Այս գործընթացը եղել է միշտ, բայց այս օրերին այն առավել քան նշանակալից է։
Եթե բժիշկները կատարում եմ առաքինի, անձնվեր և անգնահատելի աշխատանք` բուժելով քաղաքացիներին և նրանց կողքին լինելով, չխնայելով իրենց հանգիստն ու կյանքը, որը մեր հայրենիքի ապահովության և կայունության երաշխիքն է, ապա ուսուցիչները կատարում են մի աշխատանք, որն ինչ-որ չափով անտեսանելի է, սակայն անձնվեր է։ Այս դժվարին պահին հեռավար կրթությունը Հայաստանի դպրոցների համար մի մեծ ու կարևոր մարտահրավեր է, որը կարծես թե պատվով գնում է դեպի հաղթանակ:
Այլևս դպրոցական չեմ, բայց մեծ հաճույքով հետևում եմ քրոջս հեռավար դասերին: Սովորականի պես անում են ամեն դաս: Երբեմն եղել են խոչընդոտներ՝ հաքերների տեսքով, որոնք մուտք էին գործում ZOOM ծրագիր և խանգարում դասը (միգուցե սա շատերի համար ինչ-որ չափով նաև հոգեբանական ճնշում էր` վախի տեսքով): Դասերը սկսվ
ում են ոչ թե 09:00-ին, այլ 10:30-ին: Զարմանալին այն է, որ դասերի ծավալն այժմ ավելին է, քան երբևէ: Նկատել եմ նաև, որ քույրս և հուսով եմ նաև բոլոր աշակերտները ազնիվ են և դասը պատասխանելիս չեն կարդում և չեն օգտվում համակարգչից կամ այլ օգնող միջոցներից: Սա ևս լավ հնարավորություն է բացահայտելու մեզ, առաջին հերթին՝ ինքներս մեր հանդեպ ունցած ազնվությունը:
Չնայած իմ դասերը, ինչպես և առաջ, վաղ առավոտյան չեն սկսվում, սակայն արթնանալն ավելի դժվար է, քան այն դեպքում, երբ ավելի շուտ էի արթնանում, որպեսզի հասցնեմ ամեն բան մինչ տնից դուրս գալը, և նաև հաշվի առնեմ խցանումները: Երբևէ չեմ վախեցնել խոսելուց, պատասխանելուց, կարծիք արտահայտելուց, իսկ այժմ… Աննկարագրելի վախ կա: Մտածում եմ՝ միգուցե ձայնս լավ չի լսվի, միգուցե այսպես հասկանալի չեմ բացատրի, միգուցե կապը կընդհատվի (մտածում էի գոնե դասերի վերջին շաբաթը կլինեմ համալսարանում և ավելի հանգիստ ու սիրով կգնամ դասի, բայց 2-րդ արտակարգ դրությունը պատճառ հանդիսացավ, որպեսզի ես առաջին համալսարանական տարին ավարտեմ առցանց տարբերակով):
Իրապես, ուսուցիչներն ու դասախոսները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի դասը նմանվի իրական դասարանում կամ լսարանում անցկացված դասի: Սա շատ դժվարին պայքար է, և այդ պայքարի մեջ են ոչ միայն ուսուցիչները, այլ նաև աշակերտները: Երբևէ այս ֆորմատին ծանոթ չեղած, բայց այսօր արդեն դրա հետ հարմարված և լեզու գտած դպրոցական հասարակությունը կրթվելու և զարգանալու շարժիչ ուժը ձեռքից չի դնում և չի թուլանում:
Մի կողմից, այո, իրավիճակը վատ է, հազարավոր մարդիկ են հիվանդանում, նրանցից ոմանք չեն դիմանում` մահանում են։ Գրեթե 0-ի է հավասարվել մարդկային շփումը, բոլորս կարոտում ենք մայթերի ու փողոցների աղմուկը, միգուցե նաև խցանումները։ Այսպես ասած` մենք կարոտել ենք այն, ինչ եղել ենք:
Մյուս կողմից, սա հիանալի մարտահրավեր է կրթության ոլորտին։ Ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ դպրոցը պետք է ունենա «մարտական» այնպիսի պատրաստվածություն, որ դիմակայի ամենադժվար հարվածներին, որոնք կա՛մ ցույց կտան ոլորտի ուժեղ կողմերը` մասնագետների և աշակերտների ճկուն լինելը, կա՛մ էլ հակառակը՝ վեր կհանեն այն խնդիրը կամ խնդիրները, որ դեռևս Հայաստանում մենք չունենք ճկուն և աշխատանքային գրաֆիկն ու ձևը արագ փոփոխող հասարակություն:
