Իմ զրուցակիցն է ջավախքցի 18-ամյա նկարիչ Սերգեյ Գրիգորյանը
- Երբվանի՞ց եք սկսել նկարել:
- Նկարել սկսել եմ տասը տարեկանից:
-Նկարչության մեջ ձեր առաջին քայլերի մասին կպատմե՞ք:
-Հիմնականում դպրոցում էի նկարում և ստացվում էր, ու ես սկսեցի սիրել նկարչությունը ու խորանալ նրա մեջ։
-Ովքե՞ր, ո՞վ կամ ի՞նչն է եղել ձեր ոգեշնչման աղբյուրը:
-Իմ ոգեշնչման աղբյուրը եղել է հայ մեծ նկարիչ Այվազովսկին: Ուսումնասիրելով նրա արվեստը` իմ մեջ արթնացավ արվեստի հանդեպ սերը։
-Ո՞ւմ եք շնորհակալ ձեր հաջողությունների համար։
-Իմ հաջողությունների համար շնորհակալ եմ իմ նկարչության ուսուցիչ Կարապետյանին և իմ ընտանիքին` ինձ քաջալերելու համար։
-Հայտնի նկարիչներից ո՞ւմ գործերն եք հավանում, և ձեր նկարչական ոճը ու՞մ ոճին է նման։
-Ինչպես նշեցի, հավանում եմ Այվազովսկու գործերը, ինչպես նաև Խանջյանի և Սալվադոր Դալիի գործերը։ Հիմնականում ամեն նկարիչ ունի իր յուրահատուկ ոճը և իր ստեղծագործական գաղափարները, ես իմ աշխատելու ոճը նմանեցնում եմ Խանջյանի ոճին։
-Մասնակցե՞լ եք արդյոք ինչ-որ ցուցահանդեսի, և ի՞նչ են տվել դրանք ձեզ։
-Այո, մասնակցել եմ ցուցահանդեսների, ինձ վրա մեծ տպավորություն է թողել «Գարուն» ցուցահանդես-վաճառքը, որը փոխեց իմ ընկալումը արվեստի հանդեպ, բացի դրանից այդ ցուցահանդեսը և մյուս բոլորն ինձ ավելի ոգեշնչեցին։
-Ի՞նչ եք ուզում անել ապագայում, ի՞նչ ճանապարհով եք շարունակելու ուսումն ու մասնագիտությունը:
-Ապագայում ուզում եմ դառնալ դիզայներ և ստեղծել իմ սեփական բրենդը, որպեսզի աշխարհում տարածեմ մեր հայկականը։ Ես ինձ առանց նկարչության չեմ պատկերացնում։