Այն մասին, թե ինչպես է անցնում իմ կյանքը

Տան մասին

Ես վերցնում եմ հալչող մոմերն ու շարում՝ տան սյուների տեսքով, դնում եմ թրջվող գիրքը՝ գլխավերևումս՝ տանիքի պես, սառչող  թեյի գոլորշով տաքացնում եմ տանս պատերը, որ նոթատետրի բարակ էջերն են: Ես փորձում եմ հյուրերին ընդունել ու կարգին հյուրասիրել ու նոր՝ ճանապարհել,  չհորինվածության ամենամսյա փառատոներ ստեղծել և հաղթող՝ ընտանիքի անդամներ ընտրել: Հետո բացում եմ պատուհանը ու անընդմեջ պատերազմի ռմբակոծություններ լսածի պես՝ ամեն կաթիլի հետ թփրտալով՝ լսում անձրևը: Քամին էլ փչում ու քանդում է ամենը:

 

Ֆիլմ՝ փողոցի ու անցորդի մասին

Իմ կեղծանունով փողոց կա: Ինչու կեղծանունո՞վ: Ինձ ոչ մի անունով չեմ պատկերացնում, երևի թե ունեմ որևէ համապատասխան կեղծանուն, և իմ փողոցը հենց այդպես է կոչվում: Փողոցի ազդանշաններին գրված է «Շնչե՛լ ասոցիացիաներ», «Ապրե՛լ ֆիլմեր», «Խփե՛լ իրար բարձերով», «Հագնե՛լ լայնացած սվիտերներ», «Չթափել սուրճը անկողնուն խստիվ արգելվու՛մ է»,  «Չծխելը՝ ցուրտ պատշգամբում, վնասակար է առողջությանը», «Գրե՛լ զավեշտալի, պարզ ու պաթոսային», «Խոսե՛լ երգելով ու գոռալով»: Անցո՛րդ,  նայի՛ր սևեռուն  ապագան մոռացած, անցյալը թողած, պահը ապրած՝ լուսակիրի բոլոր երեք կարմիր գույներին ու կանգնիր: Հետևիր բոլոր ազդանշաններին ու… «Մի՛ գնա, անցորդ»:

«Զգու՜յշ, չընկնե՛ս մեքենայի տակ»:

Երևի մի օր կհանդիպենք նորից՝ մեկ այլ փողոցում:

 

«Դու կդառնաս քո երազած գնացքը» հույսը  և ռոբոտացված կյանք

Օրերն ասես գնացքի սպասող երկաթգծեր լինեն, իսկ ես որևէ մետաղաշեն բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիա, որն ուղղակի չի կարող անցնել երկաթգծերով: Անվերջ ժամերը փախչում են, անում եմ ինչ-որ բան. ինչ-որ անկարևոր, մեխանիկական ու չնչին շատուշատ բաներ, որովհետև «պետք» եմ, որովհետև պետք է և… Հա, երևի միայն այդպես: Անում եմ, որ չմտածեմ, կամ որովհետև ուժ չեմ գտնում, կամ որովհետև օրը բացվում է՝ ես էլի նույնն եմ, աշխարհը կառուցված է նույն սխեմայով, օրն էլ դեռ 24 ժամ ունի: Շուտո՜վ, շուտով սա՛ էլ կանցնի. շուտով կդառնամ իմ երազած գնացքը ու հուսամ կյանքը չի անցնի:

 

Անքնությունը որպես ապրելակերպ

Գիշերը միշտ էլ տարօրինակորեն հետաքրքիր է ազդում օրգանիզմի վրա: Լիալուսնային տեղատվություններ՝ օրը մեջ, անքնություններ՝ 24 ժամը մեկ: Ես կիսախուփ աչքերս հառում եմ երկինք և ունենում մթնշաղային անուրջներ: Ես մղկտացող աչքերս հառում եմ երկինք ու հաշվում աստղերը: Ես չռված աչքերս հառում եմ երկինք ու զգում դատարկ մտքերս: Ես ուղղակի շագանակագույն աչքերս հառում եմ երկինք ու փնտրում ինձ համար ստեղծված ապրելակերպը՝ բոլոր 24 ժամերից դուրս:

 

Այն մասին, թե ինչպես է անցնում իմ կյանքը

Հաշվարկելով ժամաքանակները՝ կորցրի հաշիվս և ուղղակի չոր հաշվարկով որոշեցի, որ կյանքիս կեսը շատ էլ լավ ձևով է անցնում. լսելով ճանապարհի մասին՝ ավտոբուսում՝ որևէ տեղ գնալիս, լսելով որևէ տեղի մասին՝ քայլելիս, լսելով ծանոթ քայլեր՝ որևէ աղմուկ խեղդելիս, լսելով ելևէջներ՝ լռության մեջ, լսելով մտքեր՝ դատարկ գլուխ ունենալու դեպքում, լսելով հիշողություններ՝ օբլիվիոնի ժամանակ, լսելով էմոցիաներ՝ ապատիայի ճիրաններում, լսելով՝ սեփական ձայնս և անջատելով՝ ավելի հաճախ: