Lusine Karapetyan

ԱԶՆԱԲԵՐԴ

Վերջերս լրացրեցի այն բացը, ինչի շնորհիվ փոքրիշատե կամբողջանային պատկերացումներս իմ գյուղի մասին: Բայց պատկերացումները լիակատար կդառնային, եթե ես իսկապես տեսած լինեի այն: Կարոտում եմ մի բան, որը երբեք չեմ տեսել: Կարոտս փարատվում է մեկ այլ գյուղով, որը կարծես թե ստեղծված է ոչ միայն իր բնակիչներին ապրելու տեղ տալու, այլև իրենց նախկին բնակավայրի կարոտը այդ գյուղից առնելու համար: Բացեմ փակագծերը: Չնայած նրան, որ ապրել ու ապրում եմ Վայքում, այնուամենայնիվ, հայրենական գյուղս Ազնաբերդն է: Այն գտնվում է Նախիջևանում: Կոչվել է Ազնաբերդ, քանի որ եղել է ինչ-որ ժամանակ, երբ այդտեղ ապրել են ազնվական ընտանիքներ: Երկար չեմ կարող պատմել ազնվական ընտանիքների մասին, քանի որ չունեմ բավարար տեղեկություններ: Բայց մի բան հաստատ է, այդտեղ մարդիկ եղել են համառ, չեն ընկճվել ոչ մի բանից և ամուր կառչած են եղել իրենց մի բուռ հողից: Դրա վառ ապացույցն է 17-րդ դարում Շահ Աբասի կողմից կատարված տեղահանությունը, որից զերծ է մնացել մեր գյուղը: Երբ հայրս պատմում է պատմություններ գյուղի անցյալի մասին, հոգիս լցվում է տաքարյուն հային բնորոշ հայրենասիրությամբ, իսկ երբ գեղեցիկ բնությունն ու անծայրածիր խաղողի այգիներն է հիշում, ասածի բացը լրացվում է ճկուն հայուհիների ճկուն պար հիշեցնող քնքուշ մտքերով, և ակամայից ցանկություն է առաջանում լինել այդտեղ: Բայց այդ գյուղի պատմությունը հաճախ ինձ ստիպում է նեղսրտել: Պատերազմ առանց կռվի. այդպես եմ պատկերացնում Նախիջևանի վիճակը 19-րդ դարի վերջին: Մի քանի տարում հայաշատ Նախիջևանից հայեր մնացին միայն մեր գյուղում, և գյուղի բնակիչները ստիպված լքեցին իրենց գյուղը նույնպես, այլապես հայերը  ոչ թե կտեղահանվեին, այլ կբնաջնջվեին այդտեղից:

Տեղաբնիկները դուրս էին գալիս՝ ձեռքերում ճամպրուկներ, տոպրակներ, ծաղիկներ, խաղողի որթեր… Խաղողը նրանց համար խորհրդանշական բնույթ է ունեցել: Խաղողը ապրելու հույսն է… Մարդկանց քարավանը անվերջ գնում էր, սկզբից մեծերը, հետո փոքրերը, իսկ նրանց թիկունքը պաշտպանում էին երիտասարդները: Երիտասարդներից հետո քայլում էր հայրս՝ որպես երիտասարդների միջից փորձառուն, ձեռքին` մի փունջ մեխակ:

Ինչքան փորձությունների միջով ես անցել, հա՛յ: Բայց հայը միշտ ոտքի է կանգնում, ոտքի կանգնեց և այս անգամ: Ազնաբերդցիները հաստատվեցին Վայոց ձորի և Արարատի շրջաններում: Վայոց ձորի մարզում հիմնվեց մի գյուղ՝ Նոր Ազնաբերդը, որտեղ մինչև օրս ապրում են մեր գյուղացիները՝ անտեսելով օտարի գնդակները: Եվ իսկապես, այդ գյուղը կարծես թե ստեղծվել է ոչ միայն իր բնակիչներին ապրելու տեղ տալու, այլ նաև իրենց նախկին բնակավայրի կարոտը այդ գյուղից առնելու համար:

Հ.Գ. Այս օրերին հայոց նորօրյա գաղթի ճանապարհը բռնեցին Աղավնոյի, Սուսի և Բերձորի հայերը: Մեր գաղթը  ե՞րբ է վերջանալու: Մենք ուզում ենք կանգ առնել և արմատներ գցել հողում, խորը, շատ խորը, հավերժական:

Հուլիս, 2014