Իհարկե, արդյունքերը ավելի պարզ կլինեն մոտ ապագայում, բայց այս պահին կարելի է ասել, որ մեր կրթական ոլորտի վիճակը վատ չէ:
Այստեղ կան ևս մի քանի վատ կողմեր։ Օրինակ՝ բազմաթիվ երեխաներ առանց այն էլ դժվարությամբ կարողանում էին ձեռք բերել գրենական պարագաներ, իսկ հիմա ստիպված պետք է լինեն հեռավար կերպով դաս անել: Արդյոք դպրոցները գտել են ճիշտ լուծում այս հարցին: Կան բարերարներ, հաստատություններ, անհատներ, նաև համալսարաններ, որոնք պատրաստակամ եղան համակարգիչներ նվիրել նմանատիպ երեխաներին: Իհարկե, քայլը գովելի է, բայց խնդիրը ամբողջությամբ լուծված չէ: Ներառական կրթությունը նույնպես իր հերթին դժվարությունների առջև է կանգնած: Իմ կարծիքով՝ նման երեխաները ավելի շատ ունեն շփման կարիք, ավելի շատ ներգրավման կարիք, բայց այսօր, նրանց համար կրկնակի դժվար է:
Սակայն եկեք նորից հայացք սևեռենք դրական կողմերին: Երեխաները այժմ ավելի շատ ժամանակ ունեն ընթերցանության համար, ավելի շատ ժամանակ` մտածելու համար, թե ինչ են ուզում անել ապագայում և ինչպես: Նորից անձնական օրինակ․ քույրս իսկապես հետաքրքիր երեխա է, նրա գաղափարները, հեռանկարները միևնույն ժամանակ և՛ պարզ ու հասկանալի են, և՛ աբստրակտ ու հետաքրքիր: Մենք վերջապես միմյանց ավելի լավ ճանաչեցինք: Նա այնպիսի գրքեր և ֆիլմեր է սիրում, կարդում և նայում, որոնք ինձ մոտ հետաքրքրություն են առաջացրել ավելի մեծ տարիքում, քան հիմա նա է: Նաև բացահայտեցի, որ քույրս, հայոց և համաշխարհային պատմությունները անբաժանելի են:
Եվ առհասարակ, խոսելով հեռավար կրթության դրական և բացսական կողմերի, ճկունության, դժվարությունների մասին, որոնք նաև կրում են տեխնիկական բնույթ, չի կարելի մոռանալ այն կրթությունը, որ ամբողջ աշխարհը հիմա ստանում է: Կրթություն, որ կարծում եմ՝ ավելին է, քան ցանկացած միջազգային բուհի կրթություն, կրթություն, որը ոչ թե գրքային է, այլ պրակտիկ: Սա այն է, ինչի կարիքը ունի ցանկացած անձ:
Գնահատել կյանքը, բնությունը և հասկանալ, թե ինչն է ավելի կարևոր և ինչը՝ երկրորդային։ Ահա այն կարևոր գիտելիքը, որ մենք, միգուցե ունեինք, բայց օգտագործում էինք քիչ, կամ առհասարակ չէինք օգտաործում:
Հույսով եմ՝ հետայսու առողջապահական, բնապահպանական և կրթական ոլորտները ավելի քան ուշադրության կենտրոնում կլինեն: Հույսով եմ՝ զենքերի ու պատերազմների, վրեժխնդիր լինելու, բնությունը աղտոտելու, ռազմական գործողությունների համար ծախսվելու և ներդրվելու է ավելի քիչ գումար և ուշադրություն, քան մինչ այս պահը։
Մնանք առողջ, մնանք տանը, լինենք լավատես, և հատկապես ամենակարևորը այս օրերի համար մեդիագրագետ լինելն է:
Շնորհակալություն այս օրերի մարտիկներին՝ բժիշկներին և կարծում եմ՝ ինձ հետ կհամաձայնեն շատերը, որ շնորհակալություն պետք է ասել նաև ուսուցիչներին: Նրանք չեն դադարում սիրել աշակերտին և իրենց աշխատանքը: Շնորհակալություն նաև այն լրագրողներին, ովքեր չեն զբաղվում մանիպուլացիայով, կեղծ և շինծու նյութեր տարածելով, ովքեր ամեն բան անում են հավաստի տեղեկություն տարածելու և իրենց աշխատանքը պատշաճ կատարելու համար:
Առհասարակ, աշխատանքը տեսանելի է։ Շնորհակալություն բոլորին: