Մի քանի օր առաջ մեր տուն էր եկել մեր թաղի մեծահասակ կանանցից մեկը՝ Վարդուհի տատիկը: Եկել էր ու տատիկիս հետ զրուցում էր: Առիթը բաց չթողնելով մի քանի հարցեր տվեցի տատիկին:
-Մամաս պատմում էր, որ ես ծնվել եմ 1932 թվականին՝ Վարդավառի օրը, դրա համար էլ ինձ անվանում են Վարդուհի: Մանկությունս անցել է Ագարակում՝ մեծ տատիկների մոտ: Ամեն օր գրքերս թևիս տակ դրած գնում էի դպրոց, գալիս էի տուն: Մինչև յոթերորդ դասարանն եմ սովորել, դպրոցը յոթնամյա էր, բայց լավ եմ սովորել: Ընկեր Թումասը՝ իմ դասատուն, ինձ շատ էր սիրում, գիտեր, որ խեղճ էի: Հետո ես լավ անգլերեն գիտեի՝ վան, թու, թրի, ֆոր, ֆայվ, սիքս, սեվն, էյթ, նայն, թեն, իլեվն, թուլեվն… Դե լավ, բոլ ա, ութսունչորս տարեկան եմ, էսքանն էլ որ հիշում եմ՝ լավ ա…
Փոքր ժամանակ մամաս ինձ շորեր էր ուղարկում: Դեղին ցիլինդրը դնում էի գլխիս, ուրախանում էի: Դե մամաս իմ հետ չէր ապրում… (Լռեց):
Ես չորս տարեկան էի: Հորողպերս միս մորթող էր՝ ղասաբ, իմ հերն էլ հարուստներին փոր կաներ` փող չէր բերի տուն: Մի օր հորողպերս մամայիս ասեց. «Առ էրեխեքին` արի հաց թող ուտեն էրեխեքը»: Մամաս ասեց. _«Չէ, ես չեմ գա, ես իմ մարդի բերածը կուզեմ»: «Ես քու խոր քյալեն»,- ուշուծ կտա, կհասնի մի էրկու իրեք դըրբ կզարնի: Մամաս էլ ինատ կանի, կերթա մորքուրիս տուն կմնա: Հետո ես կգամ Ագարակ, ստեղ կմնամ, մամաս կաշխատեր, շոր բան կուղարկեր…
Կոլխոզում աշխատում էինք: Անձրև էր, սիլիտրա էինք ցվրում մարգերի մեջ, իմ մեջք կցավար, իմ տեքոր կնիկ ուժեղ էր: Ես վեդրոն սիլիտրա էի լցնում, տալիս էի իրան, ինքը ցվրում էր: Իմ վրեն էլ խալաթ կար: Սիլիտրեն լցվել էր ջեբս, չէի իմացել: Հետո, որ գնացի տուն, սոված էի, մի էրկու բրթուջ կերա, որ գայի տատինիցդ վեդրո վերցնեի, տանեի սոխ շթլեի, որ ծախեի փողն ղրկեի Լևոնիս: Լևոնս բանակն էր, էկա տատինիդ ասի. «Լենա, մեր տուն պանիր չկար, ես բրթուջի մեջ սիլիտրա եմ դրել… Վայ, թունավորվա ես»: Տատինդ մածուն տվեց, թան տվեց, կոմպոտ տվեց, գնացի մեր տուն վայթեմ մի լիտր մարինադի ջուր խմա: Սիրտս վառվում էր, վատ էի, Մարգարս տարավ Աշտարակ, մի վեդրո սոդայաջուր լցրին իմ ստամոքս, էլի լավ չէի: Տարան Երևան, իրեք օր մնացի վերակենդանացում: Հետո բերին սրսկին: Մի հատ խիվանդ կնիկ փոխանակ ինձ սիրտ տա, ասեց. «Բիրականցուն սրսկին` մեռավ»: Ասի` էս կնիկ գե՞ժ ա: Ես իմ էրեխեքին թողել եմ, էկել, որ լավանամ, էն ինձ կվախցնի: Բայց իսկականից մեռել էր բիրականցին: Էն մի առավոտ մի քիչ լավ էի, ասի բժշկին. «Բժիշկ, ի՞նչ կըլնի` էթամ, էրեխեք մանր են»: Մի հատ հաշվապահ կար, տեսավ, որ ես գյուղացի եմ, խեղճ եմ, մի մանեթ տվեց, էկա տուն: Էկա մի օր հետո էլի վատացա, էլի տարան Աշտարակ…
Բա, այ տենց օրեր եմ քաշել, բալես…