Կյանքը շրջվել է՝ մեզ իր շուրջը պտտեցնելով։
Մեր առաջվա երազանքները, որոնք գուցե անիրական էին թվում մի ժամանակ, հիմա արդեն իրագործելի են թվում, որովհետև գիտակցում ենք, որ սովորելու, աշխատելու, փորձ ձեռք բերելու դեպքում կկարողանանք նվաճել աննվաճելի թվացողը։ Մեր երազանքների բանաձևերը մեզ թվում են պարզ ու դյուրին՝ տնից դպրոց ճանապարհը տասնհինգ րոպեում անցնելու չափ։ Փոխարենը տնից դպրոց ճանապարհն անցնելը դադարել է առաջվա պես պարզ ու դյուրին լինելուց։ Դժվարացել է՝ դժվարացնելով նաև մեր մեծ ու փոքր երազանքներին հասնելը։
Մի շա՜տ լուսավոր օր, երբ անցյալ կդառնա այն, ինչը ներկա է այսօր, մենք կսրբենք մեր գրքերի փոշիներն ու խնամքով կդասավորենք դրանք գրադարակում, որովհետև լիովին հասկացած կլինենք՝ ինչքան լավն են գրքերը, ինչքան օգտակար ու ինչքան կարևոր։ Այդ օրը, երբ դպրոց մտնենք, կնստենք մեր նստարանին ու վեր չենք կենա անգամ դասամիջոցին, որովհետև կհասկանանք՝ ամենահարմարն է այդ կոշտ ու մեզ միշտ անհարմար թվացած սեղան-աթոռը, որ հասցրել էինք նկարագրել չկարողանալու չափ կարոտել։
Այդ շա՜տ սիրուն օրը, երբ կարիք չի լինի օրը 15-16 ժամ անցկացնել համակարգչի դիմաց ու լիքը պահել մարտկոցը՝ օնլայն դասերին պարտաճանաչ հաճախելու համար, մենք մի փոքր ավելի շատ ուշադրություն կդարձնենք մեր ուսուցչի ձեռքերի շարժումներին ու կոշիկներին, որոնց ժամանակի հետ հասկացանք, որ քիչ էինք նայել, կամ որոնք գուցե երբեք չէինք նկատել։ Այդ ջերմ օրը մեզ կվերադառնան մեր ականջակալները։ Ոչ նրանք, որոնք դնում էինք՝ օնլայն դասերին մասնակցելու։ Այլ նրանք, որոնք միանում էին հեռախոսին ու մեր սիրելի երգերը շշնջում կամ աղմկում մեր ականջների մեջ փողոցով քայլելիս։ Կամ էլ մեզ հավետ կլքեն ականջակալները։ Որովհետև կուզենանք լսել մեր կողքով անցնող-դարձող մարդկանց, կուզենանք լսել այն առօրյա հոգսերի մասին, որոնք բանտարկվել էին տան պատերի ներսում, որոնք մատնվել էին անուշադրության՝ իրենց չնչին ու մանր լինելու պատճառով։ Իրար զանգելու փոխարեն մենք կնախընտրենք հանդիպել մի տեղ, քայլել մի քիչ։ Մենք նորից լուսանկարներ կունենանք միմյանց հետ ու հա, ինչու՞ ոչ, կվերադառնան ժամանակին «ձանձրալի» դարձած սելֆիներն ու իրար ծիծաղներով լցված կարճ հոլովակները։ Մենք ծննդյան տորթեր կթխենք իրար համար ու անակնկալներ կմատուցենք կեսգիշերին։ Պինդ կգրկենք իրար ու լաց կլինենք։ Շա՜տ ու անկեղծ․․․
Այդ չափազանց բարի օրը օդանավակայանները լիքը կլինեն մարդկանցով, ովքեր կճամփորդեն՝ աշխարհի սիրուն երկրներն ու քաղաքները տեսնելու։ Անհամբեր կլինեն բոլոր ուղևորները, լիքը կլինեն նրանց տեսախցիկների մարտկոցներն ու․․․նրանց սրտերը։ Նրանք, ովքեր չէին հասցրել տուն վերադառնալ, կփայլեն արդարացվող սպասումի անսուտ ժպիտից։ Նրանք, ովքեր իրենց մանկության երազանքի հետևից գնում էին՝ տեսնելու Փարիզը կամ Հռոմը, իրենց գլխին կկրեն գեղեցիկ գլխարկներ՝ ճիշտ ֆիլմերի միջի ճանապարհորդների նման։ Նրանք, ովքեր վերջապես գնալու էին մտերիմներին այցի, կքայլեն անհանգիստ ու անհամբեր՝ լցված կարոտից ծնված ամենաիսկական սպասումով։ Օդանավակայանը կեռա ջերմությունից՝ դրսում տիրող եղանակից անկախ։ Օդանավակայանը կլինի ջերմ ու սիրելի, որովհետև սկիզբն է նրա, ինչը մի ժամանակ թվում էր սովորական, հեշտ ու պարզ, բայց հիմա դարձել է միայն հուսալու, հավատալու ու նույնիսկ երազելու։
Օդանավակայանը կողջունի մեզ չգիտեմ՝ որերորդ անգամ, ուղղությունը կլինի նույնը, որը եղել է վերջին երկու տարիներին։ Մեր կողքին կլինեն մաման, պապան, քույրիկն ու գուցե զարմիկները, որ միշտ սիրել են մեզ ճանապարհել։ Մենք լիքը կլինենք։ Մեր մտքում կլինեն նրանք, որոնց չհասցրինք ու չկարողացանք հրաժեշտ տալ, որովհետև էդպես էլ չիմացանք, որ տեսնում էինք վերջին անգամ։ Մեր գլուխը կպտտվի էն բոլոր երգերից, որ չհասցրինք երգել միասին, ու կցավեն մեր աչքերը պակասից էն բոլոր ֆիլմերի, որոնք չհասցրինք դիտել միասին։ Կչորանա մեր կոկորդը բացակայությունից բոլոր էն տաք թեյերի, որոնք մնացին քոլեջի բնակավայրերի մեր սենյակներում։ Կցավեն մեր մատները այն թեթևությունից, որը կզգանք, որովհետև էդպես էլ չգրեցինք էն սիրուն ու վերջին նամակները, որոնք ավանդույթն էին մեր քոլեջի։ Մեր ականջները կխլանան այն լռությունից, որը Ադրիատիկի ալիքների հեռու լինելով է պայմանավորված, և կմարի այլևս հեռախոսի նկարներին անթարթ նայելու մղումը, որովհետև ծովի ու երկնքի հատումից առաջացած մանուշակագույնը այլևս արխիվում կլինի։ Կսառեն մեր սրտերը իրար ասել չհասցրած շնորհակալությունների ցրտից, կցավենք մենք իրար չնվիրած բոլոր պահերի համար ու կափսոսանք, որ ժամանակը թռչում է բոլոր ինքնաթիռներից ու թռչուններից արագ։
Օդանավակայանում կազդարարեն մեր թռիչքը, մենք կվերցնենք մեր փոքր ճամպրուկը, որովհետև այս անգամ լքում ենք քիչ ավելի կարճ ժամանակով, կգրկենք ու հաջողություն կասենք մեզ ճանապարհելու եկած մեր մտերիմներին, կլքենք մեր սրտի Հայաստանը, որ պինդ ու ամուր կլինի և այդ ժամանակ, ինչպես բոլոր այլ ժամանակներում է եղել ու կա՝ ինչպես միշտ վերադառնալու մտքով, ու երբեմնի ամենաանկեղծ սպասումը մեր մեջ, կգնանք՝ աշխարհի ամենագողտրիկ անկյունում ավարտելու մեր դպրոցը․․․ Ավարտելու էնպես, ոնց երազում էինք բոլորովս՝ շատ ժպիտներով, մեր՝ դեռ տարեսկզբին տնից բերած հատուկ զգեստներով, ու ոնց հայտնի երգում է ասվում՝ ծաղիկներով ու մի քիչ թաց աչքերով։ Ավարտելու էն բեմից, որի վրա հայկականը էնքա՜ն հարազատ է զգացվել, որի վրա բեմադրել ենք հնդկական, պարել K-Pop, որից երգել ենք «Կուզես»-ն ու «Երազ իմ երկիր»-ը․․․
Այդ ամենասիրուն օրը մենք կժամանենք Վենետիկ, Միլան կամ Հռոմ, և այդ ժամանակ Իտալիան էլի կլինի ապաքինված աշխարհի կյանքով լի ամենաշնչող անկյունը․․․
Դա կլինի մեր կյանքի ամենասպասված ու ամենասիրելի ciao-ն․․․Դա կլինի․․․