուց:
Դե, պատկերացրեք՝ ինչ հրաշալի զրուցակիցներ ունեի` լուսինը և տատիկս: Իհարկե, սկզբում տատս կարծում էր, թե գժվել եմ, բայց ես նրան էլ ապացուցեցի, որ լուսինը խոսել գիտի:
Հ.Գ. Երբ դուրս եք գալիս տնից, նայե՛ք ձեր շուրջը: Բնությունն այնքան գեղեցիկ է, ու նրա ամեն մի հրաշք ուշադրության է արժանի: Նայեք ու կհասկանաք, որ կարող եք խոսել լուսնի հետ այնպես, ինչպես ես էի խոսում: