marieta

Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է

Ֆեյսբուքյան տարեգրքի վերուվարների ընթացքում լսվող կտտոցների մեջ մեկ էլ մի կտտոց ու «BAREV DEZ»։ Մի պահ ինձ չորացած խոտ զզգալու, փոքրիկի նկարը մեծացնելու ու լայքելու խնդրանքը կատարելու արանքում մտածելու ժամանակ է մնում։ Էդ ժամանակում նաև մտածել, որ 1614 տարի առաջ մի մարդ ստեղծել է հայերեն տառեր, որ մի քանիսը TANK (տանկ) գրե՞ն թանկի փոխարեն։ Իրականում լատինատառ գրելը համացանցային տիրույթում բավականին մեծ խնդիր է՝ ըստ իս, որովհետև բացի նրանից, որ բառերը շատ հաճախ աղավաղվում են հնչյունաբանական և իմաստային առումներով, դա նաև տեղեկատվական տեխնոլոգիաների գերարագ զարգացող շրջանում հայերենի պակասության կարող է հանգեցնել առցանց հարթակում։

Իրականում, այս խնդրի պատճառները բավականին խորն են, մարդկանցից շատերը հայատառ չեն գրում սխալներից խուսափելու պատճառով, իսկ ոմանք էլ ուղղակի սովոր չեն հայերեն տառաշարերից օգտվելուն (2019 թվականին տեխնիկական խնդիրներից խոսելը անիմաստ եմ համարում, քանզի ցանկության դեպքում հնար գտնելը միշտ էլ հեշտ է)։ Հայատառ գրելու մշակույթը պետք է մտցնել մեր հասարակության մեջ դեռ դպրոցից․ աշակերտները պետք է հանձնարարություններ ունենան, որոնք պետք է հանձնել թվային տարբերակով ու հայատառ շարադրած։ Այդպես նրանք աստիճանաբար կմերվեն այդպես գրելուն։ Իսկ սխալվելուց վախեցող մեծերին էլ օգնության կարող են հասնել խելացի ստեղնաշարերը, որոնք գրելու ընթացքում ուղղում են բառերը։

Հայատառ գրելը կզարգացնի առաջին հերթին ժամանակակից լեզուն ու կնպաստի որոնողական համակարգերի հայերեն բաժինների զարգացմանը, որոնց հիմքում հիմնականում արհեստական ինտելեկտի աշխատանքն է։

Թերևս կարելի է նշել, որ վերջին տարիներին սոցցանցերում աստիճանաբար անցում է կատարվում հայատառ գրելուն ու հայատառ գրելու կոչեր են արվում նույնիսկ պետական պաշտոնյաներից, ընդհուպ մինչև երկրի վարչապետը։

Հայատառ գրելը հավես է, գրեք հայատառ, միայն հայատառով կարելի է լիովին դիպուկ արտահայտվել ու արտահայտել զգացածը, ու ի վերջո, միայն հայատառ գրողները կարող են ժպտալ էսպես՝ ։Ճ:

Հայերենը սիրելը նշանակում է հայերեն ու հայատառ գրել։